ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 28-ին Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի նախաձեռնությամբ տպագրվող «Մենք և աշխարհը» շարքի «Ծիծեռնակ» հրատարակչության հրատարակած «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների գրական ստեղծագործությունները՝ նվիրված Վրաստանին: Շնորհանդեսին ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Վրաստանի ԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Միության քարտուղար Բաղաթեր Արաբուլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, «Ճավճավաձեի» կենտրոնի տնօրեն Նուգզար Բերիաշվիլին, Վրաստանի հայ համայնքի և Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչներ, մտավորականներ:
Էդ. Միլիտոնյանը, ընդգծելով, որ ժողովածուն Հովհաննես Թումանյանի ավանդների շարունակությունն է, նշեց, որ պատահական չէ Թումանյանի տուն-թանգարանում գրքի շնորհանդեսի կազմակերպումը, քանի որ այստեղ բազմաթիվ ծրագրեր են քննարկել և իրականացրել և՛ հայ, և՛ վրացի գրողներ: «Այս ժողովածուում Հովհ. Թումանյանից ընդգրկված են Վրաստանին նվիրված բանաստեղծություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց ուժը, սերը, էներգիան, ինչը շատ անհրաժեշտ է երկու ժողովուրդների համար»,- վստահեցրեց Էդ. Միլիտոնյանը:
Մաղվալա Գոնաշվիլին տեղեկացրեց, որ գիրքը վրացերեն հրատարակելու է «Մերանի» հրատարակչությունը:
ՍԵՐ՝
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 29-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը: ՀԳՄ պատվիրակության ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Հայաստանի և Վրաստանի տարբեր շրջաններից, Հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարևանությամբ գտնվող Սայաթ-Նովայի շիրմաքարին ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Սայաթ-Նովայի հիշատակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ներկայացրեց «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն՝ նշելով, որ գրքում ընդգրկված են Սայաթ-Նովայի ստեղծագործություններից: «Սայաթ-Նովան՝ որպես համաշխարհային դեմք, եզակի է գրականության, երաժշտության ասպարեզում. երեք ժողովուրդներ հավասարապես իրենցն են համարում այս մեծ մարդուն, որովհետև նա ամբողջ աշխարհի համար սեր ուներ բաժանելու և դա արել է երգի ու բանաստեղծության ձևով»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Երկու ժողովուրդների հարաբերություններում քաղցր խոսքերը միշտ էլ եղել են, բայց նրանք պարտադրելու են մեզ նույնքան լավ ու բարի գործեր անել շարունակաբար՝ Սայաթ-Նովայի հիշատակը հարգելով: Մեր ասպարեզում դա կլինի թարգմանություն, նոր գրքերի հրատարակություններ և տարբեր միջոցառումներ, որոնք արվում են և կշարունակեն արվել»:
Մաղվալա Գոնաշվիլին, իր խոսքում նշանավորելով Սայաթ-Նովայի տոնը՝ Վարդատոնը, որը երկու տարի ընդմիջվել էր, և սա համավարակից հետո առաջինն է, հայտարարեց, որ Էդ. Միլիտոնյանն արժանացել է Վրաստանի գրողների միության «Տիցիան Տաբիձեի» անվան գրական մրցանակի՝ երկարամյա գրական գործունեության և հայ-վրացական գրական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
Ի դեպ, Մաղվալա Գոնաշվիլին որոշակի թարգմանություններ է արել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից և Նարեկացու մեկնաբանություններից: «Սա շատ լավ սկիզբ է, մենք պիտի ջանանք, որպեսզի նա կարողանա շարունակել իր աշխատանքը, և վրացերեն թարգմանություններ տպագրվեն Նարեկացու անմահ ստեղծագործությունից, ինչպես նաև կարողանանք Հայաստանում օժանդակել այդ գրքի ստեղծմանը»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