Համամարդկային մշակույթի եզակի մի երևույթ՝ կործանման եզրին / Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նա ստեղծեց իր անվերջանալի, անծայրածիր աշխարհը, որը սովորական մահկանացուներիս ըմբռնումներին անհասանելի է այնպես, ինչպես անհասանելի է Տիեզերքի անվերջությունը: Մանրաքանդակի աշխարհահռչակ վարպետը, որ գործում էր միկրոաշխարհում և այն համարում էր իր Տիեզերքը, վկայում է. «Բացի անվերջ մեծությունները, կան հակառակը` անվերջ փոքրություններ, որոնք ուսումնասիրում եմ ես և ի՞նչ, ինչքան շատ եմ մեծացնում բջիջը միլիոն անգամ, սա ավելի է հեռանում ինձանից, և ես տեսա` ինչպես Տիեզերքի մեծությունը սահման չունի, այնպես էլ միկրոաշխարհի փոքրությունը սահման չունի»: Կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձավ օպերայի, ապա ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի ալտիստներից մեկը և կոնցերտմայստերը: Բայց միայն սա չէր:
Էդուարդ Տեր-Ղազարյանը դարձավ մանրարվեստի աշխարհահռչակ հիմնադիրը: Նրա գործերից շատերը բազմիցս իրենց արժանի տեղն են գրավել «Գինեսի» ռեկորդների և նույնատիպ ռուսական «Դիվո» գրքերում: Աշխարհում արվեստի այս ճյուղը գոյություն ունի միայն Հայաստանում և միայն Էդուարդ Տեր-Ղազարյանի շներհիվ: Նա նաև վարպետ էր ջութակ, ալտ և թավջութակ պատրաստելու արվեստում և դարձավ երաժշտական դասական գործիքներ պատրաստող այն մասնագետը, ում պատվերներ էին ուղարկում ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներից:
…Մեծանուն գերմանացի կոմպոզիտոր Բախը դժգոհ էր սովորական թույլ հնչողության ալտերից: 1724 թ., գծելով նոր ալտի չափերը, տվեց երաժշտական գործիքներ պատրաստող համբավավոր վարպետ Հոֆմանին: Սակայն Հոֆմանի ալտի վրա Բախը չկարողացավ նվագել: Եվ ալտը մնաց որպես թանգարանային նմուշ: Էդուարդ Տեր-Ղազարյանը կարողացավ ստանալ Բախի այդ գործիքի գծագիրը և ըստ այդ գծագրի պատրաստեց այն: Այս ալտը հզոր ձայն ուներ, երկարությունը՝ 89 սմ: Բախը հենց այդպես էլ պատկերացրել էր այն և նախօրոք կոչել Վիոլա պոմպոզա, այսինքն` հանդիսավոր ալտ: Երբ Վիոլա պոմպոզան պատրաստ էր, Է. Տեր-Ղազարյանը դրանով առաջին անգամ համերգ տվեց Երևանի կոնսերվատորիայում:
Հայաստանի պատմության թանգարանում Դվինից (10-րդ դար) պեղված նմուշների մեջ Է. Տեր-Ղազարյանը տեսավ մի սափոր, վրան նկարված մարդ, որը ջութակն ուսին, կեռ աղեղով նվագում էր: Ջութակի ձևը այժմյան ջութակի նախատիպն էր: Նա պատրաստեց այդ ջութակը Կարմիր բլուրի պեղումներից հանված 2700 տարվա կիսավառված գերանից:
Պատրաստեց և կոչեց «Դվին»: Այդ ջութակից հետո նա պատրաստեց «Դվին» թավջութակը:
Է. Տեր-Ղազարյանը ծաղրանկարիչ էր. այս ասպարեզում՝ նույնպես վարպետ: Նրա հերոսները շատ հաճախ դառնում էին երաժիշտները: Ծաղրանկարչությունը նրա երրորդ մասնագիտությունն էր:
Չորրորդը մանրաքանդակն էր: Աշխարհում շատ կան լավ երաժիշտներ, վարպետ գործիք պատրաստողներ և ծաղրանկարիչներ: Բայց մանրաքանդակի ասպարեզում նա միակն էր աշխարհում` հանճարեղ և անկրկնելի: Կյանքի ընթացքում պատրաստել է 700-ից ավելի մանրաքանդակ, որից 200-ը տարվել է արտասահման: Դրանք քանդակվել են ցորենի, բրնձի, խաղողի կորիզի մասերի բաժանված հատիկների վրա, շաքարի ավազահատիկի տասներորդ մասնիկի վրա, մարդու մազի վրա և նրա ներսում բացված անցքի մեջ, գնդասեղի գլխի և ասեղի անցքի մեջ, լուցկու հատիկի փորված միջուկի մեջ, ձկան փշի վրա, ինչ-որ տեղից պեղված, հանված մամոնտի ոսկրից կորզած մանրագույն հատիկի վրա, մարմարի և ամենազանազան քարերի, նաև ոսկու փոշեհատիկների և ամենաանսպասելի նյութերի վրա. սովորական մարդու համար անընկալելի մի երևույթ, որը իրենով փաստում է հրաշքների ներկայությունը առօրյա կյանքում: Բայց մենք դեռ պիտի հանդիպենք հրաշքների հրաշքին` նրա շարժվող մանրաքանդակներին: Երբ կատարյալ էր արդեն մանրաքանդակի իր արվեստը` որոշեց շարժունակ դարձնել դրանք:
«Գուլիվերը և լիլիպուտները» գլուխգործոցի վրա աշխատեց 1,5 տարի և կարողացավ ստիպել բոլոր 200 կերպարներին շարժվել ընդհանուր տեսարանում: Գուլիվերի ձեռքին շիշ է, մեջը՝ մի լիլիպուտ, որն ուզում է շշից դուրս գալ: Շիշը պատրաստված է մարդու մազից: Գուլիվերի մյուս ձեռքին կանգնած զինվորը թափահարում է սուրը: Մյուս լիլիպուտները փորձում են մագլցել Գուլիվերի վրա: Գուլիվերը շարժում է գլուխը: Կան շատ շարժվող զինվորներ: Այս մանրաքանդակի բարձրությունը 2մմ է: Հետո պատրաստեց բազմաթիվ շարժական աշխատանքներ:
Ինչպե՞ս ընկալվեցին աշխարհի կողմից այս շարժվող մանրաքանդակները, որոնք անտեսանելի են սովորական աչքի համար: Բոլոր մանրաքանդակները դիտվում են խոշորացույցի միջոցով, դրված են օնիքսի պատվանդանի վրա, որտեղ հարմարեցվում է նաև խոշորացույց ապակին: Այդ ապակուց այն կողմ դիտողի համար բացվում է զարմանահրաշ մի աշխարհ, որի ինչ լինելը ըմբռնելի չէ նույնիսկ գիտական աշխարհի մեծանուն այրերին: Ամերիկացի աշխարհահռչակ գիտնական Ալեքսանդր Օտտո Ստին այցելեց ԱՄՆ-ում բացված Տեր-Ղազարյանի ցուցահանդեսը և տպավորությունների գրքում գրեց. «Եթե գիտությունը այս տեմպերով անցնի առաջ, ապա 9000 թվականին կգտնեն այս շարժումների գաղտնիքի բանաձևը»: Ռուս ֆիզիկոս Կապիցան հեռուստատեսությամբ ներկայացրեց «Գուլիվերը և լիլիպուտները» աշխատանքը ու հայտարարեց, թե ժամանակակից գիտությունն անկարող է բացահայտել այդ շարժումների գաղտնիքը: Երբ Մոսկվայի ռադիոն ՏԱՍՍ-ի հաղորդագրությամբ ի լուր աշխարհի հայտնում է Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրաքանդակների մասին, գերմանական «Բեռլիներ ցայտունգ» թերթը գրում է. «Հեքիաթները երբեմն դառնում են իրականություն»:
Ի դեպ, Խորհրդային Միության բարձրաստիճան ղեկավարները սիրում էին օտար երկրների ղեկավարներին նվիրել հայ արվեստագետի զարմանահրաշ գործերը՝ նրան ներկայացնելով որպես ԽՍՀՄ քաղաքացի կամ ուղղակի ռուս: ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը կարևոր այցելությունների ժամանակ նվեր էր տանում նրա աշխատանքները կամ հայ պատվիրակների հետ ուղարկում` որպես հպարտության արժանի հայ արվեստագետի զարմանահրաշ կատարումներ:
Նրա մանրաքանդակները շրջեցին աշխարհով մեկ: Մստիսլավ Ռոստրոպովիչը և Արամ Խաչատրյանը տպավորությունների գրքում գրել են նույնը. «Խոնարհվում եմ Ձեր հանճարի առջև…»: Իր հերթին Տեր-Ղազարյանը նվիրեց նրանց ծաղրանկարները, որոնցով շատ գոհ մնացին նրանք: Ռոստրոպովիչը նույնիսկ իր ծաղրանկարը փակցրել էր իր թավջութակի պատյանի ներսում և ամեն առիթով ցույց էր տալիս մտերիմներին:
Քեմբրիջի համաշխարհային կենսագրական կենտրոնում ուսումնասիրելով, թե երկրագունդն իր հազարամյակների պատմության ընթացքում որքան հանճարեղ մարդ է տվել, հաշվարկել է ընդամենը 5000 մարդ: Այդ 5000-ից ընտրվել են առավել հանճարեղ 2000-ը, ապա առանձնացվել է 200-ը, որտեղ և իր արժանի տեղն է գրավել Էդուարդ Տեղ-Ղազարյանը: Համաշխարհային կենսագրական կենտրոնը նրան պարգևատրեց «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով, որին շատ քչերն են արժանացել: Աշխարհահռչակ ակնաբույժ Ֆեոդորովի՝ աչքի վիրահատությունների համար պատրաստեց մարդու մազից բազմաթիվ անգամ բարակ գործիքներ: Փորագրելու հազարավոր գործիքներ է հորինել` 1000 անգամ բարակ մարդու մազից:
Գրել է «Իմ կյանքի գիրքը», որը հիշողությունների, մտորումների, խոհափիլիսոփայական ընկալումների, ստեղծագործական կյանքի յուրօրինակ խոստովանություն է:
Էդուարդ Տեր-Ղազարյանը իր մահկանացուն կնքեց 2012 թ. ապրիլի 16-ին, 89 տարեկան հասակում: Նրա կյանքի վերջին տարիները ծանր հիասթափության տարիներ էին: …Պետք էր սրահ՝ մշտական ցուցադրության համար: Ժամանակին Աբովյան 28 հասցեում տրամադրեցին մի սրահ, որն զբաղեցրել էին ինչ-որ իրավաբաններ և ոչ մի կերպ չէին ուզում ազատել: Նա Կարեն Դեմիրճյանին բրնձի հատիկի վրա դիմում գրեց: Դեմիրճյանի կարգադրությամբ շենքն անմիջապես ազատվեց իրավաբաններից և տրվեց որպես Տեր-Ղազարյանի մանրաքանդակների ցուցասրահ, ուր օրվա ընթացքում հաճախում էր ավելի քան հազար մարդ: Այսպես` երեք տարի շարունակ: Վարպետն արդեն հանգիստ էր, որ իր գործերը գտնվում են նպաստավոր պայմաններում… Նրան արժանացրին Արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Հետո փլուզվեց ԽՍՀՄ-ը: Հայաստանը դարձավ ազատ անկախ պետություն: Դժվար տարիներ էին: Արցախյան ազատագրական պատերազմն էր, ծանր երկրաշարժից առաջացած մտահոգություններ, շրջափակում, խավար ու ցուրտ օրերում ապրող ժողովուրդ: Հայ ժողովուրդը այդ դժվար տարիներին, իր թանկագին կորուստները սեղմած սրտում, հաղթանակի հանդեպ անխաթարելի հավատով, հանուն ազատ, անկախ Հայաստանի պայծառ ապագայի, կանգնեց իր նոր առաջնորդների կողքին և իր հնամյա պատմությունը պսակեց նոր օրերի մեծ հաղթանակով: Մեծ, անտարողունակ հիասթափությունների ժամանակը իրար հաջորդող ղեկավարներից` առաջիններից մինչև վերջինները, դեռ պիտի գար և անպատասխան հարցերի առջև կանգնեցներ երեկվա հավատավոր ժողովրդին: Բայց սա ուրիշ խոսակցության նյութ է: Պարզապես հիշեցինք, որովհետև այդ հիասթափությունը չոքեց նաև հրաշագործ վարպետի շեմին: Ազատ անկախ Հայաստանում սնկի նման աճող կուսակցություններից մեկը, հովանավորվելով բարձրագահ ղեկավարներից, «Հրաշքների աշխարհ» ցուցասրահը վտարեց Աբովյան 28 հասցեից և դարձրեց իր գրասենյակը:
Ո՛չ: «Հրաշքների աշխարհին» նոր ցուցասրահով չապահովեցին: Պարզվեց` նորանկախ հանրապետության տերերին պետք չէր աշխարհահռչակ արվեստագետի` իր ձևի մեջ միակ ստեղծագործական երևույթը: Փառք Աստծու, մանրաքանդակները չոչնչացվեցին: Պարզապես զրկվեցին ապաստանից, որտեղ կարգավորվում էր նրանց պահպանման ռեժիմը և ի ցույց դրվում այցելուներին: Դրանք այժմ գտնվում են Է. Տեր-Ղազարյանի բնակարանում` զրկված և՛ պահպանման ռեժիմից, և՛ այցելուներից: Եվ նա, որ հարյուրավոր հրաշքներ էր ստեղծել, հանճարի գլուխգործոցներ՝ ի փառս իր հայրենիքի, խնդրագրերով և բացատրագրերով բարձրաստիճան անձանց դիմելուց հոգնած` սկսեց բանակցել Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի և Քեմբրիջի թանգարանների հետ:
Ինչո՞ւ, իսկապես, հայրենապաշտ մարդը դիմեց նման ծայրահեղ քայլի:
Պատասխանում է` կարծես արդարանալով. «Հեշտ չէ այսօր տեղ ստանալ Հայաստանում. ամեն տարածք արդեն գրավված է: Չունենք աշխատանքները պահելու պայմաններ: Փչանում են: Ամբողջը կփչանա ինձանից հետո ու կկորչի: Դրա համար էլ ման եմ գալիս, թե ո՞ր թանգարանը ավելի լավ կպահի գործերը: Կնվիրեմ, թող ամբողջ աշխարհը գնա այնտեղ, թող նայի գործերը, թող ուրախանա»: Իսկ ինքը տխուր էր:
Դեռ թանգարաններից պատասխան չստացած` հանկարծամահ եղավ` իր հետ տանելով սեփական հայրենիքում մերժված լինելու, իր սքանչելի գործերի ավելորդ լինելու ծանր մտածումները:
Մի՞թե Նվիրյալը, որ իր հայրենիքի անունը տարել էր աշխարհեաշխարհ` փառքով պսակելով այն, իր ծերության տարիներին արժանի էր նման ճակատագրի: Մի՞թե նա արժանի չէր դափնիների վրա հանգստանալու:
(Տպագրվում է հատվածաբար, Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» վկայագրքի յոթերորդ հատորից):

Ի հավելումն.
Պիտի հանդուրժե՞նք ոչ թե օտարի կողմից, այլ Հայոց ներսում գործող եսամոլության ու անտարբերության բարդույթի դրսևորումը, որի պատճառով, թվում է, անհնար է դարձել հաղթահարել հրաշագործ վարպետի 86-ամյա կնոջ և կնոջ խորթ թոռան ապազգային մտայնությունը, ովքեր ազգականի իրավունքով իրենց ժառանգությունն են համարում նրա մանրաքանդակները, բազմաբնույթ արխիվը, իր ձեռքով պատրաստած զարմանալի գործիքները, նաև երաժշտական գործիքները, ծաղրանկարները, որոնք աշխարհում չեղած միակ ու ինքնատիպ թանգարանի հարուստ ցուցադրություն կարող են լինել: Մի՞թե Երևան քաղաքում հնարավոր չէ գտնել այդ թանգարանին արժանի տարածք:
Մի՞թե հնարավոր չէ ժառանգների հետ համաձայնության գալ, որոնք միմյանց հանդեպ անբարենպաստ վերաբերմունքով, նույնիսկ միմյանց դեմ դատ հարուցելով, վարպետի ստեղծագործությունները պինդ փակել են իրենց բնակարաններում, որպես իրենց անձեռնմխելի ու վերջնական հարստություն:
Բայց այդ հարստությունը հայ ժողովրդինն է, որը ձեռք բելեու համար ելք գտնել է պետք: Երբ գտնվի ելքը, գուցե հարազատները վերջապես հասկանան, որ հպարտանալու առիթ պիտի ունենան, եթե իրենց օգնությունը լինի այդ բացառիկ թանգարանի կայացման գործում:
Սակայն, ո՞ր հայրենապաշտ, ազգային արժանապատիվ մտահոգությամբ առաջնորդվող բարձրագահ պաշտոնավարողը, ո՞ր նախարարությունը, ո՞ր կազմակերպությունը, ո՞ր մեծահարուստը կամ քաղաքապետարանը, գուցեև շատերը միասին, պիտի ձեռնարկեն ոչ դյուրին այդ գործը: Եվ անտեսված հայ հանճարի՝ իր տեսակի մեջ բացառիկ ստեղծագործությանն արժանին հատուցեն՝ համամարդկային մշակույթի եզակի երևույթը փրկելով կործանումից:
16 հունվար 2015

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։