ԷԼԻՖ ՇԱՖԱԿԸ ծնվել է 1971 թ. Ստրասբուրգում: Թուրքիայի դափնեկիր կին գրողներից է: Հրատարակել է ստեղծագործություններ թուրքերեն և անգլերեն:
Է. Շաֆակը ծնողների ամուսնալուծությունից հետո մոր հետ մնացել է Ֆրանսիայում: Պատանեկան տարիներն անցկացրել է Մադրիդում և Օմանում: Ավարտել է Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում: Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում, ապա վերադարձել է Ստամբուլ` որն իր համար եղել է սիրո և ներշնչանքի աղբյուր: Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1994 թ. («Չար աչքի դեմ` Անատոլիա»): Նրա «Փինհան» (Սուֆի) նովելը 1998 թ. Թուրքիայում արժանացել է «Մևլանա» մրցանակի` որպես լավագույն միստիկ ստեղծագործություն:
Է. Շաֆակը հայտնի դարձավ «Մահրեմ» («Սրբություն») նովելի շնորհիվ. 2000 թ. նա արժանացավ «Թուրք գրողների միության» մրցանակին:
Է. Շաֆակի «Հայրն ու բիճը» վեպը 2006 թ. նրան կանգնեցրեց դատարանի առաջ, 301 հոդվածի համաձայն՝ թրքությանը վիրավորելու համար:
Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն:
– Ո՞նց թե դեռ քնած է,- հարցրեց Ասյան` կզակով ցույց տալով ննջասենյակը:
Երբ օդանավակայանից վերադարձան, տեսավ, թե ինչպես են մորաքույրերը իր անկողնու կողքին ևս մեկը դրել, նյարդայնացավ հասկանալով, որ այս կտուրի տակ միակ վայրը, որտեղ կարող էր մենակ մնալ, «աղջիկների սենյակի» են վերածել: Երկուսին մի սենյակում էին տեղավորել կամ, որ իրեն ավելի լավ տանջեն, որ իր սենյակից լավ տեսարան է բացվում և ուզում են հյուրի վրա ավելի լավ տպավորություն թողնել, կամ էլ ԱԸՄՀ Ծ-ի` Ազգամիջյան ընկերությունն ու մշակութային հանդուրժողականությունը խրախուսող ծրագրի շրջանակներում նպատակահարմար են գտել երկու աղջիկների հանդիպման պահը: Չնայած նրան, որ Ասյան օտարի հետ իր սենյակը կիսելու նվազագույն ցանկություն անգամ չուներ, հյուրի մոտ չէր կարող ընդդիմանալ դրան և ատամները սեղմելով` համաձայնեց այս ճամբարին: Բայց համբերությունը սպառվում էր: Բավական չէ այն, որ ամերիկացի աղջկան տեղավորել են իր ննջասենյակում, Քազանջը ընտանիքի կանայք էլ, երևում է, պատրաստվում էին ճաշել մինչև պատվավոր հյուրի գալը: Քսան րոպեում արթնացրին իրար, տաքացրին ոսպով ապուրն ու մսով ճաշը, կաթսաները խոհանոցից ճաշասենյակ բերեցին, իսկ Հինգերորդ Սուլթանը այդ ընթացքում պահանջկոտ մլավոցներով հետևում էր բույրին: Անշարժ նստել էին աթոռներին, հեռուստացույց էին դիտում և փսփսոցով էին խոսում: Այդ ընթացքում, բացի Հինգերորդ Սուլթանից, բոլորն իրենց կերակուրները քիչ-քիչ կերան և այլևս բան չմնաց:
– Գուցե արթնացել է, ամաչում է, դրա համար էլ անկողնուց վեր չի կենում: Գնամ նայեմ, հա՞,- հարցրեց Ասյան:
– Տե՛ղդ նստիր, փոքրիկ օրիորդ: Թող աղջիկը քնի, – Զելիհա մորաքույրը բարձրացրեց հոնքը:
Մի աչքով էկրանին, մյուսով իրադարձություններին հետևող Ֆերիդե մորաքույրն էլ նրան միացավ.
– Քնի կարիք ունի: Ժամային գոտիների մասին լսե՞լ ես: Խեղճ աղջկա քնի ռիթմը խախտվել է: Օվկիանոսային հոսանքների վրայով է անցել:
Սրան ասում են պարադոքս: Երբ հյուրի մասին է խոսքը` վայ թող քնի, իսկ երբ իմ մասին է, նույնիսկ մի կիրակի առավոտ ուզածիս պես չեմ կարողանում անկողնում մնալ,- ասաց Ասյան, բայց ոչ ոք չընդդիմացավ, քանի որ ոչ ոք նրա հետ բանավիճելու նպատակ չուներ:
– Շշշշշ, սո՛ւս, սո՛ւս, սկսվեց, – ոգևորությամբ ասաց Ֆերիդե մորաքույրը:
Սպասված հաղորդման` «Աշակերտի» պատվին հեռուստացույցի ձայնը բարձրացրեց: Մասնակիցները Դոնալդ Տրամպի` Բոազիչիի կամրջի հրաշալի տեսարան ունեցող ընդարձակ գրասենյակի փայլուն, ատլասի վարագույրների հետևից հուզված լռությամբ նայում էին զառիթափին: Ղեկավարը հրամանին պատրաստ երկու հավաքականին վերևից զննող, հպանցիկ հայացքով նայելուց հետո պատմեց նրանց սպասող առաջադրանքների մասին: Հավաքականներից մեկը պետք է հանքային ջրի շիշ գտներ, նրանից ևս իննսունինը հատ պատրաստելու ուղիներ փնտրեր, հետո քաղաքի ամենաշքեղ շըրջաններից մեկում հնարավորինս արագ ու թանկ վաճառեր:
– Վայ, ինչ դժվար է, ինչ դժվար է: Ես սա առաջադրանք չէի կոչի, – բացականչեց Ասյան բարձր ձայնով: – Ավելի հեշտ կլիներ, եթե մասնակիցներին ուղարկեին Ստամբուլի ամենակրոնական, ամենապահպանողական թաղամասը, նույն շշերի մեջ կարմիր գինի լցնելով` վաճառել տային, այն ժամանակ տեսնեինք ինչ կլիներ:
– Մեղա Աստված, – ասաց Բանու մորաքույրը ու հոգոց հանեց. նա անհանգստանում էր, որ զարմուհին կրոնի և հավատի մասին կատակներ էր անում: Չնայած շատ լավ տեսնում էր, թե Ասյան այդ տեսանկյունից ում է նման: Եթե աթեիզմն էլ կրծքի քաղցկեղի կամ շաքարախտի նման գենետիկորեն մորից աղջկան անցնող մի բան է, ուրեմն բուժել հնարավոր չէ: Այդ պատճառով նա նորից հոգոց հանեց:
Մորաքրոջը վշտացնելու վրա ուշադրություն չդարձնելով` Ասյան թոթվեց ուսերը.
– Իսկ ինչի չէ՞ որ: Այս ամերիկյան ոչ ինքնատիպ նմանակումից շատ ավելի անկեղծ ու ստեղծագործական կլիներ: Պետք է արևմուտքից վերցրած տեխնիկական նյութը խառնեն տեղական մշակույթի առանձնահատկություններին, չէ՞: Թե չէ միայն նմանակումից մեզ ի՞նչ է մնում: Դրա համար էլ, օրինակ, կարող են մասնակիցներից պահանջել, որ մուսուլմանական թաղամասում խոզի միս վաճառեն: Խնդրեմ, այ դրան դժվարություն կասեմ: Այդ ժամանակ տեսնենք վաճառքի ստրատեգիան:
Ոչ ոք դա քննարկելու ժամանակ չունեցավ, որովհետև ննջասենյակի դուռը աղմուկով բացվեց, և մի քիչ ամաչկոտ, մի քիչ ապշած տեսքով դուրս եկավ Արմանուշ Չաքմաքչյանը: Հագել էր բաց գույնի բամբակյա տաբատ և մարմնի ուրվագծերը թաքցնելու չափ լայն ու երկար վերնաշապիկ: Երբ Թուրքիա էր գալիս, իրերը հավաքելիս երկար մտածում էր, թե ինչ հագուստ վերցնի և պահպանողական վայրում աչքի չընկնելու համար ամենակոկիկ շորերն էր ընտրել: Այդ պատճառով էլ Ստամբուլի օդանավակայանում Զելիհա մորաքրոջ` մարմնավաճառի շրջազգեստ հիշեցնող կարճ կիսաշրջազգեստը և մարմնավաճառի կոշիկներ հիշեցնող բարձրակրունկ կոշիկները տեսնելուց Արմանուշը թեթև շոկի մեջ էր: Բայց ավելի սարսափելին գըլխաշորով ու երկար զգեստներով անչափ հավատացյալ և օրը հինգ անգամ նամազ անող Բանու մորաքրոջ հետ ծանոթանալն էր: Արմանուշի համար ճնշող առեղծված էր, որ չնայած արտաքինի և բնավորությունների կտրուկ տարբերությանը` միևնույն հարկի տակ ապրող այս երկու կանայք քույրեր են:
– Welcome, welcome,- ուրախությամբ բղավեց Բանու մորաքույրը, բայց քանի որ նրա անգլերենը սպառվեց, այդպես կանգնած մնաց` լեզվի ծայրին այն ամենը, ինչ ուզում էր հարցնել:
Հինգերորդ Սուլթանը, որ ուզում էր ճանաչել օտարի հոտը, Արմանուշի շուրջը մի շրջան գծեց ու երբ հողաթափերից հոտ առավ, որոշեց, որ այլևս ոչ մի հետաքրքիր բան չկա:
– Ներեցե՛ք, չեմ հասկանում ոնց եմ այսքան քնել, – կակազեց Արմանուշը դանդաղ անգլերենով: Շատ ամերիկացիների նման նա էլ օտարների մոտ խոսելիս ձայնը բարձրացնում էր, կարծես անգլերեն լավ չիմանալը խլության նշան է:
– Իհարկե, աղջի՛կս, մարմինդ քնելու կարիք էր զգում: Երկար ճանապարհորդություն էր,- ասաց Զելիհա մորաքույրը: Չնայած ներդաշնակ, բայց վատ առոգանությանը, և նրան, որ շեշտերը սխալ էր դնում, անգլերեն խոսելիս բավական հանգիստ տեսք ուներ:- Քաղցած չե՞ս: Հույս ունեմ կսիրես թուրքական ճաշատեսակները:
Բանու մորաքույրը, որ բոլոր լեզուներով «ճաշատեսակ» բառը գիտեր, կրկին տաքացող ոսպով ապուրը բերելու համար վազեց խոհանոց: Հինգերորդ Սուլթանը, ցատկելով բարձի վրայից, պահանջկոտ մլավոցներով նրա հետևից խոհանոց վազեց:
Արմանուշը, նստելով իր համար առանձնացված աթոռին, զննեց սենյակը: Արագ նայեց շուրջը` կանգ առնելով որոշ իրերի վրա. վարդենուց պատրաստված` ապակե դռներով պահարան, որի մեջ սուրճի գավաթներ, թեյի բաժակներ, տարբեր հնություններ, պատին կպած հին դաշնամուր, հատակին` արժեքավոր գորգ, եռոտանիների, թավշյա բազկաթոռների, հատկապես հեռուստացույցի վրա աչքի ընկնող ասեղնագործ ծածկոցներ, պատշգամբի դռան կողքին` զարդարված վանդակի մեջ ծլվլացող դեղձանիկ, պատերի նկարները` անիրական թվացող դաշտավայրի կատարյալ տեսարան, օրացույց, որի ամեն էջին Թուրքիայի մշակույթի և բնության տարբեր նկարներ են, աչքուլունքներ, բույսեր և չթե գլխարկն անտեսանելի բազմությանը թափահարող, սմոքինգ հագած Աթաթուրքի նկարը` պատին: Ամբողջ սենյակը լի էր իրերով և հուշանվերներով. պայծառ գույներ` մուգ կարմիր, ծովի կանաչ, փիրուզագույն: Արմանուշին ներսը փայլուն թվաց, կարծես սպասում էր, որ ուր որ է այս լամպերից դուրս ինչ-որ տեղից, գուցե գետնի տակից մի առեղծվածային լույս է ցայտելու:
Հետո Արմանուշն աճող հետաքրքրությամբ նայեց ուտելիքներին:
– Ինչ հրաշալի սեղան է, – ասաց նա` ծիծաղելով: – Իմ ամենասիրած ուտելիքներն են: Հումուս, պապականուշ, սարմա … աաա, չյուրեք էլ եք պատրաստել:
– Աաաա, do you speak Turkish?, – զարմանքով նայեց Բանու մորաքույրը, երբ գոլորշի արձակող կաթսան ձեռքին մտնում էր ներս, իսկ հետևից վազում էր Հինգերորդ Սուլթանը:
Արմանուշը տխրեց նրա հույսերը չարդարացնելու համար և կես կատակ կես լուրջ թափահարեց գլուխը.
– Ո՛չ: Ցավոք սրտի, թուրքերեն` ոչ, բայց կարծում եմ, որ թուրքական խոհանոցի լեզվով կարողանում եմ խոսել:
Բանու մորաքույրը, որ վերջին խոսքը չհասկացավ, հուսահատ շրջվեց Ասյայի կողմը, բայց վերջինս կարծես թարգմանելու մտադրություն չուներ. նա ամբողջությամբ կենտրոնացել էր թուրքական ոճով Դոնալդ Տրամպի` թիմերին տրված առաջադրանքների քննադատության վրա: Այս անգամ մասնակիցներից պահանջել էին զբաղվել տեքստիլ արտադրությամբ և նորից կարել Ֆեներբահչեի դեղին, կապույտ համազգեստը: Մրցույթում հաղթելու էր այն թիմը, որի կարածը ամենաշատ ձայնը կստանար: Ասյան այս հանձնարարության համար էլ էր այլընտրանք մտածել, բայց այս անգամ իր գաղափարը չբարձրաձայնեց: Արդեն չէր ուզում խոսել: Ճիշտն ասած, ամերիկուհին սպասվածից ավելի գեղեցիկ էր. լավ է էլի, նորից հուսախաբ եղավ: Նա կարծել էր` աղջիկը, ում դիմավորելու են օդանավակայանում, հիմար շիկահեր է լինելու. հույս ուներ, որ այդպես է: Սակայն այս աղջիկը նման տեսք չուներ: Շատ հավասարակշռված էր երևում…
Առանց պատճառն իմանալու, Ասյան ուզում էր վիճել հյուրի հետ, բայց նույնիսկ նման ցանկություն ունենալու դեպքում այն իրականացնելու ուժ չուներ: Այնուամենայնիվ, նա վճռական էր: Այս թուլամորթ «Թուրքական հյուրասիրության» ցուցադրությունից հնարավորինս հեռու էր մնալու:
– Պատմի՛ր տեսնենք, Ամերիկան ինչպիսի՞ն է, – ասաց Ֆերիդե մորաքույրը ամերիկուհու սանրվածքը ուսումնասիրելուց և այն շատ պարզ համարելուց հետո:
Չնայած նրան, որ Ասյան որոշել էր հեռու մնալ, հարցի հիմարությունը բավական էր, որ համբերությունը կորցնի: Ծաղրական ժպիտով նայեց մորաքրոջը: Բայց եթե նույնիսկ Արմանուշին այս հարցը ծիծաղելի թվար, նա ցույց չէր տա: Պարզ է, որ մորաքույրը դեռ չէր կորցրել հմտությունները. երեխաների հետ խոսելը նրա մասնագիտական ոլորտն էր:
– Ամերիկան գեղեցիկ է: Բայց իհարկե շատ մեծ երկիր է: Կախված նրանից, թե մարդը որտեղ է ապրում, կարելի է ասել, որ տարբեր Ամերիկաներ են լինում,- պատասխանեց Արմանուշը` աջ այտը հումուսի կտորից մի քիչ փքված:
– Հարցրո՛ւ` տեսնեմ Մուսթաֆան ինչպե՞ս է, – ասաց Գյուլսում տատիկը` անհասկանալի վերջին խոսքերին ուշադրություն չդարձնելով:
– Լավ է, շատ է աշխատում,- ասաց Արմանուշը` մյուս կողմից լսելով իր խոսքերը ներդաշնակ ձայնով թարգմանող Զելիհա մորաքրոջը: – Գեղեցիկ տուն ունեն, երկու շուն: Անապատն է ահավոր: Բայց Արիզոնայում եղանակը միշտ լավ է, արևոտ…
Ապուրից ու թփով տոլմայից մի քիչ ուտելով` Գյուլսում տատիկն ու Ֆերիդե մորաքույրը գնացին խոհանոց և վերադարձան երկու մեծ սկուտեղով: Լիքը ափսեները դրեցին սեղանի վրա:
– Փլավ,- ասաց Արմանուշը ծիծաղելով և կերակուրներն ուսումնասիրելու համար առաջ թեքվեց, – թուրշի և…
– Օօօօօ, – միասին ասացին մորաքույրերը` տպավորվելով հյուրի թուրքերենի իմացությունից:
Արմանուշը հանկարծ տեսավ սեղանին դրվող վերջին կերակուրը.
– Երանի տատիկս տեսներ, հիանալի է, կաբուրգա…
– Օօօօօ,- արձագանքեց խումբը: Անգամ Ասյան հետաքրքրվեց:
– Ամերիկայում շա՞տ են թուրքական ռեստորանները, – ասաց Ջևրիյե մորաքույրը:
– Իրականում ես գիտեմ, որ այս կերակուրները հայկական խոհանոցի մի մասն են ,- դժվարությամբ ասաց Արմանուշը:
Նա ծրագրել էր սկզբում այս ընտանիքին ներկայանալ որպես Մուսթաֆայի խորթ աղջիկ, որպես Սան Ֆրանցիսկոյից եկած ամերիկուհի, իսկ իր ինքնության մնացածը կամաց-կամաց կբացահայտեր: Իր հայ լինելը հայտնելու էր միայն փոխադարձ վըստահության հաստատումից հետո: Բայց հենց այդ պահից պլանները խախտվեցին, ու չնայած դրան` վերջին պահը շատ հանգիստ էր ընթանում:
Էմին, որ լարված էր, բայց միևնույն ժամանակ` վստահ, մեջքն ուղղեց և սեղանի մի ծայրից մյուսը նայեց, որ տեսնի, թե բոլորն ինչպես են արձագանքելու: Նրանց դեմքերի դատարկ արտահայտությունը ստիպեց ավելի շատ բան հայտնելու:
– Դե, ես հայ եմ… այսինքն` ամերիկահայ եմ:
Բառերն այս անգամ չթարգմանվեցին: Դրա կարիքը չկար: Չորս քույրերը միաժամանակ ժպտացին. բայց ամեն մեկը` յուրովի. առաջինը` բարեկիրթ, երկրորդը` մտահոգ, երրորդը` հետաքրքրությամբ, չորրորդը` ընկերաբար: Բայց ամենաշատ աչքի ընկնողն Ասյայի արձագանքն էր: «Աշակերտ» հաղորդումը թողնելով` առաջին անգամ իրական հետաքրքրությամբ հյուրին էր նայում: Ինչ-որ առանձնահատկություն կար այս աղջկա մեջ: Նրա այստեղ գալու պատճառը «Իսլամը և կինը» թեմայով աշխատությունը չէր կարող լինել:
– Ուրեմն այդպես, – առաջին անգամ բերանը բացեց Ասյան և արմունկները սեղանին հենելով` առաջ թեքվեց: – Ասա տեսնեմ, ճի՞շտ է, որ “System of a Down”–ը մեզ ատում է:
Արմանուշը, չհասկանալով դրա մասին խոսելու պատճառը, բավարարվեց աչքերը ճպճպացնելով: Իր շուրջը նայելուց հետո նկատեց, որ միայն ինքը չի զարմացել. մորաքույրերն էլ, երևում է, ոչինչ չէին հասկացել:
– Ես շատ սիրելի ռոք խումբ ունեմ: Երաժիշտներն էլ հայ են: Դե, լեգենդներ են պտտվում, որ նրանք ատում են թուրքերին, չեն ուզում` որևէ թուրք իրենց երաժշտությունը լսի, ես էլ հետաքրքրվեցի,- չուզելով ասաց Ասյան ու այս խմբի մասին այսքան անտեղի տեղեկություններ տալուց դժգոհ` ուսերը թոթվեց:
– Ես այդ խմբին շատ լավ ծանոթ չեմ,- ասաց Արմանուշը` շրթունքները սեղմելով: Տարօրինակ է, բայց այդ պահին հանկարծ զգաց իր օտարությունը: Ի՞նչ էր փնտրում այս անծանոթ վայրում, այս անծանոթ մարդկանց մեջ: Ինքն իրեն այստեղ հանկարծ նուրբ ու փխրուն զգաց: – Ընտանիքս Ստամբուլից է, այսինքն` տատիկս… Պատմությունն ավելի լավ հասկացնելու համար մատնացույց արեց մեծ տատիկին` մեծահասակ մարդու օրինակ բերելու համար:
– Հարցրու տեսնենք ազգանունն ի՞նչ է,- Ասյային հրելով` ասաց Գյուլսում տատիկը` կարծես Ստամբուլում ապրած բոլոր ընտանիքների գրանցումների գաղտնի արխիվի բանալին իր ձեռքին էր:
– Չաքմաքչյան,- ասաց Արմանուշը, երբ իր համար թարգմանեցին հարցը: – Եթե ուզում եք, կարող եք ինձ Էմի ասել, բայց իսկական անունս Արմանուշ Չաքմաքչյան է:
Զելիհա մորաքրոջ դեմքը լուսավորվեց, երբ անունը նրան ծանոթ թվաց.
– Այս լեզվաբանական կանոնը ինձ միշտ հետաքրքիր է թվացել: Մենք՝ թուրքերս, մասնագիտություն հնարելու համար ամեն բառին –ջը, -ջի ածանցն ենք կցում: Օրինակ մեր ազգանունը` Քազան-ջը:
Մտքում արթնացավ սուր, ցավոտ մի հուշ: Անցյալում ինչ-որ տեղ թաքնված հուշ. փողոցով անցնող մի քիրազջըըըը, ներսում` հիվանդանոցի մասմաքուր սենյակ, «քյուրտաժջըըը» ասող երիտասարդ կին: Անմիջապես մաքրեց մտքից այդ վատ հուշը: Դժվարությամբ սիրալիր ձայնով Արմանուշին ասաց.
– Ուրեմն հայերն էլ նույն բանն են անում: Չաքմաք… Չաքմաքչը, Չաքմաքչը-յան:
– Դե ասեք մի ընդհանրություն էլ ունենք,- ծիծաղելով ասաց Արմանուշը:
Հանդիպման առաջին պահից որոշ բաներ հավանեց Զելիհա մորաքրոջ մեջ: Այդ աչքի ընկնող շարժունակությունն է՞ր գրավում Արմանուշին, կարճ շրջազգե՞ստը, չափից դուրս շատ շպարված արտաքինը, որ նրան տարբերում էր մյուսներից: Սովորության համաձայն` նրանց հայացքներում կար մարդուն նախ և առաջ հասկանալու, ամեն դեպքում չքննադատելու երաշխիքը:
– Իմ Շուշան տատը ծնվել է Ստամբուլում, – հանգիստ ասաց Արմանուշը` գրպանից մի թղթի կտոր հանելով:- Տան հասցեն մոտս է: Մի օր եթե ճանապարհը ցույց տայիք, կուզեի գնալ տեսնել:
Երբ Զելիհա մորաքույրը զննում էր թըղթին գրվածը, նկատեց, որ սեղանի մյուս կողմում Ասյան ու Ֆերիդեն ինչ-որ բանից անհանգստացած են: Կարծես մեկը, ով վտանգի մեջ է և չգիտի` ուր փախչի, պատշգամբի դռանը նայելով խուճապահար կանգ առավ:
Ասյան, առաջ գալով, բրնձի գոլորշու վրայից փսփսաց մորաքրոջը.
– Շշշշտ, ի՞նչ կա:
Ֆերիդե մորաքույրը ձայնը հնարավորինս իջեցնելով՝ փլավի վրայից շշնջաց.
– Լսել եմ, որ հայերը վերադառնում են` տարիներ առաջ իրենց փախած պապերի թաքցրած սնդուկները գտնելու:
Մոխրագույն-կանաչ աչքերից կայծեր թռան, և նա ձայնն ավելի բարձրացրեց.
– Ոսկու և թանկարժեք իրերի համար են վերադառնում: Խորը շունչ քաշեց ու հուզմունքով արձագանքեց ինքն իրեն.- Ոսկի և թանկարժեք իրեր:
Ասյան անտարբեր նայեց ամենախելառ մորաքրոջ դեմքին, որ այրվում էր հուզմունքից:
– Միայն չասես, որ քեզ բան չի ասել, այս աղջիկն այստեղ է եկել գանձերի սնդուկը գտնելու համար,- ավելացրեց Ֆերիդե մորաքույրը, իսկ աչքերը փայլեցին հորինված սնդուկի զմրուխտի ու սուտակի փայլով:
– Ոնց էլ իմացար,- չդիմացավ Ասյան: – Ես քեզ մեկ է պատմելու էի: Երբ այս աղջիկը ինքնաթիռից իջավ, մեկ էլ ինչ տեսնենք, ձեռքին ճամպրուկի փոխարեն պեղումների բահ է…
– Կատակի՛ր, հա,- ասաց Ֆերիդե մորաքույրը նեղանալով: Ձեռքերը խաչելով` հենվեց աթոռին:
Այդ ընթացքում Զելիհա մորաքույրը, որ Արմանուշի այցի մեջ ավելի մեծ պատճառ էր տեսնում, հարցրեց.
– Այսինքն՝ այստեղ ես եկել տատիկիդ տունը տեսնելու համար: Լավ, իսկ ինչո՞ւ է տատիկդ հեռացել այստեղից:
Արմանուշը և՛ գոհ էր, որ իրեն այդ հարցն էին տալիս, և՛ չէր ուզում պատասխանել: Արդյոք շատ շուտ չէ՞ր պատմելու համար: Մինչև որտե՞ղ պետք է պատմեր պատմությունը: Եթե ոչ հիմա, էլ ե՞րբ: Բացի այդ ինչո՞ւ կամ ինչի՞ն պետք է սպասեր: Մի կում թեյ խմեց: Անհանգիստ, բայց հոգնած ձայնով ասաց.
– Ստիպված էր գնալ:
Սակայն այդ ամենն ասելն ու տհաճությունից ցնցվելը մեկ եղավ: Այնուամենայնիվ, բերանը բացեց և հպարտությամբ ավելացրեց.
– Տատիկիս հայրը` Օհաննես Իստանբուլյանը շատ հայտնի գրող է եղել: Համայնքում մեծ հարգանք վայելող կարևոր մարդ է եղել:
– Ի՞նչ է ասում, ի՞նչ է ասում.- Ասյային հրելով հարցրեց Ֆերիդե մորաքույրը, ով միայն նախադասության սկիզբն էր լսել:
– Նրա ընտանիքը Ստամբուլի հայտնի ընտանիքներից է եղել,- ականջին շշնջաց Ասյան:
– Ասացի, չէ՞, պետք է որ ոսկե լիրաների համար եկած լինի:
Ասյան, աչքերը ոլորելով, հոգոց հանեց: Այս արարքը իր ուզածի պես ծաղրալի չէր կարող լինել, բայց նա դադարեց խոսել մորաքրոջ հետ և ուշադրությունը կրկին կենտրոնացրեց Արմանուշի պատմության վրա:
– Ինչպես ինձ են պատմել, մեծ պապս` Օհաննեսը, այս աշխարհում ամենաշատը կարդալ, գրել և խորհել էր սիրում: Տատիկս ասում է, որ ես նրան եմ նման: Ես էլ եմ գըրքեր շատ սիրում, – ավելացրեց Արմանուշը` ամաչկոտ ծիծաղելով:
Լսողներից մի քանիսը ժպտացին, իսկ երբ թարգմանությունն ավարտվեց, բոլորը ժպտացին:
– Բայց, ցավոք սրտի, նրա անունը ցուցակում է եղել, – ասաց Արմանուշը` գտնելով ճիշտ պահը:
– Ի՞նչ ցուցակ,- հարցրեց Ջևրիյե մորաքույրը:
– Մահվան դատապարտված հայ մտավորականների ցուցակը: Քաղաքական պարագլուխներ, բանաստեղծներ, գրողներ, լրագրողներ, հոգևորականներ… ընդհանուր` 234 մարդ:
– Lավ, իսկ ինչո՞ւ,- ասաց Բանու մորաքույրը, բայց Արմանուշը առայժմ գերադասեց խուսափել այս հարցից:
– 1915 թվականի ապրիլի 24-ի ուրբաթ երեկոյան Ստամբուլում հայերին ձերբակալելով՝ հոգ են տարել նրանց անվտանգության մասին: Բոլորն այդ օրը տոնական էին հագնվել, ասես ինչ-որ արարողության էին գնում: Ճեփ-ճերմակ օձիքներով էլեգանտ հագուստներ: Բոլորն էլ գրագետ մարդիկ: Որոշ ժամանակ առանց որևէ բացատրության, անվտանգության պատրվակով, նրանց ձերբակալեցին, ապա աքսորեցին կա՛մ Այաշ, կա՛մ Չանքըրը: Առաջին խմբի մարդիկ երկրորդից ավելի ահավոր պայմաններում են եղել: Այաշում ոչ ոք ողջ չի մնացել: Չանքըրը աքսորվածներն էլ սպանվել են: Պապիկս այս խմբում է եղել: Թուրք զինվորների հսկողության տակ գնացքով Ստամբուլից Չանքըրը են գնացել: Ստիպված են եղել ճանապարհի վերջին չորս-հինգ կիլոմետրը կայարանից մինչև քաղաք ոտքով քայլել: Մինչև այդ պահը նրանց հետ լավ են վարվել: Բայց երբ սկսել են կայարանից քայլել, բռնության են ենթարկվել: Նրանց ծեծել են փայտերով, կացնի պոչերով: Լեգենդար երաժիշտ Կոմիտասը տեսածների պատճառով խոլագարվել է: Երբ եկել են Չանքըրը, նրանց առջև մի պայման են դրել. քաղաքից դուրս գալն արգելված էր: Այնտեղ սենյակ վարձելով` սկսել են տեղի ժողովրդի հետ ապրել: Ամեն օր երկու-երեք զինվորներ նրանց քաղաքից դուրս քայլելու էին տանում, հետո զինվորնեը մենակ էին վերադառնում: Մի օր զինվորները պապիկիս էլ քայլելու տարան…
Դեռևս ժպտացող Բանու մորաքույրը, որպեսզի հասկանար, թե այս ամենն իր համար ով է թարգմանելու, մեկ աջ էր նայում, մեկ ձախ, նախ՝ քրոջը, ապա` զարմուհուն, բայց երկու թարգմանիչների դեմքին էլ միայն զարմանք տեսավ:
– Այնուամենայնիվ, տխուր պատմություն է: Ձեր ժամանակը չխլեմ այս մանրամասնություններով: Շուշան տատս երեք տարեկան է եղել, երբ հայրը մահացել է: Չորս երեխա են եղել, ամենափոքրը և միակ աղջիկը նա է: Ընտանիքն առանց հոր է մնացել, իսկ տատիկիս մայրը` այրի: Քանի որ երեխաների հետ Ստամբուլում ապրելը դժվար է եղել, նրանք տեղափոխվել են հոր տուն` Սվաս: Բայց հենց Սվաս են եկել, տեղահանությունը սկսվել է: Հրաման է արձակվել ընտանիքի ամբողջ ունեցվածքը թողնելու և հազարավոր մարդկանց հետ անհայտ վայրեր գնալու մասին:
Արմանուշը բոլոր լսողներին լավ զննելուց հետո որոշեց պատմությունը չշարունակել:
– Քայլել, քայլել են: Տատիկիս մայրը ճանապարհին մահացել է, շատ չանցած` մեծահասակներն էլ են սկսել մահանալ: Առանց հսկողության մնացած երեխաները խառնաշփոթի մեջ կորցրել են իրար: Բայց ամիսներով առանձին ապրելուց հետո տղա երեխաները հրաշքով Լիբանանում կաթոլիկ միսիոներների օգնությամբ հանդիպել են: Միայն Շուշան տատիկին չէին կարողանում գտնել: Ոչ ոք չգիտեր, թե նրան ինչ է պատահել: Ոչ ոք չէր լսել, որ նրան բերել են Ստամբուլ ու տեղավորել մի որբանոցում:
Ասյան տեսնում էր, որ մայրն ուղիղ իրեն է նայում: Գուցե Զելիհա մորաքրոջը հետաքրքրում էր, թե իր կամակոր աղջիկն այս պատմածներից ո՞րն է թարգմանելու Քազանջը կանանց համար:
– Տարիներ պահանջվեցին, որ Շուշան տատիս մեծ եղբայրը գտներ նրան: Վերջապես Երվանդ քեռին նրան գտավ և ուղարկեց Ամերիկա` բարեկամների մոտ,- հանգիստ ավելացրեց Արմանուշը:
Բանու մորաքույրը, որ նրա պատմածներին հետևում էր թարգմանության միջոցով, գլուխը կախելով սկսեց դեռևս չներկած եղունգներով ոսկրոտ մատներով համրել սաթե համրիչը, մյուս կողմից էլ մրթմրթում էր.
– Հասբունալլահու վենիմել վեքիլ, հասբունալլահու վենիմել վեքիլ…
– Բայց չեմ հասկանում,- իր կասկածներն առաջինն արտահայտեց Ֆերիդե մորաքույրը,- նրանց ի՞նչ պատահեց: Քայլելու պատճառո՞վ մահացան:
Երբ հարցը հնչեց, Արմանուշը մի պահ կանգ առավ: Նա զննում էր սեղանի մյուս ծայրին նստած մեծ տատիկին. նա` նուրբ դեմքին տասնյակ տարիների կնճիռներ, այնպիսի խղճահարությամբ էր նայում Արմանուշին, որ աղջկա մտքով երկու բան անցավ. կա՛մ պատմությունն ընդհանրապես չէր լսել, կա՛մ այնքան ուշադրությամբ էր լսել, որ իրեն սովորական էր թվացել: Այնուամենայնիվ այստեղ չէր, նրանց կողքին չէր:
– Ստիպված են եղել քայլել առանց ջրի, քաղցած, հոգնած: Նրանց մեջ հղի կանայք են եղել, ծերեր, գրկի երեխաներ… Նրանց անգամ թույլ չեն տվել կանգ առնել, շունչ քաշել: Կիլոմետրերով քայլել են: Մինչև Դեր Զորի անապատը: Ճանապարհին մարդիկ են եղել, որ հիվանդացել են, ինքնասպանություն են գործել…- Արմանուշի ձայնն իջավ: – Ոմանք քաղցից են մահացել: Ոմանք էլ սպանվել են:
Այս անգամ Ասյան առանց մի բառ բաց թողնելու թարգմանեց:
– Ո՞վ է արել այդ դաժանությունը,- ասաց Ջևրիյե մորաքույրը` կարծես իր առջև անկարգապահ առաջին դասարանցի է կանգնած:
– Բանու մորաքույրն էլ միացավ քրոջը, բայց նա ավելի շատ վշտացած էր, քան զայրացած: Սովորության համաձայն անհանգիստ ժամանակ գլխաշորի ծայրերն էր քաշքշում: Հետո, երբ միայն շարֆի ծայրերը քաշքշելը բավական չէր լինում, գործողությունը կրկնում էր: Սկսեց արտասանել Քուրսի այաթը:
– Ջևրիյե մորաքույրս հարցնում է, թե ո՞վ է արել, – ասաց Ասյան:
– Թուրքերն են արել, – ասաց Արմանուշը` առանց իր խոսքերի հետևանքների մասին մտածելու:
– Ամոթ է, մեղք է, դրանք մարդ չե՞ն,- ասաց Ֆերիդե մորաքույրը:
– Իհարկե ո՛չ, որոշ մարդիկ հրեշից չեն տարբերվում,- ասաց Ջևրիյե մորաքույրը: Քսան տարի պատմության ուսուցչուհի էր եղել, և նրա համար այնքան սովորական էր անցյալը ներկայից կոնկրետ սահմանազատելը, Օսմանյան կայսրությունը ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունից կտրուկ առանձնացնելը, որ այս ամբողջ պատմությունը լսում էր որպես մի այլ երկրում տեղի ունեցած խղճահարություն առաջացնող իրադարձություն: Նոր թուրքական պետությունը ստեղծվել է 1923 թվականին. այս իշխանության թվարկությունը դա է: Դրանից առաջ տեղի ունեցածը այլ շրջանի, այլ երկրի, կարճ ասած` ուրիշների խնդիրն է:
Արմանուշը շփոթվեց և մեկ առ մեկ նայեց բոլորին: Նրան հանգստացնում էր այն, որ Քազանջը կանայք իր պատմությունից չվախեցան և վատ չընդունեցին, բայց հիմա էլ վստահ չէր, որ իրեն լրիվ են հասկացել: Չնայած` ո՛չ հրաժարվել են հավատալուց, ո՛չ էլ հակաթեզեր են բերել: Ընդհակառակը, ուշադրությամբ լսեցին ու տխրեցին: Այնուամենայնիվ, դեռ չգիտեին ինչ ասել: Արմանուշը ձեռքը սրտին դրեց: Ինչի՞ն էր սպասում իր սիրտը:
Հետո կամաց-կամաց հասկացավ, որ չէր սպասում ներողության, բայց դա չէր նշանակում, որ նրանք մեղքն ընդունում էին: Թուրքերն են, որ այս ամենն արել են հայերի հանդեպ 1915 թվականին: Ինքը հայ է, նրանք էլ, եթե թուրք են, արդյոք չպե՞տք է ներողություն խնդրեն: Սակայն կարծես ոչ ոք չէր ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը` կիսում էին: Խնդիրն այն էր, որ իրենց և անցյալում մեղք գործածների միջև ոչ մի կապ չկար: Շատ տարներ անց, երբ Արմանուշը հիշի այս պահը, կհամոզվի, որ խնդիրը «ժամանակային հասկացության տարբերությունն» է: Ինքը՝ որպես հայ աղջիկ, հավատում էր, որ իր սերնդից առաջ ապրած սերունդների` պապերի հոգիներն իր մեջ են ապրում: Մինչդեռ շարքային թուրքի և իր ծագման միջև տևականության նման զգացում չկար: Հայերն ու թուրքերը հավանաբար ապրում են տարբեր ժամանակային գոտիներում: Հայերի համար ժամանակը մի շրջան է. անցյալի` ներկայում նորից ծնվելու, ներկայի` ապագա ծնելու մի շրջան: Հավանաբար թուրքերի համար ժամանակը շատ տեղերից բաժանված, կտրտված գծի է նման. անցյալը մի կոնկրետ կետում ավարտվում է, այժմ զրոյից է սկսվել: Թուրքերի անցյալի և ներկայի միջև մասնատվածությունից բացի այլ բան չկա:
– Բայց ոչինչ չկերար: Դե, զավա՛կս, մի քիչ կեր,- ասաց Բանու մորաքույրը: Վշտի դեմ նրա իմացած երկու հնարքներից մեկը ուտելիք հյուրասիրելն էր…
Թուրքերենից թարգմանեց
ԱՐՓԻ ԱԹԱԲԵԿՅԱՆԸ