Հոկտեմբերի 13-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի ծննդյան 70-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ գրեթե 12 տարի աշխատելով որպես ՀԳՄ նախագահ, դրանից առաջ` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, Լևոն Անանյանը ամենօրյա գործով ամեն ժամ ամեն ինչ ներդնում էր գրողների, հայ գրականության, այն տարածելու համար: Տեղեկացնելով, որ Լ. Անանյանի հետ աշխատել է «Գարուն» ամսագրում 70-ականների սկզբին, երբ վերջինս արվեստի բաժնի վարիչն էր, Էդ. Միլիտոնյանը հիշեց, որ այն ժամանակ էլ նա աչքի էր ընկնում իր անհանգիստ բնավորությամբ: Անդրադառնալով Լևոն Անանյանին որպես հրապարակախոսի` Էդ. Միլիտոնյանը փաստեց. «Նա եղավ խնդրահարույց հոդվածների այն հետքը շարունակողներից մեկը, որ հրապարակախոս Մարգո Ղուկասյանն էր հիմնել «Գարունում»: Լ. Անանյանն իր գործունեության ընթացքում թարգմանեց գրքեր անգլերենից, ռուսերենից, ԳՄ-ի աշխատանքային ծանր լծի տակ հրատարակեց մի շարք գրքեր, այդ թվում նաև բանաստեղծությունների մի գիրք»: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ` ԳՄ նախագահը, բացի գրական հարցերից, զբաղվել է նաև գրողների ամենատարբեր կենցաղային խնդիրներով: Բանախոսը հիշեց «Գրական թերթում» տպագրված Լ. Անանյանի «Օրագիրը», որտեղ մանրամասն ներկայացված էր նրա աշխատանքային մեկ օրվա ժամանակացույցը: «Լ. Անանյանը հասցնում էր շատ բան անել, եղավ միջոցառումների և գրական մարաթոնների սկզբնավորող, ընդլայնեց գրական կապերը, ձևավորվեցին գրական որոշակի ավանդույթներ, հանդիպումներ հարևան պետությունների գրողական համայնքների հետ, զարկ տվեց գրական մամուլի վերելքին, ստեղծագործական միությունների համագործակցությանը: Այս ամենը 10-12 տարվա, իսկապես, քրտնաջան աշխատանքի հետևանք էր, և այս ամենը Լևոնն անում էր ասպետաբար, ինքն իրեն չխնայելով»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն անդրադարձավ Լ. Անանյանի հրատարակչական գործունեությանը նրա կողմից հիմնադրված «Ապոլոն» հրատարակչությունում, որի շնորհիվ սկսեցին տպագրվել գրքեր համաշխարհային գրականությունից, բոլորն էլ այնպիսի հեղինակներ, որոնց թարգմանելն ու հրատարակելը պատվաբեր էր ցանկացած երկրի ու ժողովրդի համար:
Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը Լ Անանյանին բնութագրեց իբրև օրինապահ, բարի, ընկերասեր, հայրենասեր անհատականության: Գնահատելով միջազգային կապերի ստեղծման գործում նրա ունեցած ավանդը, Ա. Դոլուխանյանը միաժամանակ կարևորեց թարգմանական այն ժողովածուները, որոնք ստեղծվեցին Լ. Անանյանի նախաձեռնությամբ և առաքվեցին աշխարհի տարբեր գրադարաններ` ապացուցելով, որ հայերը շարունակում են մնալ առաջնակարգ կրթված ժողովուրդ: «Լևոնի ոգին եթե միշտ ուղեկցի մեզ, մեծ հաջողությունների կհասնենք»,- ամփոփեց բանախոսը:
«Որքան հեռանում ենք Լ. Անանյանից, այնքան նա ավելի բացվում է մեր առջև նորովի, այնքան խորքային ճանաչումների ենք գնում»,- նկատեց գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը և նշեց, որ նա բերեց ԳՄ-ի նախագահի տիպարի նոր պատկերացում` վարքականոնի խնդիր դարձնելով իր համար՝ լինել բոլորին հասու, լինել գրական կյանքի զգայաչափը, սիրել մարդուն, հավատալ գրողին: Լ. Անանյանը փոխեց գրական ճանաչողության ռիթմը, սեր բերեց իր գործունեության մեջ և այդ սիրով վարակեց շատերին` ամեն ինչ մի կողմ դնելով և գրողի ետևում որոնելով մարդուն: Ս. Դանիելյանը թումանյանական երակ նկատեց Լ. Անանյանի բազմաբևեռ գործունեության մեջ և միաժամանակ ընդգծեց այն փաստը, որ ԳՄ նախկին նախագահը կրնկի վրա բացեց Սփյուռքի կիսաբաց դռները` անափ երազանք ունենալով երկկողմանի բանուկ երթևեկ բացել Սփյուռքի և Հայաստանի միջև, ջնջել անվստահության սահմանները:
Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, Լ. Անանյանին համարելով անհանգիստ հոգի, խոստովանեց, որ ինքն ամեն օր մտածում, հիշում է Լ. Անանյանին, և որ իրեն թվում է, թե նա պարզապես գնացել է որևէ հանդիպման:
Դրամատուրգ, «ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը մտովի բեմադրեց այն հոբելյանական ծննդյան օրը, որն արժանի է Լ. Անանյան մարդուն: Պիեսի գործողության վայրը «Գարուն» ամսագրի խմբագրի աշխատասենյակն էր, մասնակիցները` տարբեր աշխատանքային կոլեկտիվներ, ընկերներ, ընտանիքի անդամներ:
Ըստ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի` Լ. Անանյանը ոչ միայն 375 գրողների իսկական ղեկավարն էր, առաջնորդը, այլև ամբողջ Սփյուռքի գրողներին համախմբողն էր, միավորողը: «Լևոնն իր էներգիան չէր ծախսում, մսխում էր»,- ասաց նա:
Ուկրաինացի հայագետ, ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, թարգմանիչ Օլեսանդր Բոժկոն գնահատեց հայ-ուկրաինական գրական կապերի ամրապնդման գործում Լ. Անանյանի ունեցած ներդրումը` հիշատակելով նրա նախաձեռնությամբ պատրաստված «Գարուն» ամսագրի այն համարը, որը նվիրված էր ուկրաինական ժամանակակից գրականությանը: «Լ. Անանյանը ամեն տեղ էր՝ և՛ գրականության, և՛ մեզ շրջապատող կյանքի մեջ, այն բոլոր խնդիրների մեջ, որոնց առնչվում էինք»,- ասաց Օ. Բոժկոն և անդրադարձավ, իր հավաստմամբ, հրապարակախոսության լավագույն նմուշ «Նամակ թուրք ընկերոջս» գործին, որն ինքը թարգմանել է և հրապարակել «Շաբաթվա հայելի» ուկրաինական հայտնի թերթի էջերում: «Ես վստահ եմ, որ նրա անունը երկար է մնալու հայ գրականության պատմության մեջ»,- վստահեցրեց Օ. Բոժկոն:
Ըստ բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանի` Լ. Անանյանի վիթխարի ջանքը, տիտանական ներկայությունը, ամենուրեք լինելու փորձը, գրական կյանքի բոլոր հատվածներում իր ծանր խաչը տանելը վստահություն էր ներշնչում գրողին: «Լևոնի մեծագույն առավելություններից մեկը ժամանակակից կյանքի, ժամանակակից գրականության զգացողությունն էր»,- շեշտեց նա:
Ելույթ ունեցան նաև ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանը, փիլիսոփ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Միրզոյանը:
«Մեր որդիներին կտակենք ապրելու, երազելու և կառուցելու իրավունք: Իսկ հիմա սթափվելու ժամանակն է, ինքնակազմակերպվելու ժամանակը, անմիաբանության բարդույթը թոթափելու ժամանակը»,- Լևոն Անանյանի այս խոսքերով էլ հանդիսությունը եզրափակեց Գայանե Սամվելյանը, որը ցերեկույթի ընթացքում ներկայացրել էր հատված նրա «Արմատ և սաղարթ» գրքից: