Ինը երգ՝ «Նվիրումներ մորս» շարքից (մայրերգություն)
ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՆԳՈՒՅՆ ԻՆՁ ԵՐԵՎԱ
Ցայգալույսի հանգո՜ւյն ինձ երևա՝
Կարճելով մութը կույր դեգերումիս,
Վաղաժամ ծագմամբ հորիզոնին
Ցայգալույսի հանգո՜ւյն ինձ երևա։
Խռովքներիս ծուփքը անեզրական
Լույս մատներիդ մեղմիվ
հպմամբ հարթիր…
Ցայգալույսի հանգո՜ւյն ինձ երևա՝
Կարճելով մութը կույր դեգերումիս…
***
Սնամեջ ծառի ճյուղ մի լինեի՝
Մատղաշ, հաստությամբ՝
հազիվ մատնաչափ,
Բողբոջներիս տեղ՝
ութ անցք փորեին,
Շրթին իր առներ՝ հանց բլուլահար։
Շունչը իր հպեր
զեփյուռ – մեղմությամբ,
Եվ ես՝ նորահատ, ավիշ բխեի,
Մեղմ, թավշյա ձայնի
դյութանքով գերված
Արխարներ հովտում
շուրջ հավաքվեին։
Եվ ալպիական մեջն անդորրության
Զուլալ լճերը թափվեին երկինք,
Թխպերը՝ ցածրիկ,
իր փեշերից վար,
Թիկնած լազուրին՝ կնվագեր ինձ։
Ես կհնչեի լուսե արմատով
Բոլոր բառերով՝ հին ու նորակազմ,
Կձայնակցեին մեզ եղեգնափող
Սրնգահնչուն բյուր նվագարան։
Իմ նոր բողբոջած նշենի ճյուղքից
Մեկը հատեցեք՝
պատրաստ պատվաստի,
Թող ավիշներս միանան նրան,
Երբ իբրև բլուլ՝ հպվեմ իր շնչին։
ՀՈՒՍԿ ԲԱՆՔ
Արևով խարկված՝ հիմա կմխա՜ս,
Եվ հող կդառնան
ոսկերքդ մախմուր,
Այնքա՜ն խաղաղ ես, երբ այցի կգամ,
Ուր ինձնից զատված
շիրիմված ես դու։
Լուռ գիշերների վարշամակներում
Խճճում եմ միտքս
հար անքնությամբ,
Որ ներկա լինեմ՝ ինչպես ես ծագում
Արևելից կողմ դու առավոտյան։
Եվ երբ մարմարիոն
մատներդ ես հպում
Կարոտի ախտով
ջերմող ճակատիս,
Ես թոթափում եմ ամեն հոգնություն՝
Ապավինելով սիրուդ պատրանքին։
Մա՛յր իմ,
շատ շուտով ցրտեր են գալիս,
Ո՜վ ինձ կծածկի ձեռքով հոգածու,
Եվ այս մոտակա ձմեռնամուտին
Հողի տակ կառնի կենդանի ածուս։
Հիմա խփվելով երկրից երկինք՝
Փնտրում եմ հետքդ՝
քեզ հոտվտալով,
Քո բնակության տեղը չասացիր,
Չէ՞ ինձ թողեցիր որբ և անկորով։
ԱԼԵԼՈՒԻԱ
Ալելուիա՝ ձայն կհնչե՝
Հողն արթնությամբ գոլ կարձակե,
Գուղձը պատռած ծիլ կըելնի,
Փիրուզ – կանաչ՝ քար ու ծերպին,
Մեղուն օդում կպտտե,
Առէջները կպրպտե,
Երկինք պղտոր կզուլալվի,
Մորս դեմքով ինձ կժպի,
Կասե՝ արցունք էլ բոլ քամես,
Ժամերով եմ քեզ լոկ լքել,
Բայց հսկումս չի դադարել,
Քո քով անտես ներկա եմ ես,
Եվ ննջմանս թե հավատաս,
Արթնացումս հար կհուսաս,
Ցուրտը վանիր քո ոսկերքից,
Ամեն շյուղի հետ բողբոջիր,
Փառք առաջնեկ ամեն ծաղկման
Ալելուիա՜, ալելուիա՜…
ԱՅՍ ԳԱՐՆԱՆ ԷՏԸ ԽՈՐՆ ԵՂԱՎ, ՄԱ՛ՅՐՍ
Այս գարնան էտը խորն եղավ, մա՛յրս,
Ավիշով կռնատ ծառեր կլացեն,
Աշնան հղությամբ
ճյուղերը հատմամբ
Անխնա ձեռքով զուր են գլխատվել։
Բայց նրանք կապրեն
ավշի մակարդմամբ,
Եվ հաջորդ տարի շիվեր կարձակեն,
Թե կայծակնահար
չայրվեն պատահմամբ
Եվ կամ կացնահար չկոտորակվեն։
Հույսերս՝ դարչին կաղապարի մեջ՝
Փքուն – բողբոջված ճեփ –
ճերմակ ծաղկով,
Մա՛յր իմ բալենի, բողբոջ կարձակե՞ս
Եվ կբուրվառե՞ս վարսերով
բույլ – բույլ։
Ապաքինի՛ր ինձ հրաշք երևմամբ,
Քառասուն օր է՝ ես քեզ կփնտրեմ։
Այս գարնան էտը խորն եղավ,
մա՛յրս,
Ավիշով կռնատ ծառեր կլացեն…
***
Կայիր միակդ, որ անպատճառ
Ներկայությունս կստուգեիր,
Կուզեիր տեսնել անբացակա
Շնչիկիդ մոտիկ քո զավակին։
Ու թվում էր ինձ, թե իմ հսկմամբ,
Արթնությամբ մահը պիտի հաղթեմ,
Իսկ դու լռում էիր համեստությամբ,
Որ Աստծո առջև չմեղանչեմ։
Ներիր պահերը իմ գոհության,
Որ տխրությունդ ընդմիջեցի,
Դու հակված էիր հավերժության,
Ես հենվել էի ակնթարթին։
Անշեջ է մարմանդ լույսը շեմիս,
Սպասում եմ հիմա ու միշտ այցիդ,
Պիտի անպատճառ նորից ձայնես
Մեն կացարանիս դռների մեջ։
Ներկայությունս տեսնես կրկին,
Որ թափուր դարձավ քո չվումով,
Ասես՝ հավատա՛ անրջանքիդ՝
Հանուն քո սիրո դարձա քո քով։
***
Մա՛յր իմ,
Ճերմակներիդ հյուսիսափայլը
տարածիր գիշերներիս
մթությանը,
Որ չտոչորեմ լույսիդ ծարավից։
Քո մայրամուտի դողէրոցքից
թռչուններ անկան։
ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՑՐՏԵՐ ԳՈՒԺԵՑԻՆ
Փետրվար ամսին ցրտեր գուժեցին
Հղությամբ ապրող ծառերին անզոր,
Ես անժամանակ անձրև տեղացի
Երկինք համբարձված
մորս աչքերով։
Եվ այգեպանին հարցրի ահով՝
Արդյոք ծաղիկը չվիժե՞ց փութով
Այն այգին, որը տնկվել էր սիրով՝
Ամեն մի մատղաշ
հատուկ ընտրելով։
Ասաց՝ էտել է ճիշտ ժամանակին,
Պատվաստել ազնիվ
ճյուղքով պտղատու,
Երկինքը բարի աչքով թե նայի,
Մեղուն կաշխատի,
փառք կտանք Աստծուն։
Ծիրանի ծառեր ծանրել են, մա՛յր իմ,
Քանի որ վերից բարի ժպտացիր,
Ցրտերին դժնակ նորեն հաղթեցիր
Քո մարիամական գութի շնորհիվ։
Հապա ինչո՞ւ է հոգումս խորշակ,
Եվ փետրվարյան ցուրտ կմոլեգնի,
Կսպասեմ մարտյան
ջերմիդ կարոտած…
Ծիրանի ծառեր ծանրել են,
մա՛յր իմ…
ԱՅՍՔԱՆ ՎԱՂ ԳԱՐՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ…
Այսքան վաղ գարուն երբեք չի եղել՝
Արեգնաթաթավ, ափերիդ ջերմով,
Ցուրտ փետրվար էր և քամոտ օրեր,
Մեկ տարի առաջ երբ
կազմեցիր չուդ։
Եվ թվաց՝ երբեք պտույտ չի անի
Այս մոլորակը իր առանցքի շուրջ,
Եղանակները է՛լ չեն հաջորդի
Իրարու, ոնց միշտ,
նույն համաչափով։
Օրերս ցրտով ես զնդանեցի՝
Չնկատելով ծաղկում և թոշնում,
Պտղատու ծառեր ոնց բողբոջեցին,
Եվ մեղուները ոնց էին ջանում։
Կոպերիս ներքո անձրևներ կային,
Անսպասելի, անվերջ տեղումներ,
Մեկն էր ունկնդիր
լոկ տվայտանքիս,
Որ իբրև պատրանք՝
ինձ միշտ կայցելեր։
Շունչս կստուգեր իմ քնած պահին
Իր մարիամական,
մաշված մատներով…
Քո երևմանը ինձ երանի՜ էր,
Կողջանայի, մա՜յր իմ հոգածու։
Անհաշտությունս արդ
հաղթել կուզես՝
Դաժանությունը ձմռան մեղմելով,
Այսքան վաղ գարուն երբեք չի եղել՝
Արեգնաթաթավ, ափերիդ ջերմով…