«ԳՐԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ». ԱՌԱՋԻՆ ՁՆԾԱՂԻԿԸ

Գլոբալացման պայմաններում փոքր երկրների ազգային ինքնությունը որքան վտանգված, նույնքան էլ կարելի է հեշտությամբ պաշտպանել, եթե, իհարկե, ճիշտ օգտագործվեն լեզվական և մշակության ինքնության պաշտպանության բազմաթիվ մշակված մեխանիզմները։ Դրանք բավականին հայտնի են, և որոշ գործիքներ ու մեխանիզմներ մեր պետությունն օգտագործում է (այլ հարց է, թե ինչ արդյունավետությամբ, բայց դա առանձին խոսակցության նյութ է), սակայն կա մի գործիք, որի բացակայությունն իրեն զգացնել է տալիս արդեն վաղուց։ Դա «Գրական հյուրատուն» մեխանիզմի ներդրումն է.  դու օտարերկրացի արդեն հայտնի, ինչպես նաև խոստումնալից գրողներին հյուրընկալում ես, պայմաններ ստեղծում, որ նրանք հյուրընկալության ընթացքում ոչ միայն իրենց սեփական գործերով զբաղվեն՝ կտրված լինելով իրենց երկրում ունեցած առօրյա հոգսերից, այլև առնչվեն հյուրընկալող երկրի մշակույթին, պատմությանը, առօրյային՝ ստեղծելով գրական նոր կապեր և նոր միջավայր։ Աշխարհում գոյություն ունեցող մեխանիզմները տարբեր են, հյուրընկալման ժամկետներն էլ, պայմաններն էլ։ Այդ ամենը քննարկելի է, եթե որոշվի այս մեխանիզմը կիրառել։

Հարկ է նշել, որ նախկինում, փոքր-ինչ այլ տարբերակներով (ոչ ինստիտուցիոնալ), մենք նման փորձ ունեցել ենք. Գրողների տանը հյուրընկալվելուց հետո Հայաստանի և հայ ժողովրդի մասին բավական հետաքրիր գրքեր ու հայ գրականության թարգմանություններ են ծնվել։ Մասնավորապես վերջին շրջանից կարող ենք նշել Անդրեյ Բիտովին, Կիմ Բակշիին, հույն գրող Միցոս Ալեքսանդրոպուլուսին, արդեն ընթացքը կասեցրած «Գրական տապանի» մասնակից, իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցանին (որ հայ բանաստեղծներին Ջենովայի պոեզիայի փառատոնին մասնակցելու հնարավորություն էր ստեղծում), ռուս բանաստեղծներ Գալինա Կլիմովային և այլն։  Սակայն ամեն անգամ, երբ թվում էր, որ ահա այս գործիքը սկսել է լուրջ արդյունքներ գրանցել, հանկարծ ինչ-որ բան սկսում էր չաշխատել (կամայական որոշումների, պետության աջակցության բացակայության և այլ պատճառներով), և մեխանիզմը կանգ էր առնում…

Ունենալով հայ մշակույթի տարածման և գրական այսպիսի կապերի զարգացման տեսլական՝ Ծաղկաձորի «Գրողների տան» տնօրեն և գրականության նվիրյալ Մովսես Մանուկյանի հետ որոշեցինք նման մի փորձնական «ծրագիր» անել՝ օգտագործելով մեր անձնական կապերն ու «Գրողների տան» հյուրընկալ հարկը։

Փորձնական մեր «ծրագրի» հերոսը վրացի բանաստեղծ, գրող Շոթա Իաթաշվիլին էր։ Ծաղկաձորյան հանգստի ընթացքում Շոթան հասցրեց ավարտել իր նոր գրքի հրատարակման հետ կապված աշխատանքները։ Հընթացս էլ  միասին  շրջեցինք մոտակա տեսարժան վայրերում, զրուցեցինք, պատմեցինք, պլաններ նախանշեցինք… Հյուրընկալության ժամկետը երկար չէր։ Ճանապարհելիս ծաղկաձորյան հանգստի վերաբերյալ ինչ-որ բան գրելու մասին անգամ չակնարկեցինք էլ։  Նորմալ մարդիկ դա անում են ինքնաբերաբար…

Որոշ ժամանակ անց նամակ ստացա Շոթայից։ Նա հասցրել էր ուսումնասիրել Ծաղկաձոր անվան հետ կապված լեգենդը (համոզված եմ, որ հայաստանցիների մոտ 80 տոկոսն անտեղյակ է լեգենդին ու Շոթայի տեքստից է ծանոթանալու), իսկ արդյունքը չքնաղ մի գործ է, որը վրացերենից թարգմանել է Ասյա Դարբինյանը, իսկ ես գրական մշակման եմ ենթարկել։

Փորձնական մեր ծրագիրն իրոք հաջողված է, արդունքը՝ ստորև։ Բայց հարկավոր է շարունակել այն ինստիտուցիոնալ մակարդակում («Էնտուզիազմով» հեռու չես գնա), քանզի սա պետական մշակութային քաղաքականության գործառույթ ու գործիք է, որ կիրառում են մեզ նման փոքր և անգամ մեծ երկրները՝ Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Նիդերլանդները, Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ը և այլն…

Գևորգ ԳԻԼԱՆՑ