ՊԱՏՄԱՎԵՊ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԵԿԴԱՐՅԱ ՑԱՎԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Գրական-ստեղծագործական կյանքն անակնկալների աշխարհ է, քանզի հենց կյանքն ամբողջությամբ հակասական-օրինաչափ, ժխտող-հաստատող, դաժան-բարի, ճնշող-ապրեցնող անակնկալների ընթացք է: Ու եթե գրականությունը իրականության գեղարվեստական արտացոլումն է, ուրեմն առանց ակնկալվող անակնկալների գեղարվեստական խոսք չի կարող լինել: Մեր այս մտորումների շարժառիթը հայ իրականության մեջ ճանաչված գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպն է, որն, իրոք, անակնկալ կարելի է համարել, բայց միաժամանակ, ակնկալիք, քանզի Բակուրն արդեն «Հարյուր տարվա երկխոսություն», «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին», «Շուշի բերդաքաղաք» և այլ նշանակալից գրքերի հեղինակ է, որոնք բավականին լուրջ հայտեր են՝ ստեղծագործող անհատին աստվածաշնորհ արձակագիր կոչելու համար:
Բակուրն այն մտավորականներից է, որի համար իրեն ծնող ժողովուրդը սրբամայր է, զավակների արժանապատվությունը, անունն ու արյան կանչը: Այլապես ինչո՞վ կարելի է բացատրել այն խիզախությունը, որ նա դրսևորեց սումգայիթյան ոճրագործության օրերին, մտավ մարդասպանների քաղաք, տեսագրություններով, սահմռկեցուցիչ կադրերով աշխարհին ներկայացրեց ազերի-թուրքերի իսկական դեմքը: Բակուրի մի նոր խիզախություն կարելի է համարել «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը, որը 21-րդ դարասկզբին ստեղծված հայ արձակի նշանակալից երևույթներից է:
Վեպի մուտքում նշված է, որ հայ արձակի վարպետներն ինչ-ինչ պատճառներով շրջանցել են մեր երկրի պատմության 1910-1960-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածը: Դա Առաջին Հանրապետությունն էր՝ իր ծնունդով ու անկումով, Շուշիի կոտորածը 1920 թ. մարտի 23-ին, կոլտնտեսային շարժումը, 1937-ը, Հայրենական մեծ պատերազմը, հետպատերազմյան շրջանի ռեպրեսիաներն ու աքսորը, գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց զուգահեռ՝ համաշխարհային քաղաքակրթության հետ մարդկային ճակատագրերի կապը: Պարզ է նաև այն վնասաբեր իրավիճակը, որ կապված էր միակուսակցական իրավակարգի և մտացածին սոցիալիստական ռեալիզմի բնույթի հետ:
Բակուրը, որ Մարտակերտի շրջանի ծնունդ է, միշտ առիթներ է որոնել՝ ստեղծելու վերոնշյալ ժամանակաշրջանն ընդգրկող մի երկ, որը ներկայացներ Արցախ աշխարհը՝ իր վայրիվերումներով, խաչմերուկների ըմբոստություններով, կորուստներով, գտնումներով, հուսախաբություններով ու հուսավառ բռնկումներով: Ու տեղի է ունենում ցանկալի մի հանդիպում երևանաբնակ չափարցի Ռոմա Սարգսյանի հետ: Վերջինս պատմում է հայրենի գյուղի, ապա իր հոր՝ Ռուբեն Սարգսյանի յուրօրինակ ճակատագրի մասին: Բակուրն այդ պատումների մեջ զգում է Արցախի 1910-1960-ական թթ. ժամանակահատվածն ընդգրկող պատմավեպ ստեղծելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը: Եվ իրական է դառնում այդ ցանկությունը, երբ Ռոման Բակուրին է նվիրում հոր՝ Շուշիի կոտորածի ականատեսի, 1940-ականներին կոլտնտեսության նախագահի, Երկրորդ աշխարհամարտի մասնակցի, նացիստական համակենտրոնացման ճամբարներն անցած գերու, ապա՝ պարտիզանի, ի վերջո՝ ԳՈՒԼԱԳ-ի աքսորյալի համառոտ ինքնակենսագրական հիշատակարանը:
Մտահղացումն իրականացնելու հնարավորություններն ավելի են ընդլայնվում, երբ Ռոմայի հոր ծննդյան 100- ամյակի կապակցությամբ մի խումբ ընկերների հետ Բակուրը մեկնում է Չափար գյուղ: Այդտեղ գրողը հանդիպում է 100-ամյա առույգ ծերունի Վահանես Մկրտչյանին: Ծերունին էլ իր հերթին Բակուրին է հանձնում հիշողությունների իր տետրը: Ինչպես վկայում է Բակուրը, Չափարում նա լսում է մի շարք գյուղացիների զրույցները Ռուբեն Սարգսյանի կյանքի մասին: Այդ հետաքրքիր զրույցներին գումարվում են նաև գրքի գլխավոր հերոսի՝ Ռուբեն Սարգսյանի դստեր՝ Հենզելայի, որդիների՝ Ժորայի, Եղիշեի, Ռոմայի սրտառուչ հիշողությունները, Արցախի պետական համալսարանի դասախոս, չափարցի Սիլվա Մինասյանի «Չափար» ազգագրական ուսումնասիրությունը:
Բակուրը, սակայն, չբավարարվեց ձեռք բերած փաստագրություններով, կարևոր նյութեր քաղեց 19-րդ դարի վիճակագրական փաստեր ընդգրկող տարեգրքերից, համապատասխան դրվագներ հավաքեց «Մշակ», «Խորհրդային Ղարաբաղ», «Կոմունիստ», Մարտակերտի շրջանային «Լենինյան ուղի», «Բարեկամություն» թերթերի էջերից, Երևանի և Ստեփանակերտի արխիվներից: Ու ծնվեց մի վեպ, որի բոլոր հերոսները և նրանց հետ կապված դեպքերը իրական են, ստույգ: Հայտնի է, որ իրական փաստերի և գործող անձանց կենսագրական տեղեկությունների հիման վրա գրական երկ ստեղծելը դյուրին գործ չէ: Սակայն Բակուրը հաղթահարել է դժվարությունները, ընթերցողին ընծայելով վավերագրական հաջողված պատմավեպ՝ տարիների ստեղծագործական հարուստ փորձի, վառ երևակայության, իրադարձությունները պատկերների համակարգով ներկայացնելու, կյանքի փիլիսոփայությունը բացահայտելու շնորհիվ: Բակուրը չէր մոռացել նաև, որ պատմավիպասանը պարտավոր է լինել պատմաբան, հոգեբան, ազգագրագետ:
Յուրօրինակ է վեպի կոմպոզիցիան: Այն բաղկացած է 37 գլխից՝ խորհրդանշելով 1937-ի աղետալի տարին: Կուռ է վեպի սյուժեն: Հիմքում թեժ կոնֆլիկտն է՝ ինտրիգի և կոլիզիայի բռնկումներով, սակայն երկրակործան ու հակաժողովրդական, նեղճակատ ղեկավարների կործանարար քաղաքականության արդյունք: Պատմավեպի գլխավոր հերոսը Ռուբեն Սարգսյանն է՝ արցախցի մի հայ, որի ողբերգական, դրամատիկ-ծանրածանր, ժամանակի տարածքներում մեկ-մեկ արևային լույսով փայլփլող ուղին մի կողմից խորհրդանշում է իր ժողովրդի ճակատագիրը, մյուս կողմից՝ քաղաքական այն հեղձուցիչ մթնոլորտը, որ ստեղծվել է «Դեպի կոմունիզմի շողշողուն գագաթները քայլող» ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար:
Վեպն սկսվում է վերհուշի ձևով: Ռուբեն Սարգսյանի հիշողություններում օսմանյան և ազերի-թուրքերի կողմից հրդեհվող Շուշին է, երբ ինքը դեռևս 9 տարեկան էր: Բակուրը քիչ է միջամտում դեպքերի պատմությունը վարելուն: Նա արտացոլում է իրադարձությունները՝ պատկերավորության տարբեր ձևերով, ներկայացնում այն տառապանքն ու անդառնալի կորուստները, որ ապրել են ոչ միայն շուշեցիները, այլև ողջ Արցախը: Նկարագրվող իրադարձությունների կենտրոնում գլխավոր հերոսն է: Նրա ճակատագիրը ներհյուսված է հոր՝ Շուշիի հարգված փոստատար Եղիշեի և ավագ եղբոր՝ Արմենակի ճակատագրերին: Դեռևս մանկության տարիներին Ռուբենն իրեն դրսևորում է որպես հրաշամանուկ, արտասանում է հատվածներ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից, տեղյակ է «Հայոց պատմության» ճակատագրական իրադարձություններին, ու նրան ոգևորում էր ավագ եղբայրը՝ Արմենակը: Բայց հարևանները թուրքերն էին, ուստի նրա երջանիկ մանկությունը, ինչպես նաև հազարավոր հայ մանուկների կյանքը խաթարվում է մի գիշերվա ընթացքում: Կոտորածից փրկվածները սարսափահար իջնում են Կարկառի կիրճը: Նրանց փրկության ձեռք են մեկնում շրջակա հայկական գյուղերի բնակիչները: Դադարեցվում են ուրախ տոնակատարությունները, հետաձգվում հարսանիքները, վիշտը բռունցքում է բոլորին: Այդ ամենի ականատեսներից է Ռուբենը: Գրքի «Կարկառի կիրճում», «Ավետարանոցի ճանապարհին», «Մելիք Շահնազարյանների ոստանում» գլուխներում նկարագրվում են Արցախի ավանդական տերերի զայրույթն ու ցասումը արյունարբու թշնամու դեմ, ինչպես նաև կյանքը շարունակելու վճռականությունն ու ներքին ուժերի լարումը: Վեպի «Արմենակը» և «Տումեցի Թևանը» գլուխներում հոգեբանական նրբանկատությամբ, համոզիչ պատկերների հյուսվածքով ներկայացվում են 1918-1920 թթ. քաղաքացիական աղետալի կռիվները՝ բոլշևիկյան գաղափարները կրողների և Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Արդյունքում Քիրս սարի լանջերին նժդեհական Թևանի և երիտասարդ կոմունիստ Արմենակի միջև տեղի է ունենում անզիջում պայքար: Բակուրն այս ցավալի երևույթը ներկայացնում է անկողմնակալ՝ հավատարիմ ռեալիզմի սկզբունքներին: Բայց դժվար չէ նկատել գրողի ցավը նման երևույթի պատճառով: Ընթերցելով այդ դեպքը պատկերող էջերը, մտորում ես՝ ինչքա՜ն ազգօգուտ կլիներ, եթե հայ ժողովրդի համար այդ ճակատագրական ժամանակներում հայ քաղաքական ուժերը միասնաբար մարտնչեին մեր հին ու նոր թշնամիների դեմ, երևի չկորցնեինք Նախիջևանը, Հյուսիսային Արցախի հայաշունչ տարածքները, իսկ հայտնի է, թե ինչ գնով ազատագրվեց Մեծ Հայքի 10-րդ նահանգը՝ աստվածանվեր Հայոց Արցախը:
Բազմաշերտ է Բակուրի պատմավեպը: Նրանում գեղարվեստական «ներփակ» ժամանակի սկզբունքով պատմական իրադարձությունները ներկայացվում են բնական ընթացքով, իրար հաջորդող իրողությունների շղթայով: Վիպական գործողությունների հիմքում դնելով Արցախում 1920-60-ական թթ. տեղի ունեցած տնտեսական-հասարակական-քաղաքական իրադարձությունները, Բակուրը գեղարվեստական հնարանքներով կարողացել է այդ բարդ ժամանակաշրջանի ֆոնի վրա ստեղծել Ռուբեն Սարգսյանի ընդհանրացնող կերպարը: Նա ակտիվ գործիչ է: Կրելով բատրակի նսեմացնող աշխատանքը, Ռուբենն ըմբոստանում է այդ երևույթի դեմ, լծվում ակտիվ աշխատանքի, ընդունվում կոմերիտմիության շարքերը, ապա, որպես կոմունիստ, ղեկավարում նորաստեղծ կոլտնտեսությունը հայրենի Չափարում: Նա մասնակցում է Մեծ հայրենականին, մարտնչում Ղրիմում, որտեղ էլ գերի է ընկնում, փախչում գերմանական մահվան ճամբարից: Միանալով Հունաստանի պարտիզանական ջոկատներին, հայ զինվորի խիզախությամբ մարտնչում է հիտլերականների դեմ, հաղթանակից հետո վերադառնում հայրենի գյուղ: Տանը նրան սպասում էին կինը՝ Մարալը, փոքրիկ երեխաները… Թվում էր, թե կսկսվեն նոր, երջանիկ օրեր: Սակայն, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, Արցախում ևս սկսվում է հալածանքը սեփական ժողովրդի նկատմամբ: Գրողը կոնկրետ փաստերի հիման վրա քննադատում է ստալինյան դաժան քաղաքականությունը, ըստ որի՝ գերի ընկած զինվորները հայրենիքի դավաճաններ են:
Հիմք ընդունելով Ռ. Սարգսյանի հուշերի տետրը, Բակուրը ներկայացնում է ոչ միայն գրքի գլխավոր հերոսի, այլև հազարավոր աքսորյալների տառապալից կյանքը: Միության տարբեր քաղաքներից ու գյուղերից էտապներով աքսորվածները հյուծվում են սովի ու ծարավի ճիրաններում, գնդակահարվում ամենաչնչին բողոքի դեպքում: Բարի ու անմեղ մարդիկ են աքսորյալները: Այդտեղ է տաղանդավոր գեղանկարիչ Վասիլին, որն իր արվեստը փոխանցում է Ռուբենին, այդտեղ է տաղանդավոր բանաստեղծ, արցախցի Գրիգոր Ներսիսյանը և շատերը…
Պատմավեպի հեղինակը գրքի գլխավոր հերոսի անձնական կյանքը ներկայացնում է ժամանակի պատկերի բնութագրմամբ: Բակուրը չի բավարարվում միայն ձեռքի տակ եղած հուշատետրերի փաստերով: Նա ուսումնասիրել է անհրաժեշտ արխիվները, ռեալիստորեն ցույց տվել կուլակաթափության տարիներին աքսորված բազմահազար գյուղացիների հալածանքը: Գրողի գրչի տակ տեսանելի են դարձել կոլեկտիվացման տարիների «հաղթարշավն» ու «հաղթանակը» պատմական Ջրաբերդի Մռավ սարի լանջերին ծվարած, անտառամեջ Չափար գյուղում: Եվ ոչ միայն այդ: Հեղինակը կոնկրետ մարդկանց գործունեության ցուցադրմամբ ներկայացնում է ՊԱԿ-ի կողմից խրախուսվող մատնությունը, թշնամանքը, դավադրությունը, ստորությունը: Դաժանությունը հասնում է նրան, որ Ռուբեն Սարգսյանին աքսորելուց անմիջապես հետո խորհուրդ են տալիս Մարալին՝ ապահարզանով բաժանվել «ժողովրդի թշնամի» ամուսնուց, այլապես և՛ իրեն, և՛ երեխաներին կաքսորեն Սիբիր: Սակայն Մարալը արժանապատվությամբ սպասում է ամուսնու վերադարձին:
Մի ամբողջ դարաշրջանի գեղարվեստական վավերագրություն է Բակուրի պատմավեպը: Հանձին գլխավոր կերպարի, հեղինակն ստեղծել է ամբողջական ու բազմակողմանի բնավորություն, և առաջատար դեր է խաղում արտահայտելու հեղինակի գաղափարական նպատակադրման էական կողմերը: Վեպը շահել է նաև այն առումով, որ հեղինակը պատումի մեջ է բերել հայկական ազգային մի շարք սովորություններ: Հետաքրքիր են գրքի «Զըրզարդար», «Բարեկենդան» ազգագրական պատումները: Բնութագրական են նաև բնապատկերները՝ համեմված հայրենապաշտության զգացումներով. դրա վառ վկայություններից է «Օջախ-Սրբատեղին» գլուխը:
Վեպը եզրափակվում է սրտառուչ պատկերով: Գյուղի պապենական տարածքներից մեկում Ռուբենը կոլտնտեսության անասնաբույժ Վահանեսի հետ այցելում է «Օջախ-Սրբատեղին»: Նա Կարագանդայի կալանավայրից բերած մոմը վառում է դարավոր խաչքարի պատվանդանին, ասես հաղորդակցվում Տիեզերական այն ուժի հետ, որով հավերժվել է Արցախը:
Վահանեսը Ռուբենի աչքերում նկատելով ներքին բռնկումի փայլը, հարցնում է.
– Համարյա մին հասակիյ ընք, ես կյանքըմս շատ չըմ տիժրոթըն քաշալ, զարմանըմ եմ՝ հունց ը՞ս էտ ամեն հինչին տըմացալ, էլ Շուշիի կոտորած, սովի տարին, բատրակութըն, կոլեկտիացըմ, պատերազմ, գերություն, համակենտրոնացման ճամբարնե, պարտիզանություն, խորհրդային լագերնե… Սովորական մարդը տըմանալ չի…
Ռուբենը պատասխանում է.
– Վահանես, էտ մինը դզըս ասըմ, ամեն հինչին տըմընալեն ուժը ինձ մեր Օջախ-Սրբատեղին ա տվալ, սերս բիդա իմ ընտանիքը՝ Մարալս, խոխենքյս, իմ ախպեր Արմենակը, մեր պարիկամնեն, շինացիք… Թրթռը, Մռավը, Չափարը, Շուշին, Ղարաբաղը, Հայաստանը… Ես տըհան ցավ ըմ ապրալ…
Նման պատասխանը գրականագիտական ոչ մի գնահատական չի պահանջում: Մնում է միայն ավելացնել, որ խորհրդային տարիներին Արցախի գերության ժամանակներում հայ ժողովրդի բոլոր Ռուբեն-զավակները խորհել ու գործել են նույն կերպ, ապրելու նույն բանաձևով: Այլապես այսօր չէինք ունենա երազը դրոշ դարձրած անկախ ու ազատ ապրող այն դրախտավայրը, որի անունն է Արցախի Հանրապետություն՝ իր պետական հայերենով, Տիգրանապատկեր զինանշանով ու Հայածածան Եռագույնով:
Բակուրի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը ցավի ճիչ է, մաքառման մատյան, ապրելու հուսավառ բանաձև ու պատգամ:
Նման գրքերը հազվադեպ են ծնվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։