Ժամանակները փոխվում են, փոխվում են պատկերացումներն ու վերաբերմունքը վայրերի, նաև հուշարձանների հանդեպ, փոխվում են նաև վայրերն ու հուշարձանները, ձեռք բերում նոր խորհուրդ:
Կարծում ենք՝ այդպիսի վայրերից և հուշարձաններից մեկը Ծիծեռնակաբերդն է և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Համարում ենք, որ ժամանակն է բլրին և հուշահամալիրին հաղորդելու նաև մեկ այլ խորհուրդ՝ հայ ժողովրդի կենսունակության և հարատևության խորհուրդը: Հարկավոր է այնպես անել, որ Ծիծեռնակաբերդը, իր առանձնացյալ ու լուռ վեհությունը պահպանելով, շրջապատվի ոգեղեն կյանքի զարդագոտիով, հետաքրքրի, հրապուրի, գայթակղի, ձգի, լինի մեր հայացքների ու մտքի կիզակետում, ներկայիս անմարդության փոխարեն (ապրիլյան մի քանի օրերից բացի, այնտեղ հազվադեպ են այցելուներ լինում) դառնա հայերիս և զբոսաշրջիկների ամենօրյա այցելության վայր, և մարդիկ կամա-ակամա գնան, խոնարհվեն անմար կրակին, առնչվեն, վերապրեն, ոգեկոչեն, ոգեկոչվեն, համակվեն կենսունակությամբ, նպատակասլացությամբ:
Այդ նպատակին հասնելու համար առաջարկում ենք Ծիծեռնակաբերդի շուրջ ստեղծել կենսոլորտի առաքելություն ունեցող այսպիսի կենսագոտի.
1. Ծիծեռնակաբերդի Բնաշխարհիկ ազգային պարկ
Ցանկապատել (էլեկտրական, լազերային, մետաղյա) կիրճի Կիևյան կամրջից Հրազդան մարզադաշտ ընկած հատվածը, ճոխացնել բուսաշխարհը, տնկել դարերի ու հազարամյակների կյանք ունեցող էնդեմիկ՝ բնաշխարհիկ ծառեր՝ սոսի, կաղնի, գիհի և այլն (կարող են լինել նաև պտղատու ծառեր): Պիտի լինեն նաև անվանական ծառեր, ինչպես հուշահամալիրի Հիշողության պուրակում է:
Պարկը բնակեցնել բնաշխարհիկ գեղեցիկ և անվնաս վայրի կենդանիներով ու թռչուններով (եղնիկ, քարայծ, միրհավ, կաքավ և այլն): Հարմար վայր(եր)ում, որը տեսանելի կլինի Հրազդանի ձախ ափից, ստեղծել ջրտուքի և կերակրման բացօթյա վայր(եր), այդպես գայթակղել կենդանիներին, դարձնել տեսանելի: Հրազդանի դիմացի ափին ստեղծել մի քանի դիտակետ, տեղադրել դիտակներ, դրանք ուղղել Հուշահամալիրին ու կենդանիներին:
Այսպիսով ստեղծել Հայաստանի ծառատեսակների և խոտաճարակ կենդանիների՝ բուսական և կենդանական աշխարհների ուրույն մանրակերտը: Դիտակետերում անցկացնել բնագիտության, կենդանաբանության, պատմության բաց դասեր:
Ավելին, ստեղծել սոսյաց ծառերի Գուշակությունների պուրակ, վերակենդանացնել հավատալիքը, ընձեռել սոսիների տերևների սոսափյունով գուշակություններ կատարելու հնարավորություն, այնպես, ինչպես անում էին հայ քուրմերը հնում, պուրակում կազմակերպել բանախոսություններ, զանազան միջոցառումներ (ի դեպ, այս պուրակը կարող է լինել Մարզահամերգային համալիրին հարակից լանջի դարավանդների վրա):
Հրազդանի ափին կառուցել մաքրող ավազան, մաքրած ջուրը հզոր պոմպ(եր)ով քողարկված խողովակ(ներ)ով մղել վեր, կառուցել արհեստական ջրվեժ(ներ), լճակ (ներ) ջրվեժ(ներ)ի վրա կառուցել հիդրոկայան(ներ) ստացված էլեկտրաէներգիան օգտագործել պոմպ(եր)ը սնուցելու համար՝ այդպիսով ստեղծելով գրեթե հավերժական շարժիչ:
Կառուցել ջրվեժը հատելու տպավորություն թողնող արծաթափայլ արահետ, այնպես, որ այս երկուսը միասին ձևավորեն լանջով մեկ ձգվող խաչ, որը պիտի հստակ տեսանելի լինի հեռվից ու վերևից:
Ջրվեժի գոյությունը, հարկավ, ոչ միայն դիտարժան կդարձնի Ծիծեռնակաբերդի լանջը, այլև մեծապես կնպաստի տեղի միկրոկլիմային, կփարթամացնի բնությունը:
Նկատի ունենալ, որ սա արվում է դարերի ու հազարամյակների համար: Կանցնեն ժամանակներ, ու կասվի, որ աշխարհի ամենաերկարակյաց սոսին, օրինակ, Ծիծեռնակաբերդ ազգային պարկում է:
2. Ծիծեռնակաբերդի Սեպուհ ռազմամարզական ավան
Ծիծեռնակաբերդի բլրի, «Հրազդան» մարզադաշտի և «Դալմա մոլ» կոչվածի միջև գտնվող եռանկյունում ստեղծել ռազմամարզական ավան-համալիր, այստեղ տեղակայել զանազան ռազմաուսումնական ու վարժական հաստատություններ, մարզադպրոցներ, մարզասրահներ, մարզադաշտեր: Այնպես անել, որ առնական նախասկզբի դավանող հայությունը՝ ռազմիկներն ու մարզիկները, զգան Ծիծեռնակաբերդի շունչը, միշտ իրենց աչքերի առջև և սրտներում ունենան նրա պատկերն ու ոգին, այցելեն այնտեղ:
Այստեղ էլ կարելի է անցկացնել ռազմագիտության դասեր:
3. Ծիծեռնակաբերդի Փոքրիկ գեղուհիներ պուրակ
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ռազմամարզական ավանի միջև գտնվող ամոթաբերորեն չորացող լանջը վերածել հատապտուղների պուրակի, տնկել Հայաստանի համար բնաշխարհիկ հատապտուղների թփեր, որոնք ոչ միայն կզարդարեն ու կգեղեցկացնեն օրեցօր լերկացող լանջը և տեսանելի կպահեն Հուշահամալիրն ու թանգարանի շենքը, այլև կհանդիսանան Ծիծեռնակաբերդ ազգային պարկի յուրատեսակ շարունակություն, կլրացնեն Հայաստանի բնության մանրակերտի պատկերը:
Բայց այս պուրակը չպիտի ունենա սոսկ դեկորատիվ նշանակություն: Կարելի է, օրինակ, կազմակերպել բերքահավաքի օրեր՝ մասնակցելու համար հրավիրելով լրագրողների, երգիչ-երգչուհիների, դերասանների: Այսինքն՝ այնպիսի մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր իրենց գործունեության ընթացքում կարող են անդրադառնալ այդ երևույթին, ներկայացնել իբրև ակցիա: Հավաքած բարիքը նվիրել մանկատներին ու ծերանոցներին: Կամ պահածոյացնել ու նոր նվիրել (կարելի է նաև բարեգործական միջոցառումներում վաճառել ու հասույթն այդ կերպ օգտագործել):
Այս պուրակը նույնպես արահետներով պետք է ունենա խաչաձև բաժանում, իսկ խաչը պիտի հստակ տեսանելի լինի հեռվից ու վերևից:
4. Ծիծեռնակաբերդի Հայլենդ ժամանցավայր
Հայլենդը պիտի կառուցել Ծիծեռնակաբերդի բլրի դիմաց, դեպի Աջափնյակ տանող մայրուղու ձախակողմյան երկայնքով, որի կտրատված տեղանքը տվյալ դեպքում կարելի է դիտարկել իբրև առավելություն:
Սա լինելու է Դիսնեյլենդի օրինակով կառուցված ժամանցավայր, որը, ինչ խոսք, բազմաթիվ այցելուներ կբերի նաև Ծիծեռնակաբերդ (նաև Մարզահամերգային համալիր և պատկերասրահներ, նաև Հայկական գյուղ):
Նախագծի այս կետի շուրջ շատ չենք ծավալվում, որովհետև կլինեն նմանատիպ ժամանցավայրեր ստեղծելու գործով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններ, որոնք մեծ հաճույքով, վարպետությամբ ու շահագրգռվածությամբ կիրականացնեն այս գործը: Ասենք միայն, որ Հայլենդի գոյությունը վիթխարի զարկ է տալու զբոսաշրջությանը, շրջեկների հոսք կարող է բերել Մերձավոր Արևելքի, ԱՊՀ, Հայաստանին հարևան ու նաև հեռավոր երկրներից:
5. Ծիծեռնակաբերդի Ամենատես աչք աստղադիտակ
