ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻ ՊԱՏՈՒՄԸ
ՀՈՐԱՍ ԷՆԳԴԱԼ
Նոբելյան ակադեմիայի անդամ
Նախքան գրող դառնալը Աննի Ռոմանը այլ բազմաթիվ զբաղումներ է ունեցել, նախ և առաջ, իհարկե, եղել է համբավավոր դերասանուհի, բայց նաև համաշխարհային գրականության անխոնջ ջատագով: Աննիի հետ ես առաջին անգամ առնչվել եմ նրա` 2006 թվականին սկզբնավորած և հետևողականորեն շարունակած մի բացառիկ նախաձեռնության կապակցությամբ: Խոսքը գրականության Նոբելյան մրցանակ ստացած հեղինակների երկերի հրապարակային ընթերցման մասին է, որի նպատակը 1901-ից մինչև մեր օրերը այդ բարձր պարգևին արժանացած գրողներին մոռացությունից վերարծարծելն է: Գրական նման երեկոները, որոնք տեղի են ունենում փարիզյան լավագույն սրահներում ու մեծ թվով նախանձախնդիրների են գրավում, իրենց նմանօրինակը չունեն նույնիսկ Շվեդիայում` Նոբելյան մրցանակի երկրում:
Այժմ արդեն հանրահայտ` «Նոբելյան հերթաշրջան» երեկոներից յուրաքանչյուրի ընթացքում ընթերցվում են մրցանակակիր հեղինակի երկերի լավագույն հատվածները, որ անձամբ ընտրում է Աննին, որից հետո որևէ քննադատ կամ գրականագետ ներկայացնում է խնդրո առարկա գրողին: Ես պատիվ եմ ունեցել մասնակցելու այդպիսի երկու երեկոների, որոնցից առաջինը նվիրված էր Ալիս Մանրոյին, երկրորդը, վերջերս՝ դեկտեմբերին, Բոբ Դիլանին: Այդ երեկոների ժամանակ, շնորհիվ մեր մրցանակակիրների անսակարկ նվիրյալներից մեկի` Աննի Ռոմանի, ես ինձ ավելի քան երբեք հպարտ եմ զգացել գրականության` Նոբելյան մրցանակ շնորհող հաստատությանը անդամակցելուս համար: Հարկ է նաև ավելացնել, որ 2015-ին, իր անխոնջ ջանքերի համար նա արժանացել է «Հյուսիսային աստղ» պատվանշանի:
Նույն` 2015-ին, Աննի Ռոմանը գրականություն մուտք գործեց «Հայաստանցի մեծ մայրիկս» գրքով, որն ընթերցելիս հեղինակի առաջին երկը լինելուն դժվար է հավատալ: Անկասկած, երկար ժամանակ Աննին ինքն իր համար գրել կամ տարբեր լրատվամիջոցների աշխատակցել է, քանի որ նրա երախայրիքում անվստահություն կամ ավելորդաբանություն բնավ չի նկատվում:
Առաջին հայացքից այս գիրքը թերևս հուշագրություն թվա, բայց, իհարկե, այդպես չէ: Ճիշտ է, որ երկը հեղինակի և իր մեծ մոր` 1893-ին Թուրքիայում ծնված Սրբուհի անունով հայուհու փոխհարաբերությունների մասին է: Այն ներկայացնում է Աննիի մանկությունը: Քանի որ աղջնակի մայրը վերամուսնացել է, նա մնացել է տատի հետ, ով, սակայն, բնավ նման չէ մյուս տատիկներին: Սրբուհին հազիվ 22 տարեկան է եղել, երբ աշխարհը տակնուվրա է արել մի իրադարձություն, որը հետագայում Հայոց ցեղասպանություն պիտի հորջորջվեր: Թուրքերը խողխողել են Սրբուհու ամուսնուն, թունավորել իննամսյա դստերը, որդու հետ նա բռնագաղթել, մահվան ճամ- փաներով հասել է մինչև Սիրիայի անապատները, որի փորձություններին մեծ մասը չի տոկացել: Մի մասն էլ կյանքը փրկելու համար կրոնափոխ է եղել: Աննիի տատիկը, ինչպես ասում են` հրաշքով փրկվել, 1921-ին, երբ թուրքերն իր մեկ միլիոնից ավելի հայրենակիցներին արդեն բնաջնջել էին, Ֆրանսիայի ընդհանուր հյուպատոսի հովանավորչությամբ Կոստանդնուպոլսից մեկնել է Ֆրանսիա, որպես անհայրենիք վտարանդի հաստատվել Մարսելում: Այստեղ են ծնվում Աննիի մայրը և, իհարկե, ինքը` Աննին:
Ռոմանի գրքի հիմքում ուրեմն 20-րդ դարի պատմության թերևս ամենավիճելի իրադարձություններն են` վիճելի, որովհետև հանցավոր երկիրը` Թուրքիան, հետևողականորեն ժխտում է իրողությունը: Մինչդեռ Օսմանյան կայսրությունում հայերի կյանքը մինչև ցեղասպանությունն էլ ապահով չի եղել, նրանք ենթարկվել են մշտական հալածանքի ու նսեմացումների, դեռևս 19-րդ դարի 90-ական թվականներին սուլթանի հրամանով զանգվածային ջարդեր են հրահրվել, որոնց հարյուրհազարավոր հայեր են զոհ գնացել: Մահմեդական երկրում քրիստոնյա հայությունը քավության նոխազ է դարձել հատկապես Օսմանյան կայսրության մայրամուտին: Հետագայում` մեղսագործներին դատապարտելու Արևմուտքի ջանքերը բախվել են Քեմալ Աթաթուրքի գլխավորած նոր կառավարության հակազդեցությանը: Թուրքիայում անսքող նույնիսկ մեծարել են դահիճներին: Այս ամենը տեղի է ունեցել միջազգային բազմաթիվ վկաների, որոնց թվում` շվեդներ Էյնար Վիրսենիու, Սվեն Հեդինի աչքերի առաջ: 1920-ական թվականներին ցեղասպանության ոճրագործությունը լայնորեն հայտնի է դարձել, հիմնական դրդապատճառներն ուսումնասիրվել են: Մի քանի տարի շարունակ զարհուրելի մանրամասները խռովել են աշխարհը: Հետո սպանդը մոռացության է մատնվել:
