ԱՄԵՆ ՕՐ ՄԱՆԿԱՆԱԼՈՎ

17.thumb

Ավանդույթի համաձայն՝ Մանկապատանեկան գրքի շաբաթը մեկնարկում է ՀՀ մարզերից որևէ մեկում: Ապրիլի 1-ին Մանկապատանեկան գրքի շաբաթի մասնակիցները հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում: Համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, արժևորեց Դդմաշեն համայնքում շաբաթի մեկնարկը: Նշելով, որ բազմաթիվ առիթներ են եղել համայնքի դպրոցի հարկի ներքո ընդունելու գրողների և միջոցառումներ կազմակերպելու մի շարք ճանաչված դեմքերի հետ, նա ընդգծեց, որ կենդանի շփումները շատ կարևոր են աշակերտների համար և մեծ նշանակություն ունեն նրանց աշխարհայացքի ձևավորման գործում:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով օրվա հյուրերին՝ արձակագիր Տիգրան Նիկողոսյանին, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, գրող Անուշ Վարդանյանին, արձակագիր Սաթենիկ Ղազարյանին, բանաստեղծներ Օլգա Դարյանին, Խաչիկ Մանուկյանին, նշեց, որ նման հանդիպումները մանուկներին հնարավորություն են տալիս ճանաչելու այսօր ստեղծագործող մանկագիրներին: Նա պատահական չհամարեց շաբաթի մեկնարկումը Հայաստանի մարզերի համայնքներից որևէ մեկում, քանի որ Հայաստանի գյուղերը գրականության մեծագույն գրողների ծննդավայրն են եղել: «Գյուղական աշխարհը մարդու հոգին լցնում է բնության գեղեցկություններով, մարդկային փոխհարաբերություններով, կենդանիների հետ շփումներով և նպաստում ճիշտ ճանաչել մեր հայրենիքը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը, hավելելով, որ ողջ շաբաթվա ընթացքում գրողները հանդիպումներ են ունենալու տարբեր դպրոցներում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով հյուրերին, շեշտեց, որ ՀՀ մարզերը ուշադրության կարիք ունեն, և կարևորեց միջոցառումները քաղաքներից, հատկապես մայրաքաղաքից տեղափոխել մարզեր, քանի որ այդպիսով մեկ անգամ ևս արժևորվում է երկրի համաչափ զարգացումը: «Ես կարծում եմ, որ ամենատարբեր ենթակառույցների զարգացմանը զուգընթաց պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր համայնքներում մշակութային կյանքի տարածմանը, զարգացմանը, կարևորենք մշակութային օջախները»,- ասաց Գ. Սանոսյանը՝ վստահեցնելով, որ պատրաստ են իրենց իրավասության սահմաններում, ուժերի ներածին չափով աջակից լինել մարզում տարբեր ծրագրերի իրականացմանը: Խոստովանելով, թե ինչքան հաճելի է արձակագիր Տիգրան Նիկողոսյանի հետ համագործակցելը, նա ասաց. «Այնքան սուտ ու կեղծիք ենք հաճախ տեսնում ու լսում, որ կարոտ ենք հաճախակի մտավորական, զարգացած, կիրթ մարդկանց հետ շփվելու»: Աշակերտներին հորդորելով շատ կարդալ՝ մարզպետն ամփոփեց. «Մեր բախտը բերել է՝ ունենք փառահեղ դասականներ ու նաև մեր կողքին ունենք գրողներ, ովքեր չեն զիջում իրենց տաղանդով: Եվ մենք հնարավորություն ունենք թե՛ կարդալ նրանց գրածները, թե՛ շփվել նրանց հետ»:
Արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, խոսելով գրականության դերի մասին, նշեց. «Այսօր այստեղ ենք, որպեսզի շարունակվի բարության և սիրո մեծ դասը»:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, արժևորելով մարզպետի՝ գրական-մշակութային միջավայրին օժանդակելու պատրաստակամությունը, բարձրացրեց գրական, հատկապես մանկապատանեկան մամուլը դպրոցներ հասցնելու խնդիրը՝ վստահեցնելով, որ դա կնպաստի՝ երեխաները մասնակից դառնան ստեղծագործական պրոցեսներին իրենց նկարներով, ստեղծագործություններով: «Ովքեր մշակութային արժեքների կրողն են, իսկապես սիրում են իրենց երկիրը, որովհետև գիտեն՝ երկիրը միայն գծված սահմանները չեն, երկիրն առաջին հերթին ոգեղենությունն է, և մենք պետք է կարողանանք նոր շնչով հզոր, ամուր երկիր ստեղծել»,- ամփոփեց նա:
Անուշ Վարդանյանը, ներկայացնելով «Ծիծեռնակ» հրատարակչության տպագրած գրքերը, հորդորեց սիրել գիրքն ու կարդալ, քանի որ այն զարգացնում է միտքը, երևակայությունը: Նրա հավաստմամբ՝ այսպիսի հանդիպումները նպաստում են ճանաչել իրենց կողքին ապրող գրողներին, արվեստագետներին:
«Յուրաքանչյուր հանդիպում մոտեցնում և մտերմացնում է ընթերցողի հետ»,- նկատեց Սաթենիկ Ղազարյանը և խորհուրդ տվեց կարդալ «Ծիծեռնակ» ամսագիրը, մասնակցել կազմակերպվող գրական մրցույթներին:
Օլգա Դարյանը, հպարտությամբ նշելով, որ ինքը մանկագիր է, ասաց. «Չես կարող գրել, եթե չմտածես երեխայի նման, իսկ երեխայի նման մտածելը նշանակում է ամեն օր մանկանալ, ամեն օր գնալ մանկության գիրկը»:
Ելույթ ունեցան նաև Դդմաշեն համայնքի գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանը, մանկագիր Զեմֆիրա Ենոքյանը: Բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանը, Օլգա Դարյանը, Խաչիկ Մանուկյանը, արձակագիր Սաթենիկ Ղազարյանը կարդացին իրենց ստեղծագործություններից: Դպրոցի աշակերտները ներկայացրին գրական կոմպոզիցիա՝ հնչեցնելով ժամանակակից բանաստեղծներ Արևշատ Ավագյանի, Էդ. Միլիտոնյանի, Խ. Մանուկյանի, Հռիփսիմէի, Թ. Տոնոյանի, Գ. Մանուկյանի, Օ. Դարյանի և Ս. Ղազարյանի բանաստեղծություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։