Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

Մեր կորուստների, հիասթափությունների, ներազգային գզվռտոցների և այսօրվա դառն իրականության
հենքին Ամանորի գալը կարող է նմանվել մի անհույզ ու թույլ մխիթարիչ խոսքի…
Մենք մեր երկիրը հզորացնելու փոխարեն թող տվեցինք, որ անհայրենիք սերմացու գողացող փերեզակները,
զենք գնելու փոխարեն, թալանեն պետության գանձերը, ժողովրդին պահեն թմբիրի մեջ ու հասցնեն այս
օրվան: Եվ այս օրը պիտի դառնա մեկնակետը մեր սխալների ուղղման, առաջ գնալու և հզորացման, եթե,
իհարկե, ունենք «ԱԶԳԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳՈՒ ԱՐԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԲՆԱԶԴՆԵՐ»:
Իսկ ունե՞նք:
Այս հարցի պատասխանը կախված է յուրաքանչյուր հայի մտածումի, խոսքի և գործունեության
արդյունքներից…
Գալիս է ամանորը, հերթականը, բացենք մեր դռներն ու սրտերը նրա առաջ: Կյանքը շարունակվում է,
ծնվում են մանուկներ, երգեր և, ի հեճուկս մեր թշնամիների` Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի
պետականություն ունեցող երկրներից մեկը:

ԱՄԱՆՈՐ
Ամեն տարի՝ մի ՆՈՐ ՏԱՐԻ
Ու նոր հույսեր անրջահյուս,
Ուզում ես այն գորշը ջնջել,
Շաղել շռայլ հավատ ու լույս.
Խռովարար չարի ճամփան
Անվախ փակել քո մարմնով,
Որ բարին գա անխոչընդոտ,
Կյանքը գնա խաղաղ հունով.
Որ գա ՁՄԵՌ ՊԱՊՆ իսկական
Իր եռաձի մեծ սահնակով,
ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ լինի ուրախ,
Լինի նրբին ու հմայքով.
Ուզում ես խինդ հոգեպարար
Ու մոտեցում ակնածալի,
Կանչող մի գիրկ-գերզգայուն՝
Քնքշահաղորդ և սիրալի.

Փաթիլների խաղն ես ուզում,
Ամանորի հրճվանքը տաք,
Ու երաշխիք, որ էլ երբեք
Ցավ չի լինի երկնքի տակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։