Եվրոպայում լայնորեն հայտնի ալբանացի բանաստեղծ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Ետոն Քելմենդին թարգմանել և իր հիմնադրած «Pjetër Bogdani» Գրողների Միջազգային Ասոցիացիայի միջոցներով հրատարակել է Գագիկ Դավթյանի գիրքը՝ «Բաց նամակ» վերնագրով: Ասոցիացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում և Պրիշտինայում, հայտնի է նաև միջազգային հրատարակչական գործունեությամբ, խթանում է ալբանական գրականությունը արտասահմանում և միջազգային գրականությունը՝ ալբաներենով: Ինչպես հաղորդում է Քելմենդին, Ալբանիայից և Կոսովոյից բացի, գիրքը կտարածվի նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի ալբանական սփյուռքում:
Ներկայացնում ենք Ասոցիացիայի կայքում հրապարակված հոդվածը, որից մի հատված տեղադրված է գրքի դարձերեսին:
ԲԱՌԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՎ
Պրոֆեսոր Ետոն ՔԵԼՄԵՆԴԻ
Գագիկ Դավթյանը հայտնի անուն է ոչ միայն իր երկրի՝ Հայաստանի պոեզիայի աշխարհում: Նրա ստեղծագործությունները թարգմանված են շուրջ քսան լեզուներով: Իր ընտրած բանաստեղծությունների սույն ժողովածուն մենք թարգմանել ենք անգլերենից և ֆրանսերենից։
Այս գիրքը կարևոր իրադարձություն է հայ գրականության համար և երկրի ստեղծագործական տաղանդի վառ մի օրինակ է, որին արդեն կարելի է հաղորդակցվել Եվրոպայի հնագույն լեզուներից մեկով՝ ալբաներենով:
Հարուստ հնչերանգով և ամենաէական զգացմունքներն արտահայտելու հասուն ունակությամբ հայ բանաստեղծը մեզ առաջնորդում է բանաստեղծական հրաշալի ճամփորդության։
Գրքում Դավթյանը ներկայացնում է ստեղծագործական հարուստ ոգի և պոեզիայի հանդեպ ջերմ սեր, որ պարունակում է նաև սերը դեպի իր երկիրը և նվիրվածությունը նրա առօրյա կյանքին։ Զուսպ ու անպաճույճ խոսքը, զգացմունքային բացառիկ զգայնությունը, խորը կապը իր ժողովրդի պատմության ու մշակույթի հետ նրան դարձնում են արտասովոր բանաստեղծ: Նուրբ ոճով և չափածո արվեստի հանդեպ սքանչելի կրքով նրան հաջողվում է անցնել բառերի սահմաններն ու պայթել բանաստեղծական զարմանալի արտահայտությունների մեջ։
Գագիկ Դավթյանի պոեզիայի կարևոր առանձնահատկություններից է առօրյա հոգսերի թեման։ Իր պոեզիայի միջոցով նա խրախուսում է խորհել պարզ պահերի և առօրյա ապրումների մասին, որոնք կարևոր են մեզանից յուրաքանչյուրի համար: Նա հիշեցնում է մեզ, որ գեղեցկություն և պոեզիա կարող ենք գտնել նույնիսկ մեր սովորական առօրյայում:
Բանաստեղծը երբեք չի մոռանում իր ծագումն ու սերը հայրենի Հայաստանի հանդեպ։ Պոեզիայի միջոցով նա արտահայտում է տարբեր զգացումներ իր երկրի նկատմամբ և նրա մշակույթն ու ինքնությունը պահպանելու ցանկությունը։ Երկրի և նրա մշակույթի հետ այս խորը կապը մի թեմա է, որը նրա գիրքը կարևոր է դարձնում ոչ միայն իր ժողովրդի համար, այլև ավելի հետաքրքիր է դարձնում ալբանացի ընթերցողի համար: Հայ բանաստեղծի աշխարհի հետ լավ ծանոթություն է «Բաց նամակ» գիրքը:
Այն ոչ թե բանաստեղծությունների սովորական ժողովածու է, այլ հիրավի բաց նամակ, որը բացահայտում է հեղինակի զգացումները, մտքերն ու ապրումները: Բանաստեղծը հուզական խոսքով, կյանքի ու ինքնության ամենախոր զգացումները փոխանցելու ունակությամբ մղում է հպարտանալու հայ գրականությամբ՝ ալբանացի ընթերցողի առջև բացելով պոեզիայի հրաշալի մի գանձարան։ Այս ժողովածուն չեն կարող բաց թողնել ճշմարիտ պոեզիայի և մշակույթի սիրահարները: Որպես գրքի թարգմանիչ, կարող եմ ասել, որ սա սովորական պոեզիա չէ, որին մենք ընտելացել ենք նոր տեխնոլոգիաների ժամանակներում, երբ այս արվեստը դժվար ժամանակներ է ապրում, գլխավորապես այն ազդեցության պատճառով, որն առաջացրել է համացանցը, որտեղ հատկապես պոեզիայի ընթերցանության անկում է նկատվում։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ բանաստեղծ Դավթյանին հաջողվել է համատեղել ստեղծագործական երկու մոդել՝ հայկականը և ռուսականը, ստեղծելով բանաստեղծական կառույցի մի ձև՝ գեղարվեստական խոսքի լիարժեք պատկերավորությամբ և տեսլականով, միշտ լցված կրքով ու գիտելիքով: