Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԱՇՈՒՆ…
Աշունն այս անգամ ասես մի այլ կերպ
Իմ դուռը թակեց,
Չգիտեմ ինչո՞ւ աշնան դեմ սիրտս
Մի քիչ վախվորած իր դուռը բացեց…
Արևն իր տեղը փոխել է կարծես
Ու մեր երկնքում քիչ է երևում,
Ամպի մի ծվեն, ձեռ ու ոտ ընկած,
Նոր նստավայր է փնտրում վերևում:
Սառնաշունչ քամին ասես ավելի
Մոտից է փչում, չոր տերևները
Իրար ականջի անհանգիստ ինչ-որ
Բան են խշխշում:
Խորը թախիծ է հայտնվել նաև
Այգուս աչքերում,
Մասուրը կարմիր ասես նեղվում է
Փշե ձեռքերում:
Քո ոտնաձայնը ինչ-որ հոգնած է
Ականջիս գալիս,
Պաղած առվակը իմ սրտին ասես
Նոր երգ չի տալիս…
Ձորում օրն արդեն շատ շուտ է մթնում,
Իրիկնամուտին մի սառը սարսուռ
Ուսերիս գցած, մտքի տուն ընկած՝
Շուտ եմ տուն մտնում:
Գիտեմ, որ ուշ եմ ես քուն մտնելու,
Այնքան շատ գործեր կան ինձ անելու,
Թե սիրտս հանկարծ ինձ կողքից չօգնեց,
Ի՞նչ եմ անելու…

ՄԻ ԹԻԶ ԵՐԿԻՐ ԵՆՔ
Մեզ թվում է, թե
Մի թիզ երկիր ենք, մի բուռ ժողովուրդ՝
Ցրված ամենուր, ծալքերում հազար:
Բայց արի ու տես, որ մեծ երկրի պես,
Գուցե ավելի և գաղտնիքներ կան
Այս հողում պահած,
Շատ առեղծվածներ
Այս երկրի վրա՝ դեռ չվերծանված…
Արագիլների գալուն-գնալուն,
Նրանց հետ անկեղծ ասել-խոսելուն
Սովոր ժողովուրդ,
Բայց արի ու տես, արագիլները
Ամեն տեղ երբեք չեն իջևանել,
Ու չենք հասկացել
Ի՞նչը չեն նրանք այլ տեղ հավանել:
Արագիլները հեռու տեղերից
Մեզ մոտ չվելիս միշտ ուղղությունը
Վերցրել են Մասիս:
Դրա համար էլ շատ հնուց մարդիկ,
Նաև՝ ծեր տատս,
Արագիլներից որ բան իմանան,
Օրեր, շաբաթներ ոտքով գնացել,
Հասել են Մասիս:

Քարափների երգը
Համո Սահյանին
Քո քարափներից իջնել չեմ ուզում,
Այնքան խաղաղ է
Ու այնքան մաքուր այնտեղ ամեն ինչ,
Ուզում եմ կախվել լեռան ծերպերից,
Ձուլվել ամպերին,
Զգալ աստղերի շունչը ուսերիս,
Եվ ուրիշ ոչինչ…
Այնտեղ ամեն քար վարպետի ձեռքով
Ասես դրված է ժայռե կուռ պատին,
Այնտեղ օրերը քարափի երգով
Գնում-հասնում են իրենց արմատին…
Այնտեղ քարայծն է տանտիրոջ նման
Վեհ բարձրունքներից տարածքն իր հսկում,
Ձագն է եղնիկի մոր վզի տակից
Խոր ձորին նայում, սարսափից դողում։
Ժայռից մինչև ձոր՝ խոր-անդնդախոր,
Նեղ կածաններ կան,
Նստաքարեր կան այնտեղ իմաստուն
Մեծամեծերի,
Մասրենիներ կան ժայռի ծերպերին,
Շորերում ճերմակ նորահարսների…
Քո քարափներից
Դաշտերը ասես լինեն ափիս մեջ,
Այնտեղ արտերում շատ փետուրներ կան
Մոշահավերի, բներ լորերի,
Ձայնագրություններ կան ձորի շուրթին
Տրտունջի, ցավի:
Մեր նոր օրերի երգերից անսիրտ,
Ճիչ ու աղմուկից խորթ, օտարոտի,
Փախչում եմ հաճախ, քո քարափներն եմ
Հաճախ բարձրանում
Ու փորձում խոսել այնտեղ նրանց հետ՝
Քո պարզ ու անկեղծ, հայեցի լեզվով.
Ձորերդ իջնում ու փորձում մոտից
Մի փոքր ապրել նրանց հին ցավով։
Քայլում եմ երկար արտերի եզրով,
Փորձում տեր կանգնել բներին դատարկ
Թռած լորերի,
Փորձում հետքերը գտնել հին արտում
Նաև նորերի։
Ու մի տեղ հոգնած քո լայնասաղարթ,
Հաստաբուն կաղնուն ես ապավինած,
Ուզում եմ նստել, քիչ հանգստանալ,
Բռով քո ջրից ծոցերս լցնել,
Մի քիչ զովանալ:
Իրիկնամուտին և քո քարափի
Երգերը բոլոր ծոցերս լցրած,
Շտապել քո տուն,
Որ հասնեմ խաղաղ «Իրիկնահացիդ»:
Ի՞նչ էլ որ լինի,
Անգամ թե վերջին շնչում էլ լինեմ,
Պետք է վեր կենամ, սարը բարձրանամ,
Գամ ու հանդիպեմ իր քարափների
Հետ հավերժացած Համո Սահյանին,
Ասեմ՝ Համո՛ ջան,
Մի փոքրիկ տուն եմ ուզում կառուցել,
Անկյունաքարը եկել եմ տանեմ
Քո քարափներից…

Մենք դարեր ի վեր…
Մենք դարեր ի վեր թե հասկանայինք,
Որ խելքն է միակ ուժն ամենազոր,
Որից մենք երբեք պակաս չունեինք,
Մենք չէինք ընկնի արհավիրքների,
Օտարի ձեռքը՝ անսիրտ ու անխիղճ.
Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…
Մեր բարձունքներից սառնասիրտ, ուշիմ
Թե ետ նայեինք, կհասկանայինք՝
Ում ճանապարհ տանք՝ անցնի մեր հողով,
Եվ ում թույլ չտանք՝ քայլ անի զոռով,
Այդ դեպքում միայն մեզ չէին նայի
Որպես անզորի,
Գլուխ կտային ընդունված կարգով՝
Ինչպես հզորին.
Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…
Թե չկիսվեինք մենք հազար տեղից
Ու չանտեսելով ուժը թշնամու՝
Զուր չփնտրեինք մեր մեջ թշնամի,
Մենք կդառնայինք մի հզոր բռունցք՝
Կունենայինք մեր նավն առաջ տանող
Մտքի և ուժի ընտրյալ սերուցք,
Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…
Թե չլինեինք ներող, մարդասեր,
Ցեղերի հանդեպ անգամ մարդակեր,
Ոչ մեկին չէինք դառնա հպատակ,
Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…
Ու թե լինեինք ամենից առաջ
Մեր պատմությունը, մեզ արժևորող,
Իրար նկատմամբ կամեցող մի քիչ
Եվ ունենալով աշխարհին հայտնի
Այդքան զորավար, այդքան զինագործ,
Այդքան քաջ զինվոր՝
Ապավինեինք մեր բազկի ուժին
Ու մեկտեղեինք գրչի հետ միշտ սուր,
Մենք չէինք կորցնի մեր հողերն իզուր.
Մեզ հենց դա էր պետք, և ուրիշ ոչինչ…
Հիմա էլ նորից դասեր չենք քաղում
Մեր սխալներից, մեր խարակներից,
Անում ենք նույնը, չմտածելով՝
Դրանք ուղղելու չունենք ժամանակ,
Ուշքի գալ է պետք, խելքի գալ մի քիչ,
Որ կարողանանք ինչպես անցյալում,
Ունենալ հայոց ուժեղ թագավոր,
Օծյալ քահանա և զորեղ բանակ,
Ուսուցիչ խելոք, հանճարեղ գրիչ.
Մեզ հենց սա է պետք, և ուրիշ ոչինչ…

Սով է տեսել
Այս աշխարհը սով է տեսել
Ու մնացել ճիրաններում մեծ սովի,
Սովի հետ էլ նա կգնա
Այս աշխարհից երևի:
Մարդիկ մեկ են աշխարհ գալիս՝
Արդար կամքով վերևի,
Հետո դառնում կուշտ կամ սոված.
Նույն հողից չեն երևի:
Սոված մարդը երբ կշտացավ,
Սովածին չի բարևի,
Իսկ երբ նորից սովածացավ,
Փրկում չունես երևի…
Մեծ բերանին կողպեք դնես,
Կզայրացնես անտեղի,
Կա՛մ քեզ կուտի, կա՛մ կտանի
Ճամփաներով գեհենի:
Այս աշխարհը սով է տեսել,
Չի կշտացել աչքը նրա,
Աչքը անկուշտ մնացել է
Միշտ ուրիշի հացի վրա:

Հրաշք լիներ
Հրաշք լիներ, տունս լիներ,
Տունը իմ հին,
Ու տանը իմ՝ իր հերահոտ թագը գլխին,
Թագի գինը ճիշտ իմացող
Իմ թագավոր հերը լիներ:
Այնպես կուզեմ թեկուզ մի օր,
Դավթի լեզուն թեկուզ թլոր
Դեռ էն գլխից լավ հասկացող
Քուռկիկ Ջալալ ձիս ունենամ,
Թուր Կեծակին ես ունենամ,
Նայեմ բազկիս ու հավատամ՝
Ծանրությանը կդիմանամ.
Որ վանքերս լուսաբացին
Աղոթք լսեն,
Խաչքարերս որբերի պես
Ցրտին անտեր որ չմրսեն:
Թե չէ, այս ի՞նչ եղավ նորից.
Ես իմ տան մեջ
Մի տնվոր եմ ասես դարձել,
Քարն ու ցավը ասես քիչ էր՝
Բազմաչարչար երկրիս մեջքին,
Ես էլ մի նոր քար եմ դարձել:

ՏԱԳՆԱՊ
Երամից շեղված
Մի կռունկ իջավ
Իմ փոքրիկ այգու
Թթենու վրա:
Փոքրիկ այգուս մեջ
Իսկույն տարածվեց
Տագնապը նրա:
Գարունը անցավ,
Ամառն էլ գնաց,
Սակայն այգուս մեջ
Մոլոր կռունկի
Տագնապը մնաց…

***
Ձորում կայծակը
Խփում է ծառին,
Բոցավառվում է
Ծառը կայծակից
Ու թանձր մխում:
Ձորը նայում է
Տապալված ծառին
Ու համբերանքի
Չիբուխն իր ծխում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.