Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահը լեփ-լեցուն էր գրողներով, արվեստագետներով, մանկավարժներով, պոեզիայի սիրահարներով։ Բանաստեղծ, մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի «Ադամալույսին ընդառաջ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էր։ Ներկաները բուռն ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար, Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին։
Միջոցառմանը մասնակցում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և ուրիշներ։
Շնորհանդեսի վարողներ՝ դերասան Սամվել Բաղինյանը և բանաստեղծուհի, ասմունքող Հռիփսիմե Ավետիսյանը ներկայացրին բանաստեղծի կյանքն ու գրական գործունեությունը, կարդացին բանաստեղծություններ գրքից։
Երեկոն բացվեց Նարեկացու սաղմոսով, որի կատարմամբ հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Վարդանյանը։
Հնչեց Կորյուն Առաքելյանի և Մայա Աֆրիկյանի «Տեր Ամենազոր» աղոթքը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Մայա Աֆրիկյանի և Լիլիանա Դարբինյանի կատարմամբ։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակին, խոսեց գրքի արժանիքների մասին, ընդգծեց նման մարդաշատ և ներկայացուցչական շնորհանդեսների կարևորությունը, նշեց որ գիրքը արտահայտում է ժամանակի շունչը, մտահոգություններն ու սպասելիքները։
Գրքի խմբագիր բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտ. վաստ. գործիչ Սամվել Մուրադյանը հանգամանորեն խոսեց գրքի արժանիքների մասին, գիրքը համարեց նոր, ուրույն խոսք հայ ժամանակակից պոեզիայում։
Հեղինակին ուղղված ջերմ մաղթանքներով հանդես եկան բանաստեղծուհի, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, հրատարակչության տնօրեն Վան Արյանը, գիտնական, գրող Նորայր Խրիմյանը։
Հնչեցին Կորյուն Առաքելյանի տեքստերով գրված երգեր՝ ճանաչված արտիստների կատարմամբ։ Շնորհանդեսը ավարտվեց հեղինակի խոսքերով և Արամ Սաթյանի երաժշտությամբ գրված «Ձոն Հայրենյաց» երգով՝ ՀՀ Պետական սիմֆոնիկ նվագախմբի, Չեքիջյանի երգչախմբի փառահեղ կատարմամբ։
Շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակը։
Մ. ԱՖՐԻԿՅԱՆ