2013 թ. ուսումնական տարեսկզբին Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բյոդեքեր գրական կազմակերպությունը և Հայաստանի գրողների միությունն ու Կրթության և գիտության նախարարությունը իրենց երկրների դպրոցականներին հանձնարարեցին գրել շարադրություն՝ «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» թեմայով:
Ուսումնական տարվա ավարտին՝ 2014 թ. ամռանը, երկու երկրներից ստացվեցին բազմաթիվ շարադրություններ, ոտանավորներ, պատմություններ, հաղորդումներ, էսսեներ և այլն: Այս բոլոր նյութերը մանկական անաղարտ մտքի ու սրտի մի համախումբ պոռթկում է՝ ընդդեմ վայրագությանը:
Ընտրվեցին առավել հետաքրքրականները: Հայ երեխաների աշխատանքները թարգմանվեցին, ուղարկվեցին Գերմանիա և այնտեղի ընտրված նյութերի հետ ամփոփվեցին մի ժողովածուում՝ «Ուրացում. մոռանա՞լ» վերտառությամբ:
Ժողովածուն կազմել են Ֆրիդրիխ Բյոդեքեր գրական կազմակերպության ղեկավար Յուրգեն Յանկովսկին և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Օրերս մայրաքաղաքի Խնկո-Ապոր անվան գրադարանում կկայանա «Ուրացում. մոռանա՞լ» գրքի շնորհանդեսը: Ներկա կլինի հրատարակիչ Հարրի Ցիթթենը. նա գիրքը կներկայացնի Ցեղասպանությանը նվիրված ֆորումին: