ՆԺԴԵՀԱԿԱՆԸ / ՀՐԱՉՕ

Ի՞նչ մնաց Աստծո տվածից, քո լեն ու բոլ ունեցածից ի՞նչ մնաց: Երկիր ես, Արարատը քո հողից է ժայթքել-բխել, քո սիրտ-աչքից է հառնել, ո՞ւր մնաց: Գերի սարերիդ, գերի ձորերիդ ծանր շնչառությանը հասնո՞ւմ է ազատ սարերիդ, ազատ ձորերիդ շունչը: Երկիր ես, հի՜ն-հնամենի ժողովուրդ ես, քո զավակի, քո վերջին օծյալ Սպարապետի ու նրանից հետո եկող Սպարապետի համար գոնե մի ճակատամարտ մղելու հող պահե՞լ ես: Աստծո տված հողը, քո ունեցած հողը չես պահում, որ ապրի, շնչի քո ժառանգը, մի բազկատարած հող չես պահում, որ քո Սպարապետը բացի իր թևերը, իր հողի վրա իր փառահեղ ճակատամարտը մղի ու իր սրտի խոսքը լսի. «Պարտական ենք նրանց, ովքեր էին և՛ չկան, և՛ նրանց, ովքեր չկան, բայց պիտի գան… Ուժն է ծնում իրավունք»: Խուստուփի լանջին փարված-ապավինած Սպարապետը լեռ է շնչում, ձոր է շնչում: Ո՞ւր է էն հողը, որտեղ ինքն իր քաջերի հետ մղելու է Հայոց փառահեղ ճակատամարտը: Մի ճակատամարտ մղելու հող թողնո՞ւմ է իր ժառանգներին: Ո՞վ է գալու վաղը: «Վաղը հաղթելու է նա, ով մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը»: Նժդեհը` փարված իր Խուստուփին, սեղմում էր վաղն իր մեջ կրող էն նժդեհականի ձեռքը, որ դեռ գալու է իր մեծ կանչի վրա: Զորավար ես ծնել, Սպարապետ ես ծնել ու… Հող չունես փռելու նրա ոտքերի տակ: Պատմության էս ծաղրերից ե՞րբ պիտի պրծնենք: Ծաղր չէ, ծաղրանք է: Քո ուժը որոնիր միայն քո մեջ: «Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»: Էս հողը միշտ իր եկողն է ունենալու: Ի՞նչ է թողնում եկողին: Նա է՞լ է սատարելու լեռանը: Լեռը կմնա, ինքը կգնա: Եկողն իր մեջ կարո՞ղ է հող տեսնել, ոգի տեսնել: Մեզ այսուհետ տրված է, որ մեր բոլոր կռիվները միայն մեր հողի վրա անենք: Ո՞ւր է այդ հողը: Մեր վերջին հողակտորը: Պիղծ և ոչ մի ցեղ ոտքի կոխան չի դարձնելու արնաշաղախ մեր հողը: Ինքնապաշտպանություն: Ինքնապաշտպանության աստվածատուր բնազդ: «Ինքնապաշտպանության բարդ արվեստը պահանջում է լինել ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: Ինքնապաշտպանություն, դա միակն է արվեստներից, որի թերությունները գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արյունոտ սուրը»: Եթե արդար ես, բայց ուժեղ չես, ուրեմն թույլ ես: Նժդեհն ասում է` վա՜յ թույլերին…
… Երկրաշարժի զոհե՜ր, երկրաշարժի անմե՜ղ զոհեր: Եղեռնի զոհ, երկրաշարժի զոհ հայ ժողովուրդ: Դու ե՞րբ պիտի ծաղկես: Էսքան մամո՞ւռ կլինի քո բառերի, քո լեզվի, քո ճամփաների, քո պատմության վրա: Եթե ուժեղ չես, չես կարող սիրել, չես կարող հաղթել, չես կարող ապրել: Ու նա կռվում է: Չգիտի` ուժե՞ղ է, թո՞ւյլ է, ապրողների՞ մեջ է, զոհվածների՞ մեջ է, ինքը կռիվ ունի` կռվում է: Պիտի մարդ փրկել…
…Նժդեհ-պանդուխտին Աստված էր ուղարկել մեզ, ինչպես Թումանյանին և Կոմիտասին՝ դեռ իրենց սուրբ ծնունդներից առաջ: Հապա հարցրու` իսկ Անդրանի՞կը: Ազգը գիտի, թե ե՛րբ է զավակ ծնում, հերո՛ս ծնում: Ազգային հերոսը Անդրանիկն է, Սպարապետը Նժդեհն է: Տանը պիտի Նժդեհ սովորեն, դպրոցում պիտի Նժդեհ սովորեն, ինչպես Թումանյան են սովորում: Նժդեհն էս ի՞նչ հրաշք սաներ ունի: Ժառանգ չէ, զավակ չէ, այլ` սան: Մոնթեն Նժդեհի սա՞նը չէ: Վարուժան Կարապետյանը Նժդեհի սա՞նը չէ: Ո՞վ ստեղծեց մեզ համար էս տարաշխարհը: Էսքան բնավորությունների փոխարեն մեր հողում, մեր տանը ազգային արժեք արծաթղողանջ մեր բնավորությունն ունենայինք: Մեր բնավորությունն էլ բնավորություն չունենալու մեջ է: Աշխարհին երնեկ մի՛ տուր` աշխարհն էլ բնավորություն չունի: Աշխարհը վաղուց տարաշխարհ է մեզ համար: Սփյուռք ու սփյուռքահայի բնավորություն: Աշխարհի որ կետից ասես, որ չեն սիրում ու պաշտում, չեն գժվում հայրենիքի սիրուց: Բայց էլի մեր հայրենիքը մնում է անսեր: Ինչո՞ւ մեր սերը չի բռնում: Ինչո՞ւ հայրենիքը հայրենիք չի դառնում: Ինչո՞ւ կիսատ է մնում Անդրանիկի գործը, Նժդեհի գործը, Թումանյանի գործը: Մոնթե և` Մոնթե-հայի բնավորություն… Եվ դու, Գագիկ Գինոսյան, Գինոսեանց տոհմի միտք, ուղեղ, ինչո՞ւ ես շշուկով ասում` իմ հրամանատարին մի՛ մոռացիր, ասա` Լեոնիդ Ազգալդյան ու` հայրենապաշտի, զինվորապաշտի բնավորությունը: Մարդ իր ծնողների բնավորությունը, բնավորության բարբառը թե հասկանա ու կրի իր մեջ, կփորձի հասկանալ նաև ուրիշներին…
… Չունեցանք, ազգային, համազգային բնավորություն չունեցանք: Սիրո թրթիռի նման շարժվեց երկրաշարժի օրերին, ազգային զարթոնքի օրերին էդ բնավորությունն երևաց Ազատության հրապարակում, էստեղ-էնտեղ, բայց չբնավորվեց, չդարձավ մեր էությունը: Մեր էությունը դառնար` էսքան զոհ չէինք տա, էսքան լքողների, հայրենիքից հեռացողների բանակ չէինք ունենա, հաղթանակ կոչվածից հետո էս պերճությունն ու թշվառությունը չէին բևեռվի… Ամեն ինչ թող ու ասա` ախալցխացու բնավորություն: Ինչո՞ւ չես ասում` Բիթլիս ու` բիթլիսեցու չէ, Վիլյամ Սարոյանի բնավորություն: Երանի ժողովուրդդ ունենար Վիլյամ Սարոյանի բնավորությունը: Երանին մեզ ո՞վ է տվել: Ախալցխայում չեմ եղել, ո՞նց հասկանամ ախալցխացու բնավորությունը: Շահում Ղազարյանն Ախալցխայից է: Դերասանին ու հայ մարդուն վայել ձայն նա ունի, «Վարք մեծաց» հաղորդաշարը նախ նրա ձայնին է վայել:
…Հայի բնավորություն: Նշանավոր շատ կարինցիներ կան հայոց պատմության էջերում: Բայց Գագիկ Գինոսյանի կարծիքով, պետք է սկզբում ասել` Աստված, Կարին, Ավետարան, Ծուղրութ, տոհմ, շեշտել զինագործ Չիֆթալարյաններին ու ապա` ըստ կարգի…
…Էս ի՜նչ երգ ու պար ունենք… Է՜, Հայրիկ Մուրադյան, հազար ողորմի քեզ, քեզանից առաջ լույս դառնա քո Մարոյի, մեր Մարոյի հոգին… «Ակունք»… Մեր երգերի, մեր պարերի ակունքը ո՞րն է:
… «Ետուառաջ», «Երեք ոտք», «Մինինդուր», «Ագուռի», «Բուլուլ», «Ֆնջան»… Պարեր, ի՜նչ պարեր: Ուրիշ բան արած չլինի Գագիկը, սա էլ բավական է: Պարերը փրկելու ճանապարհն իր նպատակն է: Մեծերը գնան` իրենց հետ տանում են էս գանձերը: Չէ՛, չի ասում, թե կարին-ախալցխացիները պար ունեն, ասում է` մեր ժողովուրդը պար ունի: Ահա՛ պարը: Իր երկրի քարտեզն էնպես գիտի, ինչպես Մուշեղ Գալշոյանը գիտեր իր Սասնա բարբառը, բարբառի պես գիտեր քարտեզը, տնետուն գիտեր բոլորին Քելե, Լաո-Գևորգ Հակոբյանը: Պարի շարժման նման իր երկրի ամեն մի շարժում գիտի Գագիկը: Գինոսենց տան Ավետարանը սովորեցրել է` սովորել երկրի պատմությունը: Իլիջան նույն էլեգիան է, նույն հրաշք Եղեգիսը: Եղեգի՜ս. հրաշք էս անունը մեր պատմության, մեր տեղանունների նման ձևախեղվել է, դարձել Իլիջա: Հողը փրկելով, հողը պահելով կարելի է պահել ազգային ամեն մի արժեք` «Եղեգիս» բառից մինչև … Մենք և մեր Աստվածը: Ճամփա ենք գնում: Պահենք ճամփի մեր հավատը:
… Մարդու Հիշողությունն ավելի զորավոր է, քան հողը: Չենք պահում Հիշողությունը` չենք պահում հողը: Քի՞չ դաշտեր ենք նվիրել թշնամուն: Հիմա էլ մեր Հիշողության զենք դա՞շտը հանձնենք: Հրամանատարը Լեոնիդ Ազգալդյանն էր: Նրան մոռանում ենք: Նրան մոռանում` ո՞ւմ ենք հիշում: Զորավար Անդրանիկի մասունքները մայր հողին հանձնելուց հետո քանի՞ անգամ ես եղել Եռաբլուրում: Զորավար Դրոյին Ապարանի հողին հանձնելուց հետո ո՞վ գնաց, ինչպե՞ս գնանք: Հերոս ծնել գիտենք, հերոս պահել չգիտենք: Լեոնիդին, Մոնթեին մոռանում ենք: Դավաճանություն է մոռանալը: Թշնամու ջրաղացին ջուր լցնել է մոռանալը:
… Լրատվությունն ասում է, որ Գագիկ Գինոսյանի բեմադրած պարերն արժանացել են միջազգային մրցանակի: Պարը, պարային ամեն մի շարժում Գագիկ Գինոսյանի համար չէ, այլ պարն ստեղծող այդ ժողովրդի համար ունի իմաստ, ոճ: Հայն ամեն խոսք ամեն տեղ չի ասում: Հայն ամեն երգ ամեն տեղ չի երգում: Իսկ ինչո՞ւ պիտի ամեն պար ամեն տեղ պարի: Պետք է սովորել ոչ միայն պարային շարժումը, այլ ամենից առաջ` ոգին: «Աստվածածնա պար». մեր նախնիքն առաջին անգամ ե՞րբ են պարել այդ պարը: Ինչո՞ւ են պարել օգոստոսի նախավերջին կիրակի օրով, հանդիսավորությամբ, եկեղեցու բակում: Օգոստոսն ասես ավելի հայոց ամիս լինի: Աստծուն իրենց պարով խոսք են ասում, շնորհակալ են բերք ու բարիք պարգևելու համար: Սա ոչ միայն հոգևոր պար է, այլև անկրկնելի մի գոհար` ծնված Աստծո, Հողի և Հայ մարդու դաշնությունից, անկրկնելի մի գոհար, մի գանձ, որ իր շքեղությամբ ապրում է միայն Ախալքալաքի, Ախալցխայի, ասել է` Կարնո ժողովրդի ժառանգների մեջ ու թվում է, թե մայրամուտի նման կհանգչի: Եվ Գագիկի գլխավոր հոգսն է` փրկել այդ գոհարեղենը, հողեղենը, Աստվածայինը, ուրիշ պարերի հետ սա նույնպես պետք է վերածել տեսաարխիվի: Այս պարը պետք է վերածնվի, որպես արվեստ, որպես հարուստ ժառանգություն պետք է հասցեագրել եկող սերունդներին…
Տպագրվում է հատվածաբար

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։