ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աննա ՊետրոսյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս
ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻ  ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ

Ձեռս երթայ
Դառնայ ի հող,
Գիրս մնայ հիշատակող…

Երկի՛ր իմ, ես երկար տարիներ խոսել եմ քեզ հետ, և դու երբեք չես զլացել ինձ պատասխանել: Ես խոսել եմ քո հողի, ջրերի, լեռների, հովիտների, անտառների, անդունդների, քարերի, երկնքի ու նրա սրտում կուտակված աստղաբույլերի հետ, քո արշալույսների ու մայրամուտների բոսորագույն հրացոլքերի հետ, քո հեռավոր ու մոտիկ ժամանակների հետ, այդ ժամանակների տեր քո փառահեղ զավակների հետ:
Քեզ հանդիպելու և ճանաչելու համար առանց վարանման քայլել եմ մացառներով պատված հիշողության արահետներով և երջանիկ եղել անչափ, երբ այդ արահետները լուսավորել են մտածումներիս պայծառ բռնկումներով:
Ունեի՞ իրավունք իմաստությունից աղքատ իմ մտքով խոսել քեզ հետ: Նման մտածումների պատճառով շատ հաճախ հայտնվել եմ զգացումներիս մշուշների մեջ, տառապալից դեգերումներով ապարդյուն փորձել եմ ազատվել սիրտ մաշող հուսահատությունից: Սակայն այդ պահերին դու շտապել ես լսելի դարձնել ինձ քո Ոգու կանչը և ստիպել, որ ամրապնդելով հոգիս, նոր ուժ ու կորով ստանալով՝ վստահ քայլեմ իմ դժվարին ճանապարհով: Քայլեմ հավատի, հույսի, սիրո եռամեծար զգացումով, պաշտումով ու խանարհումով հանդեպ քեզ:
Դու մշտապես եղար ինձ ուղեկցող թալիսմանը, կյանքիս բացառիկ նշանագիրն ու խորհրդանշանը:
Քո Ոգու կանչը ինձ տանում էր ավելի ու ավելի հեռու, մինչև այնտեղ, ուր գտնում էի կորած հիշողությանս ծվենները, որ ագուցվելով միմյանց, ի վերջո դառնում էին ամբողջական ու այլևս անխաթարելի…
Արյան հիշողությունների պարտադրանքի միջով ես պիտի ճամփորդեի դարից դար, բարձրանայի Հայոց պատմության սեգ գագաթները և իջնեի նաև նրա ահասարսուռ խորխորատները, հավաստելու համար, թե ոճիրներից ազատ մի ազգի կյանք է Հայոց պատմության էջերը գրել:
Ես փորձեցի մերձենալ այն Աստվածապարգև Արարման Ոգուն, որով արարել են մեր նախնիները և կառուցել են Հայրենիքը՝ հանճարի բարձր դրսևորումներով և առնչվելու համար Հայոց հոգևոր գանձերին, նրա անցյալին, նրա սովորություններին, Հանճարին ու Հավատին:
Առնչվելու նրա ֆիզիկական, մտավոր և հոգևոր դրսևորումներին, որն ի սկզբանե նստակյաց է եղել, այսինքն՝ երկրագործ, կառուցող, մետաղագործ, աստղագետ է եղել: Իմաստո՛ւն է եղել: Սա չափազանցություն չէ: Սա իրողություն է: Ես այդ իրողությանը հասա՝ աներեր քայլելով դեպի ազգային բնավորություն: Հաճախ է, Երկիր իմ, կյանքի ու մահվան միջև փխրուն հավասարակշռությունը խախտվել, սակայն, ի վերջո, հաղթել է Կյանքը: Հաղթել են հազարավոր տարիներ մաքրագործված Հայոց բարոյական արժեքները:
Պատմության հեռուներից գալով՝ ես իմ Վկայագիրքն ավարտեցի 20-րդ դարի Հայոց վերջին պատերազմի ու հաղթանակի, Արցախյան փառավոր գոյամարտի էջերը գրելով: Արդյոք երկար ու դժվար ճամփա անցնելով կարողացա՞ հանդիպել Հայոց ամբողջական ու ավարտուն բնավորությանը: Կարողացա՞ պատասխանել՝ ինչ է Հայաստանը, հարցին: Ճանաչեցի՞ այն իր բոլոր դրսևորումների մեջ, իր ինքնության ժառանգությունը, որը կտակեց սերնդից սերունդ և հաստատեց իր՝ հնամենի սրտով ժամանակակից Երկիր լինելու փաստը:
Երկիր իմ, արդյոք այս զրույցները օգնեցի՞ն այնուամենայնիվ գիտակցելու այն Արժանապատվությունը, որով ապրել է քո ժողովուրդը: Եվ եթե շարունակի այդպես ապրել, պիտի հաղթահարի իր հոգում երբեմն բուն հյուսող խաթարումների ծանր կասկածներն ու թախիծը:
Խորին խոնարհումս Աստվածային պարգև ներշնչանքի առջև, որով, Երկիր իմ, քեզ հետ խոսելու իրավունքը տրվեց ինձ:
Այսօր իմ ծննդյան օրն է, մարտի 10-ը: Ես այսօր նվեր մատուցեցի ինձ՝ ավարտելով իմ հազարամյա թափառումները:
Մնաս բարով, ընթերցող: Բարին ընդ քեզ:
Անմեղադիր եղիր, թե չկարողացա պատմել այն, ինչ ուզում էիր լսել:

10 մարտի, 2008 թ.

Մեկ հանդիպում Աննա
Պետրոսյանի հետ

Երեք տարի առաջ էր` մայիսյան մի պայծառ օր: Դպրոցի սաները խմբվել էին բակում և անհամբեր սպասում էին Երևանից հյուրին՝ աշակերտների սեփականությունը դարձած «Բոլոր ժամանակների Հայաստանը» գրքի հեղինակին` Աննա Պետրոսյանին: Նաև գրքի հրատարակիչ Սվետլանա Հակոբյանին, ճանաչված լրագրող-հրապարակախոս Լուսյա Մեհրաբյանին, հրատարակչական ծրագրերի ղեկավար Վարդան Բաղդասարյանին: Լույս էր տեսել հրաշալի գրքի 4 հատորը: Երկարամյա մանկավարժական աշխատանքի ընթացքում առնչվել եմ գրքերի, որոնց շատ էջեր եղել են դասի ուղեկից, լուսավորել սաներիս մտքի ճամփան: Դասերի շարահար շղթայում իրենց տեղն են ունեցել հեղինակի այլ գործեր, բայց ուրիշ էր «Բոլոր ժամանակների Հայաստանը»: Ուղերձը` «Սա խոսք է հավատի և հույսի…», միանգամից պարուրեց ջերմ զգացումով, և դրանից հետո դասերի յուրաքանչյուր ժամն ուղեկցվում էր գրքի գլուխների ընթերցումով: Մենք ըմբոշխնում էինք Աննա Պետրոսյանի բառերի բույրը, մենք գնում էինք նրա մտքի սլացքի հետևից, հիացած կանգ առնում ու կրկին ընթերցում: Այդ հույզերից ու ապրումներից, գրքից ստացած ոգեշունչ տրամադրությունից էլ ծնվեց հեղինակին հանդիպելու մեծ ցանկությունը: Եվ հանդիպումը կայացավ: Այդ օրը տոն էր Վանաշենի միջնակարգ դպրոցում, տոն մեծարանքի ու գնահատանքի:
Գիրքը ներկայացնելու համար ընտրել էինք Ա հատորի` Արարատ լեռան դյուցազնապատմությունը ներկայացնող հատվածները: Սրդողած զգացումով էր աշակերտներից յուրաքանչյուրը ասմունքում էջեր գրքից: Իսկ երբ «Հորովելի» հնչյուններն ալիքվեցին դահլիճում, Աննա Պետրոսյանն արցունքոտ աչքերով շշնջում էր . «Այս ի՜նչ եք անում ինձ հետ»:
Երբեք չենք մոռանա այն հոգեբուխ խոսքերը, որ հնչեցին նրա շուրթերից. «Երեխաների խոսքը աղոթքի էր նման: Օրհնությունս ձեզ: Ավելի մեծ ու աստվածային տուրք, քան ուսուցչությունն է, չկա»:
Տարիների հետ ավարտվել է գրքի 7 հատորի հրատարակումը: Գրքի բոլոր հատորները մեզ հետ են: Մեզ հետ են տաղանդավոր հեղինակի բոլոր գրքերը:
Հարգելի, սիրելի՛ գրող, մեր օրերի պատմամայր, մեծ հայրենասեր, ազնիվ քաղաքացի, մեր հիացմունքի ու ծնրադիր խոնարհումի տերն եք Դուք, իսկ Ձեր թողածի տերը` հայ մանուկը, պատանին, հայ մարդը:
Շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում աստվածապարգև կյանքի տարիների երկար շարան: Թող օրհնյալ լինեք Դուք, թող օրհնյալ լինի Ձեր կյանքը: Շարունակեք գրել:
Մենք սպասում ենք Ձեր գրքերին:

Անիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արարատի մարզ,
Վանաշենի միջն. դպրոցի տնօրեն

ՈՎ Է ՆԱ

Աննա Պետրոսյանն ո՞վ է: Շուրջ 7 տարի այս հարցն էին տալիս նրանք, ում առաջարկվում էր բաժանորդագրվել «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյա վկայագրքերին: Իհարկե, կային նաև ճանաչողներ, և նրանց որակական մասն ինձ համար հայտնություն էր, աշխարհընկալման սահմանների ընդլայնման հնարավորություն: Ովքեր չէին ճանաչում հեղինակ Աննա Պետրոսյանին, մի քանի նախադասությամբ ներկայացնում էի, իսկ հիմնական շեշտը դնում էի հրատարակված հատորյակների առկայության և դրանք անհատապես ուսումնասիրելու հնարավորություն ունենալու վրա: Ոչ մեկին չէի խնդրում և չկար ծանոթ-բարեկամների կողմից միջնորդություն կամ որևէ գերատեսչության պարտադրանք. ես գիտեի՝ ով ընտրել է այս գրքերը հրատարակելու վեհ առաքելությունը, վստահ է, որ այն մշակութային արժեք է ներկայացնում (կարճ՝ մարգարիտներ): Հեղինակին ճանաչողները անմիջապես ուզում էին ունենալ «7 մարգարիտները»: Չճանաչողներն ուզում էին ուսումնասիրել գրքերը և հետո որոշում կայացնել:
Այսօր գիրքն ունի բաժանորդներ Հայոց աշխարհի գրեթե բոլոր մարզերում (բացառությամբ՝ Տավուշը): Վկայագրքում ընդգրկված հայոց պատմությունը, գրականությունը, կրոնի պատմությունն ու աշխարհագրությունը կարդում, ուսումնասիրում, գրական միջոցառումներ են կազմակերպում Երևանից դեպի Գյումրի, Ապարան, Վանաձոր, Աբովյան, Ճամբարակ, Գավառ, Եղեգնաձոր, Կապան և Քաջարան բնակավայրերն ընդգրկող բուհերում և դպրոցներում, ու պիտի փաստենք, որ ՀԱՅ տեսակը կա, որովհետև կան գիրն ու գրականությունը, ԳԻՐՔԸ գնահատողները:
Շնորհակալություն հեղինակին՝ հայ գրականությունը հարստացնելու համար:
7 տարի, 7 հատորյակ և ծննդյան հերթական 20-ամյակ:
Շնորհավորում եմ, հարգարժա՛ն Աննա Պետրոսյան, ծննդյանդ օրվա կապակցությամբ:

Վարդան ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԴԱՐ հիմնադրամի հրատարակչական
ծրագրերի ղեկավար

Նրա գլխավոր հերոսը մեր մեծ հայրենիքն է

Մարտի 10-ին Երևանի կամերային երաժշտության տան դահլիճում շուքով մեծարեցինք ժամանակակից հայ գրականության լավագույն դեմքերից մեկին` Աննա Պետրոսյանին: Առիթը նրա ծննդյան 80-ամյակն էր և «Բոլոր ժամանակների Հայաստանը, վկայագիրք` ըստ ամենայնի» յոթ հատոր հայոց պատմության շնորհանդեսը: Գրքի վերնագիրը զարմանալի հնչեղություն ունի, և հենց այդ վերնագրի տակ է, որ մեր շատ սիրելի հայրենիքը բոլոր ժամանակների ճանապարհին հեղինակի անսահման նվիրյալ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորինս ներկայացվում է աշխարհի թոհուբոհի մեջ: Բազմաթիվ վկայագրքերից քաղված մեջբերումներով հեղինակը առաջին դեմքով է խոսում ընթերցողի հետ, ինչը օգնում է, որ գրողի խոսքը սոսկ փաստերի շարադրանք չլինի, այլ գեղարվեստական պատումի շնորհառատ լեզվով ներկայացնի թե՛ փաստը, թե՛ մտորումները:
Աննա Պետրոսյանը, ով Երևանի դրամատիկական թատրոնի բեմում շեքսպիրյան թագուհիներ ու դրամատիկ դասական հերոսուհիներ էր խաղում, պատմականության զգացողությամբ էր նաև հարստանում: Դերասանը պետք է կարողանա իրեն տեղավորել թատերգության ու դերի իրական ժամանակների ու հոգեվիճակների քուրայում: Նա պիտի հմտանա ժամանակաշրջանների զգացողության արագ փոխակերպումների վարպետության մեջ: Հենց սա էլ դարձավ գրող Ա. Պետրոսյանի առավելություններից մեկը, որովհետև նրա վիպասանության մեջ կա նաև բեմադրիչը, դերակատարը, թատերագիրը, նկարիչը: Կա ժամանակի զգացմունքային զգացողությունը: Եվ` առատորեն ու կարծես ինքնաբուխ հոսող շքեղաշուք հայոց լեզուն:
Որպես գրող՝ նրա առաջին գործերը այդ տարիների մարդկային փոխհարաբերությունների հոգեբանական վերլուծությունների միջոցով սովետական իրականության արտացոլումն են եղել: Երեք վիպակներ, որոնցից երկրորդը խստագույնս քննադատվեց, իսկ երրորդի տպագրությունն արգելվեց ոչ թե «գլավլիտի», այլ աչալուրջ գրչակից գրաքննիչների, այդ տարիների գրողական վերնախավ կոչվող մեկ-երկու անհատների կողմից: Արգելված վիպակը պետական աջակցությամբ ՀԳՄ-ն հրատարակեց՝ «Ինչպես ապրեցինք 20-րդ դարի վերջին տասնամյակներին» ժողովածուով: Սովետական տարիներին այս գործերը կարող էին հռչակ բերել հեղինակին: Նրանցում ազատախոհություն կա, մտորումների մղող իրավիճակներ, հերոսների տարողունակ կենսագրություններ, որոնցում նաև պատմականության չբարձրաձայնվող թեմաներ են ծածուկ առկայծում: Ոչ մի Մոսկվա, ոչ մի գլավլիտ` գրչակիցներն են «վետո» դնում, և Աննա Պետրոսյանը որպես արձակագիր 20 տարով անհետանում է ասպարեզից:
«Ամազոնները» թատերգությունը պատմական բովանդակություն ուներ, սակայն կրկին ծածուկ ուղերձ կար տարփողվող սովետական կանանց ազատականության դեմ: Իր իսկ կերտած կանանց թագավորություն կղզաբնակ կանանց առաջնորդի դերը Աննա Պետրոսյանն էր խաղում: Հեղինակը` դերասանուհի թատերագիրը, դժվար թե խոնարհ ու անազատ կնոջ պաշտամունք ունենար: Բայց կնոջ ազատությունն անարգել ընդլայնելու մեջ ողբերգական կորուստներ է տեսնում:
Ընթերցողի վիճակում, վայելելով գրողի արարած գրական աշխարհը, մեկը մյուսի հետևից հատիկ-հատիկ կարդալով նրա բոլոր գործերը, ձեռքիս տակ մշտապես ունեի թուղթն ու գրիչը: Անհնար է ճշմարիտ գրականությունը կարդալ առանց խորհելու: Գիրքն ու հեղինակը միայնակ չեն որպես ստեղծագործություն: Ընթերցողն ինքը նույնպես մասնակից է դառնում երևակայական աշխարհի այդ հրաշք արարմանը, ծնվում են մտքեր, մերթ բանավիճում ես, մերթ` համաձայնում, մերթ զարմանում, հիանում… Եվ գրվեց «Ես արդեն վաղուց ծնված էի» գիրքը Աննա Պետրոսյանի գրականության մասին: Գրքում նաև դեմ առ դեմ զրույցներ են, գրողի և ընթերցողի իրական և երևակայական աշխարհների կենդանի, բաբախուն վիճակ:
