Ապրիլի 6-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի շաբաթի փակումը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ գրողների հետ հանդիպումները ուրախացնում են ոչ միայն երեխաներին, այլև գրողներին: «Առանց երեխաների հետ հանդիպելու դժվար թե մանկական հոգեբանությանը ծանոթ լինես, ճանաչես մանուկ հոգին, և եթե գրողը չկարողանա մանուկների աչքերով նայել աշխարհին, դժվար թե ի զորու լինի լավ ստեղծագործություն գրել»,- ասաց նա և ընդգծեց, որ գրադարանի ու ՀԳՄ-ի նպատակը մանուկներին դեպի լավ գրականություն ուղղորդելն է: Էդ. Միլիտոնյանը ցավով փաստեց, որ շատ հաճախ երեխաները չեն ճանաչում իրենց կողքին ապրող, ստեղծագործող հեղինակներին, որոնց ստեղծագործություններից ընդգրկված են դասագրքերում: «Լավ գրքերով մարդն ասես զրահապատում է իր հոգին, իր ներսը»,- նկատեց նա և հավելեց, որ կարդացած յուրաքանչյուր լավ գիրք կյանքում դառնում է զինակից, ընկեր ու բարեկամ:
«Չկարծեք, թե գրքերում պատկերված են միայն անցած-գնացած օրերը, և մեր ժամանակներում կյանքն այլ հունով է ընթանում: Այսօր էլ ամեն քայլափոխի ականատես եք լինում երևույթների, իրավիճակների, որոնց ծանոթ ենք գրքերից»,- մանուկներին դիմեց գրադարանի դաստիարակության և զանգվածային միջոցառումների բաժնի աշխատակից Նաիրե Աղեկյանը և վստահեցրեց, որ վարքագիծ ձևավորելու, շիտակ ճանապարհով ընթանալու և այդ ճանապարհի դժվարությունները հաղթահարելու գործում օգնում են ընթերցած գրքերը: «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, մանկագիր Անուշ Վարդանյանը, նշելով, որ գիրքն է տալիս երևակայություն, միտք, շեշտեց, որ համակարգիչը զուտ տեղեկատվության աղբյուր է, իսկ գիրքը խոսում է մարդու հետ, որովհետև հեղինակն աշխատել է նրա յուրաքանչյուր հատվածի վրա: Խոսելով ժամանակակից հայ գրողներին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու անհրաժեշտության մասին՝ նա տեղեկացրեց, որ իրենց հրատարակչության սկզբունքն է հրատարակել ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Ելույթ ունեցան նաև գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը: Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա ժամանակակից հայ մանկագիրների ստեղծագործություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