ՀԱՄԵՍՏ / Անահիտ ԱՐՓԵՆ

 

Հարևանուհին քշեց-գնաց Համեստենց խոհանոց ու միանգամից բացեց գազօջախին բլթբլթացող կաթսայի բերանը:
– Կոփված աղջիկ ես երևում, առանց բռնիչի ձեռքդ չվառեցի՞ր,- պատշգամբից ներս նայելով` խայթեց Համեստը՝ տան հարսը:
– Էս ի՞նչ տաքություն ա որ… Ասի տեսնեմ ինչ ես էփում,- քիթը կաթսայից չհեռացնելով՝ նետեց հարևանուհին:
– Ճաշ,- ասաց Համեստը:
– Գիտեմ, որ՝ ճաշ, բայց ի՞նչ ճաշ:
Հետաքրքրասիրությունը բավարարելուն պես հարևանուհին շրջվեց դեպի ջահել հարսը:
– Բարի օր: Էդ քոռ բո՞ւ ա:
Անցումն այնքան թռիչքային էր, որ Համեստը միայն հարևանուհու հայացքից հասկացավ, թե նա ինչ նկատի ունի:
– Լավ էլ բու ա, է՞լ ընչի՝ քոռ,- հակադարձեց՝ ի պաշտպանություն ակամա շոյելով իր մատանին:
– Ես քեզ դրա վզինը կտամ:
– Ունեմ:
– Քոնը եսիմ ում տվածն ա, ցրի, իմը կկախես:
Համեստը հայացքը փախցրեց. ամուսնու նվիրածն էր: Նախքան նշանվելն էին գնել միասին, շատ էր սիրում: Երջանիկ օրեր էին, հաճելի հիշողություններ ուներ…
– Մի բաժակ կոֆե դիր, խմենք, ախչի:
Հարևանուհին սրճեփը փնտրելիս լվացարանի մեջ մի երկու բաժակ նկատեց.
– Էս… Արածդ գործի անունն ի՞նչ ա, որ ամաններն էլ չես լվացել:
Համեստը չպատասխանեց՝ ոչ թե համեստություն անելով, այլ` մատանու հետ կապված ջերմ հիշողություններից դեռ չէր ուզում կտրվել: Համ էլ հարևանուհու պահվածքը նորություն չէր. նա Համեստի հարս գալու օրվանից էր սկեսրոջ լեզու – բերանը:
Հարևանուհին արդեն իր ձեռքով սուրճ էր դնում՝ հընթացս ճշտելով, թե է՞լ ով է խմելու: Սկեսուրը սիրով միացավ, չնայած լույսը չբացված` արդեն երրորդ թե չորրորդ գավաթն էր խմելու. ով խմեր-չխմեր, հետները խմում էր:
Համեստը չէր աշխատում, դրա համար էլ սկեսրոջ աչքի փուշն էր ու ձեռքի մեջ ձվածեղ էլ աներ, միևնույն է, սկեսուրը մի անուն կկպցներ: Ուստի, երբ ծորակի տակ եղած երկու բաժակը հարևանուհին ճոխացրեց, դարձրեց աման չլվալ, սկեսրոջ սիրտը փառավորվեց: Հարսի կողմը հեգնախառն գլխով անելու, հարսի վրա աչքերը ոլորելու լավ առիթ էր, որը նա երբեք բաց չէր թողնի: Իսկ եթե հարսը լուրջ թերանում էր կամ, Աստված չանի, մի սխալ բան անում, սկեսուրն ուղղակի պայծառանում էր:
– Սերով չանես հանկարծ,- ասաց:
– Ի, առաջին անգա՞մ ես իմ ձեռի կոֆեն խմում:
Հարևանուհին չեղած տեղից շենքեցիներին պարտքի տակ գցող էր: Իսկ եթե հանկարծ, կյանք է, պատահեր, ու մի լուրջ լավություն աներ, ուրեմն, մինչ ի մահ, ազգուտակով իրեն պարտական էին մնում:
Երկուսով նստեցին սրանից-նրանից մի կուշտ բամբասելու, ձեռքի հետ էլ հարսի միսը կծամեին, համ էլ հարևանուհին լավ բաժակ էր նայում: Համեստը ցայեց լվացարանի բաժակները և գնաց երեխային հագցնելու:
– Էդ ո՞ւր գնաց:
– Էրեխու մոտ: Հենց մի բան սրտով չի, վազում, ոնց որ աշխարհի դարդը իրեն են տվել, էրեխուն խտտում, նստում ա:
Տնաշենն այնքան էլ բարձր էր խոսում, որ Համեստը կողքի սենյակում պարզ լսում էր: Ասենք, դիտմամբ էր անում, որ լավ էլ լսվի: Հարևանուհին ձևացրեց, թե վատ բան չի ուզում ասել հարսի հասցեին, հասկացրեց, որ իբր իրենք սկեսուր ու հարս են, իրարից կնեղսրտվեն էլ, կհաշտվեն էլ, մեջտեղը ինքը վատամարդ չլինի, բայց իրականում լավ գիտեր, որ դա միայն խթանելու էր Սիրունի եռանդը: Տան տղամարդիկ առանձնապես գլուխ չէին դնում ամեն ինչից բողոքող տանտիրուհու գանգատներին, բայց և հարսին էլ երես չէին տալիս: Համեստը քանի անգամ էր խնդրել ամուսնուն, որ իրեն աշխատել թույլ տա: Ախր, երբ ամուսնանում էին, ինքը բուժքույր էր՝ ընտանիքի ֆինանսներն ավելացնող մասնագիտություն, հասարակությանը պետքական գործ: Բայց ամուսնու պատասխանը միշտ կտրուկ էր ու նույնը՝ տնեցիներին խնամի, էրեխուն նայի` չհիվանդանա, իսկ տնից դուրս ամեն մարդու սրսկելու չգնաս:
Ա՛յ այս մի գործը միակն էր, որում սկեսուրն անվերապահ աջակցում էր հարսին: Բայց ինչպես ասում են՝ ավելի լավ էր չաջակցեր, որովհետև ում ասես առաջարկում ու խոստանում էր, որ իր Համեստը շատ թեթև ձեռք ունի, ոչ ոք չի էլ զգում, թե ոնց է սրսկում: Բա երա՜կ ոնց ա մտնում, ոչ ոք չի էլ հասցնում տեսնի: Հարևան ենք, ասում էր, էլ ո՞ր օրվա համար ենք, բա ամոթ չի՞, որ իրար չօգնենք: Եվ ինչ ժամ ու եղանակ լիներ, հաջողացնում էր, առանց որդու զայրույթը շարժելու, Համեստին ուղարկել սրսկելու՝ ում ասես, ինչ տուն ու հետույք պատահեր: Այնպես որ, թաղամասում Համեստն ավելի զբաղված էր, քան եթե օրումեջ հերթափոխեր որևէ հիվանդանոցում: Գին ասել-չասելը սկեսրոջ սուրբ պարտականությունն էր, իսկ ինքը ջահել հարս էր, իրեն պիտի զուսպ պահեր, սրա նրա հետ ծնոտը չթուլացներ: Ուստի, ինքը երբեք ոչինչ չէր ասում կամ վերցնում, ամեն ինչ սկեսուրը նախօրոք էր պայմանավորվում, ու եթե պիտի վճարեին կամ մի բան նվիրեին, հենց նրան էին տալիս: Քիչ չէր պատահում, որ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով` ոչ մի լումա կամ որևէ նվեր չէր ընդունում: Նման դեպքերում սկեսուրը բացում էր շողոմ բառապաշարի մի տուտ, լսողն էլ կկարծեր, թե բարեգործների բարեգործն է: Բայց բոլորն էլ գիտեին, որ առանց հաշվի նա մարդու հետ լեզու անգամ չի թրջում: Ու երբ խնդրանքով դիմածը հանդիպում էր նման պատասխանի` թե՝ ամոթ չի՞, ի՞նչ փող, ի՞նչ նվեր, միանգամից հասկանում էր, որ Սիրունի կամ աղն է պակաս, կամ մաղը:
Համեստը մարդկանց հետ շփվելու մղում առանձնապես չուներ, ոտքը երբեք կախ չէր գցում. լիներ միջմկանային, երակային, թե կաթիլային: Բայց իր գործը սիրով ու հոգատարությամբ էր անում. ամեն մեկին մի ոգևորող բան գտնելով, մի հույս տալով՝ ընկճված սրտները բացում էր: Ինքն իրեն էլ էր հույս տալիս. հրաշքի էր սպասում, թե մի օր իր կյանքում մի բան կփոխվի, ինքը կրկին սպիտակ խալաթ կհագնի: Նո՛րը: Օժիտի ճամպրուկում խորը պահածն արդեն վրան չէր լինի՝ երեխայից հետո լցվել էր:
Սկեսրոջ հեռախոսանվագը հնչեց ամենայն լրջությամբ:
– Հը,- կապը չհաստատված՝ նետեց Սիրունը:- Բարի օր: Լավ եմ, էս ի՞նչ ա էղել՝ մորդ հիշել ես… Հա… հա… Է, հա, էրեկը էրեկ էր:
Համեստը սկեսրոջ խոսքերից հասկացավ, որ զանգողն իր տալն է: Ամուսնու քույրն էլ էր մոր ձեռը կրակն ընկել. զանգեր, մայրն ասում էր՝ ի՞նչ էս րոպեն մեկ զանգում, չզանգեր, պատմություն էր սարքում, թե՝ գնացել ես օտարի տուն, հարազատ մորդ մոռացել:
– Լուսո՞դ էր:
– Հա, լույսս էր, կյանքս էր:
Համեստին թվաց, թե սկեսուրն իրեն ասաց:
– Բայց դե մեր բախտը մեզ հետ ա, էլի՜, ի՞նչ ասեմ: Էս աշխարհի բարիքները մեզ համար չեն:
Հարևանուհին հայացքը, իբր զարմացած, հառեց նրան և ականջները համենայնդեպս մի թեթև սրեց:
– Տեգրը… գիտես, առանձին էին ապրում: Հիմա իրենց տունը ծախել, եթիմներով եկել, աղջկաս վզին են նստել:
– Յա՜… Բայց ի՞նչ ա էղել, որ…- հարևանուհու աչքերը որսի հոտ առած շան պես պսպղացին:- Կազինո՞… Թե՞ վարկ չի փակել:
– Էրկու ախպեր եսիմ ի՜նչ են մոգոնել, ի՜նչ գործի մեջ մտել, մարդու բան ասո՞ւմ են, որ իմանամ: Ես էլ քեզ պես:
– Բա որ տա՞կ տան:
– Այ քեզ բայղուշ,- նեղվեց Համեստը` ուղղելով երեխայի շորերը:
– Ասա է, ասա՛: Բայց, աղջի՛, բերանդ խերով բաց,- վրա տվեց Սիրունը:
– Վայ, ցավդ տանեմ, իմ սիրտը մաքուր ա, բերանս էլ՝ խերով: Իսկ դու… Համ մարդու բան չես ասում, համ ուզում ես՝ չանհանգստանա՞նք: Լսի՛, տան հարցը լուրջ հարց ա…
– Դու նման բան լսած կա՞ս, որ մարդը չապրի, չապրի ու հանկարծ գա, փաստի առաջ կանգնեցնի: Հետո՞ ինչ, որ հորական տունն ա: Գնացե՛լ ես, էլ ի՞նչ կես: Աղջիկս էլ լրիվ դրանց կողմն ա բռնում, ինձ ասում ա՝ այ մամա, ախպերն ա կանչել, ոչ թե ինքն ա եկել, դու մի՛ խառնվի: Իյա՜, ես էդ ինչ արեցի՞, որ խառնվեցի:
– Հա՜:
– Բա՛:
Համեստը մտքում շտկում կամ լրացնում էր սկեսրոջ խոսքերը. «Ասել ա՝ տան ձեր մասը ոչ վարձով եք տալիս, ոչ դուք եք մնում, եկեք մնացեք, ձեր էդ տունը ծախի, պարտքերդ փակի, մնացածն էլ գործի մեջ դիր»:
– Փեսե՜դ ա ախպորը կանչել ուրեմն: Բա էդ ի՞նչ հաշիվ ա…
– Փոխարենը իրենով անի, ասում ա՝ արի նստի մեր շնչին: Էրեխուս ջանից ա դուրս գալու, իրա՞ն ինչ: Ստիպված պիտի դրանց համար նոր տուն առնեն, որ հորական տունը լրիվ իրենց մնա: Ընչի, տուն առնելն էդքան հե՞շտ ա…
Համեստը արդեն չէր լսում սկեսրոջը, որովհետև նա ինչ էլ ասեր, իրականությունն աղավաղելու էր իր սրտի ուզածով ու մտքի թելադրանքով: Չէր ասելու, որ ամեն մեկինն իր ելումուտով առանձին տուն է: Որ էդ մարդիկ, փառք Աստծո, իրենք իրենց աշխատածն են ուտում: Սկեսուրն ինչ էլ ասեր, շուրջը բոլորն անպետք են, ինքը՝ ամենալավն ու արժանին, բայց միշտ տանջված ու զոհ, իսկ ուրիշները՝ անարժան վայելողներ: Ով ով, Համեստը լավ գիտեր, որ տալի ամուսինը կարգին տղա է ու ինչի հասել է, իր քրտինքով է հասել: Բայց դե ըստ զոքանչի՝ դա մի մեծ արժանիք չէր: Կարևորը փող լիներ ու շահ: Մնացածը դատարկ բան էին նրա համար:
– Լսի, աղջի, էդ մարդուդ երեխեքը, որ գնում-գալիս են, չե՞ս նեղվում… Մեծ աղջիկն էլ մի պրճկվել ա պրճկվում… Էլ դու սուս:
Սիրունի քարերն արդեն հարևանուհու բոստանի կողմն էին շրջվել, վերջինս շտապեց պաշտպանվել:
– Չէ, ինչի՞ պիտի նեղվեմ,- ասաց,- էն էրեխեն ինձ ի՞նչ ա արել:
– Էդ էրեխեն ինձ ու քեզ կտանի ծովը, ծարավ ետ կբերի,- դիրքերը չէր զիջում Սիրունը:
– Հազարից մեկ են գալիս, դատարկ ձեռով չեն գալիս…
Հարևանուհին ձեռքն առավ հեռախոսը, սկսեց նկար փնտրել:
– Լավ դու էլ… Չասեցի, որ նեղանաս,- փնթփնթաց Սիրունը:
«Դա որ նեղացող լիներ, հիմա մեր տուն ոտք չպիտի դներ»,- մտածեց Համեստը պատի ետևում:
– Էս… Իտալիայում են մարդու հետ, նայի՛…
Սիրունը կողքանց աչք գցեց հարևանուհու հեռախոսին, հարևանուհին սկսեց թերթել ամուսնու աղջկա լուսանկարները:
– Հա՜, մեռա՜ծ…
Սիրունը փորձում էր, բայց չէր հաջողվում թաքցնել նախանձը, ուստի, Համեստի մուտքը խոհանոց երկնքից իջած փրկություն էր: Համեստը երեխային ուտելիք վերցրեց ու այնքան անաղմուկ անցավ պատշգամբ, որ կարող էին իրեն չնկատելու տալ: Բայց պապակած կոկորդն ինչպե՞ս չնկատի զովացուցիչ ըմպելիքի հայտնվելը:
– Ըհը՛, խնդրեմ, քո աչքի առաջ՝ ոչ մարդու հետ շփվել գիտի, ոչ վարվելաձև ունի, ի՞նչ ասես: Ես եմ, որ տանում եմ: Ուրիշ սկեսրոջ հետ հիմա խայտառակ էին էղել ամբողջ շենքում…
Սկեսուր-մայրիկը ըմբոշխնում էր հարսի պարգևած «զովությունը»: Իսկ հարևանուհին ամենայն «սրտացավությամբ» գլխով էր անում ու միայն հայացքով խրախուսում նրա ամեն զեղում՝ միաժամանակ պահպանելով լռություն, որ Համեստը հանկարծ չմտածի, թե ինքը մասնակից է սկեսրոջ դժգոհությանը: Համեստի համար այլևս միևնույն էր, թե իր սկեսրոջ նմանին ականջ դնող մեկը ինչ վերաբերմունք կունենա իր նկատմամբ, նա միայն մի բան էր երազում՝ երեխային մի տարի էլ մեծացնի, տանի մանկապարտեզ ու գնա աշխատանքի: