«Տունը մոլախոտի մեջ» (Հատված վեպից) / Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քրդերը գյուղ էին մտել տարբեր կողմերից: Մտել էին գաղտագողի, զգույշ, անձայն, ձիերի պայտերը թաղիքով պատած, լուսնի և աստղերի զարմացած, ահաբեկված հայացքի ներքո տրորելով գյուղի եզրի ցորենի ու գարու արտերը, այգիները:
Կինը փորձեց պատկերացնել սարսափը, որ թափվեց գյուղի վրա թվացյալ խաղաղության ընդերքից միանգամից դուրս սպրդելով, միանգամից գիշերվա մնացորդը դարձնելով անարթնանալի մղձավանջ, որին հետևում է մահը, մահը ոչ սովորական, այլ զարհուրելի սրածումներով, քարերին զարնվելով և էլի ուրիշ՝ խելքից ու մտքից դուրս տանջահարումներով…
Կինը զգաց. վերապրել հեռավոր իր նախնիների սարսափը անզոր էր: Ըստ երևույթին այն ժառանգաբար չի փոխանցվում սերունդներին, ինչպես արտաքին ինչ-որ մանրամասներ և ուրիշ շատ այլ բաներ, որոնք թելադրվում են զգայնությունների ու մտածումների միջոցով:
Արզենց տան վրա հարձակումն առավել դաժան էր: Տունը հարուստ էր, ուրեմն թալանի չափն՝ առավել: Արզենց տղամարդիկ ժամանակ չունեցան պատից վայր բերել հրացանները: Նրանցից շատերը մեռան՝ չհասկանալով անգամ, թե ինչ է կատարվում: Ոչ թե քնի մեջ մեռան և չիմացան իրենց մահը: Ո՛չ: Քրդերի բարբարոս աղաղակներից, մեռնողների ահասարսուռ բղավոցներից նրանք արթնացել էին և հանդիպել հռհռացող, արյունաթաթախ, արյան առատությունից ավելի կատաղած քրդերի չռված աչքերի զարհուրելի հայացքին:
Արզենց 60-70 մարդուց բաղկացած գերդաստանը մորթվեց՝ հարյուրամյա նահապետից մինչև նորածին մանուկը:
Կինն այս նահապետից էր հաշվում տոհմի 300-ամյա տարիքը: Անշուշտ, այս նահապետից առաջ էլ եղել է Արզենց կամ ուրիշ անունով տոհմը, բայց նրանք այնքան հեռու են ու այնքան անհայտ…

Գյուղը կոտորվեց, գյուղը թալանվեց, գյուղը հրդեհվեց: Ազատվեցին մի քանիսը միայն, ովքեր այդ գիշեր իրենց անասունների հետ հեռու լեռնային արոտներում էին: Ազատվել էր նաև գյուղի բարի քահանան, ով գնացել էր հեռու, անքահանա գյուղի նորածիններին կնքելու: Արզենց տնից ազատվել էր միայն Մխիթարը: Նա որսորդ Բաղդասարի հետ Կոփ լեռան անտառներում որսի էր գնացել: Ամառվա գիշերը կարճ էր, և խարույկի մոտ նստած նորընծա որսորդը ըմբոշխնում էր կյանքի բովով անցած Բաղդասարի անչափ հետաքրքիր որսորդական պատմությունները: Հետո նրանք տեսան չգիտես երկնքից գետին գահավիժող թե գետնից երկինք սլացող բոցավառ հրացոլքը: Որսորդները հասկացան. այրվում էր Բուլանըղ գավառակի գյուղերից մեկը: Մոռանալով իրենց որսը քարանձավում, խելագար վազքով հաղթահարելով ձորերն ու բարձունքները, Կոփ գետի ջրառատ վտակի քարքարոտ հունի սրընթաց հոսանքը՝ նրանք վազում էին, վազում, իսկ հետո, երբ այլևս սիրտը պատրաստ էր բերանից դուրս թռչելու, մի քանի վայրկյան ընկնում էին գետնին, մի կերպ շունչը տեղը բերելով ելնում ու նորից էին վազում, վազում, վազում ու չէին հասնում…
