ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ / Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ

Երևանյան արև՛…
Ծիծաղող արև՛…
Ճչացող արև՛…
Արև՜, արև՜, արև՜, արև՜… Արևը ոսկի է թափել Հայոց աշխարհի սարերի, ձորերի, դաշտերի, անտառների, քաղաքների, գյուղերի, փողոցների, տների, բակերի վրա: Մեր բակում կարկաչախոս ցայտաղբյուր կա ու լողավազան: Ոսկե շողեր հագած տղաներն ու աղջիկները, երիտասարդ հայրիկներն ու մայրիկները իրենց գցում են լողավազանը, ճչում, խնդում, դուրս թռչում լողավազանից, իրար վրա դույլերով ջուր շփում…
Նահապետ անունով պապը ապրում է մեր բակում: Մատենադարանի մագաղաթյա մատյաններից մեկի էջին ես տեսել եմ նրա նկարը: Նա շատ բան գիտի: Գիտի Հայոց աշխարհի ավանդույթները, ժողովրդական տոնախմբությունների օրերը: Գիտի մեր սքանչելի երգերն ու պարերը: Նա մարդահասակ տիկնիկ է պատրաստել: Տիկնիկը կանաչ շապիկով է, կարմիր գոտիկով, աչքերը, ունքերը, բերանը գեղեցիկ են: Նա և՛ լսում է, և՛ տեսնում է, թե կամենա, կարող է խոսել…
Նահապետ պապը տիկնիկը վեր-վեր է թռցնում, երգում.
Նուրին, Նուրին եկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Ջո՛ւր տվեք, ջո՛ւր Նուրիին,
Որ դաշտերը կանաչեն,
Արտերը բերքով լցվեն,
Շատ ջո՛ւր լցրեք իր գլխին,
Ջո՛ւր, ջո՛ւր լցրեք իր գլխին,
Վարդավառ է, Վարդավառ …
Տատիկներն ու պապիկները, հայրիկներն ու մայրիկները, օրիորդներն ու պատանիները, աղջիկներն ու տղաները ձայնակցում են Նահապետ պապին, դույլերով ջուր լցնում Նուրիի գլխին, ջուր շփում իրար վրա, երեխաների վրա, տների վրա, ծառերի վրա, ավտոմեքենաների վրա…
Նրանց աչքերում պեծպեծում է հին-հին դարերում վառված մեհյանի կրակը… Ծարավից երբ տոչորվել է հողը, Նուրիին գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, շենից շեն են տարել, դույլերով ջուր լցրել գլխին… Այդ օրը երկինքն ամպել է: Հորդառատ անձրևը խնդուն շփոցով հագեցրել է դաշտերի, անտառների, մարգագետինների ծարավը…

Թրջված զգեստը քանդակել է օրիորդի նրբակերտ մարմինն այնպես, ինչպես աստվածուհի էին քանդակում հայոց Նեմրութ սարի փեշին ապրող քանդակագործները: Օրիորդի վրա կարմիր դույլով ջուր է շփում կապուտաչյա մի պատանի: Օրիորդը ճայի պես ճչում է, թափահարում ճերմակ թևերն ու իր դույլի սառը ջուրը շփում է պատանու դեմքին, որ բորբոքի աչքերի բոցը…
– Խելագարվո՜ւմ եմ, խելագարվո՜ւմ եմ, խելագարվո՜ւմ եմ, էլի-էլի ջո՛ւր, ջո՛ւր, ջո՛ւր լցրու վրաս,- շշնջում է պատանին:
– Վառվո՜ւմ եմ, վառվո՜ւմ եմ, վառվո՜ւմ եմ, վառվո՜ւմ եմ,- ճչում է օրիորդը,- ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր, շփի՛ր, շփի՛ր, շփի՛ր, ջո՛ւր շփիր վրաս…
Նրանք փախչում են իրարից հեռու, որ չխելագարվեն…
