Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ՄԻ ՏԽՈՒՐ ՕՐ ԼԻՆԵՐ

Ասենք՝ Ստիվ Ջոբսի
Ասածների նման: Էն, որ
Չէր ուզում լինել մեռյալներից
Ամենահարուստը-
Դե, ճիշտ էր
Ասում՝ մարդը,
Ապրելու տեղ չուներ,
Քնում էր ընկերների մոտ.
Նրանց պոլ-հատակին:
Դատարկ շշեր էր հանձնում
Հինգ ցենտով,
Իսկ կիրակի օրերին յոթ մղոն քայլում էր ոտքով
Մինչև եկեղեցի, որ ձրի ընթրիք վայելի:

Գրողը տանի-
Դե, իրոք արի ու հասկացիր՝
Մարդ նավատորմո՞ւմ ծառայի, թե՞
Գնա ծովահենների հետ:

Մի տխուր օր լիներ
Առանց ճատրակ խաղացող
Մեր թագավորների,
Որ վերջում հասկանում ենք
Որ խաղալ չգիտեն:
Նրանց մասին
Մեր
Գիրք գրող
Գրողները
Հեռու մնային
Սեքսուալ ռևոլյուցիաներից –
Արուին իր տեղը պահեին,
Էգին՝ իր.
Ամորձատված ներքինին էլ
Հերոս չդառնար՝
Աղջիկներից
Առավել
Սև «գելենվագեն» սիրող
Այս տղերքի համար:

Մի հովանավոր գտնվեր
Հերթական անգամ, որ
ԺԴ դարից
Նարեկացու ձեռագիրը
Առներ
Աճուրդներից,
Վանոն ու Հովհաննեսը
Էդքան դաժան չլինեին
Մեկը՝
Կորչելուց,
Մյուսը՝ մեռնելուց
Առաջ:
Ինչքան տխուր բան կար
Գրեցին՝
Հատ-հատ,
Նկարեցին՝
Տառ առ տառ,
Անգամ՝
Անձրևի մլավոցը:

Մի տխուր օր լիներ
Որ առանց հարբելու
Ու ամոթի
Մարդ գլուխը առներ ափերին
Ու լաց լինելու պես
Լաց լիներ:

***
Օրը պառկում է
ծանոթ կնոջ պես,
Հանգչում է հեռուն՝
ես տեղ չեմ հասնի,
Այս ինչքա՜ն սեր էր խոստացել Աստված-
Հուշեր նա ինձ մի պատահական ելք:

Կյանքն անվայել բառ՝ չգրված տողում.
Սուտ ու ճշմարիտ
խաբել են միշտ էլ,
Քամին ձգում է
մետաքսե մի թել-
Փը՜րկիր հրաշքը պատահական ելք:

Ես պատերազմում
ողջ եմ մնացել,
Կնոջ գրկի մեջ չե՜մ
մեռել սիրուց,
Ինձ անիծել են
երգից ու երկրից-
Կո՜րչեիր այնժամ պատահական ելք:

Ո՛չ վերև կա վեր,
ո՛չ ներքևը ցած-
Զուր են հալածում
ապրող ու մեռած,
Հավատարիմ կին,
մի պատառ Աստված
Արդեն հեռու՜ են,
պատահական ելք:

Գիշերն անամոթ,
ցերեկն անպատեհ,
Մեռած պոետներ,
որ էլ չեն գալու
Դեռ շշնջում են
հավերժի մասին-
Մի՞թե ելք չկա, պատահական ելք:

Փախած հուշեր են, անիծված ուղի-
Ո՞վ է տեղ հասել,
որ ես չեմ հիշում.
Աստված ծերացած
ի՞նչ է քրթմնջում-
Հու՜շեր ինձ գոնե
նահանջի մի ելք:

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
Չեմ սիրում մանկությունս

մի գյուղ՝
սապնահոտ
կիրակիներով
լվացքի
թառերին
կախված՝ լերդ
կապույտ,
կապույտ,
կապույտ-անգույն
կանացի ներքնազգեստներ:

Չեմ սիրում ընկերներիս

հարևանի տնամերձներից
խնձոր, տանձ գողացող,
բռնվելու պահին
միշտ իրար
մատնող:

Չեմ սիրում պատերազմները

դասագրքային հերոս
դարձած
ծանոթ
դեմքերի
հուսահատությունը.
որ ողջ են
մնացել՝
մարտերի ժամանակ
գլուխները պահած
խրամատներում.
հետո
հպարտ տուն դարձող.
գրպանները լիքը ականջներ.
լինի հայի թե թուրքի՝
արդեն կարևոր չէ:

Չեմ սիրում սիրելը

միայն
մեկ-երկու անուն հիշվող՝
սպիտակ-ցորնագույն
մաշկով, որ
խմած
տրորում են
ծույլ, անսեր
մարմնիդ
Չեմ սիրում ապրելը
«nexum»-ով
սկսվող
առավոտներով
Միկոյանի
ժամանակներից
ճաշացուցակ մտած
ցորնապուրով.
առանց
սուրճի
ու
ծխախոտների:

Չեմ սիրում փողոտ ժամանակները

Երբ
շատանում են
ծանոթ-ընկերները,
բայց չգիտես,
թե ինչու՝ ավելի շատ
կնոջ կողմի բարեկամներով:

Չեմ սիրում անփող ժամանակները

ծերացող դեմքով,
չաղացող քո տեսակով,
թռիչքներից
հոգնած,
ուռած մատներով
ու ցավող
ոտքերով
ու ոչ ոք
չի դիմավորում:

Չեմ սիրում մեռնելը

մանավանդ խաշլամայի
եփած
Կարտոֆիլի,
սոխի
հոտը:
Ժանգոտած ատամներով
հյուղակավորներին,
քաղաքից եկած
սև գուլպաներով,
կարճոտ շրջազգեստներով
տիկնանց,
որոնք
հեռավոր բարեկամների
կարգավիճակն ունեն:

Չեմ սիրում Աստծուն,
նրա ինձ այսպես սիրելը:

ՄԵԿԸ ՎԱՌԵՐ ԱՍՏՂԵՐԸ
(այս մեծ ձկների գյուղը անցնելուց հետո)
մթության
մեջ
երբ խփում է անձրևը
ճանապարհին
ոչինչ չի երևում
ոչինչ լույս չի տալիս

Նույնիսկ ոստիկանները
քնած են լինում
իրենց պախկված
ավտոների մեջ:

Եթե հիշո՞ւմ ես՝
դու սովորաբար
զառիթափի սկզբին
ինձ սուրճ էիր
լցնում թերմոսից
ամեն անգամ ես
խոստանում էի
թողնել ծխելը
(ամեն անգամ ինձ հավատալով
վառում էիր ծխախոտս)

ես՝
կում-կում
քո ձեռքերից
մթության մեջ
ըմպում էի սուրճը:

Միայն
մեկ-մեկ
դիմացից եկող
պարսկական բեռնատարների
լույսերը
լուսավորում էին քո
մատները

մեկը վառեր աստղերը:

***
ամպրոպից հետո կսկսվի
անձրևը

ամեն ինչ կմաքրվի ինձնից
ինչ քո հետ կապված չէր

ԲԱԽՏ
Երբ վերջանում է
ու էլ չի լինում,
դրսից շոշափում
ու չես գտնում քեզ-
փախած մի ձի է հեռվում՝
վրնջում,
որի անունը պիտի,
որ հիշես: Պիտի
որ հիշես, բայց
էլ չես հիշում:
Ճերմակ-սև,
պուտ-պուտ՝
վիզը երկարել ու
նայում է քեզ-
խոտերի
գույնը
քեզնից դուրս,
քո մեջ՝
փխրուն
մի
մարմին՝ հեռու
մի համբույր
այդ խոտերի մեջ.
պիտի որ հիշես
անունը նրա,
բայց էլ չես հիշում:
Ինքդ քեզնից դուրս,
բախտդ՝
խոտերում
ու չես հասկանում,
թե ինչո՞ւ է ձին խոտը համբուրում:

***
կղզի է
միայն դու
և ջուրն էլ դու ես

ԾՈՎԸ, ԼՈՒՍԻՆԸ ԵՎ ԵՍ
Լուսինը նորում է,
ասես գիշերը
կլպում է նրան՝
տաշեղ առ
տաշեղ:

Լուսնի կլեպները
անտուն նավեր են
դառնում՝
դեգերելիս,
լուսնի շողերը
մեռած նավաստիների
աչքերն են՝
դատարկ-
լուսնի այդ շողերից
դիվահար՝
ճղղում են
ճայերը:

Դու ինձ
սովորեցրիր
ոտաբոբիկ
քայլել
ավազների միջով
ցերեկվա
տոթին,
երբ ցուլի նման փնչում է
օրը:

Հանգստյան
օրերի
առավոտներին
սառը
ավազներին
պառկել
կողքիդ
կիսախուփ
աչքերով,
առանց ձեռքերի
սիրել ու
թավալվել.
հետո փակ սրճարանների պատերին
հենված
համբուրվել՝
լեզուդ
խաղացնելով
իմ բերանում,
մինչև նա կրքից
սկսում էր
սառել.

(այդ հետո
ասացիր, որ
կարդացել ես, թե
այդպես
համբուրվում էր
Բուքովսկին)

ճանապարհ
պիտի ընկնեմ
այս
անտուն նավերի հետ,
չհասցրի
google es-ին հարցնել՝
ի՞նչ կնշանակի
լուսնի նորելը

(լուսնի կլեպները շատանում են
ծովի վրա.
լուսինը բարակում, մաշվում, տաշվում ու կորում է մթան մեջ)

գնալ է պետք
մինչև
լույսի
բացվելը.
որ մնացի
պիտի նորից հիշեմ,
որ ծովը լուսադեմին
կանաչ աչքեր ունի՝
բոզոտ,
կչկչացող
ձայներ:

Ես՝ Մարո Քարամյանին
խոստացել եմ
հանգավոր
ստիխներ գրել,
որ կարդա
գրականության իր
դասերին.
սպիտակ
ստիխներ նա չի՜
սիրում,
երևի՝ աշակերտները նույնպես.
չհասցրի՜…
աջ սրունքիդ
տատուն
չհասցրի
համբուրել.
մտածում էի՝
այսօր,
վաղը:
Դու պիտի միշտ լինեիր ու հանկարծ գնացիր

(դուք բոլորդ հանկարծ գնում եք)

Արտուր Մինասյանը
ասում է՝ չկանչեցինք- Իսպանիան հեռու է.
երևի
ճիշտ է
ասում.
ստիխներ
չուզեց՝
գիտի որ չեմ
գրում,
ասաց՝
Անտոնյանը բաժանվում է,
Կարինե Ճաղարյանից
ոչ մի լուր…
Կարինե՝
ներիր
Կարինե:
Լուսանում է,
լուսինը նորում է,
լուսնի կլեպները անտուն նավերի նման հեռանում են

Իսպանիան հեռու է
Իսպանիան հեռու է

իսկ
ես
ոչինչ
չհասցրի:

4 thoughts on “Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ՄԻ ՏԽՈՒՐ ՕՐ ԼԻՆԵՐ

  1. Միթե ելք չկա,պատահական ելք……………..Եվ հռետորական այս հարցը ամենուր հետամուտ է մեզ…………….Գոնե քո տողերում այս ամենի՝ չապրված երազների,տերն ես դու ,որ մի օր գուցե անհայտության մեջ քոնն են լինելու….Իսկ ինչ ասենք մենք՝ սովորականներս,որ սովորական ենք թվում,բայց անսովորի կյանքով ենք ապրում ՝ միշտ անհունի մեջ աստղեր որոնելով…………………..Բարեկամս,խոհն է միշտ հոգիս փոթորկում գայթակղելու չափ.ձևը խաղ է անցավոր……………..Բայց ես չգիտեի,որ պիտի լինեի…………գոնե փառավորվեմ,որ այս ձևով կամ…………..

  2. խորը, հպվող, ներսդ լրջորեն նայելուն ու վերլուծելուն տրամադրող պոեզիա !!! շնորհակալություն

  3. էլ կա` էլ….Ի~նչ մոդեռն, այ մարդ, գրականություն է` զարգանալով /փոխվելով/ գնում է իր գնալը, ընթերցողն է, որ պիտի հասցնի փոխել իր ընկալունակության գամման, հասնի նրա հետեից…Ավիկ հարությունյանի բանարվեստի թվացյալ բարդության մեջ այնքա~ն պարզություն կա…հերիք է կարողանաս բռնել նրա տուտը, մտնես երակը` ներսի պարունակությունը քեզ կառնի իր մեջ, տանի… Ավիկի մոտ խոհը մտացածին չէ, գալիս է կյանքից , մեկ բանստեղծության մեջ նա կարողանում է մի շարք անել` ընթերցողին ստիպելով մտածել, պատասխան որոնել ինչպես դրսի աշխարհում, այնպես էլ իր ներսում` իր ծալքերից…Որովհետեւ գեղարվեստի լեզվով ներկայացնում է այն, ինչը կամ ինչերը շատ-շատերին են հուզում: Ավիկն էժան էֆեկտների հետեւից չի գնում, որովհետեւ նրա տողերին դրանք պետք չեն: Նրա գրքերին ծանոթ եմ, եւ կարող եմ ասել, որ տվյալ շարքի ընտրությունը գերազանց է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։