Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՎԻՐԱՎՈՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ

Արկերի պայթյունից խլացավ,
Շիկացավ փշրտված քարերից,
Արջի պես ծանրորեն վեր կացավ,
Ձեռքն առավ հրաձիգը նորից:

Քիչ հեռվում նկատեց, որ անձայն
Մի զինվոր արնածոր ընկել էր,
Շտապող քայլերով մոտեցավ.
Նա իր հին, մարտական ընկերն էր:

Երեսը սև հողին` շնչում էր,
Շաղվել էր մտքերից ցանուցիր,
Ունկերում բարձրաձայն հնչում է`
Դիմացիր, ախպե՛րս, դիմացիր:

Շալակեց ընկերոջն ու անցավ
Անտառի թփառատ փեշերով,
Գնալով քայլերը ծանրացան,
Եվ ճամփան քողարկվեց գիշերով:

– Հերիք է,- նա հազիվ շշնջաց,-
Մի փամփուշտ թող ինձ ու հեռացի՛ր,
Թշնամին մոտենում է կամաց,
Իմ մեղքով նրանց զոհ մի՛ դարձիր:

– Քիչ մնաց, որ հասնենք դիրքերին,
Դուրս կգանք ձորակով դիմացի,
Չեմ թողնի, որ մնաս դու գերի,
Դիմացիր, ախպե՛րս, դիմացիր:

Թվում է՝ ուժերը հատել են,
Ուր որ է սպառված կծնկի,
Կպայթեն թշնամու արկերը,
Եվ ոչինչ էլ նրանց չի փրկի:

Անտառում ոռնում են գայլերը,
Ոտքերն է արյունվում փշերով,
Անզգա տանում են քայլերը,
Գնում են էս խավար գիշերով:

Քայլում էր զինվորը և գոհ էր,
Որ ողջ էր ընկերը մնացել,
Երկու օր անընդմեջ գրոհ էր,
Կրակե ճամփեքով են անցել:

Հրա՛շք էր, որ նրանք փրկվեցին.
Ձորակով իջան ու անցան վեր,
Եվ հետո դեռ երկար կռվեցին`
Մոռացած` և՛ վերքեր, և՛ ցավեր:

Հիմա տաք հուշեր են մնացել`
Հաղթության և ցավի արանքում,
Քաջերն այն սպաներ են դարձել
Հարազատ հայկական բանակում:

Չփորձես անցյալից հարցնել,
Ոչ մեկի ոչ մի բան չեն պատմում,
Բայց նրանց ժպիտն է թաքցրել
Պատումն այս, որ եղե՛լ էր մարտում:

***

Կրակահերթ է,
Հրո շքերթ է,
Գայլը ոռնում է,
Փախչում է չուն,

Արյու՛նն է ծորում,
Ցավու՛մ է վերքը,
Բայց նա բարձունքից
չի՛ նահանջում:

Ետևում գյուղն է,
Իր սուրբ մատուռն է,
Ինքը սահմա՛նն է Հայրենիքի,
Հսկում է` որպես
Իր մեծ տան դուռը`
Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի՛:

Շունչն է ծանրանում,
Բայց դեռ կարող է
Վերջին լարումով հարվածը տա՛լ,
Նա պիտի պահի՛ հայրենի հողը,
Մինչև ետևից ջոկատը գա:

Հիշում է անցած ոսկի աշունը,
Երբ ընկերներով տվին երդում,
Եվ խրոխտ մի ձայն
հեռվից հասնում է.
– Զինվո՛ր, մենակ չես դու
այս մարտում:

Ու գնդացիրը հերթով մաղում է
Արյան հոտ առած շակալներին,
Իրե՛նք ուզեցին էս ճոխ թաղումը
Հայացքի առջև մեր լեռների:

Ցավը մոռացած` արդեն ժպտում է
Ու վիրակապն է մարմնից պոկում,
Փառքո՛վ պսակեց նա իր երդումը,
Ինչպես վայել է խիզա՛խ մարդուն:

ՆԱՄԱԿՆԵՐ ԶՈՐԱՆՈՑԻՑ

Իր նամակները այնպես
են բուրում,
Ինչպես նոր թխած
լավաշները տաք,
Կարոտել է ու էլ չի համբերում,
Ասում է արի ու ինձ հետդ տար:

Հիշում, պատմում է
անցածի մասին,
Հետո գալիքի երազն է հյուսում,
Ուզում է, որ շուտ լինենք միասին,
Որ հարսնաշորով ինձ է սպասում:

Պատասխանում եմ,
որ սիրում եմ քեզ,
Որ իմ սիրտն էլ է այրվում անկրակ,
Դու հպարտ եղիր,
որ վախկոտի պես
Չծվարեցի մորս փեշի տակ:

Այստեղ դասերն են
իրական կյանքի,
Խորհուրդը պատվի՜,
տղամարդկությա՜ն,
Հիմա պաշտպանն եմ
իմ Հայրենիքի,
Քիչ էլ համբերիր, սիրելի՜ս, կգա՜մ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։