Մայրաքաղաքի Ավան համայնքում գործող N104 դպրոցում, Հայաստանի գրողների միության հետ համատեղ միջոցառում էր կազմակերպվել` նվիրված Հայոց բանակին և արձակագիր, բանաստեղծ Իլյա Արցախեցուն:
Հուշ-ցերեկույթը վարում էր դասվար Ռուզաննա Սարգսյանը: Դպրոցի տնօրեն Հայկանուշ Նիկոյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց. «Այս դահլիճում բազմաթիվ գեղեցիկ միջոցառումներ են տեղի ունեցել, բայց պիտի նշեմ, որ այսօրվա հուշ¬ցերեկույթն էականորեն առանձնանում է առաջին հերթին նրանով, որ մեզ հյուր են եկել խոսքի վարպետներ` միասին հիշելու-արժևորելու իրենց գրչընկերոջը` բանաստեղծ, արձակագիր Իլյա Միքայելյան-Արցախեցուն: Թումանյանական` «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս» տողն է նաև մեզ ուղեկից, և հենց այդ զգացումով ենք պատրաստվել այս հուշ¬ցերեկույթին»:
Իլյա Արցախեցու անցած գրական ճանապարհի մասին ամփոփ խոսքով հանդես եկավ արձակագիր, ՀԳՄ նախագահի խորհրդական Տիգրան Նիկողոսյանը: Իլյա Արցախեցու կյանքն ու գործը ներկայացրին դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր ցերեկույթին պատրաստվել էին փոխտնօրեն Լուսինե Արաբաջյանի, ուսուցչուհիներ Նունե Բադալյանի, Աննա Խաչատրյանի և Ռուզաննա Ավագյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ: Գրողի մասին խոսք ասացին ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր Հովհաննես Պապիկյանը, ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
Բանաստեղծի գործերից արտասանեցին նաև իր և եղբոր թոռնիկները` Գոռը և Արտակը, խոսք ասաց գրողի եղբայրը` Սլավիկ Միքայելյանը: Հրապարակվեց Միքայելյանների ընտանիքի որոշումը` դպրոցում Իլյա Արցախեցու անվան կրթաթոշակ սահմանելու մասին: Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ, կրթաթոշակին այս ուստարում արժանացել է 5¬րդ «բ» դասարանի աշակերտ Ստեփան Բաղդասարյանը: