Նոր ներկայացում Նոյեմբերյանի թատրոնում

 

Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում մայիսի 29-ին ներկայացվեց Սամվել Բեգլարյանի «Էլ ուր էրթանք, լաո» երկու գործողությամբ դրաման` գրված Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» հանրահայտ պիեսի նմանությամբ: Նոյեմբերյանի «Ասպարեզ» թատրոնը, բազմիցս հաղթահարելով տարբեր դժվարություններ, հանդիսատեսին է հանձնում նոր ու լուրջ ներկայացում: Ս. Բեգլարյանն այս ներկայացման և՛ գրական տեքստի հեղինակն է, և՛ ռեժիսորը, և՛ չորս դերասաններից մեկը (Մաք-Գրեգոր): Հանդիսատեսը մեծ բավականությամբ ընդունեց և՛ դրաման` ներկայի հետ խոսող հարցադրումներով, և՛ դերասանական վարպետությամբ հիացնող նաև մյուս խաղացողներին` Նաիրա Աբրահամյան, Հրանտ Ալեքսանյան, Դավիթ Մինասյան: Առաջին անգամ էր բեմին նաև Բեն Ալեքսանդրի բավականին բարդ կերպարը մարմնավորող Հրանտ Ալեքսանյանը: Առաջին անգամվա համար նրա խաղը ևս բավականին գոհացուցիչ էր: Ինչպես միշտ, թատերասերների հիացմունքին արժանացավ փորձառու Նաիրա Աբրահամյանը` Մարեի դերում: Այս կերպարը խտացնում է ազգային մեծ ողբերգության երանգները, ինչպես նաև հիշողության, անզորության, ցասման ու հերոսականության նրբերանգները: Եվ այդ ամենը վարպետորեն է ներկայացնում սիրված դերասանուհին: Դրամատիկ իրադարձությունները, որ ծավալվում են հայրենազուրկ հայ ընտանիքի շուրջը, ներառում են Մաք-Գրեգորին` ծերունի արտիստին, ում սիրտը հայրենի շոտլանդական լեռներում է: Հայրենազուրկ, աղքատ, «հիվանդ» դերասանի ողբերգությունը, առնչվելով շեքսպիրյան Լիր Արքայի դերին, առավել խորություն է ստանում` տեղի տալով լուրջ ապրումների ու մտորումների: Այս ներկայացման հաջողությանը նպաստել է նաև երաժշտական ձևավորումը, որը, ընդգրկելով նաև Առնո Բաբաջանյանի հայտնի մեղեդին, կատարել է Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, հանդիսատեսների թվում էին նաև հյուրեր արտերկրից (Կանադայից), ովքեր ևս հիացած էին ներկայացմամբ:

Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։