Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

 

Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ (ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.)

ՀԳՄ վարչության ներկա լիանիստի բուն նպատակը արդի դրամատուրգիական արտադրանքի հաշվառումն ու գնահատումն է, ինչպես նաև թատերական աշխարհի ուշադրության հրավիրումը վերջին մեկ-երկու տասնամյակի ընթացքում գրված և տպագրված 500-ից ավելի դրամատուրգիական գործերի հաջողված նմուշներին: Նախ` պետք է նշել, որ «Դրամատուրգիա» հանդեսում և այլ պարբերականներում տպագրված ավագ, միջին և երիտասարդ սերնդի դրամատուրգների պիեսներն աչքի են ընկնում ոչ միայն ներքին ժանրային (մենադրամա, տրագիֆարս, երաժշտական չափածո թատերախաղ, զավեշտ, թատերասք, կատակերգություն և այլն), այլև թեմատիկ բազմազանությամբ (սոցիալ-կենցաղային-անհատականից մինչև ազգային-պատմական և ազգային-արդիական հիմնահարցեր): Առաջին խմբում կարելի է հիշատակել Ն. Ադալյանի «Եվա», Կ. Խոդիկյանի «Էսմերալդայի օգնության ձեռքը», Գ. Խանջյանի «Ծերուկի այցը», Ալ. Թոփչյանի «Տիկին Դոն Խուան դե Տոնորի», Ա. Ասլիբեկյանի «Մի՛ լռիր, Ռեմի», «Մերսեդես» և այլ երկերը: Երկրորդ խմբի գործերի մի մասը, ինչպես ասվեց, նվիրված է սոցիալ-քաղաքական, պատմական-ողբերգական թեմատիկային (Ս. Կոսյանի «Տերևի կամքը չհարցնելով…», Ա. Պետրոսյանի «Անավարտ եղերերգ խաչվածին», Ա. Աղասարյանի «Քոչարի» և այլն): Սակայն ուզում եմ հատկապես նշել, որ վերջին տարիներին դրամատուրգներն ստեղծել են նաև ոչ քիչ թվով հաջողված գործեր Արցախյան ազատամարտի և սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց, իրոք որ, հերոսական կյանքի դրվագների թեմաներով, և եթե այդ թեմատիկային առնչվող բանաստեղծական, արձակ գործերն այս կամ այն չափով վերլուծվում և լուսաբանվում են քննադատության կողմից, ապա դրամատուրգիական ստեղծագործությունների շուրջ տարօրինակ լռություն է: Կարծում եմ, Կ. Խոդիկյանի «Ուղեկալ տանող ճանապարհը», «Տունը սահմանի վրա», Ա. Պետրոսյանի «Երդումի գինը», Հր. Բեգլարյանի «Արծվաբույն-1991», Հր. Ալեքսանյանի «Գիշերային դեղատուն», Ս. Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» պիեսները` իրենց որակով և ասելիքի հրատապությամբ, արժանի են լուրջ ուշադրության:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։