Երբ հասան՝ քրդերն արդեն հեռացել էին, տանելով թալանը:
Մխիթարը ավերված տան դիմաց գետնատարած ընկած ոռնում էր ճիշտ այն գազանի նման, որը ծանր խոցվելով անկարող էր պատառ-պատառ անել իրեն պատուհասողին…
Լուսաբացին, քրդերի հեռանալուց հետո եկան, հավաքվեցին հարևան գյուղի բնակիչները: Կթոտ քայլերը խառնելով՝ հայտնվեց ծեր քահանան և այրված-ավերված գյուղի դիմաց ընկնելով ծնկներին, բուռ-բուռ մոխիր ցանելով գլխին, բղավեց իր թույլ, շշուկի նմանվող ձայնով երկինքն ի վեր, դեպի Աստծու գահը:
Կինը փորձեց մտովի ճշտել, թե քահանան ինչ խոսքերով կարող էր դիմել Աստծուն. «Տեր, ինչո՞ւ…», կամ «Փառքդ շատ, Աստված…», կամ «Քոնն է կամքը…», կամ «Մեղա մեր մեղքերը…», կամ «Ներիր քրդերին, քանզի չգիտեին…»:
Կինն ընդոստ բարձրացավ քարից և կարծես հալածվելով կոկորդը խեղդող հուզմունքից, մտավ մոլախոտի մեջ: Եղինջը դաղելով ծածկեց ոտքերը: Տհաճ այրոցը նրան ստիպեց արագ դուրս գալ մոլախոտի տարածքից: Արհամարհելով սեփական հուզմունքը՝ մտածեց. «Որ ի՞նչ… Երեք հարյուր տարի է անցել… Դու առհասարակ չես կարող բավարարվել միայն նախնիների տան առասպելներն ու իրողությունները վերհիշելով… Դու պիտի անպայման ապրես, տառապես ինքնաբզկտման գեշ սովորույթով… Դեռ համբերիր… համբերիր… դեռ որքան նման պատմություններ պիտի հիշես… Հայտնվել ես այս ողորմելի տան փակ դռան դիմաց աճած մոլախոտի մեջ հիշելու համար… Ուրեմն՝ հիշիր առանց սենտիմենտալ ավելորդությունների…»:
Կինը համակերպված նորից նստեց քարին:

Երեք օր հետո ընկած տեղից ոտքի ելավ Մխիթարը, գրկեց կողքին ընկած հրացանը և գնաց այն կողմ, որտեղից եկել էին քրդերը:
Քահանան կախ ընկավ նրա ուսից. Մխիթարը կոպիտ հրեց քահանային ու գնաց: Սարերից իջել էին գյուղի հոտաղները՝ քշել-բերելով հոտը: Նրանցից մեկ-երկուսը հրացան ուներ՝ հոտերը գել ու գազանից, ավազակ-ելուզակից պաշտպանելու համար: Նրանք գնացին Մխիթարի ետևից: Միացան նաև նրանք, ովքեր հրացան չունեին: Նրանց զենքը դանակն էր, գերանդին, փոցխն ու եղանը: Ջահելներին մենակ թողնել չէր կարելի: Որսորդ Բաղդասարը միացավ նրանց:

…Տարոնում լուր տարածվեց, թե մի խումբ քաջեր, հարձակվելով քրդերի աշիրաթների վրա, սպանում են տղամարդկանց, հեռանում առանց թալանի, առանց կանանց ու երեխաներին ձեռք տալու: Սկզբում ասում էին, թե քրդեր են, բայց առարկողները համոզված էին. հայեր էին: Քրդերը, եթե մտնեին գյուղ, պիտի թալանեին, չխնայեին ոչ մեծ, ոչ կին, ոչ մանուկ…
Հայե՛ր են: Վրիժառու հայե՛ր:
Թուրքական կառավարությունը, որ ոչ միայն ոչինչ չէր ձեռնարկում քրդի արնախում ջիղը զսպելու, այլև հակառակը՝ ոգևորում էր ու զինում նոր տարածվող մուշկետ-հրացաններով, որոշեց, որ հայերի այդ «ավազակախումբը» պիտի ոչնչացնել: Հայերն ո՞վ են, որ վրիժառու դառնան: Եվ գավառապետի իրավասության տակ գտնվող զինվորական մի մեծ ջոկատ ուղարկվեց այդ կատաղած հայերին մեջտեղից վերացնելու համար:
Քաջերի սնունդը հոգում էր Բաղդասարը՝ թավուտ անտառում որս անելով: Կոփ լեռան ստորոտից բավական բարձր մի քարանձավ դարձել էր վրիժառուների բնակարանը: Այդպես երկու ամիս: Հետո մի ծանր մտահոգություն տիրեց նրանց, ովքեր հարևան գյուղերից էին: Ժամանակն էր, որ գերանդավորը մտնի արտերը: Ապա թե ոչ՝ սովը կարող է չոքել նրանց տան ներսում ու քաղցի ճիրաններում խեղդել տանեցիներին: Մխիթարը հասկանում էր, որ չի կարելի նման աղետ թույլ տալ, և համոզեց, որ նրանք հեռանան՝ տանելով իրենց հետ սպանված քրդերից ավար վերցրած հրացանները. միակ ավարը չհայտարարված «պատերազմից»:
Հիմա քարանձավում պատսպարվածները թեղուտցի երեք նախրապաններն էին, Մխիթարն ու Բաղդասարը: Բայց զարմանալի բան. հարձակումները քրդական գյուղերի վրա կատարվում էին նույն հաջողությամբ: Կարծես մնացողների երակներն իրենց մեջ էին առել հեռացածների արյունը, և սրտերն այրվում էին նաև նրանց ատելության ու վրեժի կրակով: Քրդերը և գավառապետի զինվորական ջոկատը չէին կարողանում վրիժառուների հետքը գտնել… Նրանք, անսպասելի հայտնվելով ու կատարելով իրենց գործը, անսպասելի էլ անհետանում էին:
…Հետո, մի խավար գիշեր քարանձավ հասավ Թեղուտի քահանան: Մի քանի օր կախվելով ձորերի վրա և մագլցելով ծերպերը, մտել-ելել է Կոփ լեռան քարանձավները՝ փնտրելով վրիժառուներին: Եկել էր ասելու, որ… Քրդերի հեռու աշիրաթներից ու թուրքական կանոնավոր բանակից հարձակում էր սպասվում Տարոնի հայաբնակ գյուղերի վրա, եթե վրիժառուները չդադարեցնեն իրենց ավազակությունը: Գյուղերում տեղյակ չէին, թե ո՞ւր կարող էին գտնվել վրիժառուները: Գյուղացիներին տանջահարում էին, բայց ոչինչ չէին կարողանում իմանալ, քանի որ, իսկապես, տեղյակ չէին:
…Երբ քահանային թվում էր, թե համոզել է բոլորին առանձին-առանձին հեռանալ և ժամանակավորապես դադարեցնել Աստծուց օրհնված վրիժառության իրենց գործը, և երբ արդեն որսորդ Բաղդասարը մտել էր անտառ, որ մի քանի որսով կարողանա գյուղ մտնել, իբրև թե իր ողջ բացակայության ժամանակ անտառում զբաղվել է որսորդությամբ, և երբ արդեն փոքրիկ խումբը հասել էր լեռան փեշերին, Մխիթարը նորից սկսեց մագլցել լեռն ի վեր՝ բղավելով, թե իր վրեժը ձգվելու է մինչև իր կյանքի վերջը, մինչև որ թուրքի կամ քրդի գնդակը կխավարեցնի իր արևը, ինչպես խավարեցրել են իր գերդաստանի մեծի ու փոքրի արևը…
…Կինը փորձեց պատկերացնել իր հեռավոր նախնու հոգեկան ընդվզումը, փորձեց լսել նրա աղաղակը, որն ըստ ընտանեկան առասպելի՝ թնդացել է լեռն ի վեր, հետո եկել-թափվել է ձորերը, գնացել-հասել է մինչև քրդերի վրաններն ու իբրև թե պատճառ դարձել քուրդ հղի կանանց վիժումի… Ի՞նչ իմանաս…
