ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

Քաղաքական գործիչ չեմ և որևէ կուսակցության չեմ պատկանում: Որպես ՀՀ քաղաքացի և մտավորական՝ ուզում եմ իմ մտահոգությունն ու տարակուսանքն արտահայտել մի կարևոր խնդրի շուրջ՝ ապավինելով ինձ հարազատ «Գրական թերթին»:
Վերջերս մի ատենախոսության պաշտպանության ընդդիմախոս էի: Թեման վերաբերում էր հայ միջնադարյան ամրոցների ճարտարապետությանը: Ատենախոսը անհրաժեշտ մակարդակով և խորությամբ վերլուծել էր ամրաշինական կառույցների ճարտարապետությունը, նրանց պաշտպանական համակարգը, ժամանակին ու իրողություններին դիմակայելու ներուժը և այլն: Գնահատելով այդ ամենը՝ իմ խոսքում նաև շեշտեցի, որ ատենախոսը, կենտրոնանալով առանձին ամրոցների խնդիրների վրա, բավարար չափով չանդրադարձավ երկրի միասնականության, հզորության ամրապնդման, ընդհանուր պաշտպանական համակարգ ստեղծելու խնդրին: Քանի որ, որքան էլ ամրացված լինեին ամրոցները, դրանք առանձին-առանձին երկիրն ապահով դարձնելու երաշխիք չէին կարող տալ, հիշո՞ւմ եք ժամանակի կարգախոսը. «Բաժանիր, որ տիրես», ինչն այսօր էլ, կարծում ենք, պահպանում է իր բարոյախոսական կարևորությունը:
Եվ ոչ միայն ատենախոսությունում… Մեր ողջ գործունեության մեջ, ինչ բնույթի էլ լինի դա, առաջին պլանում պետք է լինեն երկրի ու ժողովրդի շահերը:
Երբ խորանում ես պատմության քառուղիներում, ակնհայտ է դառնում, որ երկրին ու ժողովրդին հասած պատուհասները, անիշխանությունն ու թշնամանքը միշտ էլ եղել են ոչ համախմբվածության, ոչ համերաշխության, ընդհանուր շահերն անտեսելու արգասիք: Միասնությամբ, պետականությամբ ապրելու շահագրգռությունը մեզանում պակաս է եղել: Միշտ չէ, որ հաշվի են առնվել պատմության դասերը. չարիքն ու անհանդուրժողականությունը, հավատքի և համերաշխության բացակայությունը հաճախ են եղել մեր կյանքի ուղեկիցները: Հայ պատմագրությունում, նաև այլ աղբյուրներում քանիցս նշվում է միտքը, թե հայոց ավատական, իշխանական տները երկրի միասնականությանը շատ ավելի վնաս են պատճառել, քան՝ օտարները: Դա պետք է դաս լինի մեզ համար, ուղեցույց՝ այսօրվա և վաղվա խնդիրները լուծելիս: Բայց…
Երկրի ազատականացման և անկախ պետականության հաստատման իրողության ուղեկիցն են հասարակական կյանքի շատ ոլորտների՝ այդ թվում գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքականացումն ու կուսակցականացումը: Մեզանում քաղաքացիություն է ստացել կարծիքը, թե նախարարական պաշտոնյաները քաղաքական-կուսակցական պաշտոնյաներ են: Հաճախ է լինում, որ այս կամ այն նախարարական պաշտոնը մի կուսակցությունից անցնում է մի այլ կուսակցության, որի դեպքում պաշտոնյան, անկախ իր աշխատանքի որակից, պետք է թողնի պաշտոնը կամ պետք է փոխի կուսակցությունը, դառնալով այն կուսակցության անդամ, որին տրվել է պաշտոնը: Զավեշտալի է, բոլորովին անընդունելի, երկրի ու գործի շահերից չբխող, ինչի համար որևէ հիմնավորում դժվար է գտնել: ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածում նշված է` «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», հետևաբար՝ կառավարության անդամները (իմա՝ աշխատակիցները) գործադիր պաշտոնյաներ են: Գործադիր մարմնի քաղաքականացման ձգտումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ հնարավորություն է ընձեռում վերին ատյաններում մեծամասնություն կազմող կուսակցություններին՝ դյուրին ձևով իրենց ներկայացուցիչներն ունենալ կառավարական էշելոնում՝ «ընդհանուր հավասարակշռությունը պահելու համար»: Նույնիսկ որոշ կուսակցությունների առաջնորդներ՝ հատկապես նախընտրական թոհուբոհում, հաճախ են հայտարարում, որ իրենց կուսակցությունը պատասխանատու է կամ պատասխանատվություն է ստանձնում երկրի գործերի համար: Բայց ինչ մեխանիզմով, ինչպես կամ ինչումն է արտահայտվելու այդ պատասխանատվությունը՝ հասկանալի չի դառնում: ՀՀ Սահմանադրությունը նրանց պետական կառավարման որևէ դեր չի հատկացնում. «Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ կառուցվածքն ու գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին» (Հոդված 7):
Կամ՝ ՀՀ-ում ստեղծվել են 80-ից ավելի կուսակցություններ, որոնց կազմակերպական հիմքը, բնականաբար, պետք է լինի երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ մոտեցումները: Բայց այդ մոտեցումներից արդյունավետ, հեռանկարային, ազգային շահերից բխող կարող են լինել ընդամենը մի քանիսը, ոչ թե՝ հարյուրներով: Այդ դեպքում ի՞նչ է տալիս այդ բազմաթիվ կուսակցությունների գոյությունը մեր փոքր հանրապետությանը:
Գործադիր մարմինների քաղաքականացման աննպատակահարմարության գիտակցումով պետք է բացատրել, որ իրավապահ և ուժային կառույցներում բացառվում է քաղաքական կուսակցությունների գործունեությունը: Բայց քաղաքականացումն այն դրսևորումներում, ինչպիսին մեզանում է, աննպատակահարմար է ոչ միայն այդ մարմիններում, այլև կառավարման մյուս ոլորտներում:
Քաղաքականացումն առավել ակնառու է ՀՀ Ազգային ժողովում: Պատգամավորները մեծագույն մասով կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնք Ազգային ժողովում պարտավոր են իրենց կուսակցությունների դիրքորոշման ջատագովը լինել: Դա նշանակում է, որ ԱԺ-ում կուսակցական խմբակցության անդամ պատգամավորը չի կարող ազատ և անկաշկանդ դրսևորել իր կամքը, նաև դժվար է ակնկալել որևէ որոշում, որ չի բխի կուսակցականության շահերից: Խորհրդարանական լսումները, փաստորեն, վերածվել են կոալիցիոն կուսակցությունների միասնական կարծիքի ձևավորման և պատգամավորներին կանխակալ կողմնորոշելու գործընթացի: Նման պարագայում զարմանալի չպետք է թվա, եթե ասվի, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը կամ պարտականությունը ևս քաղաքական է: Եթե նկատի ունենանք նաև, որ պատգամավորների մի թևն էլ, միավորելով գործարար ոլորտի ներկայացուցիչներին, որոշումներ ընդունելիս ելնում է իր օլիգարխիկ շահերից, ապա, իրոք, դժվար է սպասել համազգային շահերին ծառայող օբյեկտիվ և կոնստրուկտիվ լուծումներ: Որտե՞ղ է մնում ժողովրդավարությունը, կամ՝ արդյոք չի՞ վտանգվում Սահմանադրության այն հոդվածը (66), որտեղ ասվում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:
Ստեղծված իրավիճակն ինչ-որ չափով հիշեցնում է խորհրդային ժամանակների տխուր իրողությունը, երբ երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների խնդիրները վճռում էին «ամենազոր» կուսակցական մարմինները:
Կարող է վկայակոչվել այլ երկրների օրինակը, որտեղ կուսակցությունները վճռորոշ դեր են կատարում պետության կառավարման գործընթացում: Կարծում ենք, ուրիշ է, երբ կուսակցության անդամների թիվը հասնում է մի քանի միլիոնի, և ուրիշ է, երբ ընդամենը մի քանի հարյուր է: Նաև ուրիշ են մեր խառնվածքը, պահվածքը, քաղաքակրթության աստիճանը, ժողովրդավարական ավանդույթները: Հաճախ է պատահում, որ այլ երկրների ուսանելի փորձը մեզանում չի գործում, չի գտնում իր միջավայրը: Երևի ոչ մի երկրում չէր արվի այն անբարո քայլը, որ մեր համատարած չքավորության պայմաններում արեցին երկրորդ գումարման ԱԺ պատգամավորները՝ անկաշկանդ և աներևակայելի չափով բարձրացնելով իրենց աշխատավարձը («որպեսզի ապահով լինեն, որ ամբողջովին նվիրվեն օրենսդրական գործունեությանը» արատավոր կարգախոսով), ինչը մեծ չափով սասանեց մարդկանց հավատն ու վստահությունը:
Արհեստածին է և համերաշխության ու միասնականության շահերից չի բխում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմություն (այսպես կոչված՝ իշխանական թև, կոալիցիոն կուսակցությունների անդամ-պատգամավորներ) և ընդդիմություն (հիմնականում ոչ կոալիցիոն կուսակցությունների անդամ-պատգամավորներ) թևերի բաժանումը: Այնպես է ստացվել, որ որևէ առաջարկություն, որոշում կամ օրենքի նախագիծ, որ ներկայացնում է ոչ կոալիցիոն կուսակցության անդամ-պատգամավորը, դեմ պետք է քվեարկվի կոալիցիոն կուսակցությունների անդամ-պատգամավորների կողմից և՝ ընդհակառակը, անկախ նրանից, թե քննարկվող հարցերը որքանով են բխում երկրի և ժողովրդի շահերից: Այսինքն՝ որոշիչը ոչ թե հարցերի կարևորությունն է, այլ՝ թե ով է դրանք ներկայացնում:
Խորհրդային ժամանակներում այսպիսի լոզունգ կար. «Պատգամավորը ժողովրդի ընտրյալն է, և նա ձայն է տալիս իր խղճով»: Եթե արդիական (փաստական) տեսանկյունով նայենք խնդրին, ապա այդ լոզունգն այսօր կարելի է ձևակերպել այսպես. «Պատգամավորը կոալիցիոն (իշխող) կուսակցությունների ընտրյալն է և ձայն է տալիս այդ կուսակցությունների թելադրանքով»:
Եթե նախկինում ինչ-որ քանակությամբ պատգամավորներ ընտրվում էին մեծամասնական ընտրակարգով, ապա նոր Սահմանադրության համաձայն՝ սպասվում է, որ դրանք ամբողջությամբ «կընտրվեն» համամասնական կարգով, այսինքն՝ իշխող կուսակցությունների առաջադրմամբ, նշանակում է՝ նորընտիր ԱԺ պատգամավորները կլինեն առավել կուսակցականացված, առավել օտարված ժողովրդից: Ժողովրդական խոսքով ասած՝ «հոնքը շինելու փոխարեն, աչքն էլ չե՞նք հանում»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։