Աղոթք ծաղիկները հավաքելու համար/ ՇՈԹԱ ԻԱԹԱՇՎԻԼԻ

Մեծ իշխան Պահլավունու դուստրը, աշխարհի բոլոր ծագերից բերված ծաղիկների սերմերով ստեղծել էր չքնաղ մի ծաղկանոց, որը մի օր ցրիվ էր տվել ուժգին քամին։ Հենց այդ ծաղկանոցի տեղում էլ նա կառուցել տվեց Կեչառիսի վանքը և խնդրեց վանականներին աղոթել, որպեսզի ձորով մեկ շաղ եկած ծաղիկները վերադառնան։ Վանականներն աղոթեցին, սակայն նրանց աղաչանքն ու աղոթքներն անօգուտ եղան. ծաղիկներն այդպես էլ մնացին ձորով մեկ ցրված։ Այդ ժամանակն ի վեր վայրը կոչվում է Ծաղկաձոր կամ Ցրված ծաղիկների հովիտ։

Լեգենդ Ծաղկաձորի մասին

Բարեգութ և ողորմած Աստված,
որ Տերն ես Ադամի որդիների, կենդանի ամեն էակի
և չքնաղագեղ այս բնության, որ շրջապատում է մեզ,
ուժ տուր քո անպաշտպան ու քնքուշ զավակներին՝
ծաղիկներին, որ վերադառնան նույն այն տեղը,

որտեղից նրանք ցրվեցին երկրի չորս ծագերը՝
անսպասելի հողմի հարվածից գլխատված…

Ուժ տուր, որ նրանք կրկին միանան
հողին ու ջրին այն հովտի,
որտեղ նրանց ապրեցրել ու փայփայում էր
գեղեցկուհի դուստրը մեծ իշխան Պահլավունու,
ուր նրանք մեղմ սոսափում ու բուրում էին՝
ուրախացնելով բազում նրբազգաց սրտեր,
մինչև այն օրը, երբ անողոք հողմը
դրախտավայրն այդ ավերեց՝
տրտմություն սփռելով քնքուշ սրտերում։

Ողորմած Տեր, ամենաբարի Արարիչ,
ուժ տուր Շիրազի վարդին
և Դամասկոսի վարդին,
որ գտնեն դարձի ճանապարհը դեպի մեր պարտեզ,
ուժ տուր Իզմիրի նարգիզին, որ վերադառնա
բլրի այն լանջը, որտեղ ծաղկում էր ժպտերես,
ուժ տուր Շիվայի տաճարի հասմիկին,
որ վերադարձից ուրախացած՝
կրկին ծաղկի Կեչառիսի տաճարի կողքին,
ուժ տուր վիրաց մանուշակին,
որ կրկին այցելի երանելի այգիները Կոտայքի,
և ուժ տուր Իսրայելից եկած կարմիր ֆրինտներին,
որոնց այլ կերպ անեմոն են կոչում,
որ այգու իրենց շքեղ հատվածում
կրկին աչք շլացնելով ծաղկեն։

Օգնիր Նեղոսի ափերից եկած
լոտոսին, որ նորից շողշողա ծաղկանոցում
իր վաղնջական գեղեցկությամբ։
Հեռու և անհաս Հոլանդիայից բերված
կակաչնե՛ր, ծնկի ենք գալիս ձեր առջև
և աղաչում՝ դարձեք ձեր բնակատեղին
հայկական հողում,
ինչպես որ դարձել են արդեն շուշանները՝
ֆրանսիական այգիներից փոխադրված,
և մեխակները՝ ֆլամենկոյի ռիթմում օրորվող,
կամ շուշկենները, որոնք ծածկում են նաև Լոմբարդիան,
Լիգուրիան և Կալաբրիան։

Աղոթք և աղաչանք ենք հղում ձեզ
և խնդրում. վերադարձե՛ք, հե՛տ  եկե՛ք,
հավաքվե՛ք այստեղ՝ այն պարտեզում,
որտեղից արահետները բազում
տանում են դեպի այն լիճը լազուր,
որից դեպի վեր ձգվում են դարավոր կաղնուտներ,
և որի ջրերի կողքին,
ձեզ համար նոր բույն է պատրաստել
աննման մեր իշխանուհին։

Հավաքվե՛ք այստեղ, հավաքվեք։

Օ՜, բարի և ողորմած Աստված,
կրկին միասին ծաղկեցրու նրանց՝
Ռուսաստանի դաշտերից փախած
վախկոտ երիցուկին,
Լռակյաց Հռենոսի ափերին ծնված
բոցի պես մոլեգնող կակաչին՝
արնագույն լեհական պիոնին,
Չինական պատի երկայնքով
սփռված քրիզանթեմին՝
ճապոնուհու ձեռքով խնամված։

Ծաղկեցրու նրանց միասին,
որպես Քո հերթական հրաշք՝
թևեր տուր նրանց, որ ճախրեն միասին՝
սփռելով երփներանգ գեղեցկություն։

Թող այս երկնակամարում
շուրջպար բռնեն ծաղիկները,
թող հունական աստրան
փարվի շվեդական զանգակին,
իսլանդական անմոռուկը
գրկի շոտլանդական կնյունին,
և նեկտար որոնելու ելած մեղուները,
գլուխները կորցրած, շփոթահար,
չկարողանան որոշել,
թե որին մոտենան առաջնահերթ,
բզզալով պտտվեն, վերուվարեն
և այդպիսով միանան                                                                                                                         նրբագեղ ծաղիկների խենթ պարին…

Արարիչ, Բարձրյալ ամենազորեղ,
մի՛ զլացիր դարձյալ հավաքել այս հովտում
մարգարիտներն այն,
որ ցրել էր մի օր հողմը անողորմ։
Մեծ իշխան Պահլավունու
գեղեցկատես դուստրը
տոչորվում, տենչում է,
որ նախկինի պես, ամեն առավոտ
կարողանա բոկոտն զբոսնել
զարմանահրաշ այդ ծաղկանոցում՝
անկարելի գեղեցկության մեջ,
և աղոթի Քեզ ջերմ ու երկյուղած,
հավերժ տոգորված Քո սուրբ հավատով,
փառաբանելով Քո պարգևը մեծ…

Արարիչ, Բարձրյալ ամենազորեղ,
ների՛ր այսպիսի խնդրանքի համար՝
ո՛չ առաքինի կյանքի ու մահվան,
ո՛չ մեղքերի թողության,
ոչ աներեր հավատի համար,
այլ՝ զուտ երկրային գեղեցկությունից
կրկին վայելք ստանալու համար,
որ չհամարես խնդրանքն այս իբրև
կնոջ քմահաճ բնավորության և
անձնասիրության արտահայտություն։
Աղաչում, խնդրում ենք.
մի՛ զլացիր և հավաքիր կրկին
չքնաղ այս հովտում
այն, ինչ ցրել ես
որպես մարգարիտ…