Բակի ստվերոտ անկյունում` ծեր թթենու կանաչ ստվերի տակ, պիրկ մկաններով տղան ծանրաձողին ավելացնում է թուջե ծանրոցներն ու բարձրացնում-իջեցնում է, բարձրացնում-իջեցնում է, բարձրացնում-իջեցնում է…
Հաղթանակի պատվանդանին կանգնելու համար պետք է հաղթել թուջե ծանրոցներին, պետք է բարձրացնե՜լ, բարձրացնե՜լ, բարձրացնե՜լ, գլխից վեր պահել ու նրան պարտված տապալել գետնին…
– Դե՛, դե՛, դե՜, մի՛ ծուլացիր, մի՛ հոգնիր: Բարձրացրո՛ւ, բարձրացրո՛ւ, դու կարող ես, դու պիտի հաղթես… Դու պիտի գլխիցդ վեր բարձրացնես ծանրաձողը…
Օրիորդի աչքերը այրեցին ծանրաձող բարձրացնող տղայի դեմքը: Նրանք նայեցին իրար… Նրանք բառեր էին փնտրում` իրար ինչ-որ գաղտնիք ասելու, բայց չէին գտնում… Այո՛, այո՜, դժվար է մի հատիկ բառ գտնելը` ամենաճիշտ բառը գտնելը շատ դժվար է… Ամփոփ, լի, հզոր բառ գտնելը…
Ծանրաձող բարձրացնող տղան ծանրաձողը դրեց գետնին, մի պահ շունչ քաշեց, մոտեցավ վարդատունկին, կաս-կարմիր մի վարդ քաղեց, նվիրեց օրիորդին: Օրիորդի սիրտը անսովոր դողով լցվեց: Շունչը տեղը բերեց: Վարդն ամրացրեց մազափնջին: Վազեց տուն: Հանեց թաց շրջազգեստը: Ելավ պատշգամբ, որ ջրի ծաղիկները…
Ոտքից գլուխ թրջված երեխաների ու մեծահասակների թափորը, իրար վրա ջուր շփելով, անցնում էր պատշգամբի տակով: Օրիորդը ցնցուղով ջուր շաղ տվեց թափորի վրա: Թափորը երգելով հեռացավ… Ձայները մարեցին: Լռության մեջ բակով մեկ թևածեց ջութակի մեղեդին: Օրիորդը գտավ դիմացի շենքի բաց պատուհանը: Այդ պատուհանից հաճախ է հնչում ջութակի երգը: Ջութակահարին օրիորդը ճանաչում է: Կրակ աչքերով, խոհուն հայացքով, բարի-բարի ժպիտով տղա է: Փողոցում դեմ դիմաց հանդիպում են, և ամեն հանդիպման ջութակահարը կարևոր ինչ-որ բան է ուզում ասել իրեն, բայց բառեր չի գտնում… Ու հիմա նա նվագում է: Նվագում է ոչ թե իր, այլ օրիորդի համար: Ուզում է, որ օրիորդը լսի ջութակից հորդացող մեղեդին ու հասկանա, թե ինքը ի՛նչ է ուզում ասել իրեն…
Սենյակի պատերին, որտեղից հնչում է ջութակի մեղեդին, հանճարների նկարներ են փակցված` Կոմիտաս, Բեթհովեն, Մոցարտ, Գրիգ, Պագանինի…
Արամ Խաչատրյանի դիմաքանդակը դրված է գրքերի պահարանի վրա: Արամ Խաչատրյանը հավատ է ներշնչում ջութակահարին, ապագա հաղթանակների դռներ բացում նրա առաջ…
Ջութակահարի մատները կարոտ, երազանք, սեր են շաղ տալիս լարերի վրա, ու այդ կարոտը, երազանքը պատմում են սիրուց ծնված տառապանքի երանության մասին:
Ո՛չ, ո՛չ, ո՜չ, սերը տառապանք չէ: Սերը պարգև է, աստվածային բարությամբ ու զորությամբ պետք է օծել այն…
Ջութակահարն ու ջութակը ձուլվել են իրար, դարձել մի շունչ, մի մարմին: Բակը, փողոցը, աշխարհը բարությամբ լցրել…
Ծեր թթենու ստվերում ծանրաձող բարձրացնող տղան գրամ-գրամ ավելացնում է ծանրությունները…
