Տաղանդավոր թարգմանիչ և սերբագետ Բաբկեն Սիմոնյանը հայ-սերբական գրական կապերի ինքնաստեղծ գրադարանը հարստացրեց նոր ուշագրավ հատորով: Օրերս լույս տեսավ Սերբիայի արժանավոր դուստր, հրատարակիչ, լեզվաբան, հրապարակախոս, գրող Վեսնա Պեշիչի վեպը, որը կոչվում է «Կոչիր ինձ Գարուն»: Խորագրի տակ կարդում ենք՝ «Վեպ Հայաստանի և հայերի մասին»:
Վեսնա Պեշիչը Բելգրադի «Պեշիչ և որդիներ» հրատարակչության հիմնադիր տնօրենն է: Հենց նրա նախաձեռնությամբ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» հանճարեղ երկը թարգմանվեց և հրատարակվեց սերբերեն 2020-ի դեկտեմբերին: Այդ հմայիչ ու տաղանդավոր կինը մեծ եռանդով շրջում է ողջ աշխարհում, լինում տարբեր քաղաքակրթություն ներկայացնող երկրներում: Նա քաջագիտակ է, ունի սեփական ասելիքը՝ ուղղված ոչ միայն իր համար պաշտելի հայրենիքի՝ Սերբիայի այսօրվա մարդկանց, այլև հղված համայն մարդկությանը: Սա պատահական չէ: Նրա հայրը՝ Ռադիվոյե Պեշիչը, միջազգային ճանաչում ունեցող հնագետ լեզվաբան է: Նա Միլանի համալսարանի պրոֆեսոր էր, էտրուսկերենի ու սանսկրիտի ճանաչված մասնագետ: Հենց նա էլ հուշել է Վեսնային անպայման սերբերեն թարգմանել տալ ու հրատարակել հայ Պատմահոր երկը, որի միջազգային արժեքը և համամարդկային նշանակությունն անհերքելի են:
Ահա Վեսնան, որը խորացել է Խորենացու գլուխգործոցի՝ Հայաստանի պատմական անցյալը ներկայացնող իրադարձությունների մեջ, 2021-ի հունիսին գալիս է Հայաստան, երբ մեր երկրում և ամենուր քովիդի համավարակը դեռ մոլեգնում էր. խիզախ սերբուհին որոշել էր, որ պետք է տեսնի Խորենացու Հայաստանը:
Խիստ տպավորված եմ Վեսնա Պեշիչի այն մեկնաբանություններով, որոնք նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում կայացած՝ Պատմահոր երկի սերբերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ, որը կազմակերպել էր ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Խորենացու պատմության ասելիքը խիստ արդիական է և ասված է հենց այսօրվա ոչ միայն հայերի, այլև համայն մարդկության համար»,- հավաստում է Վեսնա Պեշիչը: Իր բարձրարժեք ու արտասովոր գրքում սերբուհին կապում է անցյալն ու ներկան: Հենց դրանով էլ վեպ-ասքը ստանում է գայթակղիչ ձգողություն ունեցող ներգործուն ուժ: Հայկ Նահապետից մինչև այսօրվա Հայաստանը: 10-օրյա ուղևորության ընթացքում, Բաբկեն Սիմոնյանի հոգատար աջակցությամբ, Պեշիչը հասցնում է տեսնել հնարավորինս առավելագույնը: Նա այցելել է և խիստ տպավորված է Սերգեյ Փարաջանովի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարաններով: Երկու վիթխարի դեմքեր համաշխարհային կինոյի ու երաժշտության մեջ: Տեսնելով, թե ինչպես է Փարաջանովն իր արվեստում՝ կինոյում ու կոլաժներում, կապել անցյալն ու ներկան, Վեսնան շեշտում է այդ երևույթի փիլիսոփայական ներգործող էությունը: Փարաջանովը «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում օգտագործել է սլավոնական հին բարբառը, իսկ Վեսնան իր հոր գիտական հետազոտություններից գիտեր, որ սլավոնները Կիրիլից և Միթոդիոսից հազարամյակներ առաջ ունեցել են տառերով գիր: Եվ նա իրեն ուղեկցող Արթուրին ասում է. «1990-ականների կեսերին ես առաջինն էի Եվրոպայում, որ թարգմանաբար հրատարակեցի «Վելեսի գիրքը» սերբերեն: Հետագայում այն թարգմանվեց աշխարհի սլավոնական և այլ լեզուներով» (էջ 106): Լինելով Բալկանյան երկրների դուստր՝ միանգամայն համոզիչ ձևով իրեն համարում է Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու ազգականը:
Ներկա Հայաստանում, նաև պատմական Մեծ Հայքում Վեսնա Պեշիչն իր կողքին միշտ տեսնում է Մովսես Խորենացուն: Պատմահայրն ուղեկցում է սերբուհուն թե՛ Գառնիում և թե՛ Եդեսիա քաղաքի քարանձավում:
Պեշիչի գիրքը բաղկացած է մեծաքանակ ոչ ծավալուն հատվածներից: «Գեղարդ» հատվածն, օրինակ, ավարտվում է հետևյալ խորիմաստ նախադասություններով. «Ներքևում՝ ձախ կողմում, Գողգոթան էր և խաչված Քրիստոսը, որին Լոնգինուսը խոցել է գեղարդով: Հիսուսն արամերենով ասաց՝ «Վերջ»:
Դժոխքի խորքում սատանան ահավոր աղաղակեց՝ հասկանալով, որ հավերժ պարտվել է» (էջ 118):
Սատանային հավերժ պարտված տեսնելը Վեսնա Պեշիչի երազանքն է: Նա իսկական հայի նման չի կարող մոռանալ այն ահավոր ցեղասպանությունը, որը թուրքերն իրականացրին 1915-ին, և որի խորհրդանիշ արդար վրեժխնդրությունն իրականացրել է Սողոմոն Թեհլիրյանը՝ սպանելով ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային:
Գրքում առանձին տեղ է հատկացված Մաշտոցի անվան Մատենադարանին՝ խոսուն վերնագրի տակ՝ «Վերադարձ դեպի ապագա, կամ մարդը հիշողությամբ է ապրում»: Այդ հատվածում կարդում ենք. «Վերջին տարիներին, տարբեր առիթներով ու տարբեր վայրերում անձամբ եմ հանդիպել Խորենացու հետ: Հիմա կանգնել եմ Մատենադարանի առջև հառնող նրա հսկա հուշարձանին դեմ հանդիման և մտածում եմ, թե ինչպես նա կուրախանար, որ հայ ժողովուրդը 1500 տարի անց այդքան հարգանք է տածում իր հանդեպ» (էջ 56-57):
Բնականաբար, Պեշիչը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին է հանձնում Խորենացու «Պատմության» սերբերեն օրինակը: Մատենադարանի տնօրենից և ձեռագրերի գանձաշխարհը ներկայացնող Աիդա Չարխչյանից խիստ տպավորված՝ Պեշիչը գրում է Անանիա Շիրակացու և հայ միջնադարի մյուս մեծերից ստացած անջնջելի տպավորությունների մասին:
Գրքում առկա է գեղարվեստական գրականությանը հատուկ կերպարային համակարգը, որոնք Պեշիչի գրչի շնորհիվ դառնում են տպավորիչ: Դրանց մեջ կան և՛ մտավորականներ, և՛ շարքային մարդիկ: Նրանցից մեկն է Հայաստանում Սերբիայի դեսպան, հմայիչ ու տարբեր լեզուների տիրապետող Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը:
Գրքում հեղինակի կողքին շարունակ երևում է բանահյուսական էլֆ Բաբկեն Սիմոնյանը՝ Վեսնայի իրական ուղեկիցը:
Գիրքն ավարտվում է խոսուն վերջաբանով, որի հեղինակը սերբ գրող, գրականագետ Բրանիսլավա Եվտովիչն է: Նրա վերջաբանը կոչվում է «Հայերն ու սերբերը. հոգեհարազատությունից ծնված շղթա»: Ահա այդ շղթայի նոր ոսկե օղակը դառնում է Վեսնա Պեշիչի վեպը, որում նա իրեն թարգմանաբար ներկայացնում է հայերեն անունով՝ Գարուն: