ՍԻՄՈՆ ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ

 

Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ թարգմանիչ, պատմաբան Սիմոն Կրկյաշարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Սիմոն Կրկյաշարյանը հայտնի է հունարենից իր թարգմանություններով, հատկապես՝ Քսենոփոնի «Անաբասիս»-ի հրաշալի թարգմանությամբ: Նա խոհեմ, համեստ, գրական միջավայրում սիրելի ու հարգելի թարգմանիչ էր, ինչպես նաև՝ պատմաբան: Հազվադեպ են նրա պես բազմաշնորհ մարդիկ. նա հետամուտ էր միջնադարյան մեծերին, որ որքան շատ գործ էին անում, նույնքան խոնարհ ու խոհուն էին»: Էդ. Միլիտոնյանն առաջարկեց տպագրել Կրկյաշարյանի թարգմանած լավագույն գրքերը, ինչպես նաև անտիպ ստեղծագործությունները:

Գրականագետ Ազատ Եղիազարյանն ասաց. «Ժամանակին մեծ տպավորություն թողեց Սիմոն Կրկյաշարյանի թարգմանած «Ոդիսական»-ը, որը շատ լավ թարգմանություն էր: Առաջին հերթին լավ կլիներ  վերահրատարակել այդ գիրքը: Նա մեծացել էր Հունաստանում, շատ լավ գիտեր ոչ միայն նոր, այլև՝ հին հուներեն և հրաշալի էր ներկայացնում անտիկ գրականությունը: Մեր բանասիրության մեծ թերություններից է, որ չկա անտիկ գրականագիտություն ու դասական մշակույթի ուսումնասիրություն: Կրկյաշարյանի գլխավոր ծառայությունը հայ մշակույթին անտիկ գրականության նմուշների ներկայացումն է: Նրա թարգմանած գրքերը մնայուն են»:

Բանաստեղծ Հենրիկ Էդոյանը պատմեց Սիմոն Կրկյաշարյանի ու նրա հետ ունեցած հետաքրքիր զրույցների մասին՝ շեշտելով, որ «նրա պես մարդիկ քիչ կան, և նա շատ մեծ աշխատանք կատարեց անտիկ գրականությունը հայերեն ներկայացման համար: Կրկյաշարյանի թարգմանությունները բացառիկ են ու հոյակապ: Նրա շնորհիվ այդ ազնվագույն պոեզիան մտավ մեր ժողովրդի գիտակցության մեջ: Նա անտիկ գրականության լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև՝ լավ գիտնական»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Կարեն Թոխաթյանը խոսեց Սիմոն Կրկյաշարյանի արժեքավոր գիտական աշխատանքների, ինչպես նաև նրա կերպարի մասին՝ իբրև պատմաբանի: Սիմոն Կրկյաշարյանի որդին՝ արևելագետ Արտաշես Կրկյաշարյանը շնորհակալություն հայտնեց ելույթների համար ու պատմեց հոր, նրա թողած գրական ու գիտական ժառանգության, ինչպես նաև 100-ամյակի առթիվ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունում նախատեսված գրքերի տպագրության մասին:

Սեփ.լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։