Մայրենիի մեծարման ինքնատիպ դաս-ցերեկույթ էին կազմակերպել մայրաքաղաքի «Վարդանանք» կրթահամալիրում, որին հրավիրել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Հանդիպմանը ներկա էր նաև արձակագիր Տիգրան Նիկողոսյանը:
Ջերմ և անկաշկանդ երկխոսությունն ընթացավ «Ոսկեղենիկ մայրենին տոն է, որը միշտ մեզ հետ է» կարգախոսով: Դասը շարունակվեց 3-րդ դասարանի աշակերտների պատրաստած ներկայացմամբ: Բեմադրվել էր մանկագիր Էդ. Միլիտոնյանի «Ոզնին» ստեղծագործությունը, որը ներառված է իրենց դասագրքում: Ստեղծագործության հեղինակը քաջալերող ժպիտով հետևում էր փոքրիկ դերասանների խաղին, հայացքով խրախուսում նրանց: Ներկայացման ավարտից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում: Երեխաները փորձում էին իրենց կարծիքները հայտնել ստեղծագործության հերոսների, նաև այն մասին, թե ինչ է սովորեցնում հեղինակը: Գրողների ներկայությունը նրանց ավելի էր ոգևորում:
Դասի ավարտին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը սիրով պատասխանեց դպրոցականների հարցերին, խոսեց նաև առաջիկա անելիքների մասին: Հանդիպման ավարտին մանկագիրը դպրոցի գրադարանին նվիրեց վերջերս լույս տեսած իր հեղինակած գրքերից: