ՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Մուրացանյան-օրերԱրցախում գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստում է ԼՂՀ գրողների միությունը, ում նախաձեռնությամբ էլ ամեն տարի մայիսին Արցախը ապրում է Մուրացանյան օրեր: Այս տարի ինչ-որ չափով փոխվեց գրական տոնի ձևաչափը` ընդլայնելով մասնակիցների թիվը: Գրական կազմակերպության առաջարկությամբ և ԼՂՀ ԿԳ նախարարության հանձնարարությամբ՝ Արցախի հանրակրթական գրեթե բոլոր դպրոցներում տեղի ունեցան Մուրացանյան օրերին նվիրված հանդիսություններ` գրողների մասնակցությամբ:
Մայիսի 28-ին, արդեն 30-րդ անգամ, մեծ դասականի ծննդավայր Շուշիում՝ Մուրացանի անունը կրող դպրոցում, կրկին հավաքվել էին գրողներ, գիտնականներ, մտավորականներ, դպրոցականներ, հասարակության ներկայացուցիչներ: Մայր Հայաստանից, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի գլխավորությամբ, ժամանել էին գրողներ ու գրականագետներ՝ Հասմիկ Հակոբյանը, Արմեն Ավանեսյանը, Արտեմ Հարությունյանը, Աշոտ Գաբրիելյանը: Ծաղիկներ դրվեցին գրողի կիսանդրուն: Ապա ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Մուրացանի ստեղծագործություններում առաջադրված խնդիրների մեջ կարևորագույն տեղ ունի առաքելության գաղափարը: Հենց այն հանգամանքը, որ Մուրացանն ամեն տարի Արցախում իր շուրջն է համախմբում հայոց աշխարհի լավագույն գիտնականներին, գրողներին, մտավորականներին, այդ առաքելության լավագույն արտահայտություններից մեկն է:
«Մուրացանը մեր պատմավիպասանության մեջ մնաց որպես անգերազանցելի վարպետ՝ առաջին հերթին իր արծարծած թեմաներով, ազգային միաբանության գաղափարով: Մենք, որ մեծացել ենք Մուրացանի ստեղծագործությունների ոգով, նրա հերոսներին տեսանք մեր շրջապատում, մեր ընկերների մեջ: Մուրացանի գեղագիտությունն այսօր էլ արդիական է ու իր դասն է բերում մեր ժողովրդի առաջընթացի գործում: Ուրախությամբ ենք ամրագրում, որ այսօր նրա գաղափարներն արդեն իրականություն են դարձել, և մեր մեծագույն ձեռքբերումը մեր ժողովրդի անկախու­թյունն է»,- նշեց Վ. Հակոբյանը:
Մուրացանյան օրերի առթիվ ՀՀ ԳՄ նախագահ Լևոն Անանյանի հղած ուղերձը ջերմությամբ ընդունեցին ներկաները: Այնտեղ մասնավորապես ասված էր. «Արդեն երեք տասնամյակ անընդմեջ Արցախի գրողների միությունը, պետության աջակցությամբ, կազմակերպում է «Մուրացանյան օրեր» փառատոնը` ամեն անգամ նորովի և ուշագրավ լույսի ներքո ներկայացնելով ու մեկնաբանելով մեծանուն արձակագրի կյանքն ու գործը:
Այն, ինչ տվեց ծննդավայր Արցախն ու արցախցին` «բարոյական արժանավորության» իր բնորոշ որակներով (հայրենասիրություն, անձնազոհության կամք, առաքինություն, պատասխանատվություն հայոց պատմության և ներկայի հանդեպ), Մուրացանը լիուլի վերադարձրեց իր ծնող ժողովրդին` դառնալով նրա գրական-մշակութային ժառանգության հզոր վեմերից:
Դուք վերահաստատում եք ժողո­վրդական առածի ճշմարտացիությունը` խաչը տերն է զորացնում, ուրեմն` հարգանք ու խոնարհում փառատոնի կազմակերպիչներին, ձեզ բոլորիդ»:
Բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, իր ելույթում անդրադառնալով Մուրացանի ստեղծագործություններին, ասաց, որ հայրենասիրությունը նրա մոտ հստակ բանաձևի մեջ է ներկայանում: Նա հայրենիքի սկիզբը համարում էր ընտանիքը. «Մենք այսօր պետք է կարողանանք պահել հայ ընտանիքը՝ հայի տեսակը պահպանելու համար: Սա մուրացանյան կարևոր խորհուրդներից է»:
Տոնակատարություններին մասնակցեց նաև ԼՂՀ ԳՄ հրավերով Արցախում գտնվող գիտնական ու բանաստեղծ, հայ ժողովրդի ռուս բարեկամ Վլադիմիր Պոնոմարյովը: Հեռավոր Սիբիրից բերած ողջույնները հաղորդելով ներկաներին՝ նա միջոցառման մասնակիցների ուշա­դրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ռուս ընթերցողը առանձնահատուկ վերաբերմունք ու սեր ունի հայ գրականության, մասնավորապես դասականների ստեղծագործությունների նկատմամբ, որի մեծ մասն այսօր թարգմանված է ռուսերեն:
Այնուհետև Շուշիի Մուրացանի անվան դպրոցում տեղի ունեցավ գիտաժողով, որտեղ հնչեցին Մուրացանի գրական ժառանգությունը գնահատող զեկուցումներ: Բանախոսներն էին գրականագետներ Զինաիդա Բալայանը, Արմեն Ավանեսյանը, գրող-լրագրող Դավիթ Միքայելյանը և ուրիշներ: Գիտաժողովն ամփոփեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը. «Մենք ոգեղեն ժողովուրդ ենք, մեզ հոգևոր հաց է պետք: Մեր ոգեղենության ապացույցներից մեկն էլ Մուրացանյան օրերի կազմակերպումն է: Մուրացանը քայլող դասական է: Նա այսօր էլ նպաստում է մեր եռամիասնու­թյանը: Փառք Մուրացան ծնող մեր ժողովրդին»:
Օրվա միջոցառումներն ամբողջացան Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում` մոմավառությամբ:
Մուրացանյան օրերի շրջանակներում մայիսի 29-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացավ գիտաժողով «Արդի հայ պատմավիպասանության զարգացման միտումները» թեմայով, որը վարում էր բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը: Զեկուցումներով հանդես եկան բանասիրական գիտությունների թեկնածուներ Արմեն Ավանեսյանը, Կիմ Գաբրիելյանը, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Ամալյա Գրիգորյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Ժաննա Բեգլարյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ այս տարի Մուրացանյան օրերի շրջանակներում նորություն էր գիտաժողովային ձևաչափը, որտեղ փորձ արվեց կապ հաստատել Մուրացանի և արդի հայ պատմավիպասանության միջև: Կարևորելով գիտաժողովի նշանակությունը՝ Ա. Նիկողոսյանն ընդգծեց, որ այն նպատակաուղղված շեշտադրում ունի, ինչն էլ ավելի առարկայական տեսք կստանա, առաջիկայում զեկուցումներն առանձին գրքով կհրատարակվեն:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, կարևորելով Մուրացանյան օրերը հայ գրականության կյանքի աշխուժացման գործընթացում, նշեց գիտաժողովի դերակատարության մասին:
Մուրացանյան օրերի մասնակիցները եղան հինավուրց Ամարաս եկեղեցում, ապա` Սխտորաշենի հսկա սոսենու մոտ, որն ավելի քան 2000 տարեկան է, և որին անդրադարձել է Մուրացանն իր ստեղծագործություններում, հիացան Արցախի պատմամշակութային հուշարձաններով և անզուգական բնությամբ:
Մայիսի 30-ին միջոցառումները շարունակվեցին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում, որտեղ ժամանակին հաճախ էր լինում Մուրացանը: Ի դեպ, Կուսապատի գերեզմանատանն է ամփոփված մեծ գրողի մայրը: Ասենք նաև՝ այս գյուղի ծնունդ է Մուրացանի կին Ոսկին, այս գյուղում է հարսնություն արել գրողի քույր Ղումաշը:
Մուրացանյան օրերին Կուսապատն ուրախանալու ևս մեկ առիթ ուներ: Նշվում էր դպրոցի 135-ամյակը:
Դպրոցի 135-ամյակի և Մուրացանյան օրերին նվիրված ցերեկույթում ելույթ ունեցան ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, Մարտակերտի կրթության բաժնի վարիչ Ժասմեն Դավթյանը, դպրոցի տնօրեն Անյուտա Խաչատրյանը և ուրիշներ: Գրականագետ, ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը կուսապատցիներին խոստացավ իր նախաձեռնությամբ գրքահավաք կազմակերպել և նոր գրքեր նվիրել դպրոցի գրադարանին:
Իր տպավորությունների մասին այսպես է պատմում բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը. «Մուրացանյան օրերը լայն հնարավորություն են ընձեռում Արցախի և Հայաստանի, ինչու չէ, նաև Սփյուռքի գրողներին միմյանց հետ անմիջական շփում ունենալու: Ճանաչելով միմյանց՝ լրացնում ենք մեկս մյուսին: Սա շատ կարևոր քայլ է հայ գրականության ապագայի համար»:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը Մուրացանյան օրերը կարևորեց փորձի փոխանակման և գրականության տարածման տեսանկյունից. «Սա դպրոց է երիտասարդ սերնդի համար: Ժողովուրդն այս կերպ հաղորդակից է դառնում դասական և ժամանակակից գրականու­թյանը»:
Արցախը հպարտ է իր տաղանդավոր զավակներով: Եվ ինչպես Վարդան Հակոբյանն է ասում, նահատակվածների արյամբ ազատագրված հողի վրա ամուր կանգնելն ու այն պահպանելը նույնպես հերոսություն է: Եվ օրինաչափ է, որ Արցախում մեծ դասականի արվեստի օրերն ամեն տարի նշվում են որպես Մայիսյան տոների շարունակություն: Մայիսը մեր ժողովրդի համար հաղթանակների ամիս է:
Եվ թող մշտապես շարունակական լինեն մեր հաղթանակները:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։