Հոկտեմբերի 30-ին ՀԳՄ ճեմասրահում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես-վաճառք «Գրող-նկարիչները՝ բանակին» խորագրով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նախքան ցուցահանդեսին անդրադառնալը, նշեց, որ այս պատերազմական օրերին որոշակի քայլեր արել և անում է նաև Հայաստանի գրողների միությունը. մասնավորապես՝ Միության շենքի մոտ գտնվող «Նոր գիրք» գրախանութում թե՛ ՀԳՄ-ի, թե՛ գրողների հրատարակած գրքերը դրվել են վաճառքի, որից ստացված ամբողջ գումարը հատկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՀԳՄ Կլոր սրահում քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքին իրենց նպաստն են բերում կին գրողները, իսկ Ծաղկաձորի ստեղծագործական տանն այսօր ապաստան է գտել գրեթե 90 արցախցի մանուկ ու կին:
Անդրադառնալով ցուցահանդես-վաճառքին՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ներկայացված է գրեթե 30 աշխատանք, որոնց վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցուցահանդեսը տևելու է մեկ շաբաթ: «Այս գոյապայքարին մեր մասնակցությունը պիտի բերենք զենքով, գրչով ու վրձնով,- ասաց ՀԳՄ նախագահը՝ հավելելով,- Արցախի գոյամարտը մի պայքար է, որն ասես բոլորիս մաշկը լինի, հացի պես բան է հայի համար պայքարելը դարերի մեջ արվեստով, գործողություններով և կռվով»:
Բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, տեղեկացնելով, որ Գրողների միությունում ցուցահանդեսներ են կազմակերպվել սկսած խորհրդային տարիներից, նշեց, որ այս անգամ նպատակադրումը բոլորովին այլ է: «Գրչով և վրձնով մենք պայքարում ենք, որ հաղթանակ լինի, որովհետև հաղթանակն իր մեջ պարունակում է մարդկային ուրախության, բերկրանքի զգացողությունները»,- ասաց նա:
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են գրող-նկարիչներ Բակուր Կարապետյանի, Էդուարդ Հախվերդյանի, Սաթենիկ Ղազարյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Նանեի, Հերմինե Նավասարդյանի, Արտաշես Արամի և այլոց աշխատանքները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