***
ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության բրիգադի հյուրերն էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծներ Ղուկաս Սիրունյանն ու Սամվել Կոսյանը, ովքեր տարբեր ժամանակահատվածներում նույնպես հայկական բանակի համազգեստ են կրել: Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված հանդիպման ջերմ մթնոլորտը, որն ավելի հին ծանոթների հանդիպում էր հիշեցնում: Էդ. Միլիտոնյանը ներկաներին ծանոթացրեց արդի հայ գրականության ձեռքբերումներին ու առկա խնդիրներին՝ կարևորելով գրականության դերը հայրենասիրության, հայ մարտիկի ոգու ամրապնդման, բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման գործում: Ապա բրիգադի զինվորներին և սպաներին ներկայացրեց իր բանաստեղծություններից: Հայրենասիրության թեման հայկական էպոսի հերոսների օրինակով շարունակեց և զարգացրեց Պետրոս Դեմիրճյանը: Ղուկաս Սիրունյանն ու Սամվել Կոսյանը, բարձր գնահատելով հայկական բանակի դերն ու նշանակությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործում, նույնպես բանաստեղծություններ կարդացին: Գրողները պատասխանեցին ներկաների հարցերին: Բրիգադի սպաներին և զինվորներին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչու մեր օրերում պատմավեպեր չեն գրվում, կամ ինչու հայկական բանակին նվիրված բանաստեղծությունները կարելի է մատների վրա հաշվել:
Գրողների և զինվորականների միջև զրույցն անմիջական էր, անկեղծ, երկուստեք օգտակար և ուսանելի: Ինչպես նշեց բրիգադի հրամանատար, գնդապետ Կոտոյանը, հանդիպումը թույլ տվեց անձնակազմին որոշ ժամանակով կտրվել զինվորականի լարված իրականությունից ու զգալ թիկունքի սերն ու աջակցությունը: Վերջում Էդ. Միլիտոնյանը ՀԳՄ-ի անունից գրքեր նվիրեց զորամասի գրադարանին:
***
2014 թ. դեկտեմբերի 29-ին ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի գրողներն այցելեցին Գյումրու զինվորական կայազոր և հանդիպեցին զինվորների և սպաների հետ:
Շիրակի կայազորի պետ, փոխգնդապետ Ռաֆայել Շահգելդյանը ներկայացրեց գրողներին, իսկ գրողների սրտառուչ խոսքը և հայրենասիրական բանաստեղծությունները ոգևորեցին զինվորներին և բարձրացրին նրանց առանց այն էլ բարձր նախատոնական տրամադրությունը:
Ողջույնի խոսքում ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը շնորհավորեց զինվորների և սպաների գալիք Նոր տարին, ցանկացավ հայոց սահմաններին խաղաղություն և Հայոց բանակին զորացում:
Հանդիպմանը ներկա էին նաև ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» մեդալի արժանացած բանաստեղծ Գագիկ Սարոյանը, «Շիրակ» թերթի խմբագիր, բանաստեղծ Սամվել Մարգարյանը, բժիշկ, բանաստեղծ Սերգեյ Սարգսյանը: Գրողները զինվորներին հանձնեցին նոր հրատարակված գրքեր և «Եղեգան փող» թերթի համարներից:
Ռ. Շահգելդյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ նման հանդիպումները կարևոր են, քանի որ սա մի առիթ է, երբ զինվորը հնարավորություն է ունենում առնչվելու հոգևոր արժեքներին, և ցանկալի է, որ այդ առիթները լինեն շարունակական:
***
Նոյեմբերյանը նորանկախ Հայաստանի բանակի խանձարուրն ու ծննդատեղիներից մեկն է… այստեղ են ձևավորվել երկրի առաջին ֆիդայական ջոկատներից մի քանիսը, այստեղ է ստեղծվել հայոց կանոնավոր բանակի առաջնեկ զորամասերից մեկը: Սահմանապահ այս շրջանում արդեն 23 տարի կողք կողքի ապրում ու հայրենիք են պաշտպանում հայոց զինվորն ու հայ շինականը: Միասին են վտանգի պահին, նույն շարքում են տոն-ուրախության ժամանակ:
Այստեղ ամեն տարի հունվարի 28-ը` Հայոց բանակի ծննդյան օրը, վերածվում է համաժողովրդական տոնի:
Այդպես էր նաև այս տարի: Սահմանից թշնամու կրակահերթերն էին լսվում, իսկ զորամասում զինվորական նվագախումբը ռազմի երգեր էր թնդեցնում: Բոլոր տարիների նման, բանակի տոնը շնորհավորելու էին եկել հարյուրավոր նոյեմբերյանցիներ:
Մարզամշակութային կենտրոնի և ՀԳՄ Տավուշի մասնաճուղի նախաձեռնած միջոցառմանը «N» զորամասի զինվորներին ու նրանց հրամանատարին՝ գնդապետ Վ. Ասատրյանին, ջերմագին խոսքեր հղեցին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ Սամվել Բեգլարյանը, մարզամշակութային կենտրոնի տնօրեն Մելսիդա Վերանյանը, քաղաքապետարանի ավագանու անդամներ, մանկավարժներ և այլ հյուրեր: Բոլորն իրենց խոսքում շնորհակալությամբ ու հպարտությամբ նշեցին, որ զորամասը, ինչպես միշտ, հերոսաբար և աննկուն է դիմակայում թշնամու բազում ոտնձգություններին և ջախջախում է նրա բոլոր ագրեսիվ նկրտումները: Փոխադարձ խոսքով հանդես եկավ գնդի հրամանատար, գնդապետ Վ. Ասատրյանը:
Վերջում մարզամշակութային կենտրոնի ու զորամասի համատեղ ուժերով տեղի ունեցավ տոնական համերգ: Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ, թևածեցին ժողովրդական և զինվորական պարեր:
Տպավորիչ և հուզիչ էր «Հույսի կամուջ» հ/կ-ի՝ սահմանափակ հնարավորություններով երեխանների ելույթը: