Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Երկար բացակայելուց հետո Երևան վերադառնալուց առաջ` անսովոր զգացողություն ես ունենում. կյանքը կարծես ոտնաթաթերից զսպանակվելով, ուզում է պոկվել իր ծանրացած տեղից, ուզում է ցատկոտել ու խայտալ, համբարձվել երկինք ու սահուն ճախրանքին անձնատուր` ձյան փաթիլքի պես հեզասահ կաթել քաղաքի շիկացած ասֆալտին, մաղաքամվել, ձուլվել, ցնդել, անէանալ: Այսպիսին է զգացողությունը Երևան վերադառնալուց առաջ` ինչպես եթե քեզանից առժամանակ խլված երազը անսպասելի ու փութկոտ հառնի քո առաջ: Ինչպես եթե անհնարինը իրականություն դառնա, կամ իրականությունը վերափոխվի երազի: Ավա՛ղ, մեր սպասելիքները հուզախախտ լինելու վտանգին են ենթակա, մանավանդ, որ նրանցում շատ ավելի մեծ հակում կա դեպի չափազանցվածությունը, և իրականության հետ առաջին իսկ շփումից հօդս են ցնդում: Երբեմն ինձ թվում է, որ Երևանն ինձ չի ձգում իր տարածական կամ որևէ այլ հատկանիշով, այլ պարզապես որովհետև այնտեղ, անապահովության ու անելանելիության օրըստօրե ահագնացող այդ խառնարանում, հանգամանքների բերումով, սիրելի մարդիկ են դեռ բնակվում, և քեզ հետ միասին կյանք մտած ու ճանապարհ անցածներն էլ դեռևս ավելի մեկտեղված են ու համախումբ, չնայած ավելի ու ավելի են նոսրանում, հալչում: Պարզապես վերադառնում ես այնտեղ, որտեղից սկիզբ ես առել, որտեղ արմատներ ես գցել ու այժմ էլ, բարալիկ ցողունի հանգույն տարուբերվելով, չգիտես` արևի՞ն, թե՞ լուսնին ձգտես, վերընձյուղվե՞ս, սաղարթներդ տարածե՞ս ու բաղեղվե՞ս, մնա՛ս, թե՛ գնաս, ու եթե մնաս, ո՞ւմ համար մնաս և եթե գնաս` հանուն այդ ո՞ր մի երկրային բարիքի: …Մենք` երևանցիներս, անդառնալիորեն փոխվել ենք, սակայն ինքը` մեզ ծնած քաղաքը, զարմանալիորեն մնացել է նույնը, դարձել է ամեն ինչ հանդուրժող, համակերպվող, հնացել է, դեմքն ու հոգին կորցրել: Որտե՞ղ փնտրենք մեր հոգեկից Երևանը… Գուցե մեր մե՞ջ կամ մեր սիրելի մարդկանց հայացքներո՞ւմ:
Հոգուց ընկել ենք, մարմինը երկինքներում պեղենք…
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ
4-ը հուլիսի 2011, Փարիզ
Դրա համար վերցնում ես հասարակական մտածողության տիրապետող միտումը, այն մի լավ խառնում ես տվյալ պահին գերիշխող բարոյական չափորոշիչների միջին թվաբանականին, ձեռքիդ տակ եղած ազգային բացառիկության մշտափոփոխ գանձարանից մի երկու առինքնող ցիտատ ես կաթեցնում բաղադրվելիք խյուսին, մի պտղունց սեփական անսխալականության բարդույթ ես ավելացնում վրան և պատրաստուկը դնում ես սառնարանում, որ սառչի: Ժամանակ անց, մի տասը կամ քսան տարուց սառնարանից դուրս ես կորզում խտանյութը և ով զարմանք. պարզվում է, որ մտածողության տիրապետող միտումը փոխակերպվել է իր իսկ հակադրությանը, բարոյական չափորոշիչները, տևական տուրևառությունների արդյունքում դոնդողանման, լպրծուն նյութի են վերածվել` ճարպայուղի անթափանց շերտով շրջափակելով ողջ մակերեսը, ազգային բացառիկության կաթիլային ներարկումները հօդս են ցնդել, և միայն անսխալականության բարդույթն է, որ կույր ու խուլ ձևանալով, շարունակում է ճիգ ու ջանք թափել` ձգտելով առկա իրականությունը հարմարեցնել սեփական կանխակալ դատողությունների անտեղիտալի ատաղձին:
Եվ ինչ, եթե ընդհանուր հայտարարի բերելու լինենք տիրապետող միտումի ու միջին թվաբանականի հանրագումարային արդյունքը, կստացվի, որ կանխատեսումը, թեև, իրականացել է, բայց ընկալունակության հանգամանքներն են փոփոխվել, ինչն էլ հետևանք է մարդուս ինքնահաստատման մղող ծեքծեքուն համառամտության, որ բնավ համագոյակիցը և հարաբերակիցը չէ ճշմարտության համար մղվող օրըստօրե դժգունող գոյամարտի: Ասել է թե` կանխատեսման իրականացումը թեև առկա է, սակայն բաղադրվելիք իրականության հետ կարող է և դույզն ինչ աղերս չունենալ:
ԵՐԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ
30-ը հունիսի 2011, Փարիզ
Այս պահին մենք ունենք երկու Հայաստան` իրական և հնարավոր: Իրականն այն է, ինչ ունենք, բայց հնարավոր է, որ նրա իրական լինելը չենք գիտակցում: Իրականության մեջ Հայաստանը մի երկիր է` իր կենսապահովման բազմաթիվ խնդիրներով ու վերապրելու բազմաբարդ հեռանկարներով: Հնարավորության պլանում, սակայն, ամեն ինչ կարող էր և այլ կերպ լինել. երկիրը կարող էր բարգավաճ ու ապահով կյանքով ապրել: Եվ դրա գրավականը առկա է իրականության մեջ, առկա, բայց չգիտակցված: Հնարավորությունները հետազոտված չեն այնքան և այն խորությամբ, որպեսզի ապացուցողական, տեսանելի ուժ ունենան: Հետևաբար այստեղ մենք գործ ունենք իրականությունը տեսանելու առանձնաշնորհյալ և անշրջահայաց, ապաշնորհ ներկայացման եղանակների հետ: Եթե ներկայից անցումը ապագային հպատակների վստահությունը շահելու իմաստով համոզիչ չի մատուցվում, ուրեմն գործ ունենք ոչ թե իրատեսական, այլ միանշանակորեն անշրջահայաց, ապաշնորհ կառավարման ձևի ու բովանդակության հետ: Իսկ եթե իրականությունն է գերբարդ ու դժվար հաշվարկելի, ինչը հնարավորության պլանում բացառել չի կարելի, ապա դարձյալ ենթադրելի է, որ հնարավոր իրականության բոլոր հավանականությունները դեռևս հստակագույնս հաշվարկված չեն:
Ապագան հաշվարկելու համար պետք է ելնել նրանից, որ ներկա պահին տեղի ունեցած կարևոր համարվող իրադարձությունները պարզապես չեն եղել, ոչ ևս են, և ավելի շատ կարևորություն չտալ տեղի ունեցածին, քան նրան, որ կարող էր լինել, մոտավորապես այնպես, ինչպես, ասենք, չեն եղել շատուշատ իրադարձություններ, որոնց մասին մենք միայն այն գիտենք, որ դրանք չէին կարող եղած չլինել. զորօրինակ` աշխարհի արարչագործումը, նախամաշտոցյան գրերի գոյությունը կամ, ասենք, կապկի մարդեղացման անապացուցելի կամ աքսիոմատիկ վարկածը:
Հաղթանակ կռել, նշանակում է դրա ամրապնդման համար անհրաժեշտ հետագա քայլերը նախապես, վաղօրոք հաշվարկել: Իսկ այդ բանն անել կարող է միայն ավանդապաշտ հասարակության վրա հիմնվող իշխող կամ իշխանության հավակնող ուժը, այլապես այդ երկու բևեռների միջև գոյավորվող խորթության մթնոլորտը կոչնչացնի ներդաշնակ համագործակցության պատրանքն իսկ: Երկիրն ուժեղ է ո՛չ ի հաշիվ բնական պաշարների ու աշխարհագրական դիրքի, այլ հոգեմտավոր պաշարների ողջախոհ արդյունահանման: Առաջին դեպքում գործ ունենք հնարավոր իրականություններից ամենաանհեռանկար տարբերակի հետ, երկրորդ դեպքում` ոտքի տակ հողի շունչն զգացող իրականացված բարձրագույն հնարավորության հետ: Առաջինի, թվում է, թե իրապաշտ, սակայն ըստ ամենայնի խարխուլ, երևակայական մակույկին հակադրվում է երկրորդի ոգեղենիկ, գաղափարականացված, թանձրամարմին հողանյութ շինվածքը:
Ընդսմին` տպավորություն է ստեղծվում, որ մեր հաղթանակները, հաղթական հակահարվածները սոսկ նյութականացված տեսիլապատկերներ են եղել կամ ընդհանրապես չեն եղել, և որ եսի ու մենքի միջև առկա խզումը ինքնին արգասիք է առկա հնարավորությունների անշրջահայաց մսխման: Ասել է թե` հաղթանակել է ո՛չ թե բանականությունը կամ առաքինի խոհականությունը, այլ հավաքական ցեղային ուժը, ամբարված ու չանթեղված վիրավորանքի պոռթկումը, կորցրածի հետբերման բնազդային խլիրտը, որն ինքնին ժամանակավոր երևույթ է, բայց ոչ կենսապնդիչ:
Այսպես մենք կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ. սովորույթի համաձայն հերթական անգամ առասպելականացնում ենք ժամանակավոր և ըստ այդմ` անարդյունք գործողությունները, փոխանակ վերժամանակյա ու կենսահաստատ հնարավորությունների դուռը բախելու: