ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը նոյեմբերի 4-ին ընդունել և լիագումար նիստ է տեղափոխել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը: Կասկածից դուրս է, որ այսօրինակ խայտառակ բանաձև հեղինակելու և այն շրջանառելու տարբերակը հնարավոր է միայն երրորդ ուժի` տվյալ դեպքում, բրիտանա-ադրբեջանա-թուրքական լոբբիի կոպիտ միջամտության արդյունքում: Թերևս ճիշտ են նրանք, ովքեր ներկայիս ԵԽԽՎ-ն ընկալում են որպես Ադրբեջանի դուստր ձեռնարկություն: Առնվազն ցինիզմ է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության պարագայում նման վերնագրի առկայությունն ու զեկուցման հեղինակ Ռոբերտ Ուոլթերի ընտրությունը, ով գտնվել է բրիտանական խորհրդարանում Ադրբեջանի բարեկամների խմբում և, ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, ֆինանսավորվում է Բաքվի համապատասխան հիմնադրամների կողմից: Այս դեպքում միամտություն է զեկուցողի գործողություններում անաչառություն փնտրելը, և պետք չէ գերզգայուն վերլուծողական կարողությունների տեր լինել՝ հասկանալու, որ խոսքը քաղաքական ֆարսի մասին է, և որ այդ ֆարսը մտահղացվել և կյանքի է կոչվել Բաքվում, որտեղ ամեն ինչ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը այլ ձևաչափ տեղափոխելու համար: Անտրամաբանականն այն է, որ նման ապակառուցողական նախաձեռնությունը հովանավորվում է ԵԽԽՎ-ի կողմից, ինչը հարուցել է անգամ Մինսկի խմբի համանախագահների դժգոհությունը, ովքեր հաստատակամ են իրենց առաքելության մեջ և անհանդուրժող՝ հակամարտության կարգավորումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերի դեմ: Այս կապակցությամբ նրանց հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խումբը բացառիկ միջնորդական փորձառություն ունի, որի ձևաչափն ընդունել են կողմերը, իսկ նոր, զուգահեռ մեխանիզմների առաջարկումը, հաշվի առնելով բանակցային գործընթացի նրբությունը, կարող է ընդհատել այդ գործընթացը և խոչընդոտներ առաջացնել կարգավորման ճանապարհին: Որ ազերիները կարող են ամեն ինչ գլխիվայր շրջել, իրենց քաղաքական կայունության հիմնը համարել կեղծիքը, նորություն չէ, տարօրինակը եվրոպացի չինովնիկների վարքն է, որոնցից շատերը մոռացել են՝ ինչ է սկզբունքայնությունն ու փորձում են հարցերը լուծել մե՛կ նալին, մե՛կ մեխին խփելով: Մի կողմից՝ Ադրբեջանի հասցեին Եվրոպայի արված մինուսային որակումները, երբ իշխանությունները կեղծ մեղադրանքներով հալածանքների, մյուս կողմից՝ այս զեկույցի հովանավորումն ու պաշտպանությունը՝ իմանալով հանդերձ ում դիվանագիտական բառապաշարում են գերակայում էսկալացիա, գրավյալ տարածք հասկացությունները: Այն, որ այդ զեկույցը մտահղացվել և իրականացվել է Բաքվում, երկու կարծիք լինել չի կարող: Նախ Ռոբերտ Ուոլթերը չի եղել Ղարաբաղում, բանականաբար նրա դատողությունները ենթադրությունների դաշտից են՝ կառուցված կողմնակի հարցումների վրա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ագրեսիվ պիտակավորումները ադրբեջանական մտքի արտադրանք են և նրանց քաղաքական ու դիվանագիտական բրենդը: Առաջնորդվելով ազերիների և Ուոլթերի տրամաբանությամբ՝ կարելի է նույն թեմայով զեկույց պատրաստել նաև Լուսնի, Մարսի կամ Յուպիտերի մասին, որովհետև տարբերություն չկա, թե որտեղ չես եղել` Արցախո՞ւմ, թե՞ այդ մոլորակներում: Անդրադառնալով բռնություններին՝ անհասկանալի է, թե ում նկատմամբ է այդ բռնությունը: Բաքուն արդեն քսան տարուց ավելի խոսում է իր մեկ միլիոնանոց փախստականների և Ղարաբաղի ազատագրված տարածքում ադրբեջանցի չլինելու մասին: Ուրեմն ո՞ւմ դեմ է բռնությունը: Մնում է ենթադրել, որ հայերի կողմից հայերի դեմ: Ճիշտ որ, սոված հավը երազում կորեկ է տեսնում: Այսքանից հետո պիտի ենթադրել, որ պատգամավորներից շատերը կա՛մ զուրկ են տրամաբանությունից, կա՛մ էլ նավթադոլարների և խավիարային դիվանագիտության ճնշման տակ կորցրել են բանականությունը, այնքան, որ անգամ բռնապետ Ալիևն է քննադատում նրանց, պնդելով, որ Եվրոպան հավատարիմ չէ իր բարձրաձայնած արժեքներին:
Ակնհայտ է, հունվարին Հայաստանին լուրջ փորձություններ են սպասվում: Ընդունվել է նաև Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով հերթական հակահայ զեկույցը: Մարկովիչը իր զեկույցը պատրաստելիս նույնպես չի եղել Ղարաբաղում: Եվ սա դեռ վերջը չէ…