ՎԱՀԱՆ  ՏԵՐՅԱՆ 130

Վահան Տերյան
Փետրվարի 9-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Մեծանուն բանաստեղծի ծննդյան 130-ամյակի առիթով կազմակերպված «Տերյանի հետ» խորագրով միջոցառման շրջանակում նրա հուշաքարի շուրջ էին հավաքվել գրողներ, մշակութային, քաղաքական-հասարակական գործիչներ, Վ. Տերյանի անունը կրող դպրոցի սաներ, «Տերյան» մշակութային կենտրոնի անդամներ, «Ջավախքի աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ գրողի հիշատակին:
«Անհավատալի է, բայց՝ փաստ, որ 130 տարի առաջ Ջավախքի գեղատեսիլ Գանձայում ծնվեց մի մանչ, որ պիտի լեգենդ դառնար իր ստեղծագործությամբ: Հովհ. Թումանյանի, Ավ.Իսահակյանի, Մեծարենցի, Սիամանթոյի կողքին նա գտավ իր տեղը և հայ գրականությունը բարձրացրեց համաշխարհային մակարդակի»,- նշեց «Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը: Ըստ նրա` Տերյանի լավագույն գնահատականը տվել է Չարենցը. «Եթե չլիներ Վահան Տերյանը, ես չէի լինի»:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը Տերյանին համարեց մեր ամենաարդիական բանաստեղծներից, ով նորարար էր ոչ միայն իր ստեղծագործության ազգային բովանդակությամբ, հասարակական գործունեությամբ, այլ նաև գեղագիտության ասպարեզում: «Շատ արագ ու նաև ժամանակի տրամադրությունների բերումով, Վ. Տերյանը կարողացավ դուրս գալ լայն ասպարեզ, դեպի ազգային, համամարդկային գաղափարներ` համոզվելով, որ եթե ազգայինից չես գնում դեպի համամարդկայինը, ապա չես կարող նաև սիմվոլիստական բարձր արժեք ստեղծել»,- ասաց նա և հավելեց. «Հոգևոր Հայաստան ասելով՝ Տերյանը հասկանում էր հայության միասնություն և հայության կազմակերպում մի գաղափարի շուրջ, այսինքն՝ նրա էությունը համահայկական էր և՛ պոեզիայում, և՛ իր գաղափարախոսության մեջ»:
Ըստ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` Վ. Տերյանն այն անձնավորությունն է, որ եղել է, կա ու կմնա մեր ժողովրդին իր գաղափարախոսությամբ առաջ մղողներից թե՛ իր պոեզիայով, թե՛ քաղաքական հայացքներով, թե՛ հայ մարդու տեսակով ու վարքագծով:
«Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը գրողի ծննդյան օրը համարեց սիրո բարձրաձայն խոստովանության օր, քանի որ, ըստ նրա, ամեն մեկիս առաջին սիրո թրթիռը ուղեկցվել է Տերյանով: «Նա կարողացավ իր անափ սիրո զգացումը սեփականություն դարձնել ամեն մեկիս համար: Ամեն տարիքում մենք կարդում ենք Տերյանին մեր տարիքի կենսափորձով»,- ամփոփեց Կ. Խոդիկյանը:
Վահան Տերյանի անվան դպրոցի սաները ասմունքեցին գրողի բանաստեղծություններից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։