Խաղաղության պատգամ՝ երեխաներին ու պատանիներին

Հուլիսի 8-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տրվեց հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի մեկնարկը:
Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը բացման խոսքում նշեց, որ գրադարանը բարեկամ Իրանի հետ համագործակցում է արդեն 10 տարի: 2006-ից գրադարանում գործում է իրանական ընթերցասրահ: «Մեր համագործակցությունն այս տարիների ընթացքում դինամիկ զարգացում է ապրում, ինչի վկայությունն է այսօր, այստեղ «Խաղաղություն և բարեկամություն» փառատոնի մեկնարկը»,- ասաց Ռ. Տոնոյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, կարևորելով այս փառատոնի նախաձեռնությունը, նշեց. «Այս ծրագիրը յուրօրինակ է և տարբերվում է մյուսներից նրանով, որ ծանոթանում, ընկերանում, բարեկամանում են մարդիկ, ովքեր այսօր հիմքեր են դնում հետագա երկարատև ընկերության: Ես շատ ուրախ կլինեի, որ Հայաստան այցելած յուրաքանչյուր իրանցի երեխա այստեղ ձեռք բերի գոնե մեկ ընկեր»,- ամփոփեց նա:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Մաջիդ Մեշքիի հավաստմամբ` փառատոնի նպատակն է երեխաների մեջ զարգացնել այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են խաղաղությունն ու բարեկամությունը: «Մեծանալով հենց այս բարեկամական մթնոլորտում՝ իրենք էլ իրենց ներդրումը կունենան երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- հավելեց նա:
«Մանուկ և խաղաղություն» կազմակերպության տնօրեն Հադի Հեջազին շեշտեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակը խաղաղության պատգամի փոխանցումն է երեխաներին ու պատանիներին:
Ըստ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի` ամենակարևորը մանկան հիշողությունն է, քանի որ տեսնելով ու ամբարելով լավն ու գեղեցիկը, նա այդ ամենը հիշում է ամբողջ կյանքում: «Ես հավատում եմ, որ դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների կուտակած պատմական, մշակութային հարստությունները այս սերունդը կփոխանցի գալիք սերունդներին»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը:
Այնուհետև գեղարվեստական կատարումներով ելույթ ունեցան գրադարանի ընթերցողները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։