Վերջին 1.5-2 տասնամյակում հանրապետությունում, նաև ԼՂՀ-ում լայնամասշտաբ կառուցվում են եկեղեցիներ, ինչը ուրախացնող լինելով հանդերձ, խիստ մտահոգիչ է, քանի որ հարկ եղած ուշադրությունը չի դարձվում կառույցների որակական կողմին, հորինվածքային նկարագրին, կերպարին: Նորակառույց եկեղեցիները, փոքր բացառությամբ, կերպավորում են միջնադարյան նույնատիպ կառույցները, նմանակելով կամ կրկնելով դրանց հորինվածքը, ճարտարապետական-գեղարվեստական հատկանիշները` հաճախ էլ կառուցվածքային և գեղարվեստական արտահայտչական միջոցների չարդարացված, ձևական մոտիվների ներառման ճանապարհով, արխիտեկտոնիկ լուծումների բացակայությամբ: Եվ այդ միտումը ժամանակի հետ ոչ թե նվազում է, այլ առավել բացահայտ է դառնում, քանի գնում, այնքան թափ ու եռանդ է ստանում: Անկաշկանդ վեր են հառնում արդիական ճարտարապետության հետ առնչություն չունեցող, հարյուրամյակների խորքը տանող ձևերով և մտածողությամբ շինություններ` հայ ճարտարապետությանը ոչինչ չտվող, ոչինչ չավելացնող: Կառույցներից շատերի հորինվածքում ակնհայտորեն դիտելի են մեր միջնադարյան եկեղեցիների` Հռիփսիմեի, Կարմրավորի, Լմբատի, Գավառի, Արարատյան տարածաշրջանի ուշմիջնադարյան և այլ եկեղեցիների հորինվածքային լուծումներն ու արձագանքները` նայած պատվիրատուի նախասիրությանը եկեղեցիներից որն է արժանացել:
Ըստ էության, մենք շարունակում ենք ավելի քան մեկ դար առաջ ընդհատված ավանդական եկեղեցաշինությունը` սկսելով այնտեղից, որտեղ կանգ ենք առել, մի կողմ թողնելով ժամանակի գործոնի ազդեցությունը, փոփոխությունները մտածողության, գեղարվեստական-ոճական ըմբռնումների, կեցության, շինարվեստի զարգացման ոլորտներում:
Մեր նորօրյա եկեղեցիները իրենց էությամբ հիշեցնում են խորհրդային ժամանակների տիպային և կրկնվող բաղադրիչներով շենքերի կառուցման ոչ երանելի ժամանակները, երբ այդ ճանապարհով ստեղծվում էին անդեմ, հմայքից և գրավչությունից զուրկ թաղամասեր, բնակավայրեր:
Մեր դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում այդ եկեղեցիների կառուցման վրա ծախսվում են հսկայական միջոցներ, սակայն դրանք, փաստորեն, ծառայում են միայն ծիսական արարողությանը, գեղարվեստական արժեքների կրող չեն, էականորեն նոր բան չեն ավելացնում հայ մշակութային ժառանգությանը և հեռու են XXI դարի ճարտարապետության կրողները լինելուց: (Ավելին` համակարգչայնացման մեր ժամանակներում շարունակում ենք եկեղեցիներին կից կամ նրանց հորինվածքում զանգակատների կամ զանգաշտարակների կառուցումը, որոնցից շատերն այսօր էլ որևէ դեր չեն կատարում, առավել ևս` վաղը չեն կատարելու` զանգերի և ձայնային ազդանշանների համակարգչայնացման հետևանքով): Պատկերացնո՞ւմ եք, հսկայական նյութական, ֆինանսական միջոցներ, մարդկային ջանք ու եռանդ ծախսել, բայց շոշափելի բան չավելացնել եղածին: Մեկ-երկու տասնամյակ հետո, երբ կխամրի նորակառույց եկեղեցիների երեսպատման և հարդարանքի շուքը, կանցնի կառուցվածքային թարմությունը, դժվար կլինի տարբերակել դրանք իրենց միջնադարյան նախօրինակներից:
Ի՞նչ եղան, ո՞ւր մնացին մեր բարի ավանդույթները, ստեղծագործական մոտեցումները, վարպետության և անհատականության կնիքը կրող արարումները: Զարմանալի է, թե ինչու Հայաստանի ճարտարապետների միությունը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և մյուս շահագրգիռ կազմակերպությունները ուշադրություն չեն դարձնում խնդրին:
Հանրահայտ է, որ եկեղեցին, բացի ծիսական արարողությունների վայր լինելուց, նաև կարևոր մշակութային արժեք է, հետևապես պետք է օժտված լինի քաղաքաշինական, ճարտարապետական, կառուցվածքային և գեղարվեստական որոշակի հատկանիշներով, ունենա իր ժամանակին համահունչ, ժամանակի աշխարհընկալմանը և ճարտարապետագեղարվեստական ըմբռնումներին համապատասխան հորինվածք: Իսկ ամեն ժամանակ ունի ձևաստեղծման և ձևակազմության իր սկզբունքները, կառուցիկության (տեկտոնիկայի) իր մոտեցումները, գեղեցիկի և գեղարվեստականի իր ըմբռնումները, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել:
Հայ ժողովուրդը քրիստոնեական պաշտամունքի ավելի քան 1700-ամյա ժամանակաշրջանում ստեղծել է այդ պաշտամունքին ծառայող շատ արժեքավոր և բարձրարվեստ կառույցներ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ և այլն` հորինվածքներով էականորեն տարբեր միմյանցից: Զարմանք ու հիացմունք են պատճառում դրանք իրենց իմաստավորվածությամբ, բազմազանությամբ, ինքնատիպությամբ, ծավալատարածական, գունային, մասշտաբային և այլ հատկանիշներով: Դրանով է պայմանավորված, որ հայ ճարտարապետության յուրաքանչյուր դարաշրջան ունի որոշակի արտահայտված դիմագծով իրեն հատուկ ճարտարապետությունը, ճարտարապետական դպրոցը, իրեն բնորոշ կառույցները` էականորեն տարբեր նախորդող և հաջորդող դարաշրջաններում եղածներից: Բազմազան են հայոց եկեղեցիների տիպերը, հորինվածքային ձևերը, որոնք կիրառվել են վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանի հոլովույթում: Եվ ամեն կառույց իր հորինվածքում ու ձևերում «պարունակում է» իր կառուցման ժամանակաշրջանը: Ասել է թե` ամեն կառույց իր ժամանակի ծնունդն է, «իր դարի զավակը»: Դրանով է պայմանավորված, որ մեր անցյալի կառույցները, որոնցից շատերը չունեն թվական կամ հիշատակություն կառուցման վերաբերյալ, ելնելով հորինվածքային տվյալներից` հնարավոր է լինում թվագրել կամ որոշել դարաշրջանային պատկանելությունը:
Մեզ համար ուսանելի են անցյալի դասերը: 1920-ական թվականների երկրորդ կեսին ակադեմիկոս Ալ. Թամանյանը նախագծում էր Երևանի օպերայի և բալետի շենքը (Ժողտունը, ինչպես այն ժամանակ էին անվանում): Պարզ է, դրա համար չկար հայկական նախօրինակը, բայց կային անտիկ թատրոնը, Վերածնության դարաշրջանի թատրոնը, արևմտաեվրոպական և ռուսական թատրոնները, սակայն Թամանյանը չգնաց դրանցից որևէ մեկի ընդօրինակման ճանապարհով. նա ստեղծեց իր թատրոնը` հայկական ազգային թատրոնը, որ արժանացավ համաշխարհային ճանաչման և բարձր գնահատանքի:
Տարիներ առաջ, երբ բարձրացվեց Երևանում Մայր եկեղեցու կառուցման հարցը, նաև առաջարկություն եղավ այն կառուցել Զվարթնոցի թորամանյանական վերակազմության օրինակով: Պարզ է, շատ անբնական և անտրամաբանական կլիներ XX դարում կառուցել VII դարի եկեղեցու օրինակով, կստացվեր ոչ թե արվեստի գործ, այլ՝ արհեստի: Անհնար է ապրել XXI դարում, բայց առաջնորդվել անցյալ դարերի գեղարվեստական չափանիշներով, պատմությանը հանձնված ձևերի և հորինվածքների վերակենդանացմամբ: Անցյալի նմուշների (թե՛ հայրենական, թե՛ օտար) ձևերի կրկնությունը կամ ընդօրինակումը հակառակ է արվեստին և խորթ է հայի ստեղծագործական ոգուն: Բարձր արվեստի էությունը նորարարությունն է, ճշմարտացիությունը, ժամանակի գեղագիտական ըմբռնումներին հավատարմությունը: Ազգային ավանդույթների պահպանման, քրիստոնեական ծիսակարգի պահանջների բավարարման կամ այլ ձգտումները չեն կարող արդարացնել անցյալի ժառանգության նկատմամբ ոչ ստեղծագործական մոտեցումները: Նույն ծիսակարգի պայմաններում մեր նախնիները ստեղծել են պաշտամունքային կառույցների բազմազան հիասքանչ տարբերակներ: Նկատենք նաև, որ ծիսակարգի պահանջներն էլ էականորեն փոխվել են, նաև ընդլայնվել է եկեղեցիների դերը (հոգևոր դասախոսություններ, երաժշտության ունկնդրում, ցուցահանդեսներ և այլն), որոնք առաջադրում են նոր պայմաններ, նոր մոտեցումներ:
Նույնանման խնդիր XX դարի առաջին կեսից ծառացած էր Արևմտյան Եվրոպայի, Սկանդինավյան երկրների առջև, որոնք ևս, ինչպես Հայաստանը, ունեն եկեղեցաշինության միջնադարյան խոր ավանդույթներ: Բայց նրանք չգնացին այդ ավանդույթները մեխանիկորեն շարունակելու ճանապարհով, այլ դրսևորեցին միանգամայն նորարարական մոտեցում` նոր ժամանակների ոգու և քաղաքակրթական զարգացման մակարդակին համապատասխան, նրանց նոր շրջանի եկեղեցիներն իրենց հորինվածքով ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան օրինակների հետ:
Համոզված եմ, եթե հարցում անենք 100 ճարտարապետի, ապա դրանցից 99-ը կարտահայտվեն արդիական եկեղեցաշինության օգտին: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞ւ են այդ արատավոր նախագծերը ծնվում և կյանքի կոչվում, չէ՞ որ դրանց հեղինակները նույն ճարտարապետներն են: Հիմնական պատճառն այն է, որ խնդիրը պետական վերահսկողությունից դուրս է մնացել: Եկեղեցու պատվիրատուն սովորաբար լինում է անհատ նախաձեռնողը, որը ելնելով իր ճաշակից ու նախասիրություններից, կամենում է, որ իր հովանավորած եկեղեցին լինի, ասենք, Հռիփսիմեի եկեղեցու նման: Ճարտարապետը պետք է կատարի բարեգործի կամքը, այլապես կկորցնի դրամ վաստակելու հնարավորությունը (իհարկե, բոլոր ճարտարապետները չէ, որ գնում են դրան): Խնդիրը լուծվում է «ով վճարում է, նա էլ պատվիրում է» ժողովրդական ասվածքի ճանապարհով: (Նոր եկեղեցիների կառուցման հետ միասին պետք է կարևորել նաև մեր միջնադարյան եկեղեցիների նորոգման ու պահպանության խնդիրները, քանի որ նրանցից շատերը գտնվում են անմխիթար վիճակում):
Եկեղեցիների պատվիրատուն լինում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությունը, որի բռնած ընթացքը միջնադարյան հայ եկեղեցաշինության շարունակականությունն է: Ինչը երևում է նաև Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնի եկեղեցու մրցույթի նախագծային առաջադրանքից, որի հիմքում հիմնականում ընկած է հայ միջնադարյան եկեղեցիների հորինվածքային տվյալներին հավատարիմ մնալու պահանջը: Առաջադրանքում նույնիսկ նշվում է` «բազմագմբեթ եկեղեցու նախագիծը գերադասելի է», որից ելնելով` ներկայացված նախագծերում հարկին-անհարկին ավելացվել է գմբեթների քանակը. կան 5 և ավելի գմբեթանի լուծումներ: Կարծեք թե գործել է «որքան շատ գմբեթներ, այնքան լավ» գործոնը: Մրցույթին ներկայացված նախագծերից միայն մեկում հեղինակը չի գնացել հայ միջնադարյան գմբեթավոր հորինվածքային սխեմայի ընդօրինակման ճանապարհով, երևի թե որի համար մյուսների շարքում ուշադրության չի արժանացել (տխուր իրողություն է):
Ժամանակակից եկեղեցիների նախագծումը բարդ, տեսական պատրաստություն և բարձր վարպետություն պահանջող գործ է. այդ առումով ուշագրավ և ուսանելի է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախագծման փորձը: Հեղինակը` անվանի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը, որ մինչև նախագծի վերջնական տարբերակը կատարել է բազմաթիվ և բազմապիսի էսքիզներ, թղթին է հանձնել իր մոտեցումները և դատողությունները. «Մեզ մոտ եկեղեցաշինությունն ընդհատվել է, իսկ մյուս ազգերի մոտ գնաց էվոլյուցիա, և բանը հասավ նրան, որ այսօր կա «Խրուստալ Կաֆեդրալը», որն ամբողջովին ապակուց և գունավոր մետաղական կոնստրուկցիաներով է… Մենք մնացել ենք հին աստիճանի վրա: Բայց այսօր այն, ինչ եղել է, կրկնել չի կարելի: Ես մտածում եմ, որ եկեղեցուն նայողը պետք է զգա, որ այն այսօրվա կառույց չէ: Իսկ մեր կառուցածներին նայում ես` կարծես VI,VII դարից լինեն: Հիմա իմ եկեղեցին կարող է մի մասին դուր գալ, որ ժամանակակից է, մյուս մասին` ոչ, որ ավանդական բան կա մեջը, ամեն դեպքում սա փորձ է մի քայլ առաջ գնալու: Այլապես ինչքա՞ն կարելի է նույնը կրկնել: Եվ եթե այսօր կենդանի լինեին մեր Տրդատ, Մոմիկ ճարտարապետները, և նրանց ասեին` կառուցեք եկեղեցի, նրանք հինը չէին կրկնի, կանեին նոր բան»: Միանգամայն սթափ և բանական մոտեցում: Սակայն նման մոտեցմամբ ճարտարապետի հեղինակած եկեղեցին` Սբ. Գրիգոր Լուսավորիչը, պետք է որ առավել նորարարական լիներ, քան կա: Կարծում ենք, դրանում զգալի է եղել պատվիրատուի դերը (ինչը երևում է նաև նախագծի էսքիզային տարբերակներից):
Անհասկանալի է, թե ինչու և ինչպես է ստացվում, որ որակական ոչ բարձր հատկանիշներով նախագծերը կյանք են մտնում: Առավել անհասկանալի է, թե ինչու բավարար ուշադրություն չի դարձվում մեր ճարտարապետության և, ընդհանրապես, մշակութային զարգացման համար կարևորություն ունեցող խնդիրներին:
Լեոնարդո դա Վինչին է ասել. «Տեսությունը զորավար է, պրակտիկան` զինվորներ»: Առանց տեսության պրակտիկան կույր է: Մենք այսօր չունենք ճարտարապետական-քաղաքաշինական զարգացման հայեցակարգ, գաղափարաբանություն, ինչի՞ ենք ձգտում, ի՞նչ խնդիրներ ենք լուծում, ի՞նչ ենք ավելացնում մեր ճարտարապետական ժառանգությանը: Այսօր արդյո՞ք մենք պետք է կառուցենք եկեղեցիներ հազարամյակի խորքերից եկող կերպարով, թե՞ պետք է գնանք ստեղծագործական որոնումների ճանապարհով, փորձելով գտնել ազգային ավանդույթները հաշվի առնող, ժամանակակից շեշտ ու հնչողություն պարունակող լուծումներ:
Բավական է, այլևս բարձիթողի վիճակում թողնել չի կարելի: Պետք է տեսականորեն և գործնականորեն արդյունավետ հունի մեջ դնել ճարտարապետական կառույցների նախագծման և իրականացման գործընթացը: Դրանք` որպես հանրապետական, ազգային կարևորության սուբյեկտներ, պետք է գտնվեն պետության, ազգային հոգածության ուշադրության ներքո:
Լիովին նաև մեր ժամանակներին են վերաբերում Ալ. Թամանյանի խոսքերը` ասված Հայաստանում իր գործունեության արշալույսին` 1923 թվականին. «Ելնելով պետական շինարարական գործունեության հաջող իրականացման և պետական միջոցների լավագույն օգտագործման շահերից` անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարվող բոլոր աշխատանքները բխեն շինարարական ընդհանուր ղեկավար պլաններից և ենթարկվեն համապատասխան տեխնիկական, տնտեսական և գեղագիտական պահանջների»:
Ո’Չ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ» ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ
