ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Արտաշես Քալանթարյանի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ կազմակերպվել էր անվանի հրապարակախոսի և դրամատուրգի 90-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակում անցկացվեց նաև Արտաշես Քալանթարյանի ստեղծագործական կյանքին նվիրված զեկուցումների մրցույթ: Ֆակուլտետի սաները «Արտագաղթն ու հայրենադարձությունը Քալանթարյանի ստեղծագործության մեջ», «Արտաշես Քալանթարյանը՝ լրագրող» և «Տեսաուղերձ կամ նամակ Զավեն Շարաֆյանին («Իսկ դո՞ւք որտեղ էիք» ստեղծագործության հերոսին)» խորագրերի ներքո գրավոր կամ տեսապատկերներով զեկուցումներ էին պատրաստել:
«Քաղաքացիական իր ակտիվ պահվածքով, հրապարակախոսական սուր գրչով, գեղարվեստական նուրբ մտածողությամբ Քալանթարյանը նշանակալից հետք է թողել խորհրդահայ գրականության և հրապարակախոսության մեջ»,- նշեց պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը և հավելեց, որ անվանի գրողի ընտանիքի անդամների հետ բարեկամական կապն ու ակտիվ համագործակցությունը տարիների պատմություն ունեն, որոնց արդյունքում ֆակուլտետն ունի Քալանթարյանի անվան լսարան, իսկ լավագույն ուսանողները նաև նրա անվան կրթաթոշակ են ստանում:
Հնչեցին 12 զեկուցումներ: Հանձնաժողովը, որի կազմում էին նաև Քալանթարյանի զավակները, առաջին երեք լավագույն զեկուցումների համար նախատեսել էր 200.000-ական դրամ: Սահմանվել էր նաև 6 խրախուսական մրցանակ՝ Ա. Քալանթարյանի ժողովածուները, ներառած «Kindle»-ներ:
Վարդուհի ԶԱՔԱՐՅԱՆ