Քահանան հասել է Մխիթարին, գրկել նրա զույգ ոտքերը և աղաչել, որ լսի իրեն, փորձել է հոգին կտոր-կտոր անող հեկեկոցի միջից հասկացնել՝ վրեժը մենակ սպանելով չէ, վրեժը, ի հեճուկս թշնամիների, մեռած գերդաստանին նորից կյանք պարգևելն է, իսկ դա կարող է լինել, եթե Մխիթարի սերմը ծիլ տա աշխարհի վրա, հաստատելով, թե Հիսուս Քրիստոսի խաչվելն ու հարություն առնելը ամենաճշմարիտ օրինակն է հայի համար:
…Քահանան խոստանում է մոտիկ գյուղերից ամենագեղեցիկ աղջիկներին, համեստ, տնարար աղջիկներին հարսնախոսության գնալ… պսակել… Պսակվողների համար չորս պատ կանգնեցնել տալ հարևան գյուղի գյուղացիներին, երդիկ կառուցել տալ, թոնիր թաղել… Իսկ Մխիթարին… Ախր, Բաղդասարի աղջիկ Քիշմիշի աչքը ջուր դարձավ… Ախր, հարազատները մերժում էին իրենց դուռը եկած հարսնախոսներին, քանի որ Քիշմիշն ասել է մեծ հարսին՝ եթե փորձեն պսակել իրեն, կգնա իրեն կգցի գետը, քարեքար կսպանի իրեն… Քիշմիշն ինչո՞ւ սպանի իրեն, Մխիթա՛ր… Անուշ քիշմիշի հատիկի նման Քիշմիշը… Սիրուն, հունարով, համեստ Քիշմիշը…

Կինն զգում էր, որ մայրերի հուզմունքը լցվում է նաև իր երակների մեջ, և ինքն անչափ սիրում է դեռ չծնված այդ անշապիկ-անվարտիք մանուկներին… Եվ հանկարծ ծիծաղեց, ըմբռնելով, որ Կիկոսի հեքիաթն իրական է իր բոլոր դրսևորումներով… Այն Կիկոսի, որ դեռ չծնված՝ բարձրացավ ծառին, ընկավ քարին ու…
Աստված իմ, ի՜նչ սարսափելի ճակատագիր…

Երբ քահանան ավարտեց իր լացութացով շաղախված խոսքը, գիշերը միմյանցից անջատվելով, տարբեր արահետներով ավերված Թեղուտ իջան վրիժառուները, ամեն մեկի շալակին չհայտարարված պատերազմից ավար մնացած մի քանի մուշկետ-հրացան: Հարևան գյուղերի գյուղացիները խնամքով պահել էին Թեղուտի նախիրը և վրիժառուների վերադարձից հետո բերեցին ու օրհնությամբ հանձնեցին տերերին: Միմյանց օգնելով՝ վերականգնեցին մի քանի կիսախարխուլ խրճիթներ, արյունով լցված թոնիրների փոխարեն նոր թոնիրներ թաղեցին:
Քահանան չէր կարող Թեղուտի եկեղեցում իր խոստացած պսակադրությունը կատարել, քանի որ եկեղեցին թուրք ու քուրդ բաշիբոզուկները դարձրել էին ավերակ, իսկ հարևան գյուղերի եկեղեցիները՝ իրենց ձիերի գոմեր: Քահանան արդեն հեռու-մոտիկ գյուղերից գտել էր մանկամարդ, շենք ու շնորհքով աղջիկների: Թեղուտի ողջ մնացած ջահելներին՝ բոլորին նույն օրը պսակեց նոր թաղված ու օրհնված թոնիրներից մեծի վրա:
Նույն օրը պսակվեց նաև Մխիթարը:
Պսակի հաջորդ օրը քահանան առավոտյան չարթնացավ իր քնից, որովհետև իր խոսքն արդեն կատարած համարելով, գիշերվա ինչ-որ ժամի սուսուփուս բռնել էր անդեականի ճանապարհն ու գնացել:
Քահանային թաղեցին Թուխ Մանուկի քարի մոտ, փոքրիկ, զարդաբանված քարե խաչ կապեց քարգործ վարպետը, և ամեն մեռելոցի գյուղերից գալիս էին ուխտավորները՝ խունկ ծխելու ու մոմ վառելու սրբացած քահանայի շիրիմին: Շիրիմը դարձել էր նաև խնդրատու սրբավայր, ուր գալիս էին չբեր կանայք՝ իրենց սրտի փափագը շշնջալու բարի քահանայի ոգուն:
Ապրեցի՛ն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։