Սյուժե՝ միֆի կառուցվածքի չորս տարրերով / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

28660475_934738216704419_801335449997714046_nԵրիտասարդ արձակագիր Արթուր Միկոյանի «Օտար լույս» վեպի (Երևան, «Անտարես», 2018 թ.) պատումը զուգորդվում է կեցության փիլիսոփայական վերլուծության հետ, ինչը բնորոշ է գոյաբանական խնդիրներ արծարծող ստեղծագործություններին:
«Օտար լույս»-ում համատեղվել են իրականն ու գերբնականը, միստիկականն ու իռացիոնալը: Նման համադրման շնորհիվ սյուժեն ուղղորդվել է գաղտնախորհուրդ թիրախների: Դա բնորոշ է ինտելեկտուալ-վերլուծական արձակին:
Վեպի ֆանտաստիկ ճյուղավորումները ներքուստ ունեն ռեալությունից բխող հոգևոր հավասարակշռված կողմնորոշիչներ: Հեղինակը գոյաբանական խնդիրները մղում է բարոյագիտական հարթակ, որտեղ կարևորվում է կեցության սխեմաներից ազատ լինելը, հոգու «ձգողության սահմանների» ընդլայնումը տիեզերական մասշտաբներով:
Առանձնահատուկ է վեպի կառուցվածքը: Ամեն ինչ պարզ է դառնում, երբ սյուժեի նախադրությունը շարադրվում է վեպի ավարտին: Նախադրության միջոցով վերականգնվում է հանգույցը և ամբողջանում ստեղծագործության կառուցվածքը:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում սյուժեն: Նկատի ունենք այն, որ գործողությունը համընկնում է միֆի սյուժեի կառուցվածքին՝ չորս տարբերակով հանդերձ: «Արդի արտասահմանյան գրականություն» գրքում (Մոսկվա, 1999 թ.) նշված է, որ միֆը կառուցվածքային չորս տարրերից է բաղկացած՝ «եդեմ» (հերոսի մանկությունը), «անկում», «ճանապարհորդություն», «վերադարձ կամ կործանում» (էջ 237): Միաժամանակ նշված է, որ միֆի չորս տարրերով կառուցվածքն առկա է անտիկ ողբերգություններում, Շեքսպիրի «Համլետ»-ում, Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ում:
Արթուր Միկոյանի «Օտար լույս» վեպի սյուժեի համընկնումը միֆի կառուցվածքի չորս տարրերին հուշում է, որ երկի արտաքին ֆանտաստիկ բնույթը ներքին հարթությունում միֆական է: Եվ եթե վեպը ենթագիտակցորեն ընդգրկում է միֆական սյուժե, ապա այն միտում է՝ արտահայտելու համընդհանուր և համապարփակ խնդիրներ:
Չորս տարրերով կառուցվածք ունեցող միֆը Մ. Ֆրայն անվանում է առաջին միֆ (մանկություն, թափառումներ, որոնում, վերադարձ), իսկ նրա մոտիվը՝ ունիվերսալ: Պարզաբանում տալով առաջին միֆի թեմատիկ ասպեկտի վերաբերյալ, Մ. Ֆրայը գրում է, որ այն ներկայացնում է կենցաղային դժվարությունների ավարտը, ազատ հասարակությունը, որտեղ մարդու բոլոր ցանկությունները բավարարվում են:*
Ունիվերսալ միֆի թեմատիկայի հետ առնչությամբ՝ «Օտար լույս» վեպում հերոսի խոհերի, երազանքների միջոցով տրվում է ազատ հասարակության վերաբերյալ հեղինակի պատկերացումը: Վեպի գործողությունների ողջ ընթացքում իրականի և իդեալականի բախումն է: Մի կողմում մանկությանն առնչվող «ոսկե դարն» է, մյուսում՝ հերոսի թափառումները և մարդկային խմբերի բարոյական անկումները և, ի վերջո, վերադարձը, որը կնշանակեր վերադարձ «ոսկե դարին»: «Անիծված քանդակագործները» գլխում ներկայացվում է երեխաների անհոգ մանկության միակ տիրույթը՝ «Մազե աշխարհը», որտեղ նրանք աշխատում են իրար հաճույք պատճառելու համար («… միմյանց հաճույք պատճառելիս իրենք անսահման երանություն են ապրում»):
Հեղինակը փորձում է զգալ ողջ գոյավոր աշխարհի սահմանները՝ առանց տարբերություն դնելու մարդկային և կենդանական աշխարհների միջև: Էմիլը տեսնում է բոլոր կենդանիների ու թռչունների երազները: Աննան և Մերլինը թռչունների պես թռչում են՝ իրենց հետ թռիչքի տանելով նաև Ակիմին:
«Քո հոգին ճանաչեց ինձ». այս չափանիշով է տեղի ունենում մարդկային կապերի միջև ներթափանցումը: Ա. Միկոյանը գիտի, որ մարդիկ ապրում են կյանքի ավանդական «նախագծով», և ահա առաջարկում է ապրել անկաղապար հոգու թելադրած ճանապարհով, ասել է թե՝ ինքն իրեն չկրկնող կյանքով: Գրողն ամենուր տեսնում է Աստծու ներկայությունը:
Գրքում քիչ չեն մեր ժամանակի դաժանությունների պատկերները, որոնք համարժեք արձագանք են իրողություններին: Նախնադարից մինչև օրս երևի թե պատկերները նույնն են: Ահա, օրինակ, «Մարդկանց պատկերները, չցանկանալով հեռանալ քաղաքից, իրենց փոխարեն ուղարկել էին սեփական ատամները, որոնք տկտկացնելով՝ ծափահարում էին հեռացող Ակիմին»,- կամ՝ «Գետի սառույցի տակից լսվում են չծնված երեխաների ճիչերը», «Մեզ մոտ՝ Ռակշասիում, վախի, խելագարության մրրիկն է փչում»: «Միաչքանի սև կատուն» գլխին բնորոշ են միստիկ ծանր տեսիլները: Ահա մեկ օրինակ. «Կգա ժամանակ, երբ կհայտնվի միաչքանի սև կատուն, որը մլավելու փոխարեն մեռած ու մեռնող մարդկանց վերջին բառերն ու հառաչանքները կարտասանի»: Միստիկ տեսիլներ կան «Պատկերների դավաճանությունը» գլխում: Քրիստոսը նկարից դուրս է գալիս, պատկերները նրան ընդառաջ են ելնում, դիմավորում և ուղեկցում են քաղաք: Այս գլխում փոքրիկ հատված է ներկայացվում Դեր-Զորից՝ «… հյուծված ծերերի, կանանց ու երեխաների շարասյուն, ավերված գյուղերի խնոցի…»:
Ա. Միկոյանը ստեղծում է միֆասինկրետիկ մտածողության կառույցներ, որոնց բնորոշ են գործողությունների պատճառահետևանքային կապերի խզումը, տարբեր ժամանակների, տարածությունների, միևնույն մարդու տարբեր հասակների միաժամանակյա գոյությունը:
Պատումի հատվածայնությունն իմաստային ընդհանուր գծի է հանգում այլաբանության շնորհիվ, սիմվոլային կապերով: Արտաքուստ կենցաղային արձակը հիմքում միֆական է, ինչը խոսում է Կաֆկայի գրականության ավանդների կիրառման մասին: Եվ եթե Կաֆկայի միֆական արձակը բնորոշվում է ողբերգական, ապա «Օտար լույս»-ը՝ ողբերգակոմիկական հատկանիշներով, որոնք մեր կեցության արդյունքն են:
Վեպի գործողությունները հիմնականում ընթանում են էկզիստենցիալ-աբսուրդ պայմաններում: Սակայն, ինչպես նշել ենք, միֆի մոտիվի օգտագործումը վկայում է կյանքի արտացոլման ունիվերսալ եղանակի մասին:
Վեպում առանձնացված են կեցության արքետիպային հաստատունները՝ տուն, ճանապարհ, ջուր, լեռ, մանկություն, ծերություն, սեր, հիվանդություն, մահ և այլն: Ակիմը լքում է տունը, որը նույնպես միֆի սյուժեի օղակն է («Ես Ակիմն եմ, թափառաշրջիկ Ակիմը»): «Ես թափառական Ակիմն եմ, փնտրում եմ տունս»,- ասվում է «Միաչքանի սև կատուն» գլխում: Հիշատակվում է նաև անառակ որդին:
Ակիմն ասում է՝ «Որոնում եմ այն տունը, որ իմ հոգու համար կլինի հարմար կացարան»: Նրան մի անտեսանելի ուժ վանել էր սեփական տնից և այն վայրերից, որտեղ նա գտնվում էր: Իսկ ահա տունը՝ հոգու կացարան, հին եգիպտական ժամանակների ըմբռնում է (երկնային տուն):
Վեպում կան միֆը քննող առանձին մտքեր: Հեղինակը ժամանակակից մտածողության հիմքում տեսնում է արքետիպեր («Այդ գիշեր երեխաների երազների սցենարը ներմուծված էր իրենց նախնիների երևակայության արահետներից»):
Որոշակի անդրադարձ կա միֆակազմ ծիսական տարրերին: Խոսքը ջրի պաշտամունքի մասին է («Նրանք, Ակիմին մերկացնելով, պառկեցրին Սուրբ Աղբյուրի մեջ և սկսեցին լողացնել նրան»):
Արդեն նշվել է, որ վեպի սյուժեն ավարտվում է հերոսի վերադարձով. «Վերջապես դու վերադարձար: Ես Օլգան եմ, իսկ քո անունը ի՞նչ է, սիրուն տղա,- ասաց կինը» («Լուսավոր վերադարձ»):
«Օտար լույս» վեպը միֆական հիմքով օժտված է աշխարհազգացական ամբողջականությամբ և աչքի է ընկնում միֆ-գրականություն կապի նոր բացահայտումներով:
——————
* “Современное зарубежное литературоведение”, М., 1999, стр. 237.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։