Ծիծեռնակաբերդի խճուղուց Հուշահամալիր տանող ճանապարհի միջև գտնվող աջ լանջի վերնամասի որևէ հատվածում կառուցել բացօթյա աշտարակ-հարթակ, այնտեղ տեղադրել հզոր դիտակներ, որոնք ուղղված կլինեն Արարատին ու երկինք: Կարծում ենք, որ Արարատը ամենայն մանրամասնությամբ տեսնելու և աստղերի հետ շփվելու հնարավորությունը կգայթակղի և՛ տեղացիներիս, և՛ զբոսաշրջիկներին, Ծիծեռնակաբերդը կդառնա նաև գիշերային այցելավայր և ձեռք կբերի, հիրավի, նոր ոգեղենություն:
Բայց մինչ այցելուներին աստղադիտակներից օգտվելու ազատություն տալը, կարծում ենք, պիտի լինի մի կարճ պարտադիր ծրագիր, որով աստղադիտակը նախ ուղղվում է Հուշահամալիրին, անցում կատարում Արարատի վիհերին և կանգ առնում լեռան գագաթին: Այստեղ էլ կարելի է անցկացնել աստղագիտության և աշխարհագրության դասեր:
6. Ծիծեռնակաբերդի Շնորհալի մշակութային և գիտակրթական կենտրոն
Աստղադիտակի մերձակայքից մինչև Մարզահամերգային համալիր ձգվող խճուղուն մերձ աջ լանջը երկայնքով փորել (հաշվարկված լայնությամբ ու խորությամբ), ողջ խրամով մեկ հիմնել պատկերասրահների, համերգային և կինոդահլիճների, ակումբների մեկ կամ երկու հարկանի կառույցների (սրահներ ու դահլիճներ) շարք: Կարելի է այնտեղ տեղափոխել և՛ ազգային պատկերասրահը, և՛ ժամանակակից արվեստի թանգարանը, նաև մանկական պատկերասրահը (կամ նրանցից որևէ մեկը, կամ ստեղծել լիովին նոր պատկերասրահ ու թանգարան), համալիր ստեղծել նաև գեղագիտական դաստիարակության և ժողովրդական արհեստների ու արվեստների կենտրոններ:
Մշակութային կենտրոնը գործելու է ողջ ծավալով, պատկերասրահներն ունենալու են մշտական ցուցադրություններ, կազմակերպելու են ցուցահանդեսներ, աճուրդներ և այլն, տարբեր անվանակարգերում անցկացվելու են Ծիծեռնակաբերդ մրցանակի մրցույթներ, համերգային դահլիճներում լինելու են կամերային բնույթի դասական և հոգևոր, ազգային երաժշտության համերգներ, կինոդահլիճներում ցուցադրվելու են բարձրարվեստ կինոնկարներ, կազմակերպվելու են լեկտորիումներ, ակումբներում՝ մշակութային միջոցառումներ (հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն), գործելու են նկարչական, երաժշտական, գրական ստուդիաներ, խմբակներ, լինելու է նաև երիտասարդ գիտնականների (կամ ուղղակի գիտնականների) ակումբ, կազմակերպվելու են գիտամշակութային միջոցառումներ, ամառային դպրոցներ և այլն: Կարելի է մեկական սրահ տրամադրել ստեղծագործական միություններին, որպեսզի նրանք այստեղ անցկացնեն իրենց միջոցառումները:
Այստեղ բերել նաև Թումոյի ռոբոտատեխնիկայի մասնաճյուղը:
Կենտրոնն ունենալու է ժողովրդական արհեստներին ու արվեստներին նվիրված բաժին, լինելու են խմբակներ ու արհեստանոցներ, կազմակերպվելու են ժողովրդական արհեստների ստեղծագործությունների ցուցահանդեսներ, վաճառք, աճուրդ և այլն:
Այստեղ էլ կարելի է կազմակերպել կենտրոնի բնույթին համապատասխան դասեր:
7. Ծիծեռնակաբերդի Սերմնահատիկ պարտեզ
Մշակութային կենտրոնն ունենալու է հարթ տանիք, որն ամբողջությամբ (բացառությամբ աստիճանների բացվածքների) ծածկվելու է հողով, և վերականգնվելու է բլրի մակերեսը: Այս տարածքում ձևավորվելու են առանձին հողամարգեր, ուր սերմանվելու են Հայաստանի համար բնաշխարհիկ խոտատեսակներ, հացազգիներ, ծաղիկներ: Սա էլ լինելու է Հայաստանի այս բուսաշխարհի ուրույն մանրակերտը:
Սրանց կից լինելու են մանկական պարտեզներ՝ ծաղկաբույլերով, շատրվաններով ու ցայտաղբյուրներով և այլն: Վայրը պիտի դառնա մանուկների ճանաչողական այցելությունների և ժամանցի սիրված վայր, պիտի անցկացվեն դպրոցական էքսկուրսիաներ, բուսաբանության բաց դասեր և այլն:
Ընդ որում, պարտեզը նույնպես արահետներով պիտի վերածվի խաչի, որը դարձյալ տեսանելի կլինի հեռվից ու վերևից:
8. Ծիծեռնակաբերդի Երկնային Հայաստան վիրտուալ թանգարան
Մարզահամերգային համալիրի մերձակայքում, բացօթյա, լազերային ճառագայթների միջոցով ստեղծել վիրտուալ թանգարան, երևակայական էկրանի վրա պատկերել Հայաստանի պատմաճարտարապետական կոթողների հոլոգրաֆիկ պատկերները (այստեղ էլ կարելի է պատմության բաց դասեր անցկացնել):
9. Ծիծեռնակաբերդի Ծիծեռնակ ճոպանուղի և Սուրհանդակ էլեկտրաբուս
Իհարկե, ցանկացած վայրի ժողովրդայնացման ու զարգացման ամենակարևոր նախադրյալը դյուրամատչելի փոխադրամիջոցի առկայությունն է: Կարծում ենք, որ եթե ճոպանուղի կառուցվի Հրազդանի կիրճի վրայով, ասենք, Դվին հյուրանոցի կամ Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքի և Ծիծեռնակաբերդի միջև, ապա դա շատ գայթակղիչ կլինի և մարդկանց հոսք կառաջացնի դեպի Ծիծեռնակաբերդ, կդառնա զբոսաշրջային կազմակերպությունների ծրագրի մաս: Իսկ երբ ճոպանուղու վագոնը հավասարվի Ցեղասպանության հուշահամալիրին ու խաչին և հնչի զանգի ընդամենը երեք ղողանջ, ապա դա կունենա գրեթե միստիկական ազդեցություն, կնպաստի մեր ու այլոց մեջ այդ երևույթի հանդեպ խոր ու անանց պատկերացումների արմատավորմանը:
Իսկ Սուրհանդակ խորհրդանշական անունը կրող էլեկտրաբուսները Ցեղասպանության թանգարանն ու հուշահամալիրը գոտևորելով երթևեկելով կապ են հաստատելու հիշատակված վայրերի միջև, Անմար կրակի մոտ են բարձրացնելու նաև այդ վայրերն այցելողներին, նաև նպաստելու են դրանց գործունեությանը:
10. Օրենք Ծիծեռնակաբերդի մասին – Ծիսական տարածք
Ծրագրի բնույթը և իրագործումը այլևայլ շեղումներից, այլասերումներից ու ոտնձգություններից պաշտպանելու և Ծիծեռնակաբերդի բուն էությունը, դերն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում արտացոլելու և ամրագրելու համար առաջարկում ենք ընդունել Օրենք Ծիծեռնակաբերդի մասին և Ծիծեռնակաբերդը հռչակել անձեռնմխելի, սրբազան, Ծիսական տարածք:
Առ օրս ծիսական է ընկալվում (թերևս վերացա-կանորեն) միայն հուշահամալիրի ու թանգարանի համալիրը, այցելությունն ու խոնարհումն այս շրջանակներում: Մենք գտնում ենք, որ Ծիսական տարածք պիտի լինի ծրագրում նշված ողջ տարածքը: Սա նշանակում է, որ այնտեղ կատարվող ամեն ինչ, յուրաքանչյուր գործողություն իր մեջ պիտի ունենա ծիսական ենթատեքստ՝ ոգեկոչման և արդարահատույց, կենսունակության և հարատևության, ոգեղենության խորհուրդ: Այս արդյունքին հասնելը այնքան էլ դժվար չէ, եթե մենք մեր մեջ ունենանք ու փոխանցենք հավատը, որ հայության արդար դատն ի վերջո հաղթանակելու է: Կյանքի ու գործունեության վերածվող այս հավատն է այն պակասող տարրը, որ անհրաժեշտ է մեզ, որը պիտի Ծիծեռնակաբերդը ներարկի մեզ, և մենք՝ Ծիծեռնակաբերդին:
Ծիծեռնակաբերդի ազդեցության գոտի
