

Սերժն ու Եղիսաբեթը Փարիզից եկան: Սերժը ֆրանսիացի հայտնի բանաստեղծ է, Եղիսաբեթը՝ թարգմանչուհի: Սերժի հետ միայն հեռախոսով էինք խոսել: Նա մի քանի հայերեն բառ գիտեր, ես՝ ֆրանսերեն: Վենտուրինին եկել էր տեսնելու ոչ միայն ինձ, այլև պատմվածքիս հերոսին: Կատակ բան չէր, ֆրանսիացի հանրահայտ բանաստեղծ Սերժ Վենտուրինին, ում հետ շատերն էին երազում հանդիպել, ոչ միայն ինձ հյուր էր եկել, այլև ուզում էր գնալ գյուղ, տեսնել պատմվածքիս հերոսին: Պատվածքիս հերոսը շուն էր, անունը՝ Ջեկո: Ուզում էր տեսնել այդ զարմանալի շանը, որը տերերի հեռանալուց հետո մնացել էր և վեց-յոթ տարի շարունակ հսկում էր տունը…
Իսկապես զարմանալի էր այդ պատմությունը, իսկ Ջեկոն՝ սիրելի: Նա նաև եզակի մի շուն էր, որի մասին պատմությունը հասել էր Եվրոպա, և արվեստների քաղաքի բնակիչ բանաստեղծ Վենտուրինին եկել էր տեսնելու նրան: Իմ ու Սերժ Վենտուրինիի հանդիպումը շատ ջերմ էր: Սակայն, կարծում եմ, չարդարացրի նրա սպասելիքները: Միշտ էլ որպես զրուցակից հետաքրքիր չեմ եղել: Ավելի հետաքրքիր էր Սերժի ու Ջեկոյի հանդիպումը:
Երբ հորեղբորս տան դարպասից ներս մտանք ու մոտեցանք մեր տանը, մի սրտաբուխ հառաչանք լսեցի.
– Օ՜ֆ, վերջապես եկան…
Որ ճիշտն ասեմ, միայն ես լսեցի: Սերժ Վենտուրինին էլ ինչ-որ բան զգաց, անըմբռնելի մի բան, բայց չլսեց: Հառաչողն իմ տունն էր: Ամեն անգամ, երբ գալիս էինք, ուրախությունից քիչ էր մնում ճչար, բայց այնքան էր կարոտած լինում, որ միայն ցածրաձայն հառաչում էր:
Մտանք բակ, աստիճաններով բարձրացանք պատշգամբ: Ջեկոն չկար: Սիրտս կծկվեց. մի բան պատահած չլինի՞… Արդեն տարիքն առած շուն էր, անտեր-անտիրական, մի կերպ գլուխը պահում էր:
Անսպասելի հայտնվեց: Ջեկոն տան նման ծանր ու լուրջ չէր, որ միայն հոգոց հաներ: Ինչպես միշտ, ուրախությունից թռչկոտում էր, վնգստում, ապա պառկեց մեջքի վրա, սկսեց թավալվել: Բոլորս ծիծաղելով նրան էինք նայում: Երբ վերջապես հանգստացավ, նստեցինք աստիճաններին: Սերժ Վենտուրինին չէր կարողանում հայացքը կտրել Ջեկոյից: Ինձ համար սովորական շուն էր՝ լքված, անտեր, արդեն ծերացած: Բայց Սերժ Վենտուրինիի համար մի արտակարգ արարած էր. այդպես էր երևում նրա սիրալիր հայացքից:
– Բոնժո՛ւր, Ջեկո,- ժպտալով ասաց Վենտուրինին:
Ջեկոն վերջնականորեն լրջացավ ու զարմացած ինձ նայեց.
– Էս ո՞վ ա…
– Ընկերս է, Փարիզից եկել է քեզ տեսնելու:
Ջեկոն մի պահ լռեց, կկոցած աչքերով նայեց Սերժ Վենտուրինիին, հասկացավ, որ բարեկամ է: Սերժը, նրա խելացի հայացքից տպավորվելով, սկսեց ծիծաղել, ապա կրկնեց.
– Բոնժո՛ւր, Ջեկո:
– Էս ի՞նչ ա ասում…- Ջեկոն հայացքը շրջեց ինձ վրա:
– Ասում է՝ բարև, Ջեկո,- թարգմանեցի:
– Բա ընչի՞ չեմ հասկանում:
– Ֆրանսերեն է խոսում:
– Էդ ի՞նչ բան ա…- շարունակում էր զարմանալ Ջեկոն:
– Ոնց որ իմ ու քո լեզուն՝ լեզու է:
– Ո՞նց …- ավելի զարմացավ Ջեկոն:
– Էդ ի՞նչ է ասում,- ծիծաղելով հարցրեց Սերժ Վենտուրինին:
– Ասում է՝ չեմ հասկանում, կարգին լեզվով խոսիր:
– Բա՛րև, Ջեկո՛…- իր իմացած հայերենով բարևեց Վենտուրինին:
– Բարև՜…- ուրախացավ Ջեկոն,- դե էդպես էլ ասա, բան հասկանանք, էլի…
Բոլորս ուրախ ծիծաղում էինք: Ջեկոն նույնպես սկսեց ծիծաղել: Ավելի շուտ՝ ժպտաց: Երկար մենակ մնալուց ու կարոտելուց նա էլ տան նման ծիծաղելը մոռացել էր:
Ծանոթանալու սպասված առաջին պահն անցավ: Հետո մեր հյուրն ու Ջեկոն սկսեցին լուսանկարվել: Մեկ-մեկ էլ մենք էինք միանում նրանց: Նկարվում էինք, որ Վենտուրինին տաներ Փարիզ, ընկերներին, բարեկամներին ցույց տար Հայաստանի գյուղերից մեկում ապրող զարմանահրաշ Ջեկոյին ու պատմեր նրա պատմությունը: Երևի այդպիսի դեպք աշխարհում չի եղել, որ մի հռչակավոր բանաստեղծ մի մայրցամաքից հասնի մի ուրիշ մայրցամաք՝ տեսնելու ու նկարելու մի փոքրիկ շնիկի: Սովորական մի շան, որի մասին մի գրող պատմվածք է գրել…
Ջեկոն լրջացել էր: Հպարտ-հպարտ դիրքավորվում էր, ժպտալով նկարվում: Ուրիշ անգամներ, երբ գալիս էինք, նա բարևելուց անմիջապես հետո իր բաժին հացն ու երշիկն էր պահանջում: Այս անգամ մոռացել էր՝ ավելի լուրջ գործով էր զբաղված:
Մի քանի օր մնացինք գյուղում: Գյուղամերձ անտառներում քաղցրահամ, սառնորակ աղբյուրների մոտ Երևանի շոգից, ծխից ու փոշուց հետո երանելի էր: Իսկ Ջեկոյի համար իսկական դրախտ էր: Սկսել էր ծիծաղել… Նրա նուրբ ծիծաղը գնում, խառնվում էր ծառերի սոսափյունին, թռչունների ու ծաղիկներից նեկտար հավաքող մեղուների խաղաղ, անհոգ համերգին:
Մի քանի օրից հետո, ինչպես ամեն անգամ, Ջեկոյի դրախտը վերջացավ: Առավոտ շուտ պետք է հասնեինք գյուղից Երևան մեկնող ավտոբուսին: Բոլորս տխրել էինք: Բայց ամենից շատ տխուր էր Ջեկոն: Նա սովորականի նման ուղեկցում էր մինչև կանգառ: Երբ հորեղբորս տան դարպասից դուրս եկանք, մեր տունը կանգնել էր ոտքերի ծայրերի վրա, վիզը ձգել, որ տեսնի մեզ, աչքերի մեջ նկարի ու պահի մինչև հաջորդ վերադարձը: Իսկ Ջեկոն քայլում էր մեզ հետ: Մեկ առաջ էր անցնում, մեկ՝ հավասարվում. ականազերծողի նման ստուգում էր ճանապարհը, ապահովում մեր անվտանգությունը: Միաժամանակ նա ու Վենտուրինին զրուցում էին: Այդպես էին հրաժեշտ տալիս: Կարճ հանդիպումից սիրել էին միմյանց:
Կանգառում էլի մարդիկ կային: Զարմացած նայում էին անծանոթ, պատկառելի տղամարդուն, որն օտար, իրենց անհասկանալի լեզվով խոսում էր Ջեկոյի հետ:
Շուտով ավտոբուսը եկավ: Բոլորն արագ ներս լցվեցին՝ հարմար տեղեր գրավելու: Իսկ Սերժ Վենտուրինին ու Ջեկոն դեռ զրուցում էին: Ջեկոն տխուր, խոնավացած աչքերով մեզ հրաժեշտ էր տալիս… Մեր տունը դեռ ոտքերի ծայրի վրա բարձրացած, վիզը ձգած նայում էր…
Վենտուրինիի այցելությունից երկու տարի հետո, երբ նորից գյուղ եկանք, Ջեկոն արդեն չկար: Ժամանակի հետ ամեն ինչ անցնում է: Բայց գյուղում, գյուղի համար մնաց այդ պատմություն-լեգենդը՝ Ֆրանսիայից եկած բանաստեղծի ու Ջեկոյի հանդիպման մասին: Մի լեգենդ մարդկային բարության ու սիրո մասին:
Աշխարհը կանգուն պահող գեղեցիկ ու բարի մի լեգենդ: