Հայ բանաստեղծները Պոզնանի Պոեզիայի միջազգային փառատոնում

ՆՈՅԵՄԲԵՐ և ՏԵՐԵՎԱԹԱՓ բառերը նույն իմաստն ունեն լեհերենում՝ LISTOPAD: Եվ երևի պատահական չէ, որ Վարշավայի և Բեռլինի ճամփակեսին տարածվող Պոզնանում յուրաքանչյուր տարվա նոյեմբերի սկզբին անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնը կոչվում է «Բանաստեղծական նոյեմբեր»: Հավանաբար այն կարելի է կոչել նաև «Բանաստեղծական տերևաթափ», և դրանից ոչինչ չի փոխվի, եթե նկատի ունենանք, որ հենց նոյեմբերն է այստեղ բուռն տերևաթափի շրջանը:
Վելկոպոլսկե վոյեվոդության մայր քաղաքն է Պոզնանը, որտեղ միջազգային այս փառատոնը այս տարի կայացավ 39-րդ անգամ անընդմեջ: Հրավիրյալների թվում էին մեկական բանաստեղծներ Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Եթովպիայից, Հունաստանից, Հունգարիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ուկրաինայից:
Մեր գրականությունը ներկայացնում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը:
Փառատոնը թերևս լավագույն հարթակն էր՝ հանդիսավորությամբ նշելու լեհ ականավոր գրող Եվգենիուշ Պաուկշտի ծննդյան 100-ամյակը և լեհ գրողների միության Պոզնանի բաժանմունքի ստեղծման 95-րդ տարեդարձը: Այն կայացավ քաղաքի համալսարանական գրադարանում և եզրափակվեց բանաստեղծական բազմալեզու մարաթոնով:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Ադամ Միցկևիչի անվան համալսարանում: Հաճելի անակնկալ էր «Բանաստեղծությունը առանց կտուրի» անթոլոգիան, որում համառոտակի կենսագրականով և մեկական բանաստեղծությամբ ներկայացված են փառատոնի բոլոր մասնակիցները լեհերենով:
Փառատոնի ծրագրով նոյեմբերի 8-ի երեկոն Պոզնանի համալսարանական գրադարանում ամբողջապես նվիրված էր լեհ-հայկական «Որպես ձեռքսեղմում» (թարգմ.՝ Գ. Դավթյան) և լեհ-բուլղարական «Զրույցներ բարեկամների հետ» (թարգմ.՝ Վանյա Անգելովա) երկլեզու անթոլոգիաների համատեղ շնորհանդեսին, որը վարում էր ՀԳՄ պատվավոր անդամ Կալինա Իզաբելա Զիոլան: (Ի դեպ՝ լեհ-բուլղարական անթոլոգիայում, որպես Բուլղարիայի անկախ գրողների միության պատվավոր անդամ, տեղ է գտել Գ. Դավթյանի բանաստեղծությունը, լեհերեն՝ Կ. Զիոլայի, բուլղարերեն՝ Վ. Անգելովայի թարգմանությամբ): Ներկայացնելով անթոլոգիաները և հընթացս անդրադառնալով վերջին մեկ տարում Լեհաստանում և Հայաստանում հրատարակված հայ և լեհ բանաստեղծների (Էդ. Միլիտոնյան, Գ. Դավթյան, Դ. Լեբյոդա, Կ. Զիոլա) ժողովածուներին, ինչպես նաև հայ 52 հեղինակների գործերն ամփոփող «Խաչվող զուգահեռներ» (թարգմ.՝ Կալինա Զիոլա) երկլեզու հատորյակին, Զիոլան ընդգծեց թարգմանիչների, հովանավորների և հրատարակիչների (մասնավորապես Հայաստանում Լեհաստանի դեսպանության, հայկական «Ծիծեռնակ» և լեհական ««Temat»-ի գրադարան» հրատարակչությունների) անսակարկ ու անբասիր աշխատանքը: «Տարբեր լեզուներով, «Որպես ձեռքսեղմում» խորագրով, լեհական պոեզիայի 12 անթոլոգիա է հրատարակվել փառատոնի տարիներին,- ասաց նա,- և պետք է խոստովանեմ, որ բանաստեղծական ամենաջերմ և ամենաամուր «ձեռքսեղմումը» եղավ լեհ-հայկականը»: Լեհ և այլազգի հեղինակների ստեղծագործությունների բնագրով, հայերեն և բուլղարերեն ընթերցումները վերածվեցին իսկական բանաստեղծական կարուսելի, որ «պտտվում» էր Դ. Լեբյոդայի, Կ. Զիոլայի և Գ. Դավթյանի խոսքերով, ճանաչված բարդ Տոմաշ Բատենչուկի ստեղծած զմայլելի երգերի ուղեկցությամբ:
Լեհական մշակույթը Հայաստանում տարածելու գործում ներդրած ավանդի համար ԼԳՄ Պոզնանի բաժանմունքի նախագահ Պավել Կուշչինսկին փառատոնի դիպլոմներ շնորհեց Էդ. Միլիտոնյանին և Գ. Դավթյանին: Դիպլոմի արժանացավ նաև բուլղար բանաստեղծուհի Վանյա Անգելովան: Շնորհանդեսն իր ներկայությամբ պատվել էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
Հայ բանաստեղծները ստեղծագործական համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցին Բուլղարիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հանդիպում ունեցան Լյուբոնի քաղաքային գրադարանում, այցելեցին Պուշչովո՝ լեհ անվանի գրող և ճանապարհորդ Արկադի Ֆիդլերի թանգարան:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։