Ծիծեռնակաբերդի շուրջ գտնվող հաստատությունները՝ Մարզահամերգային համալիրը, Հրազդան մարզադաշտը, Հայկական գյուղը և Հայլենդը, նաև Դալմա մոլ կոչվածը ընդգրկվելու են Ծիծեռնակաբերդի ազդեցության գոտում և գործելու են նրա ոգու և տրամաբանության համաձայն: Սա ամրագրվելու է օրենքում:
11. Ծիծեռնակաբերդ հիմնադրամ և Պահապանների խորհուրդ
Ծրագիրն իրականացնելու համար ստեղծել Հիմնադրամ, ընդգրկել պետական և մասնավոր կառույցներ, ոլորտներին առնչվող հայկական ու միջազգային կազմակերպություններ, անցկացնել մրցույթ: Ծրագրում նշված յուրաքանչյուր ուղղություն Հիմնադրամում ունենալու է իր առանձին մասնաբաժինն ու մասնաճյուղը, սրանք միավորվելու են այս հիմնական հիմնադրամի մեջ, որի կազմում լինելու են նաև մրցույթում հաղթած կազմակերպությունների բաժնետիրական դրամագլուխներ:
Ներդնողները կարող են լինել և՛ հայաստանցի անհատներ ու կազմակերպություններ, և՛ արտասահմանյան ու միջազգային:
Իսկ Պահապանների խորհրդի խնդիրը լինելու է վերը նշված ոգեղենությունը պահպանելը և ծրագրի ամբողջական իրականացման ապահովելը: Ինչ-որ իմաստով այն կատարելու է գործադիր մարմնի դեր:
12. Ամփոփում
Ինչպես ասվեց, սա մի ուշագրավ ծրագիր է, որտեղ միաձուլված են ոգեղեն ու բիզնես կողմերը.
ա) Ոգեղենը – Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը թեև որևէ փոփոխության չի ենթարկվում, բայց դառնում է մի վիթխարի, բազմակողմ ու ընդգրկուն կյանքի առանցք, ինչի շնորհիվ էլ վերածվելու է ուշադրության կենտրոնի, տարածելու է իր նոր խորհուրդը, որը հայ ժողովրդի կենսունակության և հարատևության խորհուրդն է: Նաև ավելի վառ ու հարատև է մնալու Ցեղասպանության զոհերի հիշատակը, արդարության ու հատուցման պահանջը, իրականացվելու են այն կենսագործելու քայլեր:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որի մասին առայժմ չի խոսվել. ծրագրի իրականացումն ինքնին արդեն քարոզչական պատերազմի տարր է (հիմա ամենուր և ամեն ոլորտում քարոզչական մրցակցություն է ու պատերազմ): Այս ամենը ենթաիմաստով մեծապես ծառայելու է հայության ռազմավարական շահերին:
բ) Բիզնեսը – Առաջարկված գրեթե բոլոր կետերն իրենց մեջ ունեն եկամտաբեր բիզնեսի տարրեր: Արդեն ասվել ու ակնհայտ է, թե դրա կենսագործումն ինչ զարկ է տալու զբոսաշրջությանը և մշակութային բիզնեսին: Ավելացնենք նաև աշխատատեղերի գրեթե ահռելի քանակը, որը կստեղծվի ծրագիրն իրականացնելու դեպքում:
Հետապնդելով և կյանքի կոչելով որոշակի հոգևոր, գաղափարական, մշակութային, ռազմավարական նպատակներ՝ այս ծրագրով հընթացս կլուծենք նաև բազմաթիվ օրախնդիր ու առօրեական հարցեր, հայոց վերջին մայրաքաղաք Երևանը կգեղեցկանա անհավատալիորեն և կդառնա առավել հետաքրքիր, հարուստ ու ոգեղեն:
Այսպիսի մայրաքաղաք ունենալը, բնականաբար, կնպաստի նաև Հայաստան պետության ազգահավաք քաղաքականությանը: Նաև՝ սփյուռքահայությանը առավել կձգի դեպի հայրենիք:
Եվ ամենակարևորը. մեր խորին համոզմամբ, ծրագրի իրականացումը կնպաստի ներսույզ և միաժամանակ գործունյա անհատականությունների մի հզոր հավաքականության ձևավորմանը, որը մեր ժողովրդի ուղին է, որի սաղմերն արդեն նշմարվում են, որի սյուներից մեկն էլ կարող է դառնալ այս ծրագիրը…
(Լրագրային տարբերակ)