Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ապրել է ազգային ճարտարապետության վերելքի, նաև վայրէջքի շրջաններ: Բարձրագույն վերելք է ապրել 7-րդ դարում` հայ ճարտարապետության ոսկեդարում: Բարձր զարգացման է հասել Բագրատունյաց թագավորության և Զաքարյանների ավատատիրության ժամանակ` 10-13-րդ դարերում: Նոր ժամանակներում հայ ճարտարապետության առավել վերելքը 1920-30-ական, ապա 1960-90-ական թվականներին էր: 1920-30-ականները եղան հայ ազգային ճարտարապետության ծաղկման շրջան, երբ իշխողը ազգային ավանդույթների նորովի զարգացումն ու կատարելագործումն էր, իսկ 1960-90-ականները` հայ ճարտարապետության արդիականացման շրջան, երբ հայ ճարտարապետական ստեղծագործությունները կարող էին չափվել ու գնահատվել միջազգային չափանիշներով:
Հանրահայտ է, ինչպես ամեն մի զարգացման, այնպես էլ ճարտարապետության զարգացման գործում երկրի սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմանները, նաև` առանձին հզոր անհատների գործունեությունը: 1920-30-ական թթ. այդպիսիք եղան երկրի համեմատաբար կայուն վիճակը և հատկապես` մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ու ՀԽՍՀ փոխվարչապետ, Երևանի քաղխորհրդի նախագահ Արամայիս Երզնկյանը: 1960-90-ականներին խթանիչ գործոն էին Խորհրդային Հայաստանի ընձեռած հնարավորությունները, ճարտարապետ-կոնստրուկտորների գործուն կոհորտան, բարձրագույն պետական այրերի, մասնավորապես, երկրի առաջին դեմքերի նախաձեռնող և շահագրգիռ վերաբերմունքը. նրանց դերը հատկապես ճակատագրական է եղել երկու կարևորագույն կառույցների իրականացման գծով: Առաջինը Հայոց ցեղասպանության իրողությունը աշխարհով մեկ հայտարարելն ու Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցումն է (ճարտարապետներ` Ա.Թարխանյան, Ս.Քալաշյան), որում անգնահատելի է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի դերը: Մյուսը Երևանի մետրոպոլիտենի կառուցումն է, որը որպես «քաղաքացիական պաշտպանության օբյեկտ» սկսվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի օրոք և իրագործվել նրան փոխարինած Կարեն Դեմիրճյանի ղեկավարած շրջանում:
Ուզում եմ շեշտել Կարեն Դեմիրճյանի մի շատ կարևոր հատկանիշը՝ նորի զգացողության նրա օժտվածությունը, որին պարտական ենք արդիական բարձր հնչողություն ունեցող Մարզահամերգային համալիրի գոյության և, ընդհանրապես, հայ ճարտարապետության նոր ժամանակներին հարիր ուղղվածության համար:
Հիմնականում Կարեն Դեմիրճյան պետական գործչի ժամանակաշրջանի ճարտարապետական ժառանգությունն է ներկայացված Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսում, որի էքսպոնատները 1960-90-ական թթ. ինքնատիպ կառույցներն են, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները և վերականգնված պատմաճարտարապետական հուշարձանները, նախագծեր, դեռևս կյանք չմտած գաղափարներ: Կ. Դեմիրճյանի դավանանքի ուղենիշն էր. «Ոչ միայն հիանալ Գառնիի տաճարով, օպերային թատրոնի շենքով, հարկավոր է ձգտել կառուցել այնպես, որ հայրենի հողի վրա մնա քո ստեղծագործական ներշնչանքի և հոգու հևքը: Չէ՞ որ չի կարելի մոռանալ, որ այսօր ապագայի անցյալն է ստեղծվում»:
Ցուցահանդեսի սրահներում դիտողի առջև ժապավենի պես հառնում են մեր Հայաստան երկրի 25-30 տարիների մի հատվածի արարչագործական գլուխգործոցների համապատկերը, մայրաքաղաքի վերելքի և կերպարի բարեփոխման, բարձր ներշնչման արգասիքները, որպիսիք են Կասկադը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, Մետրոպոլիտենը, «Զվարթնոց» օդանավակայանը, Երիտասարդական պալատը, որոնց հմայքն ու հարստությունը լավ երևում են բարձորակ և հազվագյուտ խնամքով պատրաստված ցուցանմուշներում:
Նշված կառույցներից, թերևս, ամենանշանակալիցը Մարզահամերգային համալիրն է (ճարտարապետներ` Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան, Գ. Մուշեղյան, Հ. Բերբերյան, կոնստրուկտորներ` Գ. Ազիզյան, Մ. Ահարոնյան), գիգանտ երկդահլիճ կառույց, որ նախատեսված է միաժամանակ և՛ սպորտային, և՛ համերգային միջոցառումների համար: Մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանի ճարտարապետություն իր վերգետնյա և ստորգետնյա մասերով հազվագյուտ բարձր արվեստի կրող է` հայ ճարտարապետությունը հարստացնող նորօրյա արժեքներով: Առաջին հերթին իրականացվել են Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, Լենինի (Հանրապետության) հրապարակ, Սասունցի Դավիթ կայարանները (շահագործման են հանձնվել 1981թ.), ավելի ուշ` Գործարանային, Շենգավիթ, Գարեգին Նժդեh, Զորավար Անդրանիկ կայարանները (շահագործումը` 1983-89 թթ.):
Երիտասարդական պալատը (ճարտարապետներ` Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան, Մ. Զաքարյան) Երևանի առաջին խոշոր բազմագործառնական համալիրներից էր, տեղադրված բետոնե քառաշերտ տերրասների վրա` աշտարակաձև երկնասլաց շեշտով, ասես օրգանապես միաձուլված բլրի հետ: Նրա դերը համաքաղաքային էր. Երևանի հյուսիսային ամֆիթատրոնային մասը պսակող եզակի կառույցներից էր, որ դիտողի առաջ բացում էր թամանյանական Երևանի քաղաքաշինական ողջ հմայքը և օրգանապես ձուլվել էր մայրաքաղաքի կենսագրության հետ, դարձել նրա խորհրդանիշներից մեկը: Անսպասելի էր այդ հազվագյուտ կառույցի վերացումը, և ոչնչով չի կարելի արդարացնել սերունդներին նրա հմայքից զրկելը: Անցել է մոտ 10 տարի, սակայն դեռ չի երևում, թե ինչով պետք է հատուցվի երևանցիներին հարազատ դարձած այդ կառույցի կորուստը, և արդյո՞ք այն կհատուցվի:
Ցուցահանդեսը նվիրված է Կարեն Դեմիրճյանի հիշատակին և անվանված է «Ժառանգություն», վերաբերում է ճարտարապետական ժառանգությանը, այն ժառանգությանը, որ իրագործվել է հիմնականում Կ. Դեմիրճյանի ղեկավարության տարիներին և կազմում է հայ ժողովրդի նոր ճարտարապետության կարևորագույն ձեռքբերումը:
Կարեն Դեմիրճյանը ոչ միայն եզակի ճարտարապետական կառույցների նպաստող էր, այլև մշակութային զարգացման մեծ ջատագով: Այդ մասին են վկայում նրա հովանավորությամբ ստեղծված մշակութային օբյեկտները` Ռուսական արվեստի, Երվանդ Քոչարի, Ջոտտոյի, Ժամանակակից արվեստի, Փարաջանովի թանգարանները, Չարենցի թանգարանի ընդլայնումը:
Էական է նկատել, որ 1960-90-ականների կառույցները, չնայած իրենց հսկայական չափերին ու ծավալներին, չծանրացան քաղաքի կառուցապատման մասշտաբի վրա, չճնշեցին իրենց վիթխարիությամբ և կոմպլեքսայնությամբ: Նրանք օրգանապես ձուլված են և սերտորեն ներդաշնակ քաղաքաշինական միջավայրին: Այդ կառույցներն իրենց գործառնական, առավել ևս կոնստրուկտիվ ու գեղարվեստական խնդիրների հեռանկարային լուծումներով ավելի շատ միտված են ապագային: Եվ իրավունք ունենք ասելու, որ 1960-90-ական թթ. շենքերը և շինությունները եզակի էին ոչ միայն իրենց բազմաֆունկցիոնալ զուգադրումներով, այլև հորինվածքային խնդիրների լուծման նորարարությամբ, դրանք եղան հայ շինարվեստի զարգացման և ճարտարապետության գլոբալացման նախահիմքերը:
Ինձ մնում է նաև երախտիքի ու դրվատանքի խոսքեր ասել Կարեն Դեմիրճյանի թանգարանի աշխատակիցների և բոլոր նրանց հասցեին, ովքեր նպաստել են այդ հոյակապ ու բացառիկ ցուցահանդեսի կազմակերպմանը:
Հայ ճարտարապետության շքեղ հանդես (1960-1990 թթ.) / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ
