ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՏՈՒՆԴԱՐՁԻ ԱՆԿՈՐՆՉԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, հրապարակագիր
ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Տնից դուրս ելավ քիչ հերսոտած: Ընդամենը մի փոքր կենցաղային դրդապատճառով: Այդքան մի բան: Ասենք` վաղուց արդեն այլևս թունդ չի էլ հերսոտում: Առաջներում ամեն մի մանրուք նրան ափերից հանում էր, և իսկույն բղավում էր, ամեն չնչին առիթով գոռում էր, գոչում: Հիմա` չէ՛, հիմնականում հասցնում է ինքզինքը տիրապետել: Ու զարմանալին էլ այն է, որ որչափ մեծ է վեճի առիթը, նույնչափ թեթև է տանում, դիմանում է, դիմանում, բայց հանկարծ բռնկվում է մի չնչին, մի աննշան առիթով: Ու թե բռնկվեց, է՛լ Աստված հեռու պահի. սեղմված զսպանակի հանգույն բացվում է և ասես էն զուսպ օրերի, էն զուսպ պահերի տեղն է հանում: Թերևս մի բան ակնհայտ էր, որ հախուռն էդ բռնկումները ավելի ու ավելի հազվադեպ են պատահում: Այդպես էլ, ահա, այսօր, հիմա, և այնպես, որ ո՛չ ինքը և ո՛չ էլ կողակիցը դույզն իսկ չէին էլ հիշում անգամ, թե վերջին անգամ երբ էր եղել նման ճայթյուն: Դե, եթե անկեղծ, էդ ճայթյունն էլ մի բան չէր. ստից գոռգոռոց: Ընդամենը: Ու գոռգոռոցն էլ` հե՛չ, կարևորը` սիրտը մաքուր էր, միջում թույն ու մաղձ չկար բնավ, ոնց որ մեկեն հարձակվում էր, այնպես մեկեն էլ նահանջում էր, ոնց կոպտում էր, այնպես էլ փափկում էր, ներում հայցում, հեչ հիշաչար չէր, երբեք քեն չէր քշում, ոխ չէր պահում…
Եվ ուրեմն, այդ օրը Գյումրի պիտի մեկներ, ինչի մասին կողակցին տեղեկացնելը մի բարդ, եթե ոչ` բարդագույն, իրապես մի տհաճ ընթացակարգ էր ենթադրում, և ըստ այդմ էդ տեղեկացում կոչված պարզագույն գործը ժամանակի ընթացքում վերածվել էր ինչ-որ անհասկանալի գործընթացի, լուրջ նախապատրաստության կարիք ունեցող արարողության, ուստի` դա գրեթե միշտ հետաձգում էր մինչև մեկնման օրը, անգամ` մինչև վերջին պահը, որ արդեն պիտի տնից դուրս ելնի: Չէ՜, բնավ կողակցից չէր, որ վախենում էր: Ամենևին: Պարզապես քաջ գիտենալով նրա դյուրագրգիռ բնավորությունը, որը հանգամանքների բերումով առավել սրվել էր հատկապես վերջին տարիներին, խնայում էր նրան ու նրա դյուրաբեկ նյարդային համակարգը: Ամսական մի փեշ փող էր ծախսում նրա դեղորայքի համար, դեռ չխնայե՞ր… Սակայն կնոջ մտքում ուրիշ հաշիվ էր ստացվում, այն էլ այնպես, որ միևնույն է` խնայո՞ւմ ես դու իրեն, թե՞ ոչ, նրա կարծիքը դրա առնչությամբ բոլորովին այլ էր. քո կողմից տեղեկացումների հետաձգումը նրա կողմից խուսափում, խուսանավում, անգամ նահանջ կդիտվեր, ստահոդ բարբաջանք, կեղծիք, խաբեություն, ի՜նչ ասես, բայց ո՛չ երբեք` խնայելու միտում: Ու իր էդ վարմունքով կարծես ցանկանում էր անվերապահորեն ապացուցել, որ կինը ոչ միայն փամփլիկ-ողորկամաշկ-քնքուշ-երազային էակ է, այլև միաժամանակ չորուցամաք, մռայլ ու դաժան մղձավանջային վհուկ: Դե, որովհետև կինն արդեն որոշակի դժվարությամբ էր ընդունում շատ ու շատ բաներ: Զորօրինակ, նրա ուղեղում չէր պառկում, ճշգրիտ չէր տեղավորվում այն հանգամանքի գիտակցումը, թե օր ծերության ամուսինն ինչու պիտի ամեն առիթով Գյումրի վազի: Հա, հետո ի՞նչ, որ հորեղբոր քառասունքն է. բավականին ծեր մարդ էր` հեշտ ապրած, ու հեշտ էլ մեռավ: Ասա` հուղարկավորության արարողությանը հո մասնակցե՞լ ես, յոթնեքին չես բացակայել, էս ձյուն-ձմեռնոցով քառասունքին էլ ներկա մի՛ գտնվիր, ի՞նչ կլինի…
Չգիտես` որ խաչից, բայց այս անգամ մեկնումից երկու օր առաջ տեղեկացրեց: Հը՜մ, տեղեկացրեց, որ ի՞նչ. կողակցի նյարդերի ամրությունն է՞ր փորձում: Երևի… Ու համառ ավանակի պես ոտքի էր ելել, բայց կողակիցն էլ իր հերթին` այս անգամ սկզբնապես որևէ բան չբարձրաձայնեց, որևէ դժգոհություն չարտահայտեց, չէ՛, առերևույթ որևէ առարկություն չներկայացրեց, միայն թե երկու օր ինքն իր մեջ եռում էր, փրփրում… Բայց դե, հո ակնհայտ չէր կարող արգելել ծերուկին` ճամփա ընկնել, առավել ևս` որ ծերուկը ճամփորդել սիրում էր, ու փառք Աստծո, առողջությունն էլ դեռևս ներում էր…
Ըստ էության` կինն ամենևին դժգոհ չէր, որ ամուսինը դեռ ժիր է, աշխույժ, բայց ինքն էլ չգիտեր, չէր հասկանում, թե ինչու չի ուզում, որ ամուսինը Գյումրի գնա: Եվ հատկապես` Գյումրի: Հա՜, թերևս երևի, որ չխմի, որովհետև նրան խմած տանել արդեն չի կարողանում, ինչպես առաջներում: Իսկ երբ նրանց ողջ ազգուտակը` մի հին ու մեծ ազգատոհմի տարբեր ճյուղերի եղբայրների ու քույրերի զավակներով, ահել-ջահելով որևէ լավ թե վատ, ուրախ թե տխուր առիթով իրար գլխի են հավաքվում, ասած սկեսրոջ` զավզականում են մի տեսակ, ընկնում խմելով, շատ հաճախ մոռանալով, թե ինչու են հավաքվել: Չէ՜, իհարկե վատ չէ, երբ ազգակցական կապերն այդչափ ամուր են` ի հակառակ վերջին տասնամյակների խոլ վայրիվերումների, և ի հետևանք դրա` մարդկային հարաբերությունների խաթարումների, ու չնայած էդ ամենի` ժամանակն ու տարածությունը դույզն-ինչ չեն հաջողացրել խզել էդ կապերը, իսկ դու էլ դեռ ամուր ես և առաջացած տարիքում էլ դեռ կարողանում ես ջահելների հետ ոտք մեկնել, երիտասարդական ավյունով էդ երիտասարդների հետ նստել-վեր կենալ, համահավասար խմել նրանց հետ ու դեռ ամուր կանգնած մնալ ոտքերիդ վրա, որոնք սթափ վիճակում հաճախ են ծալծլվում: Բայց տարիքդ առած մարդ, բա մանկանալը սազո՞ւմ է քեզ: Գուցե նաև դրա պատճառով, բայց միևնույն է` խմած վիճակում նրան արդեն տանել չէր կարողանում: Ու թեև գիտեր, որ իր առարկությունները ոչ մի դեր ու նշանակություն, ոչ մի արժեք, թեկուզ թե` մի քոռ գրոշի արժեք, չէ՜, չէին կարող ունենալ, այնուամենայնիվ, միշտ էլ դժկամությամբ էր համակերպվում իր համառ ծերուկի` թեկուզ ժամանակավոր բացակայության ցանկացած հանգամանքի հետ: Թերևս ինքն իրեն խոստովանել չէր ուզում, որ առանց նրա դժվար էր արդեն իր համար, թեև հոգու խորքում լիովին և անվերապահորեն համաձայն էր հին ու հայտնի ասույթի մտքի հետ, թե ավելի թանկ չէ նա, ում հետ լավ է, այլ ավելի քան թանկ է նա` առանց ում վատ է: Իսկ առանց նրա իրապես վատ էր, ու ծերուկն իր համար իրոք թանկ էր: (Ի դեպ` ծերուկ, ծերուկ, բայց դեռ վաթսուն տարին էլ չէր բոլորել, պարզապես ցնցակաթված տարած մեկի համար երևի թե այդպես էր իրոք): Ինչևէ…
Ու այս անգամ էլ` այսպես. վերջին պահին, երբ արդեն հրաժեշտ պիտի տար` իբր առիթ գտավ: (Իսկ իր ծերուկը միշտ էլ, նմանապես և սրանից շուրջ երեսուն տարի առաջ` մի չարաբաստիկ օր, տնից դուրս ելնելուց առաջ անպայման համբուրում էր կողակցի կլորիկ-թմբլիկ թշերն ու «համո՜վ-համո՜վ» ասելով, էդ երկու բառը ձգելով` դուրս էր ելնում տնից): Եվ ուրեմն, հրաժեշտից առաջ գտավ առիթը: Այսինքն` իրեն թվաց, թե գտավ…
Է՜հ, ուր էր թե այդպիսի մի անհեթեթ առիթ էլ շուրջ երեսուն տարի առաջ գտած լիներ: Բայց` չէ՛, չգտավ: Այն ժամանակ, ավա՜ղ, չգտավ այդպիսի` թեկուզ մի չնչին առիթ, որ խենթ ամուսնուն ետ պահեր, թույլ չտար գնալու… պատերազմ: Փառք Աստծո, թեև ականի պայթյունի հետևանք ցնցակաթվածով ու բազմաթիվ բեկորային վերքերով, բայց նա տուն վերադարձավ, ինչպես խոստացել էր: Ոտքով-ձեռքով տուն վերադարձավ: Իսկ նրա ընկերներից քանի՜սն այդպես էլ չվերադարձան, ետ չեկան, այլևս չմտան իրենց կանանց ծոցը, այլևս չգրկեցին, չհամբուրեցին իրենց կարոտակեզ կանանց` դատապարտելով ամուսնական մահիճն ընդմիշտ պաղ շնչի, նաև իրենց զավակաց վզները ծուռ թողնելով, իրենց ծնողաց աչքերը` թաց: Էլ ի՞նչ ես ուզում, Աստծուց կրակ ե՞ս ուզում: Չէ՜, էդ առումով բնավ դժգոհելու պատճառ չունի, բայց դե, ի՞նչ արած, ինքն իրեն հաղթահարել չի կարողանում: Ամեն անգամ ամուսնու դուրս ելնելուց նույն զգացողությունն է իր մոտ. նա է՛լ չի գա, ասենք` երկու-երեք օրից, ինչպես խոստացել է: Որովհետև նույնկերպ եղավ նաև երեսուն տարի առաջ. հերսոտեց, թե ի՞նչ խնդիր կա, սովորական գործուղում է, երկու-երեք օրից կգամ… Հա՜, ժամանակին գործուղումների հաճախ էր մեկնում: Իրենց անտեր հիմնարկում ինչ գործ էլ որ լիներ, ում էլ որ հարմար չլիներ, ինքն էր գնում` իր փոխարեն էլ, այլոց փոխարեն էլ: Սակայն այդ անգամ էդ ասած երկու-երեք օրը երկար տևեց… երկու-երեք տարուց ավելի:
…Էլի ցուրտ ձմեռ էր, ու թեև կռիվը վաղուց էր սկսվել, բայց ինքը չգիտեր, բանից անտեղյակ էր, որ ամուսինը որոշակիորեն ակտիվ ներգրավվածություն ուներ պատերազմական էդ անիծյալ գործողություններում. ջոկատներ էր կազմում, սահմանամերձ գոտիներ ուղարկում, իսկ շատ հաճախ էլ ինքն էր նրանց հետ մեկնում: Իհարկե, գիտեր, որ նա շարժման ակտիվիստներից է, բայց ենթադրում էր, որ ճառասացներից մեկն էր ընդամենը, որովհետև տեղովը մեկ շատախոս էր, իսկ որ գնա առաջնագի՞ծ, չէ՜, էդ մեկը մտքովն իսկ չէր անցնում: Դե, ճիշտն ասած` ինքն էլ էր հայրենասեր, բայց իր ուզածը մի մեծ բան չէր. ընդամենը, որ ամուսինը միշտ իր կողքին լինի, երեխեքի գլխից` անպակաս, և ամենևին լուրջ չէր ընդունում նրա ասածները, թե` որ ամեն ամուսին իր կնոջ փեշի տակ թաքնվի ու էդ փեշի տակից դուրս չելնի, բա էլ ո՞վ պիտի կռվի, հողն ու պետությունը պաշտպանի: Դե, պարզ ճառասացի տեղ էր դնում ու անցնում: Եվ առաջին անգամ անակնկալի եկավ, երբ պաշտոնյա ամուսինն այդ անգամ սպասվածից ավելի ուշացավ հերթական «գործուղում» կոչվածից, իսկ ևս մի քանի օր անց արդեն նրան գտավ… հիվանդասենյակում: Ոտքից գլուխ վիրակապված ու անճանաչելիորեն փոխված, և ինչպես բժիշկներն են սիրում ասել համանման դեպքերում, ավելի շուտ մեռած, քան` ողջ:
Ամուսնու ապաքինվելուց հետո կնոջ առաջին արձագանքն, իհարկե, կտրական մերժումն էր, հետագա մասնակցության բացառումը. «Ո՛չ մի դեպքում»: Սակայն վառոդի հոտն առած և արյան տտիպ համը տեսած, արյուն հեղած, ու որ ամենածանրն էր` ընկերներ կորցրած մեկին որևէ բան հասկացնել կլինի՞: Նույնիսկ չօգնեց այն «հնարամտությունը», երբ այդուհետ ամեն մի հերթական անգամ հերթական «գործուղմանը մեկնելուց» առաջ` սովորական «համո՜վ-համո՜վ» հրաժեշտի պահին իր կարճ խելքով փորձում էր նախընթաց պարզ մի քայլով կանխել ամուսնու մեկնումը. երեխաներին մեջտեղ էր բերում ու ամուսնուն դեմ տալիս, թե նրանց էլ «համո՜վ-համո՜վ» հրաժեշտ տուր: Իբր թե ամուսնու մուխը մարի, փուքսը իջնի ու ետ կանգնի վտանգավոր «գործուղումից»: Բայց` չէ՛, դա էլ չօգնեց: Բնավ: Այնպես որ, երբ ակնառու տեսավ ու ստույգ համոզվեց, որ իր էդ խորամանկությունը չանցավ, այլ բան չէր մնում, քան` համակերպվելը: Ու ստիպված համակերպվեց: Բայց տես, որ հիմա, շատ տարիներ անց, չի կարողանում ու չի համակերպվում ամուսնու` թեկուզ մեկ-երկու օրվա բացակայության մտքի հետ անգամ, նույնիսկ եթե ստույգ գիտի, թե էդ օրերին, մինչև իսկ յուրաքանչյուր պահին որտեղ է լինում նա: Ու հիմա էլ` այդպես: Ասենք, օրինակ, դեռ լուրը չառած, թե սահմանամերձ որևէ գյուղում կամ առաջնագծի որևէ տեղամասում անհանգիստ է, ասենք` ոսոխի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել կամ թե` հրետակոծություն ու գնդակոծություն, մի խոսքով` «…վիճակն էն վիճակն է, որ հեչ վիճակ չկա» (ինչպես սիրում է ասել ամուսնու ռազմական լրագրող ընկերը), ուրեմն հերթական վճարովի կամ չվճարվող արձակուրդն էլի կձևակերպի, իր նման ծերուկ ընկերներին էլի կհավաքի ու, հայդե՛, սահմանամերձ գոտի կամ առաջնագծի դիրքեր, ու որ հեչ բան չլինի, խրամատ փորելը հո կա ու կա: Ո՛չ ինքը ու ո՛չ էլ ընկերները բնավ չեն խորշում էդ «սևագործ» աշխատանքից: Սահմանամերձ գոտուց կամ առաջնագծի դիրքերից վերադառնալուց հետո էլ ամենշաբաթյա հոսպիտալային այցելություններն են պարտադիր` էս կամ էն ծանոթ կամ անծանոթ ժամկետային կամ պայմանագրային վիրավոր զինծառայողին կամ կամավորականին տեսության: Ու միշտ այդպես. այդպես եղավ մի քանի տարի առաջ հուլիս-օգոստոսին, մի-երկու տարի առաջ` ապրիլ-մայիսին…
Փառահեղ ազգատոհմի մեծ գերդաստանի շառավիղ էր ամուսինը, ինչով այնքա՜ն հպարտանում էր: Հո ազգատոհմ չէ՜ր. անվեհեր ռազմիկների տարբեր ժամանակաշրջանների յուրօրինակ մի հավաքական զորաջոկատ: Ասես արդյունք գեների ժառանգականության` իրենից բացի, նաև հորեղբայրների ու հորաքույրների որդիներ էին տարբեր ջոկատների կազմում մասնակից եղել Արցախյան պատերազմին: Հիմա էլ ազգատոհմի թոռների ճյուղի ներկայացուցիչներն են ծառայում սահմանամերձ գոտիների և առաջնագծի տարբեր զորամիավորումներում. որը` կադրային սպայի, որը` ժամկետային զինծառայողի կարգավիճակով: Իսկ ամեն ինչ նախնիներից էր գալիս: Ապուպապերը տարբեր ժամանակներում թուրքի ու քրդի դեմ էին կռվել: Պապն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարական բանակի կազմում մարտական գործողությունների էր մասնակցել գերմանական ճակատում և ըստ որոշ պնդումների` նույնիսկ «օխտը տարի գերմանու պլեն էր եղել» (իհարկե «օխտը տարին» չափազանցված էր, քանի որ իսկի պատերազմն այդքան չի տևել): Հետագայում` արդեն Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին, հատկապես նրա վախճանի ծանր ժամանակներում, իրենց գյուղի սարերում ու ձորերում իր մի քանի համախոհներով պապը հարել էր էն ժամանակ էդ կողմերով ռազմերթով անցնող Անդրանիկի և Մախլուտոյի մարտական փոքրաթիվ ուժերին, մասնակից եղել մի շարք դաժան մարտերի, ժամանակին ծավալված վայրիվերո իրադարձությունների այլ դրվագների: Նրա գլխի համար թուրքերն անգամ գլխագին են նշանակած եղել, էլի ըստ որոշ պնդումների` հազար ոսկի, ինչը հայտնի է եղել ողջ գյուղին ու տարածաշրջանին: Գուցե թե` կրկին չափազանցված, բայց դե… Ըստ ամենայնի, հենց իր էդ «անցյալի» համար էլ, դրան հավելած նաև համառորեն «կոլխոզ» չմտնելու հանգամանքը, որը սովետի ժամանակներում համարվում էր հակասովետական պահվածք, հետագայում` ընդամենը մի քանի տարի անց, արդեն բերիաստալինյան մարդակուլ ռեժիմի օրոք, պապը չարաչար տուժել էր. ձեռամբ ռեժիմի դաժանաբարո և անմարդկային խամաճիկների` բիրտ բռնադատման էր ենթարկվել ու, վերջիվերջո, հատուցել սեփական կյանքով:
Հորեղբայրները մասնակից են եղել Երկրորդ աշխարհամարտին: Ավագ հորեղբայրը միջնակարգը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է բժշկականում: Սակայն լինելով զգայուն հոգու տեր ու փուխրսիրտ անձնավորություն և ըստ այդմ չդիմանալով գործնական պարապմունքների ընթացքում (դիահերձման ժամանակ) արյան հոսքի հետևանքով առաջացած սինդրոմի ծանրությանը դրա ազդեցության տակ անչափ ճնշված ու չափազանց ընկճված վիճակում վերադարձել է գյուղ: Նախապատրաստվել է հաջորդ տարի Մանկավարժական ինստիտուտ ընդունվելու, սակայն սկսվել է պատերազմը: Եվ անմիջապես էլ մեկնել է ռազմաճակատ, կռվել Սուրամի լեռնանցքում, Կրասնոդարի երկրամասի անտառներում ու կրակագծի տարբեր տեղամասերում: Այս հորեղբայրն այդպես էլ չի վերադարձել ռազմաճակատից, փոխարենը սև թուղթն է տեղ հասել գույժով… ու մինչ օրս էլ նա համարվում է անհայտ կորած: Քիչ ավելի ուշ` մոտ մեկ տարի անց, ռազմաճակատ է մեկնել միջնեկ հորեղբայրը և որպես գնդացրորդ մարտնչել հայկական փառապանծ Թամանյան դիվիզիայի կազմում` հասնելով մինչև Բեռլին, որի գրավման մասնակիցն է եղել: Ըստ մի պատումի, երբ մի բարձունքի իրենց դիրքերում դադարի ինչ-որ պահ է լինում, և էս հորեղբայրն էլ խրամատի թաքուն մի անկյունում ննջելիս է լինում (ախր, շա՜տ դինջն է լինում, է՜, և ինչպես պատմում են` ասես ներվերը հանած լինեն), ուրեմն, էդ ժամանակ նահանջի հրաման է տրվում, և մարտիկները թողնում են բարձունքն ու… իրենց քնած ընկերոջը: Մի կարճ պահ անց ինչ-որ ձայներից վերջինս արթնանալով` տեսնում է, որ ստորոտից դեպի իրենց դիրքերն են բարձրանում ֆաշիստական զավթիչները, իսկ ինքն այնտեղ մեն-միայնակ է: Այլ բան չի մնում անելու, քան «կառչելու» իր գնդացրից և ինքնամոռաց, ինքնապաշտպանական բնազդով (գուցե թե ինչ-որ տեղ էլ, ինչո՞ւ չէ, վախի զգացումից դրդված) կրակել դեպի թշնամին: Կրակոցներ լսելով` նահանջող մարտիկները, որ դեռ շատ չէին հեռացել դիրքերից, վերադառնում են ու տեսնելով, որ իրենց մարտական ընկերը «չի հանձնվել», ոգևորվելով` իրենք էլ են գործի անցնում: Էդ մարտում արժանի հակահարված տալով թշնամուն` փախուստի են մատնում: Արդյունքում` բարձունքն էլ մնում է նրանց «ձեռքին»: Էդ կապակցությամբ էս հորեղբայրը հերթական մարտական պարգևին է արժանանում` ստանալով «Արիության համար» զինվորական բարձրագույն մեդալ: Իսկ հետագայում էլ հեշտ կյանք է ապրում ռուսաստաններում: Ահավասիկ, հիմա էլ հենց էս հորեղբոր քառասունքի արարողությանը մասնակցելու է մեկնում…
Դե, ի՞նչ արած, ուրեմն տոհմի ավագներն այսպես հերթով հեռանում էին էս մեղսավոր աշխարհից, ու ամուսինն էլ իր սուրբ ու սրբազան պարտքն է համարում իր անմիջական մասնակցությունը բերել նրանց` անխտիր բոլորի վերջին ճամփորդության ծեսերին` հոգեհանգստին ու հուղարկավորությանը, ապա նաև պարտադիր յոթնեքի, քառասունքի և տարելիցի արարողություններին, իսկ ինքն, ա՛յ, հիմա էլ, երբ ամուսինն արդեն ոտավորվել է` ճանապարհ ընկնելու Գյումրի, ինչ է թե մասնակից լինի բավականին ծեր, հեշտ ապրած ու հեշտ էլ մեռած (պարզապես քնած ու չարթնացած) հորեղբոր քառասունքին, ոչ մի կերպ չի կարողանում իրեն հաղթահարել և ամեն անգամ ամուսնու զայրույթն հարուցող հերթապահ հարցը չտալ. «Էլի գնում ե՞ս», թեև պատասխանն ի սկզբանե ստույգ հայտնի է. «Հա՛»` կարճ ու կոնկրետ: Ընդ որում` զայրույթը թաքցրած ու մեղմ, ինչին հետևում է հաջորդ հարցն` ավելի ագրեսիվ. «Իսկ չի լինի՞, որ չգնաս», ու դրան հաջորդողն արդեն լինում է պայթյունը, թեկուզ թե` թեթևակի…
Մտահոգությունն ի՞նչ էր. շուրջ երեսուն տարիների հեռվից հիմա մտքովն ինչեր ասես, որ չէր անցնում և, հատկապես, հրադադարի հաճախակի խախտումների ու սահմանային միջադեպերի, առավել ևս դրանց հաջորդող օրերին: Իսկ ավելի շատ մտահոգում էր այն հանգամանքը, որ կյանքի այդքան թոհուբոհի միջից անցնելուց հետո, ասենք` օրինակ, ավտովթարի զոհ չդառնար հանկարծ, որովհետև տեղովն իսկ անուշադիր էր, իսկն անուշադրության մարմնացում` ցրված ու թափթփված, ի հետևանք ցնցակաթվածի` լսողության հետ էլ խնդիրներ ուներ, ոտքերը ցանկացած պահի հանկարծակի կարող են ձգվել-փայտանալ, ու կանգնած տեղում կլռվի-կմնա, կամ հակառակը` ծալծլվել անպատեհ ու… մի կերպ ոտքի վրա կմնա՞, թե՞ չէ: Իսկ վիճակագրությունն անողոք փաստում է, որ պատերազմներից զատ ամենաշատը մարդկանց կյանքեր խլում են հենց ավտովթարները, ավելի շատ` քան օդային աղետներն անգամ: Ահա կանացի մտահոգությունների սնուցման ամենահիմնական աղբյուրը, որ բնավ էլ սնահավատությունից չէր բխում: Նույնիսկ էդ մտահոգության հարուցած տագնապը չէր մեղմում այն հանգամանքը, որ ամուսինն արդեն վաղուց այլևս ավտոմեքենա չէր վարում ու Գյումրի էլ մեկնելու էր գնացքով: Ու վերջին տարիներին միշտ էլ գնացքով էր մեկնում: Բայց, ախր, մինչև գնացքին հասնելը դեռ ավտոտրանսպորտից պիտի օգտվեր, չէ՞, տաքսի պիտի նստեր, չէ՞: Իհարկե, անպատճառ:
Ինչ որ է, ամուսինն, այդուհանդերձ, մեկնեց: Ու կինը շատ ափսոսաց, որ ամուսինն այդպես էլ հերսոտած դուրս ելավ տնից: Թեկուզ թե` թույլ հերսոտած: Էս ամենի հետ, սակայն, մի սփոփանք ուներ, մի մեծ սփոփանք. գիտեր` ինչքան էլ հերսոտած գնար, միևնույն է, եթե ճանապարհին էլ չէ, ապա տեղ հասնելուն պես պիտի զանգահարեր անպայման, նախ իր որպիսությունն իմանալու համար, հետո էլ կտեղեկացներ, թե ոնց տեղ հասավ ու թե որտեղ է հիմա… Ու սա հենց էն դեպքերից էր, երբ, ինչպես ասում են, արցունքն աչքերիդ ճչում ես դիմադարձ, թե ո՜նց ես ատում, իսկ ներքուստ ավելի բարձր գոչելով` ինքդ քեզ խոստովանում, թե ո՜նց ես սիրում:
Ու հիմա մտովի ամուսնու հետ էր, որ ահա գնացքի վերջին վագոնի մի անկյուն քաշված` աչքերը բաց ննջում էր ու լուռ հետևում վագոնի անցուդարձին, ինչը նրան մի առանձին բավականություն էր պարգևում: Ահա, քիչ առջևում` նստատեղերի երկու շարք զբաղեցրած, աղմկոտ մի մեծ ընկերախումբ է հանգրվանել` միախառնված ու գերհագեցած կանացի լիաթոք քրքիջով ու տղամարդկանց հույժ սիրառատ արվական հրճվանքով, ընդ որում` կանանց քրքիջը միալար ու միօրինակ էր հնչում, իսկ, ա՛յ, ընկերախմբի արական հատվածի խակ ջահելների մոտ հրճվանքը հորթային էր, լուռ ու մռայլ հասունների մոտ` ցլային, ժամանակավրեպ տարեցների մոտ` եզնային, ու բոլորը` մեկմեկու նախանձոտ: Քիչ այն կողմ փարթամ ու կարմրաթուշ մի շիկամազ գեղջկուհի մի տարեց կնոջ (որ նրա տատը լինելու համար շատ էր ջահել, իսկ մայրը լինելու համար` բավականաչափ տարեց) ուսին գլուխը հենած` գնացքի ընթացքին համահունչ դանթում էր, եթե չէր ծամում, իսկ երբ աչքերը բացում էր, անպայման մի բան` թխվածքաբլիթ, միրգ, արևածաղիկ, ինչ-որ ուտելի բան պիտի գցեր ատամի տակ ու բերանը շարժեր ոչ նկատելի ախորժաբերությամբ: Վագոնի ամենածայրում մի լղարիկ, սևուկ ու չորուկ ուսանողուհի տետրակի մեջ ինչ-որ բաներ էր խզմզում` իր բջջային հեռախոսից անսանձ հորդող հարթուղեղային երգ-երաժշտության ուղեկցությամբ, իսկ դիմացը մի տղա կամ տղամարդ, որ թիկունքով էր նստած, ուստի և վագոնաչափ հեռավորությունից հնարավոր չէր տարիքը որոշել, ականջաբլթակին էր սեղմել իր բջջային հեռախոսը և բարձր ձայնով լալահառաչ մի ռաբիս ալիք էր «վառել», որ խիստ ներդաշնակորեն յոլա էր գնում հարթուղեղային երգ-երաժշտության հետ: Այդ երկու մելոմանների հարևանությամբ խաղաղ գոյակցում էր մեկ այլ կարմրաթուշ, բայց թխահեր գավառուհի, որ ինքն էլ իր ականջաբլթակին իր բջջային հեռախոսն էր սեղմել` իրեն երևակայելով Բրիջիդ Բարդո կամ Սոֆի Լորեն (թերևս` չէ՜, ավելի շուտ` նոր սերիալային որևէ կերպար, ասենք` Մարիա կամ Իզաուրա), ու շատ էր ուզում (այդպես էր երևում, տենչանքը նրա բզով ծակած աչքերից էր հորդում), որ ռաբիս ալիք «վառածն» իրեն ուշադրության արժանացնի, բայց ապարդյուն, որովհետև սա տարված էր հոգեցունց իր լսելիքով: Դրա փոխարեն մեկ ուրիշ գավառցի, որ նոր էր գնացք բարձրացել, իր ակնդետ ուշադրությունն էր մատուցում գավառուհուն, ինչը ևս ապարդյուն եղավ, որովհետև գավառուհին գավառցու թափանցող (ինչ-որ չափով էլ` հրավիրող) հայացքը որսալով` քիչ անց տեղը փոխեց: Դրանից որոշ ժամանակ անց «մերժված» գավառցին ընդհանրապես հեռացավ էդ վագոնից, ու դա շատ կտրուկ արեց, ինչից հետո գավառուհին անմիջապես ու ցուցադրաբար իր նախկին տեղը վերադարձավ:
Եվ էդ ամենով հանդերձ, այդտեղ ոչինչ ու ոչ ոք ոչ ոքի չէր խանգարում` ո՛չ կանանց լիաթոք քրքիջը, ո՛չ նրանց շրջապատող սիրառատ արուների ձայնեղ հրճվանքը, ո՛չ լղարիկ, սևուկ ու չորուկ ուսանողուհու հարթուղեղների շխկդխկոցը, ո՛չ անորոշ տարիքի տղայի թե տղամարդու ռաբիսի կլկլոցը ու ո՛չ էլ գավառուհի Մարիա-Իզաուրայի ու նրան սիրահետող գավառցու լուռ «մենամարտը», որը դույզն իսկ չընդհատեց գավառուհու երեք ժամից ավելի տևած հեռախոսային ճամարտակությունը, որ չդադարեցվեց նույնիսկ նրա ցուցադրական տեղափոխությունների ժամանակ, նմանապես և շարունակաբար միմյանց հաջորդող կայարաններում ու կիսակայարաններում անվերջ ելումուտ անողները, արդեն տեղ հասածներն ու դեռ տեղ հասնելուն հետամուտները…
Ամուսինը հիմա էլ հաստատ լուսամուտից դուրս է նայում ու ներքուստ հիանում, հետն էլ` թախծում ոչ այնքան հյութեղ բնապատկերի տեսարանով: Մայրամուտին մոտ լուրթ երկնքում լողալով` սահմանի այն կողմից, ուր կորուսյալ Էրգիրն է, վերջինիս վիրավոր սրտի մրմուռից մթագնած թուխ ամպերն են խուժում ու սպառնալից կախվում դաշտերում ցրված Աղինի ավերակների վրա, որտեղ երևի միայն հուշկապարիկներն են անտես թափառում: Ու Էրգրեն եկած մթագնած թուխ ամպերից թաքնվելու համար մայրամուտի բոսոր արեգակն, օրվա երթից խոնջացած, իջել էր ահա մի ցածրիկ բլրակի հողմատար անհարթ գագաթին ու շողերն արդ շուրջբոլորը սփռելով` այնտեղից հանդարտ սահելով լողում էր Ախուրյանի ջրամբարի ջրերի հայելու մեջ, որտեղ արդեն խամրող իր ճառագայթները պսպղուն արտացոլելով` անշեղ գլորվում էր դեպ իր գիշերային կացարանը: Նույն հանդարտությամբ օրն աստիճանաբար իրիկնանում էր, ստվերներն արդեն անդառնալիորեն լղոզվում էին ու թանձրանում: Գնացքի մետաղյա ակների ու փայլուն ռելսերի շփումից արտածվող մետաղահունչ միալար աղմուկի միջից ինչ-որ տեղից զարմանալիորեն լսվում էր ինչ-որ թռչնի խլահունչ ու կերկերուն դայլայլը, իսկ ավելի հեռվից` շան կլանչոց ու է՛լ ավելի հեռվից` գայլի ոռնոց: Շրջապատի ավերակների մեջ հուշկապարիկներին հալածող քամին էր զվռնում` անհուսորեն պատեպատ զարնվելով, ապա մի հնարով դուրս պրծնում ու գնում-դիպչում էր մոտիկ ու հեռու սարերին` խոլ արձագանքելով իրիկնացող օրվա լուռ ավարտին ընդառաջ: Արդեն ժամանակն էր, ու գնացքի վագոնի աղոտ լուսամփոփները վառվեցին ու թույլ լույս սփռեցին շուրջը: Ու գնացքը, դանդաղ սողալով ու թույլ ճոճվելով, անշտապ, բայց աննահանջ ընթանում էր առաջ` մոտենալով վերջին կանգառին: Ահա և Գյումրին: Հեռախոսի զանգն ազդարարեց բեթհովենյան զգլխիչ մեղեդի: Դիմավորելու եկած զարմիկն արդեն իրեն էր սպասում կայարանի կառամատույցում…
Ամուսինը կնոջը հուսախաբ չարեց. արդեն զարմիկի ավտոմեքենայի մեջ նստած` զանգահարեց ու հանգստացրեց նրան, նախ նրա որպիսությունը հարցրեց, ապա և տեղեկացրեց, թե ինքը ոնց տեղ հասավ ու թե որտեղ է հիմա: Ապա հրահանգեց, որ ուշադիր լինի` քնելուց առաջ գազը, ջուրը, էլեկտրականությունն անպայման անջատի, հանկարծ միացրած չթողնի, դռան երկու փականն էլ կողպի, պառկելիս էլ` վրան լավ ծածկի, ու նաև` չմոռանա դեղերն ընդունել… Կինն էլ իր հերթին ապսպրեց, որ տուն հասնի` անպայման մեկ էլ զանգահարի, որպեսզի գիտենա, թե որ եղբոր կամ քրոջ, հորեղբոր կամ հորաքրոջ տանն է գիշերելու, որովհետև ինքն այդպես ավելի հանգիստ կլինի, իսկ վերջում էլ, իհարկե, չմոռացավ հավելել, թե` «Տես, հա՜, շատ չխմես… քիչ կխմես… որ տունդարձի ճանապարհը չկորցնես… ոնց որ երեսուն տարի առաջ…» (կարծես թե էդ ժամանակ տունդարձի ուշացման պատճառը խմելն էր եղել), ու թեև ձայներն արդեն կտրատվում էին, բայց հեռախոսային զրույցն էլի մի քիչ շարունակվեց` փոխադարձ քնքշանքով… Եվ ի վերջո ստացվեց այնպես, ասես միմյանցից փոխադարձաբար ներողամտություն էին հայցում, և այն էլ այնպես, որ ամենքն իր հերթին գիտակցում էր, թե ի՜նչ դժվար բան է դա, քանզի երբ ներում պիտի հայցես, նախ պիտի հոգուդ խորքում ինքդ քեզ հետ խորհես, հիշես, թե ինչու ցավ պատճառեցիր նրան, ապա նաև ափսոսանք ապրես դրա համար, այլապես ներում ստանալու դեպքում էլ չես ազատվի հոգեցունց ցավից (գոնե թե ինքդ քո մեջ), ի հետևանք ինչի, հետո էլ` որոշ ժամանակ անց, կարող ես նաև հոգեգարության վիճակների հասնել: Քա՛վ լիցի:
Է՛հ, ըստ ամենայնի մարդ արարածի հիշողությունն է պատասխանատու նրա վարքի համար, քանի որ հենց հիշողությունն է, որ պահպանում է տեղեկատվությունն ամեն ինչի մասին. կյանքի սխալների, աջ ու ձախ շեղումների ու կորուստների, տարազան թերացումների ու բացթողումների` մի կողմից, իսկ մյուս կողմից` լուրջ ձեռքբերումների ու նվաճումների, այլևայլ շահումների, փորձի ու փորձառությունների: Մարդն ըստ էության սովորում է կամ գոնե պիտի սովորի հիշողության տված դասերից, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հետագա նոր ձախողումներից: Էս առումով, եթե համայն աշխարհի անցուդարձի հին ու նոր երևույթների ու դրսևորումների առնչությամբ դեռ կարելի է վիճել, թե ինչն է ճիշտ, ինչը` սխալ, ապա մարդուս անձնական, անհատական հարթությունում հիշողությունն իբր թե պիտի ամուր լինի, երկաթբետոնյա պնդություն ունենա: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, ո՞րն է հարցը. հարյուր տոկոսով ճի՞շտ եք հիշում ձեր անունը, նույն կերպ հիշո՞ւմ եք, թե որտեղ եք ապրում (բնակվում), և արդյոք հիշո՞ւմ եք, թե ինչ ունեք-չունեք` կին, երեխա, կայք ու կարողություն: Սակայն տարօրինակն էլ հենց էն է, որ կարելի է բերել բազում օրինակներ, որոնք ձեզ կստիպեն լրջորեն կասկածել, թե դուք էդ ամենը ճիշտ ու հստակ եք հիշում: Հը՛մ, թերևս այդպես է… որոշ առումներով, իհարկե: Իսկ տունդարձի ճանապա՞րհը… դա էլ է հիշողություն: Իհա՜րկե: Ու էդ ճանապարհը` տունդարձի ճանապարհը, չէ՜, չի կորցնի: Իհարկե, չի կորցնի: Միշտ կհիշի անկորնչելի ճանապարհը տունդարձի: Ե՞րբ է կորցրել, որ հիմա կորցնի: Ոչ էլ երեսուն տարի առաջ էր կորցրել: Երբևէ չի էլ կորցրել: Ու երբեք էլ չի կորցնի: Որովհետև իրեն այնտեղ` տանը, դեռ սպասող կա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։