Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակի առիթով մի շարք մտավորականներ, ՀԳՄ անդամներ հարգանքի տուրք մատուցեցին Կ. Զարյանին` հավաքվելով գրողի հուշատախտակի մոտ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով մեծանուն, գրող, մշակութաբան Կոստան Զարյանին, կարևորեց այն մեծ գործը, որ Կ. Զարյանը թողել է հայ ժողովրդին, ինչպես նաև համաշխարհային ընթերցողին, քանի որ պատանեկան տարիներին նա հայերեն չէր գրում, այլ` իտալերեն, ֆրանսերեն: Հայերենով` «նախնիների աղոթքի լեզվով» գրել նրան հետագայում խորհուրդ են տվել մեծ գրողներից ոմանք: «Կ. Զարյանը հրաշալիորեն սովորել և իր միջից հանել է գենետիկ այն լեզվի հրաշքները, որոնք դարերով կուտակվել էին, և նրա գրքերը` պոեզիան, արձակը, էսսեները մեծ հուն բացեցին հայ գրականության մեջ»,- ասաց ՀԳՄ նախագահը: Ապա հավելեց, որ վերջին տարիներին Կ. Զարյանի բազմաթիվ գրքեր են հրատարակվել, իսկ այս տարի կվերահրատարակվի «Նավը լեռան վրա» գործը:
Ըստ գրականագետ Պետրոս Դեմիրճյանի՝ Կ. Զարյանը մեր այն դասական հեղինակներից է, ովքեր չափանիշի կրող էին և չափանիշ հուշող են այսօր: Նա, հիշատակելով համահայկական մեր հռչակագիրը, որտեղ նշվում է, թե ինչ քայլեր են պետք, որպեսզի մեր ժողովուրդը դիմագրավի ապագա բոլոր փորձությունները հարյուրամյա տարելիցից հետո, նշեց, որ Կ. Զարյանը շեշտը դնում էր մեր մշակույթը և գրականությունը զարգացնելու վրա: «Կ. Զարյանը չափանիշ թելադրող հեղինակ է իր գեղագիտական համակարգով, իր ազգային բովանդակությամբ: Նրա ամբողջ ստեղծագործությունը թելադրում է այն քայլերը, ուղիները, որ պիտի անցնի մեր ժողովուրդը այսօր, վաղը և հեռավոր ապագայում»,- ասաց նա:
Գրականագետ Սամվել Մուրադյանը, գրողին բնութագրելով իբրև հզոր, բարդ, բարձր անհատականության, ով մի քանի լեզուների է տիրապետել` հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, Կ. Զարյանին համարեց մեր հզոր մշակութային գործիչներից, մեր պատմության դեպքերի և իրադարձությունների կարևոր տարեգիրներից: «Բավական է հիշել «Տատրագոմի հարսը» պոեմը, որտեղ տեսնում ենք ֆիդայական շարժման և՛ սկզբունքները, և՛ Հայաստանում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը, հայ-թուրքական, հայ-քրդական բարդ հարաբերությունների գեղարվեստական պատկերը: Հույս ունեմ, որ կվերականգնվեն այն կրճատումներն ու խեղաթյուրումները, որոնք արվեցին խորհրդային ժամանակներում՝ 60-ական թվականներին: Կ. Զարյանը արժանի է և՛ մեծարման, և՛ գնահատանքի, և՛ մանավանդ բարեմիտ ու խղճով ուսումնասիրման»,- ասաց Ս. Մուրադյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