Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի այս վերնագիրը կրող գիրքը գերմանալեզու ընթերցողին ներկայացնում է հայոց ցեղասպանության ևս մի խորը և բազմաշերտ պատկեր:
Գրքի հիմքը կազմում են ցեղասպանությունը վերապրողների յոթ պատմություններ: Հետևելով հեղինակների ընտրած ուղղությանը՝ ուզում եմ նախ անդրադառնալ գրքի հերոսներին, մարդկանց, որոնց խոսքին մինչև այժմ գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել՝ Արամ Կյուրեղյան, Շուշանիկ Ղամբարյան, Խորեն Մարկոսյան, Աղավնի Վարդանյան, Յուղաբեր Էֆտյան, Հռիփսիմե Կոնդակչյան, Զեփյուռ Մեծբակյան: Նրանք պատմում են իրենց կյանքի պատմությունը, հիշողությունները մանկության, պատանեկության, գաղթի, կորուստի, ցեղասպանությունից հետո ապրած տարիների մասին: «Եղեռնե առաջ և եղեռնե ետք». այս բաժանումը նշանակում է մի անանցանելի սահմանագիծ վերապրողների կյանքում: Ամեն պատմություն իր շեշտերն ու սարսափելի անկումներն ունի: Դրանց միջոցով ընթերցողին բացվում են թե՛ իրադարձությունների ընթացքը, թե՛ գաղթողների անհատական ճակատագրերն ու ապրումները: Այս վերջինները գրքի առանցքն են: Ամեն մեկը պատմում է իր ճակատագիրը` ներկայացնելով իր պայքարը կյանքի համար և դրա անհնարինությունը: Երկու տղամարդկանց պատմությունները ժամանակ առ ժամանակ ոգևորության ու կենսուրախության փայլեր են բերում, կանանց կեցվածքը թերևս շատ ավելի ճնշված է: Նրանց պատմությունների առաջին իսկ տողերից զգալի է հոգեկան աղետը, կյանքից ու հաճույքից հրաժարվելը: Անընդհատ պայքար կա, պայքար ողջ մնալու, կործանումը հաղթահարելու համար, ինչը միայն մարդու անկարողությունն է ի ցույց հանում: Ամեն պատմություն բերում է հոգեկան բեկումների այնպիսի խտություն, որոնք իրականում հաղթահարել հնարավոր չէ:
Արամ Կյուրեղյանը գաղթից փրկվելով գալիս է Փարիզ, այստեղ ընտանիք է կազմում, աշխատանքի անցնում, հայրենադարձների հետ գալիս Հայաստան: Բայց այստեղ էլ խաղաղություն չի գտնում և նորից վերադառնում է Ֆրանսիա: «Մայրս ասաց՝ գնա, տղաս, դու պիտի ապրես, որ վրեժ առնես: Հիմա ես վրե՞ժ եմ առնում, երբ ձեզ պատմում եմ այս ամենը: Վրեժ կառնեի՞, եթե էն քուրդին սպանեի»:
Այս ճակատագրերին հետևելով՝ պատկերացում ենք կազմում դարասկզբին արևմտահայ տարբեր ընտանիքների կենցաղի, ապրելակերպի մասին, գաղթի ճանապարհի մասին, եվրոպական տարբեր երկրների, նաև Խորհրդային Հայաստանի մասին: Խոսվում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների և ետպատերազմյան շրջանների մասին:
Գիրքը ծնվել է հեղինակների՝ Բոխումի համլսարանի ցեղասպանության և սփյուռքի ինստիտուտում անցկացված գիտական հետազոտություններից արդյունքում: Միհրան Դաբաղը՝ գրքի համահեղինակներից մեկը, Դիարբեքիրում ցեղասպանությունից փրկված հայի որդի, իր գործունեությունը նվիրել է սփյուռքի և ցեղասպանության հարցերին, Գերմանիայի Բոխումի համալսարանի ցեղասպանության և սփյուռքի ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարն է: Քրիստին Փլաթի հետ միասին վերջին տասնամյակներում գերմանախոս գիտական ասպարեզում և դրանից դուրս ցեղասպանության գիտական ուսումնասիրության գործում մեծ ներդրում են ունեցել: Նրանցից յուրաքանչյուրը հիշողության, բռնության և սփյուռքի վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, շատ են նաև նրանց համատեղ աշխատանքները:
Այս գրքում ներկայացված պատմությունները ընտրված են 80-ականներին սոցիալ- հոգեբանական ուսումնասիրության սահմաններում տարբեր երկրներում հավաքված շուրջ 140 հարցազրույցներից: Առաջաբանում ներկայացվում են հետազոտության մեթոդիկան, կենտրոնական թեզերը և եզրակացությունները: Հատուկ պիտի նշվի գրքի հեղինակների կատարած աշխատանքը այս մարդկանց ապրումները և նրանց անհատականությունը ճշգրտությամբ, մեծ հարգանքով, նրբությամբ և սիրով ներկայացնելու ուղղությամբ: Ամեն մի կենսագրություն զուգակցվում է կարճ ներածությամբ, համառոտ ակնարկով հարցազրույցի պայմանների, տեղի, տևողության և այլնի մասին և, իհարկե, այդ անձանց մասին: Տրված են նրանց լուսանկարները երիտասարդ և ավելի տարեց հասակում, պատկերներ նրանց կորած աշխարհից: Այնքան մշակված է հայերեն պատմածի գերմաներեն թարգմանությունը, որ ընթերցողին հասնում են զգացմունքների ամենանուրբ երանգները: Կորուստի, վախի և հուսահատության այս պատկերները մեզ թելադրում են հասկանալ և հիշել իրենց տառապանքը, վախը, այդ բոլորին չհանձնվելու կամքը: Ընթերցողը խորապես զգում է և՛ ասվածը, և՛ չասվածը: Դրանք հավասարապես սարսափելի են:
Ինչպես գիտենք, նման ցնցումների մասին խոսելն ու պատմելը հատուկ կարողություն է պահանջում, որոշ դեպքերում եղածը կարգավորված ներկայացնելը բարդ առաջադրանք է, երբեմն էլ՝ անհնար: Այդ տեքստերը վկայում են հոգեկան լարումի, ծանր փնտրտուքի և կատարված մեծ աշխատանքի մասին: Դրանով իսկ այդ պատմությունները ընթերցողին սովորեցնում են՝ ինչպես ընկալել ծանր ապրումները: Կորուստը և ստորացման, արժանապատվության ոտնահարումը խոսք են դառնում: Ամոթը, շփոթվածության զգացումները և անվերջ ցավը, անվերջ սուգը պատմվում են ընթերցողին: Պատմությունները իրենց մեջ չունեն լուծում, խորը վիշտն ու ճնշվածությունը չունեն վերջնակետ և ճանաչում, հարյուր հազարավոր զոհերը չունեն ո՛չ գերեզման, ո՛չ հուշարձան իրենց անցած ճանապարհին: Այս գիրքը, չնայած իր բովանդակության ծանրությանն ու մռայլությանը, իր տեսակի թեթևություն է բերում նրանով, որ մենք հիշում ենք և հասկանում: Չասվածին և չլսվածին ուշադրություն է նվիրվում: Դա բերում է թեթևացում պատմել չկարողացողին, բացատրություն՝ փնտրողին, բացահայտում՝ կատարվածը չիմացողին:
Շատ արտահայտիչ է գրքի գրաֆիկական ձևավորումը: Ամեն պատմության կցված է պատմողի ոտքով անցած ճանապարհի քարտեզը, որտեղ նշվում է նաև անցած ճանապարհի երկարությունը: «Քալեցի՜նք, քալեցի՜նք»,- այս պարզ բառերը մարդկային անկարելի ջանքերի և տառապանքի արտահայտություն են: Օրինակ, Աղավնի Վարդանյանը քայլել է գրեթե 1600 կմ, իսկ Շուշանիկ Ղամբարյանը՝ 1000 կմ:
Գրքի վերջում տրված են պատմական ակնարկ օսմանյան կայսրության մասին, մանրամասն ծանոթագրություններ աշխարհագրական վայրերի, մարդկանց, սովորությունների, կերակրատեսակների և այլնի մասին, որոնք անհրաժեշտ հենք են ստեղծում այդ ողբերգական պատմությունների ընկալման համար:
Այս աշխատանքը բարձր գնահատվեց գերմանական ընթերցողի կողմից: Գրքի նյութի հիման վրա Գերմանիայի տարբեր քաղաքներում թատերական ընթերցումներ կազմակերպվեցին՝ ամեն անգամ ցնցում ապրած ընթերցողին թողնելով իր ապրումների և մտորումների հետ: Գիրքը շատ բարձր գնահատականի արժանացրեց գերմանական մշակութային ռադիոալիքը, այն որակելով որպես եզակի փաստագրություն և անփոխարինելի աղբյուր անբացատրելին նկարագրելու համար, անգնահատելի մի գանձ գալիք սերունդների համար: