***
Քեզ պե՞տք են աչքերս –
Հարցրի նրան՝
Ով մոտեցավ վերջինը,
Ով աչքերիս սնդուկները փակելիս
Քո պատկերը տեսավ հատակին՝
Լքված …
Ասի՝ մոռացել են հրեշտակները,
Երբ դատարկում էին աչքերս,
Ասի՝ ոչինչ:
Երկա՜ր ճանապարհ ունեմ անցնելու:
Ասի՝ երկրի ու երկնքի արանքում
Մի տեղ կգցեմ: –
Չհավատաց նա՝
Ով մոտեցավ վերջինը,
Օրորեց գլուխը տխրորեն,
Ինչ-որ բան քչփչաց քթի տակ,
Բայց… մեծահոգաբար թողեց պատկերդ
Եվ շոշափելով այն՝
Փակեց սնդուկներն աչքերիս:
***
Այս աշխարհը՝ մազից…
Այս աշխարհը՝ մազից ու երազից…
Պտտվում է երազն աշխարհի պես:
Այս աշխարհի գլխից
Մի մազ կպակասի,
Երբ երազի թևով հեռանամ ես:
***
Ծովը գալիս, ծեծում է պատուհանս:
Կնոջ տեսք ունի ծովն այսօր,
Չե՞ս հավատում՝
Կրծքի փափկությունը շոշափիր,
Կամ հոտ քաշիր երկա՜ր մազերի թարմությունից,
Կուզես աչքերի խորքը նայիր՝
Խորախորն ու դիվորեն նենգ,
Կուզես տես՝ ինչպես է մարմնի աղմուկը
Տեղավորում քո ականջներում,
Որ բնակվի այնտեղ…
Դու դեռ չես հասցնում անել այսքանը՝
Ծովը հեռանում է –
Սպասուհու պես սրբելով ապակին պատուհանիդ,
Թողնելով այնտեղ իր վերջին կաթիլները
Ցած հոսող արցունքի,
Թողնելով քո մեջ
Եվս մի չկայացած սիրո հրաժեշտի պատմություն,
Քեզնից իր հետ չտանելով ոչինչ…
***
Այս գիշերվա բազուկն էլ ծալեցի:
Դժվարությամբ:
Եվ ինչպե՞ս չուրախանամ –
Գիշերը սևամորթ մի հսկա էր՝
Պեծպեծուն ատամներով:
Մենամարտի թագուհին դո՛ւ էիր –
Ամեն պահի քե՛զ էի հիշում:
Եվ դու էիր ոգեշնչում սպասվող հաղթանակս:
Հիմա ուզում եմ այն քե՛զ նվիրել,
Ազատի՛ր ձեռքերդ ճամպրուկներից
Եվ վերցրո՛ւ հաղթանակս,
Այն քոնն է…
***
Ծննդյանս նախօրեին
Աղջիկս, որն ինձ շատ է սիրում,
Հավաքեց բոլոր օրացույցները,
Հանեց տան միակ ժամացույցի սլաքները,
Տեղավորեց մի անկյունում,
Ինձ էլ իր քնքուշ թաթիկներով
Հրեց այդ անկյունն ու ասաց.
– Հայլի՛կ,
Դու խանութպան եղիլ
Ու վաճալիր քո ժամանակը:
Հաջորդ օրը
Շատ կենսասեր հաճախորդներ եկան մեր խանութ
(Բոլորն էլ հարազատ),
Եվ քանի որ օրը տոնական էր,
Ես աղջկանիցս թաքուն
Տալիս էի նրանց իմ ժամանակն անվճար:
Երբ ճանապարհում էի նրանց,
Ժամանակիս վերջին մասնաբաժինն էլ
Նվիրեցի պատահական անցորդին
Ու մնացի առանց ժամանակի զգացողության:
Ու միշտ, աղջկանիցս թաքուն,
Երբ հայացքս պատերն է շոշափում
Տարիքիս մասին ինչ-որ տեղեկություն կորզելու համար,
Մի կշեռք է գտնում տան անկյունում,
Որն ունի երկու սլաք
Ու մի հին պատմություն…
***
Այս լռությունը,
Որ հազարավոր մրջյունների հանգույն
Հարձակվում երազներիդ պարսպի վրա
Եվ հիմնահատակ ավերում է:
Ավերում է դանդաղ –
Սրտխփոց առ սրտխփոց:
Ավերում անընդհատ՝
Վիթխարի պարսպից թողնելով
Մի ողորմելի դարպաս՝
Շարունակ ճոճվող
Ամեն մի պատահական քամուց:
Ու հետո ինչ-որ ներքին հրամանով
Հազարավոր անխոնջ մրջյուններ
Դուրս են գալիս մենավոր դռնից,
Կողպում են ու հեռանում՝
Իրենց կոհակների վրա տանելով հսկայական բանալին,
Որով մի ժամանակ բացում էիր
Դուռը երազներիդ:
ՏԱՍՆԵՐԿՈՒ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՔԱՂԱՔ, ԿԱՄ ԳՅՈՒՄՐԻ-200
(անկախության 12- ամյակին)
Դու այսօր տասներկու թռիչք պետք է ունենայիր,
Դու` անկախ իմ քաղաք,
Իջնում ես, սակայն, քո փառքի փլատակներից
Դու քայլ առ քայլ,
Թևատ ես, այնպես անքուն,
Մազախռիվ ու տառապած,
Աչքերիդ մեջ երազն է նահանջում,
Երազը, որ չունի ներկա, ունի անցյալ:
Դու ընկնում ես ահա, շարունակ,
Ինչպես աստղն է ընկնում իր ծանր երկնքից,
Դու ընկել ես
Քո պարկեշտ տղամարդկանց հայհոյանքների,
Քո փափկասուն կանանց արյունլվա ոտքերի տակ,
Քո աղջկա խալին նայիր, քաղա՛ք իմ,
Տե՛ս, որքա՜ն վեր է ծնկից,
Քո տղամարդու աչքերին նայիր,
Որ կախ են ընկել գրպանների պես դատարկ:
Սա՞ էր այն հանգրվանը,
Որ ճանապարհը բերելու էր քեզ մի օր,
Սթափվի՛ր, քաղա՛ք,
Նայի՛ր ոգու պարիսպներից ներս,
Տո՛ւր ինձ քո Աջը,
Եկ գնանք դեպի հավատն իմ հեռավոր,
Հավատա հավատիս,
Դարձիր ինձ և ասա, որ Տեր ես:
Ես այսօր տաներկու անգամ
Կծեծեմ պարսպիդ դուռը սրտիս զարկերով,
Ես այսօր տասներկու անգամ
Կհամբուրեմ քո սիրո, հույսի և հավատի եկեղեցին,
Ես այսօր կփշրեմ
Բոլոր տագնապներս տասներկու անգամ
Ֆայտոնիդ անիվներին զարկերով
Ու այսպես, ահա այսպես քեզ համար վառվելով
Կմիանամ լապտերներին փողոցիդ:
***
Երբ փոքր էի, ինձ ասում էին.
– Կապույտը կյանքի խորհրդանիշն է,
Ողողի՛ր կյանքդ ջրերի մեջ…
Ես հասակ առա
Եվ տանուլ եմ տալիս ժամանակս գիշեր առ գիշեր,
Եվ առավոտներին սկսում եմ ինձ վերստին հավաքել անկողնուց.
Նախ գլուխս եմ դնում որոշակի բարձրության վրա,
Հետո պարանոցովս ամրացնում իրանիս,
Ապա միացնում եմ ձեռքերս, ոտքերս…
Ոտքերս չեն հասնում գետնին,
Ու ես նորից եմ անջատում մասերը մարմնիս
Եվ ամեն ինչ սկսում եմ նորից՝
Գլուխս մի քիչ իջեցնելով,
ԳԼՈՒԽՍ ՄԻ ՔԻՉ ԻՋԵՑՆԵԼՈՎ…
***
Ես քայլում եմ անապատի միջով,
Ես դուռն եմ որոնում անապատի…
Իմ առաջին խաղալիքը մի ուղտ էր,
Որ նվիրել էին ծնողներս և ասել.
– Տե՛ս, ի՛նչ կանես այս միայնակ ուղտը,
Ափսո՜ս, խանութում անապատ չկար:
Ու ես ամենուր սկսեցի անապատ որոնել՝
Դիմացս:
Կողքս:
Շուրջս:
Մարդկանց հոգիներում:
Իմ մեջ…
Ես ծաղիկ էի նվիրում սիրածս էակին –
Ծաղիկը բուրում էր ավազի հանգույն:
Բարև էի տալիս անցնող մեկին –
Բարևս խուլ խշշում էր:
Ես ամուր բռնում էի ընկերոջս ձեռքը
Եվ փորձում էի դուրս գալ ինձ տանջող գիշերից,
Բայց բռանս մեջ փախուստն էր աճում,
Փախուստը ավազների:
Եվ ձանձրացած համատարած լռությունից՝
Ես մի օր սպանեցի ուղտին:
Ես սպանեցի իմ մենակությունը
Եվ մնացի ավելի միայնակ
Այս անապատում:
Եվ, ահա, քայլում եմ անապատի միջով,
Ես դարձյալ դուռն եմ որոնում անապատի…
***
Գիշերանոցին աստղեր կային նկարված,
Իսկ ժպիտը լիալուսին էր,
Որ ինձ նայում էր գիշերվա հիշողությունից:
Եկավ հանդարտ,
Մեղմորեն հոսեց դեպի Գետը,
Որի ջուրն իմ հեռացող ժամանակն էր,
Ափերը՝
Պատյանն իմ կայուն տխրության:
Ընտրեց տխրությանս ամենամեծ քարերից մեկը:
Նստեց քարին:
Արձակեց Գիշեր-մազերը: Խառնեց ջրերի սևին:
Գիշերանոցը հանեց ու շպրտեց երկինք –
Աստղերը ցիրուցան եղան երկնքում:
Ժպիտը տվեց ջրերին ժամանակիս:
Տվե՞ց արդյոք…
Լուսադեմին ապարդյուն որոնում էի նրան –
Երկինքը դատարկ էր,
Իսկ ճերմակին տվող ջրերը
Քաշում-ծռմռում էին
Գունատ լուսնի ավարտվող ժպիտը
Ու չէին կարողանում իրենց հետ տանել…
***
Երազիս մի ծայրին
Միշտ դու էիր,
Ու երազս միայն մի ծայր ուներ:
***
Գյուղի ամենաբարձր կետը
Մեր բարդու կատարն է:
Բարդին պապս էր տնկել,
Երբ հայրս դեռ չէր ծնվել ու պատերազմ էր…
Ու տատիս ասել էր՝
Լավ կնայես այս ծառին,
Ու տատիս արցունքները թափվել էին բարդու կատարին,
Ու բարդին հասակ էր առել…
Գյուղի ամենաբարձր կետը դարձավ մեր բարդու կատարը,
Երբ պապս այլևս չկար,
Եվ տատս պատմում էր, թե ինչպես է հայրս
Աչքերի դատարկությունը լցրել բարդու հայրությամբ,
Եվ առնականացել է բարդին օր-օրի,
Եվ օր-օրի ավելի է բարձրացել
Մեր գյուղի ամենաբարձր կետը:
…Այժմ ո՛չ պապս կա,
Ո՛չ հայրս, ո՛չ էլ անգամ՝ պատերազմը:
Ես պառկել եմ բարդու ստվերին,
Ինձանից քիչ հեռու ընկած է գերանդիս,
Իսկ որդիս ուզում է բարձրանալ
Գյուղի և իմ հիշողության ամենաբարձր կետը…
***
Ձյան համատարած ճերմակից
Մի սպիտակ աղավնի պոկվեց, եկավ ու նստեց ուսիս:
Պոչի հովհարը քսվեց քունքիս,
Ու ձյան վրա մի աղավնաչափ խալ գոյացավ:
Հետո մեկ ուրիշ խալ առաջացավ
Ձյան համատարած ճերմակին,
Եվ մյուս ուսս էլ զգաց
Աղավնի կրելու իր պարտականությունը:
Այսպես աղավնի առ աղավնի
Ճերմակը լքեց իր տարածքները,
Ու երբ դրսում խայտանք էր գույների,
Իսկ ճերմակի ծանրությանը
Ուսերս էլ չէին դիմանում,
Հանկարծ մի ահռելի թեթևություն զգացի:
Անհաշիվ աղավնիներ
Իրենց հետ ինձ երկինք էին տանում…
***
Մի ցեխոտ գիշեր, անձրևոտ գիշեր,
Երբ դուրս չես գալիս անգամ երազում,
Երբ քո հուշերի հնացած մի շերտ
Չգիտես ինչու քեզ է վերհիշել –
Քո գիրկն է վազում…
Եվ դու արթնացել գիշերն այդ ծանր՝
Ցեխոտված հոգուդ ոտքերն ես սրբում,
Դու ոտաբոբիկ, քայլերով մանր
Ձեռք ձեռքի տված այդ հուշ-յալանչուն,
Դո՛ւ չէ, նա՛ է քեզ անկողին կանչում:
Եվ դու հյուրի պես քո իսկ անկողնում
Պառկում ես՝ խեթ-խեթ նայելով հուշիդ,
Իսկ նա քո ձեռքը անգամ չի թողնում,
Անգամ չի հանում հագուստ ու կոշիկ,
Տեղավորվում է բարձիդ այն կողմում:
Ու հետևում է հայացքով համառ,
Որ չլինի թե անվարձ հեռանաս,
Իբր՝ չի եկել հատուկ քեզ համար,
Իբր՝ անցնում էր կողմերով այս հին,
Հանկարծ հիշել է քո պատկերը խաս:
Եվ դու ձանձրացած նրան ես նայում
Ու լարախաղաց քո ժամանակին,
Ու սրտիդ խորքում հույս ես փայփայում,
Որ յալանչին քեզ կթողնի կրկին,
Եթե անձրևը մի պահ կտրվի:
Ա՜խ, թե անձրևը մի պահ կտրվի,
Մի պահ կտրվի տզզոցն ականջիդ –
Կպոկես անկոչ հյուրին քո գրկից,
Դուրս կշպրտես, ինչպես մի վերջին
Պոռնիկի … Եվ ի՜նչ:
Դեռ ավելի է գալիս – սեղմվում
Այդ թոկից փախած պատառը հուշի,
Վերջապես արդեն քեզ էլ չի թվում,
Որ որոնում էր նա մեկ ուրիշի
Եվ վաղը արդեն նա քեզ չի հիշի…
– Տեսնես կավարտվի՞ գիշերն այս խրթին, –
Ասում ես, տանտեր զգում քեզ մի պահ,
Նա աչքերիդ մեջ խրվում է կրկին.
– Անձրևն,- ասում է,- դժվար կտրվի,
Ե՛կ ծանոթանանք, իմ անունն է Մահ…