Արթուր ՄԻԿՈՅԱՆ
Կյանքս դանդաղ սահում է բոլոր նյարդալարերիս վրայով, և կարծես թե ոչ մի վատ բան էլ չի կատարվում£ Երևակայությունը երբեմն փրկում է ձանձրույթի ճիրաններից և վերջերս դարձել է իմ միակ փրկօղակը£ Մտածում եմ՝ լավ կլիներ հենց թեկուզ հիմա քայլեի անկրկնելի Հռոմի փողոցներով և զմայլվեի այդ քաղաքի աննկարագրելի գեղեցկությամբ, սիրահարվեի ամեն ժամը մեկ և այդ ընթացքում ինձ զգայի աշխարհի ամենաերջանիկ մարդը£ Ինձ թվում է՝ այստեղ, այս քաղաքում եմ ծնվել և համարվում եմ Հռոմի մշտական քաղաքացի£ Բայց այդ ամենը բավական չէ. ես, իհարկե, շատ եմ սիրում Հռոմը, սակայն կուզենայի լինել միաժամանակ աշխարհի բոլոր քաղաքների պատվավոր հյուրն ու բնակիչը£ Ինձ մոտենում են իտալուհիները, խոսում են ինձ հետ, և ես նրանց հայերեն բառեր եմ ասում£ Նրանք չեն հասկանում ինձ, բայց նազանքով ժպտում ու հեռանում են£
Բայց այս ամենն իմը չէ, ես ավելի լավ է՝ նստեմ իմ հայրական տան զուգարանում, պատի ծեփից պոկեմ, մանրացնեմ այդ փշրանքն իմ ձեռքում, որպեսզի այն խթան դառնա իմ մտքերի ու հիշողությունների արթնացմանը£ Հիշողություններն իմ կյանքի մշտական ուղեկիցներն են£ Շուրջ 15 տարի առաջ հանրակացարանի իմ սենյակում պառկած իմ՝ բազմիցս Օսկարի ներկայացրած, բայց մրցանակ չշահած երազներն էի տեսնում£ Մի օր էլ հանկարծ երազների դիտման ձևաչափը խախտվեց, և ես տեսա Բարձրյալին£ Նա, ինչպես կար իմ պատկերացումներում, սպիտակ սավանով էր£ Տերը կանգնեց կողքիս, ձեռքս բռնեց և տարավ երկինք£ Երկնքում աշակերտական մի քանի նստարաններ կային դրված, իսկ ես՝ նստած, զարմանքից քարացած հիանում էի Բարձրյալով և այնքան կլանված նրանով, որ նույնիսկ չէի լսում, թե ինչ է ասում ինձ և ինձ հետ նստած երկնքի «ֆակուլտետի» ուսանողներին£ Բայց կարծես Նա զգում էր, որ ես ուզում եմ Իր հետ միայնակ մնալ£ Հանկարծ բոլորը չքվեցին, և մնացինք ես ու Բարձրյալը£ Նա գրկեց ինձ, և իմ մարմինը ջերմացավ Նրա լուսավորությամբ£ Ականջիս շշնջաց. «Դու ինչ մեղք էլ գործես, միշտ կմնաս իմ զավակը»£
Արթնացա և երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ£ Ինձ հարց էի տալիս՝ մի՞թե երազը կարող է լինել այսքան իրական£ Բայց երջանիկ էի, որ տեսա Նրան£ Մինչև հիմա աչքիս առջև է և նորից շշնջում է նույն բառերը£
Ես կպատմեմ նաև իմ սարսափ թրիլլեր-երազների շարքից մի քանիսը£ Երբ 2-3 տարեկան էի, մայրս ինձ մահացու վախեցրեց£ Նա դուրս եկավ լոգարանից գլուխը մեծացած, և ես նրան տեսնելով՝ սարսափահար եղա ու պոկ չէի գալիս հորս գրկից, չէի հասկանում, որ կարող էր մարդու գլուխը մեծանալ լվանալուց£ Հետո, երբ փոքր-ինչ մեծացա, հասկացա, որ դա շոր էր, որ գլխին էր կապել՝ մազերը չորացնելու համար£ Դրանից հետո ես մայրիկիս տեսնում էի՝ ատամներն արյունոտված դեպի ինձ է գալիս, և երազիս մեջ վախից անշարժանում էի£ Տարօրինակ է, որ մայրիկս իմ նկատմամբ այդքան հոգատար էր, ես նրան շատ էի սիրում, բայց նման երազներ էի տեսնում£
Անցնեմ իմ հերթական հիշողությանը£ Ես դպրոցական հասակում փորձում էի թռչունի պես ճախրել և նույնիսկ եղբայրներիս էի համոզում՝ պահարանի վրայից թռչել£ Ինչևէ, չկարողացա թռչել սովորել և որոշեցի դառնալ պատմաբան, որովհետև դպրոցում վատ էի սովորում ճշգրիտ գիտությունները£ Այնքան ձանձրալի էր ինձ համար, որ ամբողջ դասին կամ ինչ-որ մկանուտ, միաչքանի մարդիկ էի նկարում (ի դեպ, միաչքանի էի նկարում, որովհետև երկրորդ աչքը կա՛մ վատ էր ստացվում, կա՛մ մի քիչ վերև, կա՛մ ներքև էր ստացվում)£ Փորձում էի նաև ուսուցչի՝ ականջ ծակող ձայնի տակ փոքր-ինչ քնել£ Հայրս ինձ հույս էր տալիս, որ ես կարող եմ պրոֆեսիոնալ հովիվ դառնալ և ոչխարների ու կովերի դեռ շատ սերունդներ կդաստիարակեմ£ Բայց այդ թերահավատությունն իմ նկատմամբ ինձ հունից հանեց, և երկու ամսում կարդացի իմ հայրական գյուղի տան գրադարանի՝ պատմաբանների բոլոր գրքերը և այդպես ընտրեցի իմ մասնագիտությունը£ Ինձ հատկապես զվարճացնում են այն մարդիկ, ովքեր հետս խոսում են ագռավի ձայնով՝ միաժամանակ խախտելով այդ խելացի թռչունների հնչյունաբանական բոլոր կանոնները£ Այսպիսին էին իմ հիշողությունների և երազների դրվագները, որ կարողացա մտաբերել զուգարանի այս նեղ պատերի մեջ նստած£ Մթնոլորտն այստեղ ծանր է, և մտքերիս ճգնաժամային կառավարման խորհուրդն ավարտում է հերթական նիստը՝ մյուս հիշողությունները թողնելով հաջորդ՝ ավելի ընդլայնված նիստին£
Հ.Գ. Եթե իմ հիշողություններն ազդեցին որևէ ընթերցողի բարոյահոգեբանական վիճակի վրա, նա հանգիստ խղճով կարող է չընդօրինակել իմ «առաջավոր փորձը»£