Ես մարզիկ եմ, ես կկանգնեմ պատվանդանի ամենաբարձր հարթակին: Ես ծնվել եմ հաղթելու համար… Բարձրացրո՛ւ, բարձրացրո՜ւ, մի պահ գլխից վեր պահի՛ր թուջե ծանրությունը, որ թևերդ, ոտքերդ, մեջքդ ուժով լցվեն, ու դու հասնես քո երազանքին…
Մարդը երանություն է ապրում, երբ հաղթում է ինքն իրեն, ու իրականանում են երազանքները…
Երազ օրիորդը` կարմիր վարդը մազափնջին, կարմիր շրջազգեստ հագին, ջրում է խաղողի վազը, որ փաթաթվել էր իր տան պատշգամբին: Չէր զգա նա խախողի վազի ծարավը, եթե չհնչեր ջութակի երգը, որ օրիորդի սիրտը բարությամբ, քնքշությամբ ու երազանքով լցրեց…
Ջութակահարը աստվածային մեղեդի էր հայտնագործել, որը հազարաձայն արձագանքով սփռվում էր արևաշող քաղաքի վրա…
Ջութակահարը նոտաների տետրի վրա գեղեցիկ տառերով գրում է. ««ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ»: Նվիրում եմ կարմիր հագած օրիորդին…»:
– Շունչս ինչո՞ւ է կտրվում, ինչո՞ւ է սիրտս անհանգիստ զարկում… Ի՜նչ գեղեցիկ են աշխարհն ու կյանքը… Անհասկանալի, անըմբռնելի է ամեն-ամեն բան… Թող հավերժորեն հնչի ջութակի մեղեդին,- մրմնջում է օրիորդը` աչքերը դիմացի շենքի պատուհանին հառած:
Դիմացի շենքի պատշգամբում հայտնվում է ջութակահարը:
Նրանք գտնում են իրար… Երանությո՜ւն է, երջանկություն… Աչքը աչքի բոցին է դիպչում:
– Քեզ համար եմ ստեղծել այս մեղեդին,- ասում է ջութակահարը:
– Ես երջանիկ եմ,- շշնջում է օրիորդը,- երջանիկ եմ, որ լսում եմ քո մեղեդին…
– Բոլորը, բոլորը թող իմանան, որ դու այս հին աշխարհի ամենա-ամենագեղեցիկ աղջիկն ես:
– Երբ դու նվագում ես, աշխարհն ավելի է գեղեցկանում…
– Ես բախտավոր եմ,- ժպտաց ջութակահարը, ներս մտավ սենյակ, մի մեծ գլոբուս գրկած` նորից եկավ պատշգամբ, պտտեցրեց գլոբուսն ու ասաց,- ես աշխարհի չափ սիրում եմ քեզ…
Օրիորդը վազեց սենյակ, մի ակնթարթ հետո նորից ելավ պատշգամբ` ձեռքին մի գիրք: Գիրքը ցույց տվեց ջութակահարին ու ասաց.
– Ես աշխարհագրությունից հինգեր եմ ստանում…
Ջութակահարը կարծեց` օրիորդը հասկացավ իրեն:
– Ժամը հինգի՞ն… Հինգի՛ն, հինգի՛ն կսպասեմ քեզ… Թթենու մոտ…
– Հի՛նգ, հի՛նգ եմ ստանում… Աշխարհագրությունից հինգեր եմ ստանում…
– Կսպասեմ թթենու մոտ, ժամը հինգին,- ասաց ջութակահարը, գրկեց գլոբուսն ու ներս գնաց: Չէ՛, չէ՜, չի կարող, որ օրիորդն իրեն չհասկանա, չսիրի: Ջութակահարը նայեց Արամ Խաչատրյանի դիմաքանդակին: Արամ Խաչատրյանը ժպտաց…
– Դու կհաղթես, դու կհասնես քո երազանքին…
Արագածի քամին ծաղկաբույր խառնեց երևանյան տապին: Ամպերի կարմիր տոպրակները լցվեցին արևի շողերով, սուզվեցին շուրջկա սարերի ծոցերի մեջ…
Թրջված, տանջված Նուրին կուչ էր եկել թթենու տակ: Տատիկը, որ վարդի թերթեր էր շաղ տալիս, դատարկ սալակը շուռ-մուռ տալով, ծիծաղում է ինքն իրեն ու մրմնջում.
– Էս ո՞նց անցավ, ինչ շո՜ւտ անցավ… Երեկ էր, որ վազում էի իմ երազի սարերն ի վեր… Հավերժական կարուսել է կյանքը… Կարուսե՜լ, կարուսե՜լ… Գնա՜մ, գնա՜մ, մութ է, գնամ, գնա՜մ, ուշ է…
Ծեր թթենու տակ ծանրաձող բարձրացնող տղան ուժերի գերլարումով ու համբերությամբ շարունակում է բարձրացնել, իջեցնել ծանրաձողը… Ահա, ահա գետնից պոկեց ամենածանրը, բարձրացրեց, գլխից վեր պահեց: Հաղթեց, այո՛, նա հաղթեց ծանրաձողին…
Հաղթանակ տոնելու համար առաջինը պետք է հաղթեմ ինքս ինձ… Դե՛, դե՛, մի՛ ծուլացիր, բարձրացրո՛ւ, բարձրացրո՛ւ… Դու ուժեղ ես, դու կարող ես: Ուժեղին սիրում են, հարգում…
Օրիորդը սպասում է: Ժամադրվել են:
Ջութակահարը, ճերմակ թրաշուշանների փունջը գրկած, մոտեցավ օրիորդին:
– Բարև՜:
– Բարև՛:
– Դո՞ւ… Ե՜ս… Մե՜նք… Հասկանում ես… Ես սիրում եմ… Ես քեզ համար եմ հորինել…
– Երբ դու նվագում ես, ես ինձ մոռանում եմ… Ուզում եմ ծափ տալ, ճչալ, պարել… Դո՞ւ ես հորինում…
– Ես… Ահա «ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ»… Ահա նոտաները… Գրված է. «Նվիրում եմ…»,- ջութակահարը խոնարհեց աչքերը:- Չքնաղ մի աղջիկ է ապրում մեր տան դիմաց: Նրա համար Վանա ծովում մի կղզյակ եմ ստեղծել, վարդատունկեր, շուշաններ եմ աճեցրել… Սպասում եմ. կգա իմ երազի աղջիկը, կգա, ու ես նրա համար կնվագեմ իմ հորինած մեղեդին…
– Հեքիա՞թ է,- հարցրեց օրիորդը:
– Չէ՛: «ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ» իմ մեղեդին է, իմ ջութակի երգը… Այս թրաշուշանները քեզ համար եմ…
– Չէ՛, չէ՜, չեմ կարող վերցնել… Պաղպաղակ ուտելու եմ գնում…
– Մենա՞կ:
– Ծանոթացի՛ր:
Ծանրաձող բարձրացնող տղան ժպտաց ու կանգնեց ջութակահարի դիմաց:
– Ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար,- ասաց պիրկ մկաններով ծանրաձող բարձրացնող տղան ու համբուրեց օրիորդի այտը:
– Ցե՛, մաե՛ստրո… Վաղը կնվագե՞ս «ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ»: Երբ դու նվագում ես, ես ինձ երջանիկ եմ զգում… Ցե՜, մաե՛ստրո…,- ասաց օրիորդը, թևանցուկ արեց ծանրաձող բարձրացնողին: Նրանք ձուլվեցին երևանյան ծաղկաբույր երեկոյին:
Ջութակահարը երկար կանգնած մնաց թթենու տակ: Մոռացել էր տան ճանապարհը: Վարդի թերթեր շաղ տվող տատիկն անցավ նրա կողքով. կանգնեց, նայեց:
– Ի՞նչ շուտ անցավ, էս ո՞նց անցավ,- մրմնջաց նա:
– Տատի՜կ, տատի՜կ,- կանչեց ջութակահարը:
Տատիկը կանգնեց:
– Թրաշուշանները շատ գեղեցիկ են, տատի՛կ… Նրանց ծաղիկները բացվելով վեր են բարձրանում: Նրանց ծաղիկները ուշ են թառամում… Շնորհավո՛ր Վարդավառը, տատի՛կ…
– Շնորհակալ եմ, շա՜տ շնորհակալ… Աստված մեկդ թող հազա՛ր անի…
Տատիկը ժպտաց: Վաղուց, շատ վաղուց ոչ ոք նրան ծաղիկներ չէր նվիրել: Նա քնքշորեն գրկեց թրաշուշանների փունջը…
Երկնագմբեթի աստղերը ժպտացին: Ժպտացող աստղերից մեկի ցոլքը ցոլաց ջութակահարի աչքերի մեջ…
Չէ՛, չէ՜, վհատվել պետք չէ. ատելությամբ չպետք է լցվել մազափնջին կարմիր վարդ ամրացրած օրիորդի, ծանրաձող բարձրացնող տղայի հանդեպ… Կա՛, իհարկե, աշխարհում ապրում է այն մեկը, այն միակը, որ երազում է անվերջ լսել «ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ»: Պետք է գտնել այդ միակին, այդ սքանչելիին…
Ջութակահարը բարձրանում, բարձրանում էր տան աստիճաններով, ու աստիճանները չէին վերջանում: Ներս մտավ: Լույսը վառեց: Հանճարները նայեցին նրան ու ժպտացին: Նոտաների տետրը դրեց Արամ Խաչատրյանի դիմաքանդակի դիմաց: Վերցրեց ջութակը, ելավ պատշգամբ, ու հնչեց «ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՐԳԸ»:
Ծեր թթենու տակ թրջված, գզգզված Նուրին ձեռքերը վեր-վեր բարձրացրեց ու սկսեց պարել: Վազելով բակ մտավ մազափնջին կարմիր վարդ ամրացրած օրիորդը: Նա մոտեցավ Նուրիին, գրկեց նրան: Նրանք սկսեցին միասին պարել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։