Վիպակների ընթերցանությանը հաջորդում է Հեռուստաթատրոնում բեմադրված վեց ներկայացում, որոնցում հնչած երկխոսությունները, բանավեճերը, քննարկված հարցերի բովանդակությունը այսօր զարմացնել կարող են: Գուցե նաև այդ հեռուստաթատրոնի շունչն էր, որ մեզ պատրաստել էր Արցախյան շարժման արագ ծավալմանը: Հեռուստաթատրոնում բեմադրվել է «Աբգար դպիր Թոխաթեցի»` տպագրական արվեստի առաջին հայերի մասին, որը բեմադրվեց սովետական երկրում ռուսերենի միահեծան գերիշխանության պարտադրանքի փորձի դեմ ընդվզում որպես: «Եկա, որ մնամ»` Զաքարյան եղբայրների մասին այս պիեսում նա նաև բեմադրիչն էր, գլխավոր հերոսուհու դերակատարը, առաջին անգամ տեսարաններ էին նկարահանվել նաև դրսում, ներկայացումը վերածելով յուրատեսակ տեսաֆիլմի: 1982 թ. ապրիլի 27-ին հայկական հեռուստատեսությամբ հնչել է՝ «Երբ նորից դառնանք ու անցնենք Արածանին… Մի օր պիտի գանք ու մի օր պիտի անցնենք: Չի լինի, որ երբեք չգանք ու երբեք չանցնենք… Իսկ որ եկանք` կմնանք… Էլ ինչո՞ւ դառնանք… Կասենք մենք մեզ. եկա, որ մնամ… Մնամ գանձիս մոտ… Դե մեր գանձն ի՞նչն է, զինագործ եղբայր. հայի երկիր Հայաստանը չէ՞…»՝
Գրողն ընդառաջ է գնում հայոց պատմության կանչին: Նա թողնում է երևանյան թատերական աշխարհն ու գնում ծննդավայր Գյումրի: Միայն ինքը գիտեր, թե ուր և ինչ նպատակներ պիտի իրագործեր: Ստեղծում է Առասպելի Դպրաթատրոն, այսինքն` թատրոն-դպրոց, որտեղ հիմնականում երեխաների միջոցով պիտի բեմ հանվեին հայոց առասպելական կերպարները, ոգեղեն այլ հերոսներ, և Սուրբ Նշան եկեղեցու հարկի ներքո թատերախումբն սկսեց և՛ սովորել, և՛ աշխատել: Վարագույրը Մեծ Հայքի քարտեզն էր, հանդիսատեսը նախ ծափահարում էր այդ քարտեզին, և ապա` մանուկ դերակատարներին: Վեց պիես էլ այստեղ է հեղինակում Աննա Պետրոսյանը: Իսկ երբ Երևանը սովետական զորքն էր մտել ու շրջափակել քաղաքը, առասպելցիները գալիս են և Զվարթնոցում խաղում են «Զվարթնոց» ներկայացումը… Այսօր ոչ ոք չի խոսում Առասպելի դպրաթատրոնի մասին, մինչդեռ նրա սաներից շատերը դերասաններ են դարձել, իսկ հիշողության մեջ այդ թատրոնը նրանք ունեն որպես մի զարմանահրաշ հեքիաթ, որում գտնվելու երջանկությունն են ունեցել:
Աննա Պետրոսյանը վերադարձավ Երևան և արդեն առավել հետաքրքրված էր, թե պատմության մեջ սուզվելով հնարավո՞ր է գտնել զուտ հայկական բնավորությունը, նրա հաղթանակների ու պարտությունների բանալին:
«Սերն աշխարհեն խռովել` կերթա» պատմավեպը Նահապետ Քուչակի հայրեններից է բխեցվել: Կերտվել է բանաստեղծի ժամանակաշրջանն ու այնտեղ տեղավորվել են շատ կենդանի գրական կերպարներ, որոնք վավերագրական ճշգրտության պատրանք են ստեղծում: Նույնը` «Մոզ քաղաքի կործանումը» պատմավեպը, որի պատմական իրական հերոսները թերևս մի քանիսն են, սակայն մենք հանդիպում ենք աշխարհե աշխարհ պտտվող հայորդիների, որոնց զբաղմունքները ծովահենից մինչև հոգևոր դասն է, սակայն այդ զարմանալի կենսագրությունները մի օր հատվում են հայոց հողում, պատմական Մոզ քաղաքում և արաբների տիրապետության տակ հեծող քաղաքը մի օր փլվում է երկրաշարժից` ապացուցելով, որ ընդերքն էլ ունի համբերության իր սահմանը, և կարող է մի օր շատ խիստ պայթել մարդկանց անկումի խրախճանքի զայրույթից:
Սակայն, կա մի գիրք, որը շատերն ունեն և հիմնականում հենց այդ պատմավեպով են ճանաչում մեր կողքին ապրող և բեղուն ստեղծագործող այս գրողին: 1990 թ. հրատարակվել է «Կումարի Մեծ Տիկնոջ Պատմությունները» պատմավեպը, որի 20000 տպաքանակը սպառվեց մի քանի օրում: Երկու պատմավեպերում ասքերգության ժանրով ներկայացված են հայոց փառահեղ Արքաներ, Արաքայամայրեր, տեսնում ենք, թե ինչպես են հայ մայրերը Արքա դաստիարակում, ինչ արժեքներն են սերմանում նրանց մեջ և ինչ պահանջներ են դնում նրանց առջև` որպես Արքա: Արքա ես, պարտավոր ես ճանաչել երկիրդ, Արքա ես, պարտավոր ես Մեծագործություն անել, Հայոց Արքա ես` երբեք չպիտի նսեմացնես ու ստորացնես թշնամուդ: Արքա ես` պիտի շատ սիրես երկիրդ ու ժողովրդիդ:
Պատմության մեջ հայոց ինքնության որոնումները հասնում են եղեռն- ողբերգությանը: Պատերազմի ցուրտ ու մութ տարիներին գրողի սեղանին միաժամանակ մի քանի գործեր էին, այդ թվում` Բոլոր ժամանակները, և Եղերապատումը: Եղեռնի թեմային հեղինակն անդրադարձել է նաև Արշիլ Գորկի-Ոստանիկ Ադոյանի մասին «Երկար վերադարձ», Մարիա Յակոբսոնին նվիրված «Տիրամոր Ճիչը», եղեռնի 90-ամյակին Ստեփանակերտում բեմադրված «Արտոնված եղեռն», և վերջերս «Դրամատուրգիա» հանդեսում տպագրված «Անավարտ եղերերգ խաչվածին» աշխատանքը, որը թուրքական դատարանի կողմից եղեռնի կազմակերպիչների դատն է ու մահապատժի դատապարտումը: Բեմադրության և թարգմանությունների համար խիստ հրատապ թատերգություն: Թատրոնի համար գրված Աննա Պետրոսյանի բոլոր գործերը կարող են մեկտեղվել և գրքերում կամ ամսագրերում ննջելու փոխարեն` բեմում լինել, հանդիսատեսինը դառնալ, եթե հայրենասիրական թեման որպես առանցքային խնդիր իր առջև դրած մի նոր թատրոն ունենանք: Միտք է գալիս ու ավելի հաստատուն դառնում, որ այդ գործն իր վրա պետք է վերցնի Պաշտպանության նախարարությունը: Պատկերացնում եմ, որ «Հայրենիք», կամ մեկ այլ թանկ ու հարազատ անունով կոչվող այդ թատրոնը բանակ զորակոչված դերասանների, ռեժիսորների, երաժիշտների ուժերով կարող է ներկայացնել բացառապես պատմական ու հայրենասիրական պիեսներ, ոգևորել ու դաստիարակել և՛ իրենց զինակիցներին, և՛ ելույթներ ունենալ հանրապետության դպրոցներում, հայրենասիրությամբ դաստիարակել ապագա զինվորներին:
Երբ մեր խոսքը հասցրինք մինչև մեր փառապանծ Հայոց բանակ, արդեն տեղին է վերադառնալ «Բոլոր ժամանակների Հայաստանը» գրքին. այն անպայման պետք է հասցնել զորամասերի գրադարաններ, հայրենիքի պաշտպանները իրենց հայրենիքը ճանաչելու հիանալի ընկեր-ուսուցիչ կունենան:
«Բոլոր ժամանակների Հայաստանը» կարելի է անվարան անվանել ուխտագիրք, որովհետև այն ծայրից ծայր անցնելով` դու քեզ զգում ես քո մեծ Հայրենիքի լիիրավ բնակիչը, որտեղ, գրքի օգնությամբ կարծես թե ուխտի ես գնացել: Այս աշխատանքը հիրավի բոլոր հայերի տանը լինելու արժանավոր պատիվն ունի: Յուրաքանչյուր ընթերցողի հիացմունքը մրցանակ է գրողին: Սակայն կան նաև պետականորեն ամրագրված մրցանակներ, որոնցից գոնե մեկին անպայման պետք է հասցնել «Բոլոր ժամանակների Հայաստանը»: Եվ այդ կերպ գնահատել Աննա Պետրոսյան գրողի երկարամյա ստեղծագործական աշխատանքը, որի ողջ ընթացքը իր ժողովրդի ինքնաճանաչողության, իր հայրենիքի` հեռուներից եկող դիմագծի բացահայտման առատաբերք ճանապարհ է` ի տիրապետումն մեր բոլորի:

Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։