Աննի Ռոմանին գրիչ վերցնելու է դրդել, ինչ խոսք, մեծ մոր փոքրիկ նոթատետրը, որ նա մահվանից հետո գտել է մորեղբոր անձնական իրերում: Այդ նոթատետրում Սրբուհին մե՛րթ հայե- րեն, մե՛րթ ֆրանսերեն գրառել է այն ամենը, ինչ տեսել, ինչի շուրջ խորհրդածել է 1915-1921 թվականներին: Աննիի մեծ մայրը դեռևս Նազարեթում` միանձնուհիներից է ֆրանսերեն սովորել, այն տարիներին, երբ հայրը որպես Օսմանյան կայսրության ճարտարագետ, Պաղեստինի երկաթուղու շինարարությունն է նախագծել:
Աննի Ռոմանի գրքում տատի օրագրի գրառումներն ընդմիջվում են հեղինակային նկարագրություններով, աղջնակի` մեծ մոր հետ ունեցած զրույցների պատառիկներով, որոնց ընթացքում ծեր կինը նախճիրի ու բռնագաղթի առանձին դրվագներն է վերհիշում: Ուրեմն ցեղասպանության անցյալը ներկայացված է անուղղակի պատումներով, անբռնազբոս անմիջականությամբ: Ծավալվող իրադարձություններն իր լեզվական մտածողությամբ մեզ մանուկ է ներկայացնում, ով, սակայն, չափահասի ընկալունակություն ունի, միամիտ լինելով հանդերձ, չափազանց ճշգրիտ է: Փոքրիկ Աննին մեղմասությունները չի հասկանում` թեկուզ այն, թե թուրք տղամարդիկ ինչո՞ւ էին գեղեցիկ հայուհիների հետ անընդհատ «ամուսնանալ», այսինքն` բռնաբարել ուզում: Նա պատկերացնում է, թե ինչ կերպ է մեծ մոր հետ «խույս տալիս» դարպասողներից, մոռանալով, որ այդ տարիներին Սրբուհին ջահել է եղել:
Մեծ մայրիկի պատմությունը եղերական է: Հայ մայրերի նորածիններին, որոնց թվում և Սրբուհու դստրիկին, վերացնում են թունավորված ծծակով, ամուսնուն սպանում են ջարդի հենց առաջին օրը: Փոքրիկ Աննին տատի` 1915-ի վերհուշերը հանդուրժում է, որովհետև բարեպատեհ ավարտին վստահ է: Մեծ մայրը ողջ է, կողքին է, ողջ է նաև նրա որդին` քեռի Ժիրայրը, ում, կյանքը փրկելու համար, աքսորի ճանապարհին մայրը ապավինել է մի թուրք գեղջկուհու: Մոր ու չորս տարեկան տղեկի բաժանման պահը գրքում ամենացնցողն է: Ժիրայրը գտնվում է ավելի ուշ, երբ ռուսական բանակը հյուսիսից Թուրքիա է մտնում, ու ռուս զինվորները հայ որբերին հավաքելով, Կովկասի ապահով որբանոցներն են տեղափոխում:
Ըստ իս` «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը սոսկ հափշտակող հուշի պատառիկ չէ: Այն մանավանդ ու հատկապես վերջին կես դարում համաշխարհային գրականությունում գերիշխող «վկայության գրականության» նմուշ է, որի ներկայացուցիչներից չորսը` Գաո Սինջիանը, Իմպրել Հերթեզը, Հերդա Մյուլլերը, Սվետլանա Ալեքսիևիչը արժանացել են Նոբելյան մրցանակի: Վկայությունների ալիքը հեղաշրջել է ժամանակակից գրականությունը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը ընկճելուց բացի, այլ բնույթ կարո՞ղ է ունենալ: Այո՛, իհարկե: Այն կարող է լինել առինքնող, անկեղծ ու զարմանալիորեն խաղաղարար: «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը անցյալի ոճրագործության մասին խոհագրություն չէ: Պրուստի ու Կուլլա Գուլլայի մասին պատմող Մարթա Սանդուել-Բերգստրոմի (որին հղում է կատարում փոքրիկ Աննին) վեպերի միջև գտնվող այս գիրքը հագեցած է սեփական աշխարհըմբռնումը ձևավորող երեխային բնորոշ անմիջական զգացմունքայնությամբ:
2017 թ., ապրիլ
Ստոկհոլմ
Խմբագրության կողմից – «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը անցյալ տարվա հոկտեմբերից, Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ, հաջորդաբար տպագրում է «Կանչ» պարբերաթերթը: