Ապրիլի 2-ին, երբ հայոց սահմաններին Գորշ Գայլի առայժմ վերջին ձագը՝ ազերի անունով, մեծ արյուն էր տենչում, Արագածոտնի Աշնակ գյուղում՝ կռված տղերքը, աշնակցիներն ու մայրաքաղաքից ժամանած գրողները, նշեցին տաղանդավոր արձակագիր, Հայոց բանակի գնդապետ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը: Նրա ազնիվ գրիչը պատմում էր հայոց հին ու նոր ֆիդայիների, հայի տեսակի մասին…
– Այս փոքրացող աշխարհին մաքրություն է պետք… Ինչպես Վրեժ Իսրայելյանն է խտացրել՝ «Առանց սասունցու աշխարհը տխուր կլինի»: Վրեժի գրականությունը միագույն ու ռազմակոչի խոսք չէ, այլ հոգեբանական վերլուծություն՝ նորովի ընկալելու հայի կերպարը,- իր խոսքում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Վրեժ Իսրայելյանին բնորոշող բացառիկ դրվագներ պատմեց տաղանդավոր գրող-թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
Կյանքում ամենամտերիմն ու հոգեհարազատը, ով տասնամյակներ շարունակ ապրել, ամենաշատը տագնապել, գրել-ջնջել, պատվարժանորեն թաս բարձրացրել ու բանավիճել է գրչակից ավագ եղբոր հետ, հայրենապաշտ գրող Ռոլանդ Շառոյանն է, ով Վրեժ Իսրայելյանի հետ երկար շրջել է նաև Էրգրում, եղել նրա պապերի Շուշնամերկ կիսավեր գյուղում, քրդերին համառորեն բացատրել, որ իր պապի տունը իր տունն է…
Աշնակի գլխավոր փողոցը վաղուց Վրեժ Իսրայելյանի անունով է: Եվ ով այդ փողոցով քայլում է, կարծես անցնում է մարդկայինի ու բարոյականի, սիրո ու նվիրումի «անցակետով», ակամա հիշում և ամենօրյա լուռ ու նաև կիսաձայն ափսոսանքին ավելացնում նոր երանգ՝ «Առանց Վրեժի Աշնակը տխուր կլինի»:
Ապրիլի 2-ին Աշնակ գյուղի Գևորգ Չաուշի անվան դպրոցի գրադարանն ու ընթերցարանը անվանակոչվեցին Վրեժ Իսրայելյանի անունով… Գրողի եղբորորդին՝ Արմեն Իսրայելյանը, դպրոցի լավագույն սաներին թանկարժեք մասունքներ նվիրեց:
Դպրոցի սաները Էրգրակարոտի գրականության մեջ Խաչիկ Դաշտենցից ու Մուշեղ Գալշոյանից հետո Էրգրակարոտի գրականության մեջ նոր խոսք ասած հայորդու գրքերը սովորականից ավելի հպարտությամբ են ընթերցում. չէ՞ որ իրենք Վրեժ Իսրայելյանի ժամանակակիցն են ու նաև համագյուղացին, տեսել են ու վայելել նրա անուշ խոսքն ու վարակիչ ծիծաղը… Չէ՛, առանց Վրեժի Աշնակը տխուր կլինի…
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